Արամի մահը. հունվար 29, 1919թ

13147

Այս գրության հեղինակը Արամ Մանուկյանի ընկերներից Արշալույս Աստվածատրյանն է: Արամ Մանուկյանը Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմում եղել է ներքին գործերի նախարար: Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից է: 

____________________

1918-ի վերջերին և 1919-ի սկզբներին բծավոր տիֆը Երևանում առաջ հունձք էր անում: Նրան զոհ գնաց և Արամը:

1918-ի դեկտեմբերին վախճանվեց, նույնպես բծավոր տիֆի, Սարգիս Օհանջանյանը՝ Դաշնակցության հին գործիչներից, որ այդ օրերին ներքին գործերի նախարարության գործավարն էր:Արամը ուղեկցեց ընկերոջ դագաղին, բայց մինչև գերեզմանատուն գնալ չկարողացավ:

Կես ճամբից նա վերադարձավ տուն և պառկեց՝ առանց իմանալու հիվանդության բնույթը:

Բծավոր տիֆը այդ տարի Հայաստանում հատուկ դաժանությամբ էր արտահայտվում և աջ ու ձախ կոտորած անում: Բավական է ասել, որ Երևանի պես փոքր քաղաքում չորս բժիշկ՝ Անդրեասյան, Զաքարյան, Շահբազյան, Նալբանդյան, զոհ գնացին այդ հիվանդությանը:

Մարդիկ զգուշանում էին, իսկ հիվանդները՝ ահ ու սարսափով անցկացնում իրենց օրը:

Երբ Արամի հիվանդությունը պարզվեց, Երևանի բժիշկներից շատերը ոտքի կանգնեցին: Դրանց մեջ էր և բժիշկ Ս. Կամսարականը:

Այդ օրերին պառկած էին Սահակ Թորոսյանը, ինժեներ Թորգոմ Նիկողոսյանը, քաղաքային վարչության անդամ Հակոբ Հարությունյանը: Վերջին երկուսը վախճանվեցին:

Երբ գալիս էի Արամի մոտ, միշտ պատասխանում էր՝ լավ եմ:

Հիվանդության 18-րդ օրը կորցրեց գիտակցությունը և գրեթե մինչև վերջ մնաց այդ վիճակում՝ օրհասական պայքար մղելով հիվանդության դեմ: Եվ մահը հաղթեց: Հունվարի 29-ին Արամը այլևս չկար:

Նա մեռավ ցերեկվա ժամը 3-ին: Բոթը ինձ հաղորդեցին հեռախոսով:

Երբ մի երկու րոպե հետո մոտենում էի Արամի բնակարանին, այնտեղից դուրս էին գալիս Հովհաննես Քաջազնունին և Ավետիք Սահակյանը:

Ներսը, ընդարձակ սրահի մի անկյունում, լուսամուտի մոտ, տխուր, մտազբաղ կանգնած էր բժիշկ Բաբալյանը:

Արամի ննջարանը տանող դուռը բաց էր: Ինքը անշնչացած պառկած էր մահճակալի վրա:

Հարևան սենյակից լսվում էին հեծկլտանքներ: Մոտեցա մահճակալին և ծունկի եկա…

Ինքնամոռացությունից ինձ հանեցին աղիողորմ, սրտամարմոք հառաչանքները: Գլուխս բարձրացրի: Վանեցի քույրիկն էր, որ խնամում էր Արամին, մինչև նրա տիկնոջ Երևան փոխադրվելը:

Արամի հուղարկավորությունը համաժողովրդկան մեծ սուգ էր: Հազարավոր մարդիկ էին գալիս վերջին հարգանք մատուցելու այն մարդուն, որին վստահել էին իրենց բախտը ամենածանր օրերին:

Ես գիտեի, թե ինչ էր եղել Արամը այդ ժողովրդի համար, բայց և այնպես, երբ դագաղը դուրս բերեցինք բնակարանից, այն, ինչ որ տեսա դուրսը, մի վայրկյան սթափեցրեց մեծ կորստի ազդեցությունը և զարմանք պատճառեց: Աչքդ որ կողմ ուղղում էիր՝ ծով բազմություն: Ամբողջ քաղաքը, մեծ ու փոքր, դուրս էին եկել փողոց: Պողոս-Պետրոս եկեղեցուց մինչև հանգստարան դիակառքը մնաց դատարկ: Դագաղը տանում էին ձեռքերի վրա:

Դաշնակցության Տան առջև դամբանականներ խոսվեցին: Հոյակապ էր ու անմոռանալի մանավանդ Նիկոլ Աղբալյանի խոսքը: Հանգստարանում խոսեցին Քաջազնունին, Աբրահամ Գյուլխանդանյանը և ուրիշներ:

Այդ օրը Հայաստանի մայրաքաղաքը համակված էր ընդհանուր սուգով…

Արշալույս Աստվածատրյան

Աղբյուրը՝ «Արամը. մահուան յիսնամեակին առթիւ», «Միքայէլ Վարանդեան» հրատարակչութիւն, Երեւան, 1991, էջ 141-145