1920 թվականի հունվարի 22-ին Թիֆլիսում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Ալեքսանդր Խատիսյանի (նա միաժամանակ եղել է վարչապետ), Ֆաթալի Խան Խոյսկու և Եվգենի Գեգեճկորու հանդիպումը:
Երևանում լույս տեսնող ՀՅԴ ՅԱՌԱՋ օրաթերթը «Համաձայնությունը» խորագրով խմբագրականում գրել է.
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները խորհրդակցելով ընթացիկ պահի և երեք հանրապետությունների միջև անընդհատ ծագող տարակարծությունների մասին, նորից եկել են այն եզրակացության, որ «բոլոր վեճերը հանրապետությունների միջև պետք է լուծվեն ոչ թե զենքվ, այլ համաձայնության կամ արբիտրաժի միջոցով», բացի այդ՝ «երեք հանրապետությունները պետք է պաշտպանեն իրենց անկախությունը ամեն տեսակ ոտնձգություններից՝ այդ ինքնիշխան իրավունքները պաշտպանելիս ամեն կերպ աջակցություն ցույց տալով միմյանց»: Եվ երեք հանրապետությունների միջև ավելի սերտ մերձեցում ստեղծելու, առաջ եկող թյուրիմացություններն ու բախումները վերացնելու և ընդհանուր ձեռնարկները համաձայնեցնելու համար, անհրաժեշտ է նկատվում երեք կառավարությունների միջև ստեղծել պատվիրակությունների դրություն, որոնք պարբերական հավաքներով վճռեն բոլոր վիճելի խնդիրները:
Այսպիսով, ուրեմն, երեք հանրապետությունների արտգործնախարարները ևս մի փորձ են անում գտնելու ճանապարհ, որով վերջ տրվի Կովկասյան երեք նորակազմ պետությունների միջև գոյություն ունեցող պառակտումներին և հնարավոր լինի կուռ համերաշխություն առաջ բերել: Ամեն փորձ այս ուղղությամբ մենք համարում ենք ողջունելի, որովհետև ամենից ավելի մենք ենք զգում անհրաժեշտությունը խաղաղության և բարի հարևանության: Բայց, միևնույն ժամանակ, չենք կարող աչք փակել այն դժվարությունների առաջ, որոնք, դժբախտաբար, դեռ շատ են ուժեղ և առանց որոնց վերացման հազիվ թե հնարավոր լինի որևէ դրական եզրակացության հանդեպ:
Համաձայնության գլխավոր պայմանն է ոչ թե բառերով արտահայտած կամեցողությունը, այլ ամենից առաջ գործնական ապացույցը: Համերաշխության կոչեր և միության հրավերներ մենք շատ ենք լսում, բայց շոշոփելի ապացույցներ շատ քիչ ենք տեսնում: Հոգեբանական պայմանը չէ, որ պակասում է երեք հանրապետությունների միջև համաձայնություն կայացնելու մասին՝ չկա գործնական հողը, որի վրա կանգնած լինեն համաձայնության մասին ճառողները:
Ճիշտ է, կան բազմաթիվ հարցեր, որոնք կարող են լուծվել արբիտրաժի կամ մնայուն պատվիրակությունների միջոցով, բայց հենց արբիտրաժն ու պատվիրակությունների դրությունը ընդունելու համար անհրաժեշտ է վճռել մի քանի հարցեր: Օրինակ, ի՞նչ խոսք կարող է լինել արբիտրաժի կամ պատվիրակության մասին, երբ Ադրբեջանի քաղաքականությունը իր բնույթով ժխտում է Հայաստանի պետական գոյությունը: Ինչպե՞ս կարող են Բաքվի քաղաքագետները խոսք բացել պատվիրակություների կամ նման հարցերի մասին, երբ նրանք իրենց պահանջներով մերժում են Հայաստանի գոյությունը:
Մի կողմից նրանք իրենցն են համարում Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը, Շարուրը, նույնիսկ Զագիբասարը իսկ մյուս կողմից՝ ճառեր են ասում համերաշխության և բարեկամության մասին: Չգիտենք ո՞ւմ են միամիտ կարծում նրանք՝ մե՞զ, թե՞ իրենց…
Անդրկովկասի երեք հանրապետությունների միջև կան խնդիրներ, որոնք անմիջապես պետք է լուծվեն, որպեսզի քաղաքական մթնոլորտը մի քիչ պարզվի, փոխադարձ սուր կասկածը վերանա և հնարավոր դառնա խոսել համերաշխության և համաձայնության մասին: Եվ առաջին հերթին այդ խնդիրների շարքում, դրված է փոխադարձ անկախությունը ոչ լոկ խոսքով, այլև գործով ճանաչելու և երաշխավորելու պահանջը: Անկախությունը ոչ միայն իբրև քաղաքական հայտարարություն, այլև իրական հնարավորություն, մի բան, որ, օրինակ, Ադրբեջանի վարիչները իրենց ընթացքով չեն ընդունում:
Եվ մեզ թվում է, որ այսօր ավելի քան երբևիցե հնարավոր է գլուխ բերել այս պահանջը: Թող Ադրբեջանը պարզ ու որոշ կերպով ասի, որ ինքը վերջ է տալիս իր սադրանքներին Հայաստանի ներսում, թե նա անվիճելի Հայաստանի մաս է համարում Շարուրն ու Նախիջևանը, թե Զանգեզուրի և Ղարաբաղի վերաբերյալ ընդունում է այն ժամանակավոր մոդուսը, որ վաղուց արդեն ստեղծել է կայնքը, թե նա վիճելի խնդիրները իսկապես կամենում է վճռել խաղաղ միջոցներով և ոչ Սուլթանովի հրոսակախմբերով, և այն ժամանակ շատ արգելքներ ինքնին կվերածվեն և հնարավոր կլինի ընդհանուր լեզու գտնել ու գնալ այն ճանապարհով, որ գծել են հունվարի 22-ին երեք պետությունների արտգործնախարարները:
Երեք հանրապետությունների անկախության ճանապարհով հայ-ադրբեջականան ցավոտ ու խճճված վեճում որոշ պարզություն և երկու կողմի համար էլ ընդունելի վիճակ ստեղծելն ավելի քան անհրաժեշտ է: Մինչև որ դա չլինի, բոլոր գեղեցիկ խոսքերը կմնան միայն խոսք:
Յառաջ, 29 հունվարի, 1920թ, թիվ 20