Ադրբեջանի հորդորը Հայաստանին և Վրաստանին. դադարեցնել եղբայրասպան պատերազմը. 20 դեկտեմբեր, 1918թ

3178

1918 թվականի դեկտեմբերին բռնկվեց հայ-վրացական պատերազմը, որը տևեց մոտ երկու շաբաթ: Այս հեռագիրը՝ ուղղված Հայաստանի արտաքին գործերի նախարարին, հղել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահը: 

ԱՆԻ կենտրոն

Ադրբեջանի պառլամենտի հեռագիրը Հայաստանի արտաքին գործերի մինիստրին

Այս րոպեին, երբ աշխարհիս բոլոր ժողովուրդները արյունալի պատերազմից հետո վար դրին իրենց զենքը, ձգտելով կնքել ընդհանուր հաշտություն, երբ խաղաղ համակեցությունը իրենց անկախ հայտարարած Կովկասյան հասարակապետությունների ամենալավ ապացույցը կարող է լինել, որ այդ երկրները արժանի են անկախ գոյության, Ադրբեջանի պառլամենտը հոգու խորին կսկիծով լսեց հարևան Վրաստանի և Հայաստանի՝ միմյանց հետ արյունոտ ընդհարումների մասին:

Դեկտեմբերի 20-ի արտակարգ նիստում, որը գումարված էր այս տխուր անցքերի պատճառով, պառլամենտը միաձայն որոշեց եղբայրական կոչով դիմել Հայաստանի և Վրաստանի պառլամենտներին՝ ազդել իրենց կառավարությունների վրա, որպեսզի նրանք ամեն ջանք ու միջոց գործ դնեն՝ մոտեցող կատաստրոֆայի առաջն առնելու համար:

Ամբողջ Կովկասյան դեմոկրատիայի ցանկությունն է վճռել բոլոր վիճելի հարցերը Կովկասյան ժողովուրդների միջև համաձայնության կամ արբիտրաժի միջոցով: Այս սկզբունքի խախտումը, որ կողմից էլ որ լինի, պատասխանատվության է բերում համաշխարհային դեմոկրատիայի առաջ և կորստաբեր է Հայաստանի և Վրաստանի դեմոկրատիաների և Անդրկովկասյան ժողովուրդների գործի համար:

Ադրբեջանի պառլամենտը դիմում է ձեզ, ժողովրդի իսկական ներկայացուցիչներին եղբայրական կոչով՝ դադարեցնելու արյունահեղությունը, որպեսզի Անդրկովկասը նորից չընկնի արյունոտ հողերի մեջ: Այս արյան մեջ կոչնչանա մեր ազատությունը և Անկախութիւնը:

Պառլամենտի նախագահ՝ Աղաև

Ժողովուրդ, թիվ 49, ուրբաթ, դեկտեմբեր 27, 1918

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1918/1918%2849%29.pdf

Լուսանկարում՝ Ադրբեջանի խորհրդարանը 1918 թվականին