Արցախում ժամանակը աշխատում է նրա օգտին, ով այդ ժամանակը ճիշտ է օգտագործում

1135

Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ընդդիմադիր Կոնգրես-ՀԺԿ դաշինքը սատարում է Սերժ Սարգսյանին և Կառավարությանը, երեկ հայտարարեց դաշինքի առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում՝ շեշտելով՝ այլ հարցերում իշխող կուսակցության հետ որևէ առնչություն բացառվում է:

«Այո՛, մենք սատարում ենք, բայց միայն այս հարցում: Ուրիշ ոչ մի հարցում մենք Հանրապետական կուսակցության հետ ճանապարհ գնալու մտադրություն չունենք, մենք հակոտնյա ենք, և երբեք խոսք չի կարող գնալ, որևէ մղձավանջային երազում անգամ, որ մենք նրանց հետ ինչ-որ պահի կարող է նույնիսկ կոալիցիա կազմենք․․․ այդպիսի բան չի լինի», – հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահը հակադարձեց իր հասցնեին հնչող մեղադրանքներին, թե հող հանձնող է, ասաց՝ իր հրաժարականից հետո շարունակված բանակցություններում մշտապես եղել է Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձի հարցը, որին հայկական կողմը համաձայն է եղել, և հիմա էլ բանակցությունների սեղանին գտնվող Մադրիդյան փաստաթղթում կա տարածքների վերադարձի հարցը․ – «Ես եղա հող տվող, Քոչարյանը, Օսկանյանը, Սերժ Սարգսյանը կամ Արկադի Ղուկասյանը եղան հող չտվո՞ղ: Ահա այսպիսի խաբեբայություններով մոլորության մեջ են գցել մեր ժողովրդին: Լսեք՝ հիմա Սերժ Սարգսյանը չէ՝ ով կուզի գա, հիմա այս ընտրությունների արդյունքները ես չգիտեմ ինչպես կլինեն, ինչ իշխանություն կձևավորվի, ենթադրենք Ծառուկյանը կլինի, չգիտեմ՝ Վերածնունդը կլինի, Դաշնակցությունը կլինի՝ հենց կառավարություն ձևավորեցին հաջորդ օրը վազելու են իրենք ստորագրեն այս փաստաթուղթը: Վազելո՛վ: Ուրեմն այս հարցը թող սպեկուլյացիայի առարկա չսարքեն: 30 տարի ժողովրդին խաբել են, և բերել՝ երկիրը հասցրել են այս վիճակին: Դա ամենադավաճանական, ամենաազգակործան գործն է, որ կարող են անել այդ մարդիկ»:

Լևոն Տեր-Պետրոսյանը հերթով մեջբերեց ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ծրագրերը՝ ընդգծելով, որ որևէ մեկը չի առաջարկում ղարաբաղյան հարցի լուծման հստակ, իրատեսական ծրագիր, և կրկնեց՝ հենց Ղարաբաղի խնդրի լուծման հարցում ունեցած մոտեցումը պետք է այս ընտրություններում ժողովրդի համար կողմնորոշիչ լինի: Առաջին նախագահի խոսքով՝ մյուս ուժերը խուսափում են հարցին ուղիղ պատասխաններ տալուց, և տպավորություն ստեղծում, թե իրենք «հող տվող չեն»:

«Տղա եք՝ մի տվեք, բան չունեմ ասելու: Բայց այս ազգը մեղք է: Մեղք է՝ ի՞նչ եք տալու մեր ժողովրդին դրա դիմաց: Կարող ես տարածքը չտալ՝ մեր ժողովրդին տալու ես արյուն, իր որդիների մահը, տալու ես չքավորություն, թշվառություն, պանդխտություն: Վերջանալու է այս երկիրը: Այսինքն՝ ես եղա չուզողը, հա՞ այդ հողերի․․․ կամ որևէ նորմալ մարդ․․․ իհարկե՛, կուզեինք, բայց մենք պիտի հեքիաթներով պետությո՞ւն կառուցենք: Հեքիաթը դեռ մեղմ է՝ դա արկածախնդրություն է», – ընդգծեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդը:

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ Հայաստանի առջև ծառացած խնդիրների հիմքում հենց Ղարաբաղի չլուծված հարցն է․ – «Այն լուծումը, որ մենք կարող ենք այսօր ստանալ Ադրբեջանի հետ համաձայնությամբ, վաղը կդառնա պարտադրված լուծում»:

Ղարաբաղի հակամարտության ուսումնասիրությամբ զբաղվող լրագրող Թաթուլ Հակոբյանը կարծում է, որ իրադարձությունների զարգացման որևէ սցենար բացառել չի կարելի: Նոր ռազմական էսկալացիայի դեպքում կարող են իրականանալ ինչպես ամենալավատեսական, այնպես էլ ամենահոռետեսական կանխատեսումները:

«Ես կարծում եմ՝ ժամանակը աշխատում է նրա օգտին, ով այդ ժամանակը ճիշտ է օգտագործում: Եվ այս իմաստով ժամանակը այնքան էլ Հայաստանի օգտին չի աշխատել, որովհետև անկախությունից ի վեր ավելի քան 1 միլիոն, գուցե արդեն՝ 1.5 միլիոն հայ է հեռացել Հայաստանից: Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության իշխանության այս 9 տարիներին Հայաստանից արտագաղթել է 350 հազար մարդ: Եվ մենք առաջիկայում արդեն կունենանք խնդիր զորակոչի հետ կապված, եթե արդեն չունենք: Եվ բազմաթիվ այսպիսի մարտահրավերներ», – նշեց փորձագետը: – «Եվ այս իմաստով, ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունները ավելի քան տեղին են, սակայն եթե Ղարաբաղի հարցը չլիներ՝ արդյո՞ք արտագաղթ չէր լինի: Ես համարում եմ, որ պարտադիր չէ, որ այս երկու հարցերը միմյանց կապենք: Իհարկե, սրանք կապված են, բայց հասկանանք, որ կարող է՝ մենք ունենանք խաղաղ վիճակ, բայց այս ապօրինի իշխանությունները, որոնք փաստացի իշխանության են գալիս ընտրություններ կեղծելու ճանապարհով և փաստորեն զավթում են իշխանությունն ու պետությունը: Նման պայմաններում Ղարաբաղի հարց ունենալ – չունենալը՝ ինձ համար այնքան էլ տարբերություն չկա: Այսինքն՝ նորից կշարունակվի նույն այդ արտագաղթը, նորից կլինի սոցիալական անհավասարություն և այլն, և այլն», – հավելեց Թաթուլ Հակոբյանը:

Տաթեւիկ Լազարյան
Դիտել նաև՝