Ալեքսանդրապոլ/Գյումրիի ազատագրումը թուրքերից. 4 դեկտեմբեր, 1918

6136

Ալեքսանդրապոլի գրավումը

[1918 թ] դեկտեմբերի 4-ի երեկոյան ժամը 4-ին մեր զորքերը, հրամանատարությամբ փոխգնդապետ Նեստերովսկու, մտան Ալեքսանդրապոլ:

Քաղաքում լիակատար կարգ ու կանոն է: Թուրքերը դեռ մնում են կայարանում:

Թուրքերը շնորհակալություն հայտնեցին այն կարգապահության համար, որով մեր զորքերը ընդունեցին քաղաքը:

Ամեն տեղ պահակներ են նշանակված:

Մեր ձեռքն է անցել բազմաթիվ միլիոնների հասնող զինամթերք:

Հաղորդակցություն է հաստատված Ալեքսանդրապոլի, Ղարաքիլիսայի և Երևանի միջև:

Թուրքերը ամրանում են Ալեքսանդրապոլից արևմուտք:

Կարսի գաղթականությունը գալիս է Ալեքսանդրապոլ, նա սարսափելի դրության մեջ է, որովհետև մթերք չկա:

Ժողովուրդ, թիվ 41, ուրբաթ, դեկտեմբերի 6, 1918

—–

Ալեքսանդրապոլից Դրոն դեկտեմբերի 6-ին ներքին գործերի նախարարին հեռագրում է հետևյալը.

Քաղաքը, բերդը և կայարանը ընդունեցինք, թուրքերը իրենց հետ տարել են պետական և հասարակական հիմնարկությունների կայքերը և գույքերը, հեռագրական և հեռախոսային ապարատները, հիվանդանոցային և երկաթուղային իրերը:

Ձեր կարգադրության համաձայն քաղաքը և շրջանը միացվում է Ղարաքիլիսայի և Դիլիջանի շրջանին: Ալեքսանդրապոլի շրջանի ընդհանուր կառավարիչ է նշանակվել Գ. Խոյեցյանը: Նշանակվել են նաև գավառական և քաղաքային վարչություններ, քաղաքի և բերդի պարետի պարտականությունները ժամանակավորապես հանձնել են փոխգնդապետ Նեստերովսկուն:

Քաղաքում կարգը օրինակելի է:

Ժողովուրդ, թիվ 44, ուրբաթ, դեկտեմբեր 13, 1918