Ալեքսանդրապոլի դաշնագիրը՝ հայկական տարբերակ. 2/3 դեկտեմբեր, 1920թ.

7498
  • Ալեքսանդրապոլի դաշնագիրը հայկական կողմից ստորագրել է Ալեքսանդր Խատիսյանը, քեմալականների կողմից՝ Քյազիմ Կարաբեքիրը
  1. Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պարտավորվում է ճանաչել Հայաստանի անկախությունը հետևյալ սահմաններում. Ախալքալաքի գավառի հարավային մասից Ուչ-Թափալար սարը դեպի հարավ` մինչև Բաշ Շորագյալ, մինչև Արփաչայ (Արփաչայի հոսանքը մինչև նրա խառնվելը Արաքսի հետ), Արաքս գետի հոսանքը` մինչև Արաքս կայարանը, այստեղից` դեպի Մարտիրոս` մինչև Չայքենդ գյուղը:
  2. Կարսի նահանգը և Սուրմալուն համարվում են վիճելի մինչև երեք տարի, որի ընթացքում հայոց կառավարությունը կարող է հայտարարել հանրաքվե` որոշելու այդ նահանգների վերջնական բախտը: Հանրաքվեի ժամանակ այնտեղ պետք է մտնի հայ-թուրքական խառը ժանդարմերիա:
  3. Հայերը հրաժարվում են Սևրի դաշնագրից. հետ են կանչում բոլոր այն կոմիտեները և ներկայացուցիչներին, որոնք գոյություն ունեն Եվրոպայում, չեն պահում Հայաստանում դաշնակիցների ոչ մի ներկայացուցիչ, մինչև որ Թուրքիան հաշտության դաշն կնքի նրանց հետ:
  4. Հայաստանը իրավունք ունի պահելու զորաբանակ ոչ ավելի քան 1500 սվին և դրան համապատասխան քանակով սպաներ, նաև` անհրաժեշտ քանակությամբ ժանդարմներ: Երկիրը պաշտպանելու համար կարող են լինել ամրոցներ, որոնք կարող են զինվել միայն պաշտպանողական ծանր թնդանոթներով: Վերացվում է պարտադիր զինվորությունը:
  5. Հայաստանի վրա հարձակման դեպքում Թուրքիան պաշտպանում է հայոց կառավարության պահանջով եւ աջակցում է Հայաստանին գործով:
  6. Թուրքիան և Հայաստանը փոխադարձաբար օգտվում են ազատ տարանցումից, ինչպես երկաթուղիներով, այնպես եւ բոլոր ճանապարհներով:
  7. Երկու կողմերն էլ չեն վճարում պատերազմական ծախսեր:
  8. Պայմանները կնքելուց հետո սկսում են աշխատել երկաթուղիները, վերադառնում են քաղաքացիական մասի գերիները, իսկ երբ սկսվում են աշխատանքները Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները որոշելու համար, վերադառնում են բոլոր ռազմագերիները:
  9. Հայաստանի բոլոր պայմանագրերը Թուրքիայի դեմ համարվում են անվավեր:
  10. Գաղթականները կարող են վերադառնալ մեկ տարվա ընթացքում` օգտվելով քաղաքացիական բոլոր իրավունքներից, բացի նրանք, ովքեր զինված դիմադրություն են ցույց տվել:
  11. Հայերը Թուրքիայում և թուրքերը Հայաստանում վայելում են հավասար քաղաքացիական իրավունքներ:
  12. Դիվանագիտական, ինչպես և հյուպատոսական հարաբերություններն ու քաղաքացիական ազատ երթևեկությունը երկու երկրների միջև սկսվում են դաշնագիրը ստորագրվելուց հետո, որից հետո վերսկսվում են փոստային և հեռագրական հաղորդակցությունները Թուրքիայի և Հայաստանի միջեւ:
  13. Շարուրը և Նախիջևանը ժամանակավորապես օժտվում են ինքնավարությամբ` գտնվելով Թուրքիայի հովանավորության տակ, մինչև որոշվի նրանց բախտը:
  14. Այս դաշնագիրը պետք է ենթարկվի վավերացման Հայաստանի խորհրդարանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից մեկ ամսվա ընթացքում:
  15. Թուրքիան պատրաստվում է Հայաստանի գրավված հողատարածքները դատարկել, երբ Հայաստանը կսկսի զորացրում, և վերջնականապես կդատարկի, երբ հայկական զորքի թիվը կհասնի պայմաններում որոշված չափին:

Ծանոթագրություն: Դաշնագրի բնագիրը, որը ժամանակին հանձնվել է Հեղկոմի նախագահ Կասյանին, պաշտոնապես չի հրապարակվել: Հայկական կողմից պատվիրակությունը ղեկավարել է Ալեքսանդր Խատիսյանը, թուրքերից` Քյազիմ Կարաբեքիրը: Թեև դաշնագրի վրա գրված է դեկտեմբեր 2, փաստացի այն ստորագրվել է լույս 3-ի գիշերը: Դաշնագրի թուրքերեն տեքստը կազմված է 18 կետից, որի տակ դրված է Խատիսյանի ստորագրությունը:

Թեև 18 հոդվածից բաղկացած թուրքական տարբերակը չի պարունակում վերջին նիստի ժամանակ մտցրած բոլոր փոքրիկ փոփոխությունները, այնուամենայնիվ, այն կրում է ՀՀ անունից Ալեքսանդր Խատիսյանի, Աբրահամ Գյուլխանդանյանի և Ստեփան Ղորղանյանի ստորագրությունները և Թուրքիայի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անունից Քյազիմ Կարաբեքիր փաշայի, Համիդ բեյի ու Սուլեյման Նեջաթի բեյի ստորագրությունները:

Ահա դաշնագրի այդ տարբերակի շարադրանքը՝ համաձայն Ռիչարդ Հովհաննիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, հատոր 4, էջ 465-466, հատորի:

Հոդված 1. Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև պատերազմական վիճակը ավարտված է համարվում:

Հոդված 2. Արփաչայ և Արաքս գետերի երկայնքով նոր սահման է գծվել՝ Կարսի նահանգն ու Սուրմալուի գավառը թողնելով թուրքական կողմում: Դաշնագրի ստորագրումից հետո երկու շաբաթվա ընթացքում խառը հանձնաժողովը կորոշի ճշգրիտ սահմանները: Շարուր-Շահթախթ-Նախիջևան շրջանի վարչական համակարգը կորոշվի հետագա հանրաքվեով, որին չպետք է միջամտի Հայաստանը: Առայժմ այնտեղ Թուրքիայի պաշտպանության ներքո կստեղծվի և կգործի տեղական վարչակազմ:

Հոդված 3. Թուրքիայի կառավարությունն իրավունք է վերապահում հանրաքվե անցկացնելու նախորդ ու ներկա սահմանների միջև ընկած պատմական, ազգային ու իրավական անվիճելի կապերով Թուրքիայի հետ առնչվող տարածքում, եթե Հայաստանի Հանրապետությունը խնդրի այդ անել (այս հոդվածը գոյություն չունի հրապարակված մյուս տարբերակներում):

Հոդված 4. Կանխելու համար Անտանտի ապագա մեքենայությունները, որոնք կարող են խաթարել երկրի հանդարտությունը, Հայաստանի կառավարությունը համաձայնվել է իր բանակը սահմանափակել 1.500 զինվորով, լեռնային կամ դաշտային 8 հրանոթով և 20 գնդացրով և վերացնելու է զինվորական պարտադիր ծառայությունը: Ամրություններում հրետանային զենքերի փողերը պետք է ունենան առավելագույնը 15 սանտիմետր տրամագիծ և գործողության փոքր շառավիղ: Ժանդարմերիան կարող է ներքին կարգուկանոնը պահպանելու համար բավարար ուժ պահել:

Հոդված 5. Հայաստանի կառավարությունը համաձայնվել է թույլ տալ, որ Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչները հետևեն ու վերահսկեն հոդված 4-ի պայմանները, և Թուրքիայի կառավարությունը ռազմական օժանդակություն կցուցաբերի, երբ ներքին կամ արտաքին վտանգի պարագայում Հայաստանի Հանրապետությունն օգնություն խնդրի:

Հոդված 6. Պայմանավորվող կողմերը համաձայնվում են թույլ տալ գաղթականների վերադարձը, բացի նրանցից, ովքեր համաշխարհային պատերազմի ընթացքում միացել են թշնամուն և զենք վերցրել իրենց կառավարության դեմ կամ մասնակցել են գրավված տարածքներում տեղի ունեցած կոտորածներին: Հայրենադարձված գաղթականներին կշնորհվեն այն իրավունքները, որոնք վայելում են “քաղաքակիրթ երկրների” փոքրամասնությունները:

Հոդված 7. Այն գաղթականները, որոնք չեն վերադառնա մեկ տարվա ընթացքում, կզրկվեն վերադարձի հնարավորությունից և գույքի ու ունեցվածքի որևէ պահանջից:

Հոդված 8. Ելնելով մարդասիրական նկատառումներից՝ Թուրքիայի կառավարությունը հատուցում և փոխհատուցում չի պահանջի իր կատարած հսկայական ծախսերի դիմաց այն պատերազմի ժամանակ, որ ստիպված է եղել վարելու Հայաստանի դեմ: Երկու կողմերը հրաժարվում են նաև համաշխարհային պատերազմի ընթացքում կրած կորուստների համար բոլոր և ամեն տեսակի պահանջներից:

Հոդված 9. Թուրքիայի կառավարությունը հավաստիացումներ է տալիս, որ անկեղծորեն ցանկանում է օգնել, որ Հայաստանի կառավարությունը իր իշխանությունը ծավալի և ամրապնդի հոդված 2-ում ամրագրված սահմաններում:

Հոդված 10. Հայաստանի կառավարությունը չեղյալ ու անվավեր է հռչակում և դատապարտում է Սևրի դաշնագիրը, որն անվերապահորեն մերժել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովը: Ցանկանալով վերացնել հնարավոր որևէ թյուրըմբռնում՝ Հայաստանի կառավարությունը համաձայնվում է հետ կանչել Եվրոպայի և Ամերիկայի իր բոլոր ներկայացուցիչներին ու առաքելությունները, քանի որ այդ անձինք իմպերիալիստական որոշ կառավարությունների ու քաղաքական շրջանակների ձեռքին դարձել են սադրանքի գործակալներ, բացի այդ՝ պետական ծառայությունից հեռացնել բոլոր անձանց, ովքեր օժանդակել ու հետապնդել են իմպերիալիստական նպատակներ, որպեսզի խաթարեն երկու երկրների միջև խաղաղությունը:

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության կազմի մեջ ներառված հողերում բնակվող մահմեդականների իրավունքներն ու կրոնական ազատությունը պաշտպանելու նպատակով մահմեդական բնակիչներին պետք է թույլ տրվի ստեղծելու իրենց սեփական համայնքային կազմակերպությունները և ընտրեկլու իրենց մուֆտիներին: Գերագույն մուֆտին, որը պետք է ընտրվի տեղական մուֆտիների կողմից, պիտի հաստատվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կրոնի գործերի կոմիսարիատի կողմից:

Հոդված 12. Պայմանավորվող կողմերը մեկը մյուսի քաղաքացիներին ու ապրանքներին կտան տարանցման ազատություն բոլոր, մասնավորապես Թուրքիայի, Շարուր-Նախիջևանի և Պարսկաստանի միջև ընկած ճանապարհների ու երթուղիների վրայով: Հայաստանի կառավարությունը համաձայնվում է Ադրբեջանի, Պարսկաստանի, Վրաստանի և Թուրքիայի միջև ապրանքնորի, սայլերի, երկաթուղային վագոնների և առհասարակ ամեն տեսակի փոխադրամիջոցների համար տուրքեր չգանձել: Քանի որ Թուրքիան ստիպված է եղել դիմակայելու իմպերիալիստական տերությունների կողմից երկրի կյանքի ու գոյության դեմ ուղղված հանցավոր գործողությունները, մինչև ընդհանուր խաղաղություն կնքելը այն վերահսկողության տակ կպահի “Երևանի հանրապետության” երկաթուղիներն ու հաղորդակցության ուղիները, որպեսզի հսկի դաշնագրի հոդված 4-ում նշված զենքերի արտահանման սահմանափակումների կատարումը: Երկու կողմերը նաև միջոցներ կձեռնարկեն՝ կանխելու Անտանտի տերություններին առնչվող անձանց կամ մարմինների կողմից Հայաստանի սահմնաններ մուտք գործելն ու այնտեղ մնալը:

Հոդված 13. Իր անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներից պաշտպանվելու համար Թուրքիային վիրավունք է վերապահվում Հայաստանում ձեռնարկել ժամանակավոր կանխարգելիչ ռազմական միջոցառումներ՝ այն պայմանով, որ Երևանի հանրապետությունը դաշնագրով տրամադրված իրավունքները չխախտվեն (այս հոդվածը գոյություն չունի հրապարակված մյուս տարբերակներում):

Հոդված 14. Հայաստանի կառավարությունը համաձայնվում է չեղյալ հայտարարել որևէ կառավարության հետ Թուրքիային վերաբերող կամ Թուրքիայի շահերի դեմ կնքած բոլոր պայմանագրերը:

Հոդված 15. Պայմանավորվող կողմերը դաշնագիրը կնքելուն պես կվերականգնեն առևտրական հարաբերությունը և կարող են դիվանագիտական ու հյուպատոսական անձնակազմ նշանակել՝ ծառայելու միմյանց մայրաքաղաքներում և ուրիշ քաղաքներում:

Հոդված 16. Երկրորդական հանձնաժողովները կպատրաստեն հիմնական դաշնագրի հետ համատեղելի հեռագրային, հեռախոսային, սուրհանդակային, հյուպատոսական ու առևտրային կոնվենցիաներ: Ամեն դեպքում, դաշնագրի ստորագրումից հետո Հայաստանի կողմից հարևան երկրների ու զիջած հողերի հետ երկաթուղային, հեռախոսային ու սուրհանդակային ծառայությունների վերակնգնման համար կպահանջվի Թուրքիայի կառավարության թույլտվությունը:

Հոդված 17. Թուրքական բանակը դուրս կգա նոր սահմանի հայկական կողմում գրավված տարածքից (ներառյալ Ալեքսանդրապոլից), և ռազմագերիները կփոխանակվեն ու կվերադառնան՝ միայն երբ Հայաստանի կառավարությունը կատարի իր պարտավորությունները: Քաղաքացիական բանտարկյալները սակայն կարող են ազատվել անմիջապես, իսկ երկրորդական հանձնաժողովը կկարգավորի ռազմագերիների փոխանակությունը:

Հոդված 18. Դաշնագրի վավերացված պատճենները կփոխանակվեն Անկարայում մեկ մասվա ընթացքում: Դաշնագիրն ստորագրվում է երկու օրինակով՝ թվագրված 1920 թվականի (Հիջրայի թվականության 1335փ) դեկտեմբերի 2-ով և հակասությունների կամ անհամաձայնությունների դեպքում գերակայություն կունենա թուրքերեն բնօրինակը: