«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է». Չարենց և Զարյան

3176

86 տարի առաջ այս ժամերին իր կյանքի վերջին ժամերն էր բերդում ապրում հայ պոեզիայի մինչ այժմ չնվաճված Գագաթը՝ Չարենցը․․․

Արևը նորից անհոգ կխնդա՝

Փռելով չորս դին լուսավոր գանձեր,

Եվ մայրս անգամ, էլ չի՛ հավատա,

Որ եղել եմ ես, ապրել ու անցել․․․

․․․

«Ասպարեզ» թերթը, իր 1962 թ-ի հունվարի 19-ի համարում, անդրադարձել էր Նաիրի Զարյանին և Չարենցի «Պատգամ» բանաստեղծությանը.

«Մարգարեաշունչ այդ պատգամի տառերի վերոհիշյալ կերտվածքի բանալին Չարենցը կվստահի գրող Նաիրի Զարյանին, ու Չարենցի միամիտ վստահությունը՝ հանդեպ Նաիրի Զարյանի, ճակատագրական կդառնա իրեն համար՝ Չարենցը կձերբակալվի»:

Խոսքը «Պատգամ» բանաստեղծության մեջ հայտնի աքրոստիկոսի մասին է՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Աքրոստիկոսը գաղտնագրված էր.․․

1936 թ-ի նոյեմբերի 16-ին Չարենցին կկանչեն հարցաքննության, որտեղ նա կխոստովանի․

«Ընդունում եմ, որ իմ «Գիրք ճանապարհի»-ում, հրատարակված 1934-ին, «Պատգամ» բանաստեղծության մեջ երկրորդ տառերի աքրոստիկոսով ես ասել եմ. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», բայցեւ, ես դա ամենևին չեմ համարում հակահեղափոխական դաշնակցական լոզունգ, որովհետեւ «ժողովուրդ» հասկացությունը ես կիրառել եմ սկզբունքորեն հակադիր ըմբռնումներով «ազգ» տերմինին, որ օգտագործում են դաշնակցականները: Այդ բանաստեղծությունը գրված է 1933 թ-ին, երբ, ինչպես հայտնի է, Հայաստանի լեռնային շրջանների դրությունը աղետալի էր, դա օբյեկտիվ նախադրյալ է հանդիսացել իմ, որոշ չափով հոռետեսական տրամադրության համար, ինչը եւ արտահայտվել է իմ գրքի մի քանի էջերում, հատկապես՝ այդ լոզունգի մեջ»:

Շատ ավելի ուշ, արդեն Չարենցից հետո, «Ներիր ինձ, իմ ժողովուրդ» բանաստեղծության միջոցով, Նաիրի Զարյանը կհայցի իր ժողովրդի ներողամտությունը: Ո՞ր հանցանքների համար: Բանն այն է, որ, ըստ պահպանված փաստաթղթերի, ժողովրդի ներողամտությունը հայցելու պատճառներ Զարյանն ուներ: Գրավոր արձանագրություններ կան, որ Զարյանը Չարենցի (եւ ոչ միայն նրա ) դեմ պայքարը սկսել էր շատ ավելի վաղ, քան 1935-1936 թթ-ին։ Նման վկայություններ պահպանվում են Մոսկվայի Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի արխիվում, Հայաստանի ազգային արխիվում, ՊԱԿ արխիվում:

15.08․1955 թ.

Ստեփանավան։

Նաիրի Զարյան։

Ներիր ինձ իմ ժողովուրդ։

«Շատ եմ խաբվել ու խոտորվել, ներիր ինձ, իմ ժողովուրդ,

Սուտ սրբերով շատ եմ տարվել, ներիր ինձ, իմ ժողովուրդ,

Խաբել են ինձ կուռքերը սուտ,

Ես մոլորվել եմ շատ անգամ,

Ես որոնել եմ քո ճամփան,

Քեզ եմ փնտրել միշտ անօգուտ

Եվ մոլորվել եմ շատ անգամ․․․

Դու ինձ ներիր, իմ ժողովուրդ»։

Արդեն 1969 թ-ին, իր մահից ամիսներ առաջ, Նաիրի Զարյանը ՀՀԿ Կենտկոմի բյուրոյին նամակ կուղարկի․

«Իրողությունն այն է, որ «ժամանակներն այդպիսին» էին, և նրանք մեջտեղից վերացրին ոչ միայն Չարենցին ու նրա գրական համախոհներին, այլև իմ գրական, այն ժամանակվա համախոհներին՝ Հայկ Գյուլիքեխվյան և ուրիշներ: Ինձ երկու անգամ (1937-38 թթ.) հեռացրին կուսակցությունից և մտադիր էին բանտարկել: Հիմա էլ, ես այս դիմումը գրում եմ զայրույթի ու ցավի զգացմունքով: Մի՞թե ես պետք է մինչեւ կյանքիս վերջը դիմումներ գրեմ՝ ապացուցելու համար, որ այն չեմ, ինչպես ինձ ուզում են պատկերացնել»-զղջացել է Զարյանը, բայց ո՞րն է զղջման գինը. Չարենցը մահացավ 40 տարեկանում, Բակունցը գնդակահարվեց 38-ում:

Ամեն դեպքում, վերոնշյալ նամակում, Զարյանը ներկայացրել էր նաև 1960 թ-ին Չարենցին նվիրված անտիպ բանաստեղծության այս կտորը.

«Քո մահն իմ կորուստն է դառնակեզ,

Ես ողբացել եմ քեզ հազար անգամ,

Հազար ափսոս,որ դու կենդանի չես,

Իմ ախոյան,վարպետ ու բարեկամ․․․»

Չարենցի հակահեղափոխական կերպարը վաղուց էր Բերիայի ուշադրության կենտրոնում․ 1932թ-ին լրանում էր Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշել էր շուքով նշել պոետի օրը, որն այդպես էլ մնաց որոշում ու ոչ ավել․․․

1935 թ-ից սկսած, Չարենցի դեմ իսկական թակարդներ կլարեն՝ նրան կհեռացնեն հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թ-ի սեպտեմբերի 24-ից Չարենցը կենթարկվի տնային կալանքի։ Հայտնի է նաև, որ այդ օրերին, գրազի համար, մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։1936թ-ից ավելի կուժգնանան հալածանքներն ու Չարենցը մեկուսացված կյանք կվարի՝ սպասումների մեջ․․․

1936 թ-ի հունիսի 20-ին, Անդրերկրկոմի ղեկավարության հետ, Խանջյանը կսկսի բանակցություններ վարել, որպեսզի Չարենցին թույլատրեն մեկնել արտասահման՝ բուժման նպատակով։ Սակայն Խանջյանի դավադիր սպանությունը կձախողի Չարենցի մեկնումը։ 1937 թ-ի նոյեմբերի 27-ի առավոտյան ժամը 7։00-ին, Կենտրոնական բանտի հիվանդանոցում, օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո, 1937թ-ի նոյեմբերի 27-ին, բոլորից լքված ու անօգնական, իր մահկանացուն կկնքի Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։ Մարտի 13-ին լրացել էր նրա 40 տարին․․․

Նույն օրը՝ նոյեմբերի 28-ին, կկատարեն դիահերձում։ Արձանագրության մեջ կասվի․

«Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ նախաբազկի արտաքին մակերեսին եղել է դաջված.«1927 թվականի հունվար, Ա.Չ»։

Անջինջ գրերով բանաստեղծը մարմնի վրա արձանագրել էր իր մեծ սիրո՝ Արփենիկ Չարենցի մահվան թվականը․․․

Հայ պոեզիայի անհասանելի ու չնվաճված Գագաթը կմեռնի ու գերեզմանի էլ չի արժանանա, բայց կհավերժանա՝ ժամանակին լքված լինելով իրեն հավերժացնողներից․․․

․․․

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա,ցնդի,

Ես հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝

Դեպի երկի՜նք պիտի գնամ,դեպի եզերքը Ամենտի․

Իմ բա՜րձր,հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.

Պիտի անդարձ ես հեռանամ,պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.

Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում

Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Չարենցի մահվան 86-րդ տարելից՝ նոյեմբերի 27

Эдуард Манвелян

Դիտել նաև՝