Ոչ ոք չի ուզում հիշել, որ 1920-ի նոյեմբերի 6-ին թուրքերը գրավել են Ալեքսանդրապոլ/Գյումրին

2266

1920 թվականի նոյեմբերի 6-ին թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիր փաշայի գլխավորությամբ գրավեցին Հայաստանի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Ալեքսանդրապոլը, այսօրվա Գյումրին։

Գրավումից հետո շուրջ վեց ամիս՝ մինչև 1921 թվականի ապրիլի վերջերը, թուրքերը չէին հեռանում արդեն խորհրդային դարձած Հայաստանից՝ ավեր ու սպանդ սփռելով Շիրակի ամբողջ դաշտավայրում։ Այդ վեց ամիսների ընթացքում սպանվեցին և սովահար եղան տասնյակ հազարավոր հայեր։

Գյումրիի զավթումը քեմալականների կողմից Կարսի անկման շարունակությունն  էր։ Ինչպես Կարսում և ամբողջ մարզում, այնպես էլ Ալեքսանդրապոլում, հայ ժողովուրդը և նրա ղեկավարությունը՝ վարչապետ Համո Օհանջանյանի կառավարությունն ու ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի հայկական բանակը, անկարող էին անգամ թույլ դիմադրություն ցույց տալ ներխուժող քեմալական զորքերին։ Դրոն էր միայն, որ կռվում էր Սուրմալու-Իգդիր ճակատում՝ փորձելով կանխել թուրքական զորքերի առաջխաղացումը։

Ճակատագրի հեգնանքով՝ 1920 թվականի օգոստոսի 10-ից, երբ Փարիզի արվարձանում ստորագրվեց Սևրի դաշնագիրը, մինչև նոյեմբերի 22-ը, երբ հրապարակվեց Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, Հայաստանի Հանրապետությունը կորցրեց իր տարածքների մի ստվար հատված։

Սևրով և Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանը ստանում էր 160 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստան։ Իրականում, սակայն, մենք ստացանք միայն թուղթ, խոստում ու երազային Հայաստան։

Օգոստոսի 10-ին, երբ ստորագրվեց Սևրը, նույն օրը Թիֆլիսում վարչապետ Օհանջանյանի Բյուրո-կառավարության ներկայացուցիչներ Արշակ Ջամալյանը և Արտաշես Բաբալյանը Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Լեգրանի հետ ստորագրեցին համաձայնագիր, որով Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի համարվող Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը գրավվեցին ռուսական զորքերի կողմից:

1920 թվականի սեպտեմբերից հոկտեմբեր՝ 6 շաբաթվա ընթացում թուրք քեմալականները Հայաստանից զավթեցին Սուրմալուն՝ Մասիս սարով, Կարսը՝ Անիի ավերակներով, ինչպես նաև Շիրակի դաշտավայրը՝ Ալեքսանդրապոլ, այսօր՝ Գյումրի քաղաքով:

Այսպիսով, օգոստոսի 10-ից մինչև նոյեմբերի 7-ը, երբ կնքվեց հայ-ռուսական համաձայնագիրը (Լեգրանի հետ) և Քյազիմ Կարաբեքիր հետ զինադադարը (նոյեմբերի 7), ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները Հայաստանից զավթեցին Արցախը, Զանգեզուրը, Նախիջևանը, Սուրմալուն, Կարսը և Շիրակը: Այս շրջանները միասին կազմում են շուրջ 50 հազար քառակուսի կիլոմետր տարածք:

1920թ. հոկտեմբերի 28-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև Երևանում ստորագրվեց արձանագրություն, որը, սակայն, կյանքի չկոչվեց։ Ըստ այդ փաստաթղթի,- որ ռուսական կողմից ստորագրեց Բորիս Լեգրանը, ՀՀ-ից՝ կառավարության լիազորներ Շանթը, Տերտերյանը և Զարա‎ֆ‎յանը,- նախատեսվում էր․

ա) Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունները ճանաչում են Նախիջևանի և Զանգեզուրի վիճելի մարզերի նկատմամբ Հայաստանի հողային անսասան իրավունքը և այդ գավառների սահմաններից դուրս են բերում բոլոր զորամասերը, որոնք Ռուսաստանի և Ադրբեջանի հրամանատարության ենթակայության տակ են:

բ) Հայաստանի կառավարությունը, իր հերթին, անվերապահորեն հրաժարվում է Ղարաբաղի նկատմամբ բոլոր պահանջներից․․․

գ) Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը իր զորքերը հետ է քաշում մինչև 1914 թվականի ռուս-թուրքական նախկին սահմանագիծը:

դ) Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը հրաժարվում է Բրեստ-Լիտովսկի և Բաթումի պայմանագրերից:

ե) Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը անվերապահորեն ճանաչում է Հայաստանի անկախությունը այն սահմաններում, որոնք որոշվել են Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված հաշտության պայմանագրով:

Ռուսները մի կողմից բանակցում էին հայերի հետ ու զորքերը առաջ շարժում դեպի Հայաստան, մյուս կողմից քեմալականներն էին գրավում Օլթիի ածխահանքերը, Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը։

1921 թվականին Լեռնահայաստանի ժողովրդի դիմադրության շնորհիվ՝ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ, բայց նաև Խորհրդային Հայաստանի առաջնորդ Աեքսանդր Մյասնիկյանի ջանքերով, իսկ մինչ այդ 1918-1919թթ Անդրանիկի և նրա զորախմբի տեղում ներկայության շնորհիվ, Զանգեզուրը մաս կազմեց Խոհրդային Հայաստանի:

Նախիջևանը Հայաստանը կորցրել էր դեռ 1919-ի ամռանը՝ կարողանալով պահել ընդամենը երկու ամիս: 1920-ի ամռանը այսօրվա Նախիջևանի մաս կազմող Շարուրը միացվեց Հայաստանին, բայց թուրքերը կրկին գրավեցին այն:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն