«… ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՁԵՐ ԳՈՐԾԻՔՆ ԵՄ …»
Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը
Նոյեմբերի 3-ին Երեւանի “Արմենիա-Մարիոթ” հյուրանոցի “Տիգրան Մեծ” սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի բացման խոսքով:
Սիրելիներս.
Ինձ համար շատ հաճելի է մասնակցել այս հանդիպմանը: Վաղուց այսքան գեղեցիկ երիտասարդություն չէի տեսել: Հոկտեմբերի 26-ին ես ձեզ տեսա Ազատության հրապարակի հարթակից: Այսօր դուք այստեղ եք` բարեկամական զրույցի համար:
Իմ խորին համոզմամբ, այսօր Հայաստանում սկսվում է մի նոր շարժում, նոր սերնդի շարժում: 19-17 տարի է անցել 88-90 թվականների մեր առաջին համազգային շարժումից: Փոխվել է սերունդ. նրանք, ովքեր 88 թվականին 10-15 տարեկան էին, այսօր արդեն 30-35 տարեկան են: Ես ընդամենը այդ առաջին շարժման եւ ձեր նոր ձեւավորվող շարժման միջեւ կամուրջ եմ: Նոր շարժումը բոլորովին այլ բովանդակություն ունի, այլ նպատակներ, այլ խնդիրներ: Եւ կարծում եմ` ձեզ պիտի առաջնորդի նախեւառաջ այն, որ սա ձեր շարժումն է: Ես ընդամենը ձեր գործիքն եմ` արտահայտելու համար ձեր կամքը:
Ես կուզեի, որ դուք մի փոքր պատկերացում ունենայիք առաջին շարժման մասին` հենց սկզբնաղբյուրից, հանձին նրա ղեկավարության անդամներից մեկի: Երբ ասում են Հայոց համազգային շարժում, դա կուսակցական պատկանելության նշանակություն չուներ այն ժամանակ: Դա իսկապես համաժողովրդական շարժում էր, որում ընդգրկված էին մեր հասարակության բոլոր շերտերը` անխտիր: Նույնիսկ շարքային կոմունիստները: Թվում էր, թե մենք պայքարում էինք կոմունիստական ռեժիմի դեմ, բայց մեր շարժման ամենաակտիվ խավերից մեկը հենց շարքային կոմունիստներն էին: Չխաբվեք կոմունիստական կուսակցության այն գաղափարախոսությամբ, թե նա էր Խորհրդային Միության առաջատար կամ ղեկավար մարմինը: Ոչ: Ընդամենը այդ կուսակցության վերին խավն էր, որ օգտվում էր բոլոր բարիքներից, իսկ շարքային կոմունիստները ընդամենը շիրմա էին ծառայում նրանց համար: Մի փաստ հիշեմ. 88 թվականի հունիսին Մոսկվայում տեղի էր ունենալու, եթե չեմ սխալվում, կոմկուսի 19-րդ կոնֆերանսը, որին հենց «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնությամբ ուղղվեց մի պետիցիա, որը ստորագրել էին հայաստանցի 40 հազար շարքային կոմունիստներ: Ստորագրահավաքը կազմակերպեց Հայոց համազգային շարժումը, այն ժամանակ` «Ղարաբաղ» կոմիտեն: Ես հիշում եմ` այսօրվա տեխնիկան չկար, համակարգիչներ չկային, մենք աշխատում էինք պապենական մեթոդներով, թղթի երկար փաթեթներով աշխատող նախկին համակարգիչների վրա, եւ 40 հազար ստորագրության քաշը 38 կիլոգրամ էր: Այդ փաթեթը Սիլվա Կապուտիկյանը տարավ Մոսկվա, իհարկե, մի քանի հոգու օգնությամբ: Ինչու եմ բերում այս օրինակը. նշելու համար, որ դա իսկապես համազգային շարժում էր, որում ընդգրկված էին բոլոր խավերը` աշխատավորությունը եւ մեր իսկական մտավորականությունը: Իսկական մտավորականություն ասելով, ես նկատի չունեի եւ այսօր էլ չունեմ նոմենկլատուրային մտավորականությունը, որը միշտ էլ ծառայել է ռեժիմին: Ես նկատի ունեմ ուսուցիչների, ինժեներների, գիտաշխատողների, բժիշկների, արվեստագետների հսկայական բանակը: Դա էր այդ շարժման կորիզը: Մեր գյուղացիությունը, թվում էր, թե ամռանը պետք է զբաղված լիներ հողի հետ կապված աշխատանքներով, բայց գյուղացիության ողջ ակտիվ, գիտակից զանգվածը մասնակցում էր Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպվող բոլոր հանրահավաքներին: Իսկ ովքեր չէին մասնակցում, հանրահավաքից մեկ-երկու ժամ հետո տեղեկացվում էին. մենք միշտ պատրաստում էինք հատուկ տեղեկատվական թերթիկներ, որոնք երկու ժամ հետո հասնում էին Հայաստանի ամենահեռավոր շրջանները: Ու քանի որ երբեմն կես միլիոնանոց, երբեմն նույնիսկ մեկ միլիոնանոց միտինգներ էին լինում` թվում էր, թե մենք հանճարեղ կազմակերպիչներ էինք: Բայց այդպես չէր: «Ղարաբաղ» կոմիտեն 11 հոգի էր, եւ նրան կից, կարելի է ասել, շուրջ 300 ակտիվ գործիչներ: Ճիշտ է, սա արդեն բավականին մեծ ուժ էր, բայց այն ընդամենը կոորդինացնում, ուղղորդում էր շարժումը: Շատերը մեր մասին իսկապես մեծ կարծիքի էին, մտածում էին, թե ունենք հզոր կազմակերպություն, երբ ուզենք՝ կարող ենք ողջ հանրապետությունը կանգնեցնել գործադուլի. երեք ժամում մենք կարող էինք Ազատության հրապարակում 100 հազարանոց հանրահավաք կազմակերպել: Այնպիսի մեխանիզմ էր ստեղծված, ընդ որում` մենք չէինք ստեղծել, տարերայնորեն այդպիսի մեխանիզմ էր ձեւավորվել, որ հեռախոսներով, մեքենաներով շրջաններին տեղեկացնելու միջոցով` երեք ժամվա ընթացքում հարյուր հազար մարդ միշտ կանգնած էր Ազատության հրապարակում:
Մենք ընդամենը կոչ էինք անում, ասենք, անցնել գործադուլի: Մյուս օրը ստանում էինք` չեմ չափազանցում, հազարավոր որոշումներ` կոլեկտիվներից: Միշտ այդպես էր լինում, արխիվը կա, պահպանվում է` կնքված որոշումներով: Ամբողջ կոլեկտիվներ, հսկայական գործարաններ մեկ մարդու պես կանգնում էին գործադուլի: Կարելի է ասել` արդեն 88-ի հունիսից Շարժումը մի այլընտրանքային իշխանություն էր, որը շատ ավելի մեծ հեղինակություն ուներ եւ շատ ավելի մեծ հարցեր էր լուծում, քան պաշտոնական իշխանությունները: Եթե ասեմ, թե ինչպիսի հարցեր, դուք կզարմանաք: Մենք ստեղծել էինք ուժեղ իրավաբանական մարմին, որտեղ բնակչությունից ստանում էինք ցանկացած տիպի բողոքներ: Ասենք` հարեւանների հետ ցանկապատի վեճ, հարս ու սկեսուրի կռիվ: Ինչ ասես: Չկար մի հարց, որ մեզ չհասներ: Եւ կարող եմ հավաստիացնել, որ մեր համապատասխան բաժինների միջամտությամբ լուծվում էին այդ հարցերի 80-90 տոկոսը: Հատուկ բաժին էր ստեղծված խորհրդային բանակի զորակոչից խուսափողների եւ խորհրդային բանակից փախուստի դիմածների համար, եւ այն ղեկավարում էր Երջանիկ Աբգարյանը: Մենք, այո, այն ժամանակ կոչ էինք անում, որ հայ զորակոչիկները չծառայեն Հայաստանից դուրս: Մենք գտնում էինք, որ մեր երիտասարդները պետք է ծառայեն բանակում, որովհետեւ, ինչպես հետագա իրադարձությունները ցույց տվեցին, դա անհրաժեշտ դպրոց էր, բայց մեր գլխավոր պահանջներից մեկն այն էր, որ Հայաստանի բնակիչները պետք է ծառայեն միայն Հայաստանում: Եւ ովքեր Ռուսաստանից հաջողեցնում էին փախչել, արձակուրդ էին գալիս` չէին վերադառնում եւ այլն, մենք նրանց պահում էինք: Խորհրդային բանակը նրանցից ոչ մեկին չկարողացավ ետ վերադարձնել:
Շարժման ժամանակ մենք նաեւ տեսանք ժողովրդական ստեղծագործության ասեմ, թե նախաձեռնության` մի հսկայական դպրոց: Ամեն անգամ մենք` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներս, գալիս էինք Ազատության հրապարակ եւ զարմանում: Դա մի հսկայական բացօթյա ցուցահանդես էր: Ամբողջ հրապարակի շուրջ ցուցատախտակներ էին, դրանց վրա պատկերներ, եւ կարելի էր զարմանալ մեր ժողովրդի սրամտության, ճաշակի, էսթետիկայի վրա: Գրվում էին բանաստեղծություններ. ցանկացած մեկը բանաստեղծություն էր գրում, փակցնում այդ ցուցատախտակներին, փակցվում էին նաեւ լուսանկարների հրաշալի շարքեր: Մենք անգամ չէինք ճանաչում այն մարդկանց, ովքեր դա անում էին: Յուրաքանչյուր մարդ իրեն զգում էր ոչ թե որպես հանդիսատես, որ գալիս է հրապարակ թատրոն դիտելու, այլ այդ պրոցեսի ուղղակի մասնակից: Մեզնից ոչնչով չէին տարբերվում. համարձակության, քաջության տեսակետից նրանք գուցե ավելի խիզախ էին: Նրանք էին գնում տանկերի դեմ, նրանք էին, որ չէին վախենում Խորհրդային բանակի եւ, հետագայում, այսպես կոչված` սպեցնազի մահակներից: Դա պարզվեց` մանավանդ երբ մեզ բանտարկեցին: Երկրաշարժից հետո ուղղակի մղձավանջային վիճակ էր Հայաստանում. հայտարարված էր արտակարգ դրություն, պարետային ժամ, բայց նույնիսկ դա չխանգարեց, որ այդ զանգվածները, հիմնականում երիտասարդներ, ցույց տան իրենց դիմադրական ոգին: Մեր բանտարկությունը չկոտրեց շարժումը: Իհարկե, եղավ մի պահ, երբ ողջ ժողովրդով զբաղված էին միայն աղետյալների վիճակով, բայց դա կարճ տեւեց: Մեզ բանտարկել էին 88-ի դեկտեմբերի 10-ին, բայց արդեն փետրվարից շարժումը սկսեց վերակենդանանալ: Մենք տեղյակ չէինք, իհարկե: Մենք Մոսկվայում էինք:
Բանտարկության ամենամեծ տառապանքը ազատազրկումը չէ, 36 կոպեկ արժողությամբ օրապահիկը չէ: Դուք չեք պատկերացնի 36 կոպեկն ինչ էր. ասենք` այսօրվա 70 դրամը: Հենց այդքանով առավոտյան, կեսօրին, երեկոյան պետք է սնվեր խորհրդային բանտարկյալը: 24 տարի ԽՍՀՄ ամենաբարձր շրջանակներում քննարկվում էր 36 կոպեկը 41 կոպեկ դարձնելու հարցը, եւ դա չլուծվեց անգամ բանտից մեր դուրս գալուց հետո: Բայց դա չէր տառապանքը. ամենամեծ տառապանքը մեկուսացումն էր արտաքին աշխարհից: Չկար ոչ մի ինֆորմացիա, բանտախցում աշխատում էր միայն Մոսկվայի քաղաքային ռադիոցանցը, այն էլ, եթե հանկարծ ինչ-որ քաղաքական կամ ուզբեկական գործին վերաբերող նյութ էր լինում, այդ ժամանակ ռադիոն ուղղակի անջատում էին: Ստանում էինք «Պրավդա» եւ «Իզվեստիա» թերթեր, բայց երկու օրը մեկ դրանց մեջ մենք տեսնում էինք կտրված ամբողջական կտորներ:
Սա էր խնդիրը` մեզ լիովին անջատել իրարից, անջատել արտաքին աշխարհից: Երեքուկես ամիս, ես դա հետո եմ պարզել, գտնվել եմ մի խցում, որի կողքի խցում գտնվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը: Ես դա չեմ իմացել երեքուկես ամիս: Հետո վերջում, մայիսին, երբ պարզ էր, որ մեզ ազատ են արձակելու, ինձ տարան այդ խուց, եւ այդ խցի բնակիչներն ինձ ասացին, որ այդտեղ եղել է Ալեքսան Հակոբյանը, որի մասին շատ լավ հուշեր էին պահպանել:
Ուզում եմ ասել, որ շարժումը մեզանով չէր պայմանավորված: «Ղարաբաղ» կոմիտեին կարող էին ձերբակալել՝ ձերբակալեցին: Դա է միայն հայտնի. բայց պետք է իմանաք, որ դեկտեմբերի 10-ից հետո ձերբակալվեց Ղարաբաղյան շարժման ողջ ակտիվը. 600 հոգի, որոնք առնվազն մեկ ամիս բանտարկվեցին Սովետաշենի բանտում, իսկ շատերը` «ռեցիդիվիստները», բանտարկվեցին եւս մեկ ամիս: Չկոտրվեց շարժումը, որովհետեւ ասացի, դա մեզնով չէր պայմանավորված. ոչ 11-ով, ոչ 600-ով: Այդ ժամանակ ամբողջ ժողովուրդը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր: Մենք մի ուրիշ բան էլ էինք արել. դեռեւս 88-ի սեպտեմբերին մենք զգացել էինք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները եւ կանխատեսել էինք, որ մեզ վաղ թե ուշ պետք է ձերբակալեն: Մենք ստեղծեցինք մի գաղտնի «Ղարաբաղ» կոմիտե, այդ 11-ից դուրս, որում ընդգրկված էին հինգ հոգի` Երջանիկ Աբգարյան, Դավիթ Շահնազարյան, Ալբերտ Բաղդասարյան, Ավետիք Իշխանյան, Արշակ Սադոյան: Հետո նրանց ոչ ֆորմալ գումարվեցին նաեւ Վիտյա Այվազյանը եւ Սմբատ Հակոբյանը: Այդ յոթն էին, որոնք գաղտնի էին պահվում, ոչ ոք նրանց մասին չգիտեր: Ես հիշում եմ այսպիսի մի դեպք. 1989 թվականի հունվարի 9-ն էր, իմ ծննդյան օրը: Նախորդ երեկոյան ձերբակալել էին «Ղարաբաղ» կոմիտեի դրսում մնացած անդամներին: Ձերբակալվել էին նաեւ գաղտնի կոմիտեի անդամները, բայց նրանց ոչ թե որպես կոմիտեի անդամ էին ձերբակալել, այլ որպես ակտիվիստներ: Հայտնի էր արդեն, որ մեր դեմ քրեական գործ են հարուցել եւ մեզ կարող են երկար պահել:
Հայաստանում, Երեւանի բանտում շատ հեշտ էր հաղորդակցությունը` Մոսկվայի նման չէր. նամակներ էլ էին փոխանակվում, միջանցքով գոռում էին, իրար ինչ-որ լուրեր փոխանցում. ստեղծվել էր մի կոմուտատոր: Շատ երկար կլոր միջանցք էր Սովետաշենի բանտը. եթե չեք տեսել, շուտով կարող է տեսնեք (ներկաները այս ռեպլիկին արձագանքեցին բուռն ծիծաղով եւ ծափահարություններով): Ամեն խցից կարելի էր երկու խուց տեսնել` կողքերը եւ դիմացը: Հնարավոր չէր մի ծայրից մյուսը խոսել. կենտրոնում Բաբկեն Արարքցյանի խուցն էր, դրա կողքը՝ Ալեքսան Հակոբյանինը, որը ամենահզոր ձայնն ուներ: Մենք այս ծայրից փոխանցում էինք` Ալեքսան, Վազգեն Մանուկյանին փոխանցիր այսինչ բանը: Վազգեն` Լեւոնը քեզ փոխանցում է սա: Ստանում էր պատասխանը` ետ էր փոխանցում, եւ այլն: Ուրեմն, երբ ես գաղտնի կոմիտեի անդամների ձերբակալության լուրը ստացա, զգացի, որ նրանք տաքացել են: Զգացի, որ նրանք «թասիբի» են ընկել, տղայություն են ուզում անել. իբր` ոնց նրանց տանում են, մեզ էլ թող տանեն: Ես մի ճառ ասացի, հետո Ալեքսանը նույն ճառը փոխանցեց բոլորին: Լսեք` «Ղարաբաղ» կոմիտեն 11 հոգի է, ուրիշ «Ղարաբաղ» կոմիտե չկա, հասկացա՞ք: Դուք ուրիշ բանի համար եք, դուք ուրիշ խնդիր ունեք լուծելու: Այսպես` մի կես ժամանոց ճառ եմ ասել, եւ նրանք համոզվել են ու խոստացել, որ չեն բացահայտվելու: Եւ իսկապես այդ տղաներն իրենց գործն արեցին: Մենք բանտարկված էինք, եւ երկու ամիս հետո, փետրվարին (դա Սումգայիթի զոհերի հիշատակի օրն էր) արտակարգ դրության, պարետային ժամի պայմաններում, այդ մարդիկ առաջին ցույցը կազմակերպեցին դեպի Ծիծեռնակաբերդ: Հետո, նույնը տեղի ունեցավ մարտի 8-ին, կանանց շնորհիվ: Ռուսներն էլ, խորհրդային բանակն էլ հարգում էին այդ տոնը, չկարողացան խանգարել, եւ դա իսկապես դարձավ զանգվածային ցույց: Ինչու եմ այս ամենն ասում. սա առաջին ինֆորմացիան էր, որ բանտում ինձ հասավ արտաքին աշխարհից: Այդ ժամանակ արդեն, մարտին, Խորհրդային կենտրոնում էլ խլրտումներ էին սկսվել: Արդեն ընթանում էին Ժողովրդական պատգամավորների համագումարի ընտրարշավի միջոցառումները. Սախարովը, մոսկովյան դեմոկրատները առաջընթաց էին արձանագրում: Խլրտումներ էին սկսվել նաեւ դատախազության մարմիններում, սկսում էր քանդվել, փլվել ուզբեկական գործը: Այդ խլրտումները մենք զգացինք` նույնիսկ իմ քննիչի վերաբերմունքից, որը ազգությամբ ղազախ էր, Երուբաեւ ազգանունով մտավորական մի մարդ: Ես որեւէ ասելիք չունեմ նրա մասին, որեւէ ճնշում չեմ տեսել նրա կողմից: Միայն ամենահարգալից վերաբերմունք` առաջին օրից: Բայց մարտից սկսեցի զգալ, որ նա կամաց-կամաց դառնում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: Նա արդեն ինձ գաղտնի թերթեր էր բերում, ինձ հրավիրում էր իբր հարցաքննության, ինքը ինչ-որ բաներ էր տպում, սուրճ էր պատրաստում ինձ համար, շոկոլադ էր հյուրասիրում:
Ոչ «Պրավդա» էր, ոչ «Իզվեստիա»` «Մոսկովսկիյե նովոստի», «Արգումենտի ի ֆակտի», եւ 4-5 ժամ թույլ էր տալիս կարդալ: Ամբողջությամբ ինֆորմացվում էի եւ վերադառնում խուց: Հաճախ ինձ հարցաքննում էր Գդլյանի կաբինետում: Գդլյանը «Մատրոսկայա տիշինա» բանտում ուներ իր մշտական գրասենյակը, որտեղ հարցաքննում էր ուզբեկական գործով կալանվածներին: Ի դեպ, այդպիսի կարգ կար. ես կարող էի միայն քննիչի հետ հանդիպել, ոչ ոք իրավունք չուներ հարցաքննության ժամանակ սենյակ մտնել` եթե ոչ դատախազությունից: Եւ ահա, մի անգամ քննիչս գաղտնի գրասենյակ բերեց մի հայ տղայի, Սիմոն անունով, որը, ինչպես պարզվեց, նույնպես քննիչ էր, ընդգրկված Գդլյանի խմբում` կարծեմ Ղազախստանից, թե Ուզբեկստանից: Այդ քննիչն էր, որ առաջին անգամ ասաց, որ Երեւանում տղաներն արդեն սկսել են, մարտի 8-ին հզոր ցույց է տեղի ունեցել, ամեն ինչ լավ կլինի: Ես հասկացա, որ իսկապես ամեն ինչ լավ է: Սիմոնի գնալուց հետո Երուբաեւն ինձ ասաց, որ Սախարովը գնացել է դատախազություն, ամեն ինչ տակնուվրա արել, ընդգրկել է լավ փաստաբանների (Սախարովն էր մեր փաստաբաններին ընտրել), եկել է արտասահմանյան թղթակիցների ուղեկցությամբ, ձեր գործն էլ քանդվում է:
Այսօր այս ամենը պատմում եմ` գաղտնի կոմիտեի գործունեությունը ընդգծելու համար: Այդ տղաները մեր բացակայության ժամանակ ոչ միայն պահեցին շարժումը, այլեւ շատ ավելի հզորացրին: Հունիսի 1-ին էր, թե մայիսի 31-ին, երբ մեզ բաց թողեցին, տղաները մեզ բերեցին Մատենադարանի հրապարակ: Առաջին իսկ խոսակցություններից ես տեսա, որ մենք իրենցից ահագին ետ ենք ընկել: Շատ կներեք, ինչպես ասում են` տղաների «դուխը ելել իրենց ուտում էր»: Եւ մենք կոմիտեի 11 անդամներով պայմանավորվեցինք, որ պետք է մեկ շաբաթ ընդհանրապես չխոսենք. մեկ շաբաթ ոչ մի լրագրողի հետ չհանդիպենք, ոչ մի հրապարակային ելույթ չունենանք, մինչեւ իրավիճակը հասկանանք: Իսկապես, շարժումը այնքան էր առաջ գնացել, որ եթե ասենք 88 թվականին անկախության գաղափարը հեռավոր մի բան էր թվում, այդ օրը մենք տեսանք, որ մեր ողջ ժողովուրդը վարակվել է այդ գաղափարով: Եթե 88 թվականին մենք դեռ համոզված էինք, որ կարելի է երկխոսություն վարել Հայաստանի կոմունիստական իշխանությունների հետ եւ աշխատում էինք այդ ուղղությամբ` գնում էինք կենտկոմ, մեզ հրավիրում էին, զանազան հարցեր էին լուծվում, կարողանում էինք խուսափել բախումներից ու սուր դրսեւորումներից, մենք հիմա տեսանք, որ շարժումն այլեւս անհաշտ է, բացարձակապես չի ուզում Սուրեն Հարությունյանի հետ խոսել, կոնտկոմի հետ շփվել: Խզումը բացարձակ էր, եւ դա չվերականգնվեց ու այդպես էլ մնաց: Արդեն ջրբաժանը տեղի էր ունեցել: Այնպես որ, ես պետք է ասեմ, որ եթե հայտնի են միայն «Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամները` այն հինգը, գումարած երկուսը` նույնքան վաստակ ունեն, որքան մենք: Բայց սա էլ ամբողջը չէ. դա ամենեւին տեղի չէր ունենա, եթե, ինչպես քիչ առաջ ասացի, յուրաքանչյուր հայ իրեն շարժման մաս չզգար:
Բացառությունները շատ քիչ էին, եւ դրա վավերագիրը 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն էր, որի տակ ստորագրեց մեր ժողովրդի ավելի քան 98 տոկոսը: Այսինքն, այստեղ բոլորը կային. եւ դեմոկրատները եւ ազգայնականները եւ կոմունիստները: 98 տոկոսն այլ բան չի կարող նշանակել: Իսկ դա տեղի ունեցավ այն պատճառով, որ յուրաքանչյուրն իրեն զգում էր ոչ թե հանդիսատես, այլ մասնակից: Եւ իմ կոչը ձեզ սա պետք է լինի: Երբ հոկտեմբերի 26-ին ես եկել էի Ազատության հրապարակ` զգում էի, որ մենք միասին ենք, մեկ ենք, եւ եթե այս զգացումը փոխանցվի նաեւ ձեզ, ես կարծում եմ մեր հաղթանակն անխուսափելի է: Եթե կան հարցեր, ես մեծ սիրով կպատասխանեմ:
Ալիսա Ալեքսանյան, Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցություն.
– Նախ ասեմ, որ ողջունում եմ ձեր թեկնածության առաջադրումը նախագահի առաջիկա ընտրություններում: Եթե ենթադրենք, որ պարոն Սերժ Սարգսյանը եւ իշխանությունները իրենց սովորության համաձայն կեղծիքների միջոցով հաղթեն նախագահի ընտրություններում, Դուք պատրա՞ստ եք շարունակել պայքարը:
– Ի՞նչ նկատի ունեք պայքար ասելով. այսինքն գնալ ցանկապատե՞ր կոտրել:
– Ցանկապատեր չկոտրել, բայց համենայնդեպս շարունակել…
– Ուրեմն ասեմ շատ հստակ. ես կարծում եմ՝ բանը դրան չի հասնելու: Կարծում եմ, որ մենք թույլ չենք տա որեւէ կեղծիք: Դա կախված է նաեւ ձեզանից. եթե մեզանից յուրաքանչյուրը դառնա զինվոր, այս գործի նվիրյալ, նրանք ոչինչ անել չեն կարող: Ուրեմն, մենք գործը պետք է անենք ոչ թե ընտրություններից հետո, այլ ընտրություններից առաջ: Ավելին, մենք մեր կողմից օրենքի ոչ մի խախտում թույլ չենք տալու: Դրա կարիքը չունենք: Մեր ամենահզոր շարժման ժամանակ, երբ հրապարակում կես միլիոն մարդ էր հավաքվում կամ մեկ միլիոն, որեւէ սիզամարգ չէր տրորվում: Հանրահավաքի մասնակիցները իրենց ետեւից հավաքում էին հանրահավաքի ընթացքում կուտակված ողջ աղբը: Դա էր մեր ուժը, մենք կոմունիստական իշխանություններին հաղթեցինք ոչ միայն մեր կազմակերպվածությամբ, այլեւ օրենքի տառը մինչեւ վերջ հարգելով: Մենք նրանց դեմ այդպես պետք է պայքարենք. թող իրենք օրենքը խախտեն, թող գիշեր-ցերեկ խախտեն: Միշտ էլ չարը վերջ է ունենում, նրանք տասը տարի դա արեցին. այս անգամ չի հաջողվի:
– Պարոն Տեր-Պետրոսյան, լիովին համաձայն եմ ձեզ հետ, բայց ուղղակի հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունները իրենց ձեռքում կենտրոնացրել են բոլոր ուժերը, եւ ընդդիմությունը իր ձեռքում չունի ոչ մի ուժ, ի՞նչ ձեւով եք Դուք պայքարելու:
– 60 հազարանոց հանրահավաքը ուժ չէ՞, այս գեղեցիկ երիտասարդությունը ուժ չէ՞: Ձեզնից յուրաքանչյուրը հաջորդ անգամ իր հետ հանրահավաքի է բերելու տասը մարդ: Արդեն դառնալու եք բյուր:
Արսեն Մանուկյան, ԵՊՀ ուսանող.
– Քաղաքական ասպարեզ Ձեր վերադարձից ես գոնե ակնկալում եմ գաղափարական լուրջ պայքար: Դուք ունենալու եք նախընտրական ծրագիր: Տնտեսության մեջ ո՞ր ուղղություններին եք զարկ տալու, ո՞ր ուղղություններով եք առաջնորդվելու, տնտեսության ո՞ր ուղղություններն են դառնալու լոկոմոտիվային, որոնց հիման վրա պետք է զարգանա Հայաստանի տնտեսությունը:
– Դուք ուզում եք ժամանակից շուտ իմ ծրագիրը բացահայտե՞լ` չի լինի: Մի բան կասեմ. ես տեսնում եմ, որ Հայաստանը ունի մեկ գերխնդիր. ինչպիսի տնտեսական ճյուղ էլ ուզում եք ծրագրել, զարգացնել, ինչպիսի արդյունաբերություն էլ ուզում եք ունենալ, եթե չլուծվի Ղարաբաղի հարցը ու չվերացվեն շրջափակումները, ոչ մի լուրջ բան չի ստացվի: Հասկացեք. կան ֆիզիկական լիմիտներ: Եթե մի երկիր չունի ճանապարհ դեպի արտաքին աշխարհ, եթե մի երկիր իր հարեւանների հետ ընդհանուր շուկա չունի, այդպիսի երկիրը լուրջ զարգացման հնարավորություն չի կարող ունենալ: Կարելի է գոյատեւել, կարելի է գոյությունը քարշ տալ, բայց լուրջ զարգացման մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է: Օրինակ բերեմ` աշխարհի բոլոր երկրներում հիմնական տնտեսական գործընկերը անմիջական հարեւաններն են: Մեր ամենաբնական տնտեսական գործընկերները պետք է լինեին Ադրբեջանը եւ Թուրքիան: Եւ այդպես էր Խորհրդային Միության ժամանակ: Դուք չեք պատկերացնի, թե ինչքան սերտաճած էին Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսությունները: Մանավանդ միջին բիզնեսի, «ցեխավիկների», գյուղատնտեսական ապրանք արտադրողների շրջանակներում, որոնց միջեւ սերտ կապեր էին հաստատված: Դա բնական շուկա էր: Հայաստանն ընդամենը երեք միլիոնանոց շուկա է, իսկ միայն Վրաստանի եւ Ադրբեջանի հետ դառնում է 15 միլիոնանոց շուկա: Այսօր Հայաստանի արդյունաբերությունը խեղդվում է ուղղակի: «Ջերմուկը», «Բջնին», հայկական ծխախոտը այսօր կարող էր տասնյակ անգամ ավելի շատ վաճառվել Ադրբեջանում, քան Հայաստանում: Միայն մի օրինակ` Հայաստանում շատ լավ ոչխարաբուծություն կար, Ադրբեջանը այդքան լեռներ չուներ, եւ ահա Հայաստանում արտադրված ամբողջ բուրդը իրացվում էր Ադրբեջանում: Մեր «ցեխավիկների» նույնիսկ ոչ այնքան որակյալ արտադրանքը համարյա ամբողջությամբ տարվում էր Նախիջեւան, Կիրովաբադ: Իհարկե, հիմա ժամանակները փոխվել են, արտադրությունն ուրիշ պահանջներ ունի, բայց գլխավորը ճանապարհներն են եւ շուկան: Աշխարհի բոլոր հզոր պետությունները, անցյալում անգամ` Հռոմ, Մակեդոնական կայսրություն, Արաբական խալիֆաթ, Բյուզանդիա, հզորացել են բացառապես ճանապարհների եւ արտաքին աշխարհի հետ բաց հարաբերությունների շնորհիվ: Աշխարհի տնտեսության, ցանկացած արդյունաբերության հիմքը առեւտուրն է, ուրիշ ոչինչ:
Արթուր Տիգրանյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի.
– Պարոն նախագահ, ի՞նչ քայլեր եք մտադիր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակցային կողմի կարգավիճակը վերականգնելու համար:
– Դա մեր գերագույն խնդիրն է: Դուք ծանոթ եք հոկտեմբերի 26-ի իմ ելույթին, ճի՞շտ է: Ես ասել էի, որ դա չորս ամենաանհրաժեշտ քայլերից մեկն է` բանակցությունները բնական փուլ տեղափոխելու համար: Ասեմ` շատ դժվար հարց է: Տասը տարի թե միջազգային հանրությունը, թե համանախագահները արդեն վարժվել են մի ֆորմատի, որ իրենց հարմար է, որովհետեւ ավելի հեշտ է բանակցել երկու կողմի հետ, քան երեք: Զուտ ֆիզիկապես եւ հարցերը համաձայնեցնելու առումով` երկուսի հետ ավելի հեշտ է խոսել, քան երեքի: Դուք այսօր էլ նման իրավիճակներ ամեն օր կարող եք տեսնել, եւ բիզնեսում եւ, չգիտեմ, ընկերական հարաբերություններում: Եթե երկու հոգի են` հեշտ է, եթե երեք` ավելի դժվար: Սրան վարժվել է նաեւ Ադրբեջանը: Սկսած 1992 թվականից, երբ սկսվել էր բանակցային պրոցեսը, Ադրբեջանը ուզում էր Ղարաբաղին դուրս մղել այդ պրոցեսից եւ բանակցել ուղղակի Հայաստանի հետ: Որովհետեւ նա ուզում էր աշխարհի առջեւ այս հակամարտությունը ներկայացնել ոչ թե որպես մետրոպոլիայի եւ թեկուզ զուտ իրավականորեն իր մասը կազմող անկլավի, կամ էթնոտերիտորիալ միավորի հակամարտություն, այլ դա դարձնել միջպետական խնդիր: Դա նրան չհաջողվեց, մեր օրոք դա չհաջողվեց: Մենք հասանք այն բանին, որ 1994 թվականի Բուդապեշտի ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում արդեն իրավականորեն ճանաչվեց, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության երեք հավասարարժեք կողմերից մեկն է: Այս մանդատը վերահաստատվեց հաջորդ տարվա պրագյան գագաթնաժողովում: Այսինքն դա ցանկություն չէր, կապրիզ չէր, դա արդեն Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակն էր: Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Քոչարյանը ընտրվեց Հայաստանի նախագահ: Ղարաբաղցի լինելով, նա ուղղակի իր վրա վերցրեց նաեւ Ղարաբաղի տեսակետը ներկայացնելու գործառույթը: Միջազգային հանրությունը եւ Ադրբեջանը, ինչպես ասում են, ուրախությունից մեռան: Այդպիսի նվեր Ադրբեջանին չգիտեմ ինչպես կարելի էր անել: Այդ օրվանից, 98 թվականից հետո Ղարաբաղը ընդհանրապես դուրս է մնացել բանակցային բոլոր պրոցեսներից: Հիմա` ինչպես ասացի, քանի որ այդպիսի հոգեբանական մթնոլորտ է ստեղծվել, շատ դժվար է լինելու նախկին ձեւաչափը:
Միայն մի էլեմենտ կա, որի հետ ոչ ոք չի կարող հաշվի չնստել` Հայաստանի հաջորդ նախագահը պետք է լինի ոչ ղարաբաղցի, որպեսզի հնարավոր լինի գործընթացը ետ պտտեցնել: Պարզ, շատ պարզ, հստակ դիրք է: Ես լինեմ, թե մի ուրիշ ոչ ղարաբաղցի, վաղը չի կարող ասել` ես ներկայացնում եմ նաեւ Լեռնային Ղարաբաղի տեսակետը: Կրկնեմ` սա դժվար է լինելու. միջազգային հանրությունը, թեկուզ վերը բերված պատճառով, կարող է ինչ-ինչ դժվարություններ հարուցել մեր ճանապարհին, որովհետեւ ողջ բանակցային ձեւաչափն է փոխվում, բանակցությունների տրամաբանությունն է փոխվում:
Հակոբ Սադոյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի.
-Պարոն նախագահ, ընտրությունների գնալուց առաջ կներկայացնե՞ք այն թիմը, որի հետ գնալու եք, թե՞ դա կանեք նախագահ ընտրվելուց հետո:
– Գիտեմ այդ մտավախությունը եւ այդ կարծիքը: Բայց ամբողջ աշխարհում գիտե՞ք ինչպես է նեկայացվում կամ ինչպես է ձեւավորվում թիմը: Երբ հայտնվում է նախագահի որեւէ թեկնածու, նրա թիմը պարզ է: Նրա թիմը այն մարդիկ են, ովքեր ջանք չեն խնայում այդ թեկնածուի հաղթանակը ապահովելու համար: Թիմը ձեւավորվում է շարժման ընթացքում, եւ դուք կտեսնեք. այս չորս ամսվա ընթացքում ովքեր ամենամեծ ջանքը կներդնեն այդ գործում` նրանք էլ կգնահատվեն` յուրաքանչյուրը իր վաստակի չափով: Մի քիչ բացեմ: Բոլորին թվում է, թե մեր իշխանությունների ժամանակ նախագահը վերցրել եւ նշանակել է նախարարներ, վարչապետ եւ այլն: Դա այդպես է օրենքի տառի տեսակետից, բայց բովանդակության տեսակետից բոլորովին այլ է: Երբ մենք 90 թվականին եկանք իշխանության, արդեն իսկ հայտնի էր, ինչպիսի մարդիկ են գալիս: Ես Վանո Սիրադեղյանին նախարար նշանակելու միայն ֆորմալ հրամանագիրն եմ ստորագրել: Նույնը՝ Վազգեն Սարգսյանին, նույնը` Հրանտ Բագրատյանին եւ մյուսներին: Ես նրանց նշանակել եմ թղթով, իսկ նրանք այդ պաշտոնը վաստակել են իրենց ներդրած ավանդով: Նույնը լինելու է հիմա: Ուրիշ ճանապարհ չկա: Ես սակարկությունների չեմ գնալու ոչ մեկի հետ, ոչ մեկին պաշտոն չեմ խոստանալու, որպեսզի ներգրավեմ այս շարժման մեջ: Ամեն մեկը պետք է գնահատվի շարժման մեջ ներդրած իր ավանդով, չկա ուրիշ ճանապարհ:
Արտակ Խաչատրյան, ՀՀ քաղաքացի.
– Պարոն Տեր-Պետրոսյան, ինչպե՞ս եք պատկերացնում այսօրվա ձեւավորված կլանային տնտեսությունից անցումը դեպի ավելի ցիվիլ դեմոկրատական տնտեսական հարաբերություններ, որպեսզի երիտասարդությունը կարողանա ճիշտ ձեւով եւ ավելի վստահ ընդգրկվել հատկապես մանր եւ միջին բիզնեսում:
– Մի ճշտում, եթե թույլ տաք` առանց առարկելու: Ես գտնում եմ, որ Հայաստանում կլանային տնտեսություն չկա: Կլանային տնտեսությունը նշանակում է ուժերի կամ իշխանության եւ կամ տնտեսական ազդեցությունների զանազանություն: Կլանային տնտեսություն կարող է լինել մի դեպքում, եթե լինեն մի շարք կլաններ: Հայաստանում այդպիսի բան գոյություն չունի: Հայաստանում իշխողը կլան չէ: Ես բառն էլ ասել եմ` ավազակապետություն է սա: Ավելին ասեմ, կլանային տնտեսությունը, համեմատած ավազակապետական տնտեսության հետ, ավելի առողջ տնտեսություն է, որովհետեւ կլանները բոլոր դեպքերում իրար հետ մրցակցում են, այստեղ մրցակցության էլեմենտ կա` ազդեցության գոտիների համար, ժողովրդին դուր գալու համար: Իսկ ավազակապետությունը` բրգաձեւ կենտրոնացած իշխանությունը, դրա կարիքը չունի. նա ոչ ժողովրդին է ուզում դուր գալ, ոչ էլ մրցակցություն է թույլ տալիս: Հիմա ձեր հարցին, թե ինչ պիտի արվի: Հոկտեմբերի 26-ի ելույթում թվարկել եմ ամենատարրական խնդիրները: Առաջին` ապահովել հավասար հնարավորությունների իրացման դաշտ: Ինչ է դա նշանակում. ոչ մի հովանավորչություն, ոչ մեկին որեւէ արտոնություն չպիտի տրվի: Պայմանները պետք է լինեն հավասար: Դուք ուզում եք խանութ դնել, թե մյուսն է ուզում` նույն հավասար իրավունքները պետք է ունենաք: Երկրորդ` ազատ մրցակցության ապահովում: Ոչ մեկը արտոնություն չպիտի ունենա մաքսատանը ինչ-որ ձեւերով իր ապրանքներն ավելի էժան մաքսազերծել, քան մյուսները: Եթե մեկը դա անում է, արդեն նրա բոլոր մրցակիցները մեռնում են: Այդպես են ձեւավորվում մոնոպոլիաները: Մեկը բերում է հսկայական քանակի ապրանք` առանց մաքսավճար մուծելու կամ շատ չնչին մաքսատուրք վճարելով, մյուսը՝ ամբողջությամբ վճարելով իր բոլոր մաքսերը, գումարած նաեւ հարկերը: Այն մարդը, որ մաքսավճարից փախչում է, նաեւ հարկերից է կարողանում փախչել: Ինչ է ստացվում` նա ստանում է հսկայական առավելություն եւ մի փոքր էժան վաճառելով իր ապրանքները, կարող է խեղդել իր բոլոր մրցակիցներին: Այդպես Հայաստանում վերացավ միջին եւ մանր բիզնեսը, որը այս իշխանությունների ամենամեծ հանցանքներից մեկն է: Մեր ժամանակ այդպես չէր, մեր ժամանակ իսկապես ստեղծվել էր այդ խավը, եւ գործարարներն ունեին այդ ազատությունը: Իհարկե, միշտ էլ զեղծումներ լինում են, միշտ էլ բյուրոկրատիան ելքեր գտնում է նրանցից ինչ-որ բան շորթելու: Բայց հիմնական սկզբունքները վերը նշվածներն են:
– Պարոն նախագահ, ուզում եմ հարցնել հետագա քայլերի մասին մի քիչ: Ասենք հաղթանակի դեպքում մենք ունենալու ենք մի իրավիճակ, երբ ներկա Սահմանադրությամբ նախագահը իր լիազորությունների մեջ բավականին սահմանափակ է: Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա աշխատանքը արդեն ընտրված Ազգային Ժողովի հետ, որ դեռ հինգ տարի պետք է գործի:
– Սա լավ հարց է, իսկապես կարեւորագույն հարց, որովհետեւ, ինչպես ասացի` այսօր ավազակապետական իշխանությունը որեւէ հակակշիռ չունի: Եւ օրենսդիր իշխանությունը, եւ դատական իշխանությունը ամբողջությամբ ենթարկված են այդ համակարգի տրամաբանությանը: Սա, ըստ երեւույթին, մեր առջեւ կանգնած ամենակարեւոր հարցն է` իշխանությունների բաժանման, հակակշիռների ստեղծման հարցը: Բայց մենք ունենք ռեալ իրականություն, ունենք այն խորհրդարանը, ինչ ունենք: Ի՞նչ պետք է անի նոր նախագահը: Ինձ թվում է ոչինչ չպետք է անի` պետք է աշխատի այդ խորհրդարանի հետ, քանի որ, ըստ էության, նրա լուծարման մեխանիզմ չկա: Պիտի համոզմունքով, իր խոսքով, իր ծրագրերով կարողանա այնպես անել, որ այդ խորհրդարանը չխանգարի գործադիր իշխանության ներկայացրած օրենքները ընդունելուն: Ես չեմ ասում` նույն ձեւով պիտի կոճակներ սեղմեն եւ ընդունեն այդ օրենքները: Վստահ եղեք, նույնիսկ այդ մարդիկ, որոնք, թվում է, չեմ ուզում կոպիտ բառեր օգտագործել, այսօր չեն ուզում օգտագործել իրենց բանականության ռեզերվները, պոտենցիալը, վաղը, ուրիշ պայմանների մեջ լինելով՝ ինձնից ու ձեզնից շատ ավելի շնորքով ելույթներ կունենան եւ շնորքով հարցեր կդնեն` նույն այդ մարդիկ: Ի դեպ, ես գրագողություն եմ անում, այս գաղափարը փոխառել եմ Հրանտ Տեր-Աբրահամյանի հոդվածից: Բայց չեմ ուզում ծավալվել: Ինչո՞ւ` որովհետեւ, սա շատ կարեւոր հարց է, եւ դառնալու է ապագա, գուցե ոչ առաջիկա հանրահավաքի` ելույթում իմ մեկնաբանելիք կարեւորագույն հարցերից մեկը: Նոր նախագահը պիտի աշխատի այս խորհրդարանի հետ, որովհետեւ ինչպես ասացի, չկա խորհրդարանը ցրելու մեխանիզմ: Նոր նախագահը պիտի ելնի նրանից, որ խորհրդարանում կա մեծամասնություն եւ այդ մեծամասնության կարծիքի հետ պիտի հաշվի նստի: Ավելին ասեմ, եթե այդ մեծամասնությունն առաջարկի իր վարչապետին` նախագահը այլ բան չի կարող անել, քան համաձայնել դրա հետ: Այսպես է իրականում: Իհարկե, ոչ այն վարչապետին, որ այսօր կա. դրա մասին չէ խոսքը:
Թամար Գեւորգյան.
– Պարոն նախագահ, Ձեր կերպարը ունենալով որպես առաջնորդ, ես Սանկտ Պետերբուրգից վերադարձել եմ Հայաստանի Հանրապետություն:
– Ես էլ եմ Սանկտ Պետերբուրգից վերադարձել:
– Այսօր ունենք այն, ինչ ունենք, եւ իմ գնահատականն է, որ հոկտեմբերի 26-ի Ձեր ելույթից հետո` սա, ճշտում եմ, իմ գնահատականն է՝ վայրահաչություններ սկսվեցին:
– Եկեք իրենց չնմանվենք, ավելի գեղեցիկ բառեր օգտագործենք:
– Կա մի կարեւոր բան, ինձ համար՝ որպես հայ մարդու եւ որպես հայ կնոջ: Այն հարցականները, որոնցով այսօր առաջնորդվում է իշխանությունը, ասելով, որ իրենք ունեն հիշեցնելու այս կամ այն բանը: Որո՞նք են այն հարցականները, որոնք հաթաթայի մեխանիզմով ուզում է հնչեցնել իշխանությունը, որ իրենք ունեն հիշեցնելու որեւէ բան: Ես առաջարկ եմ ուզում հնչեցնել. եկեք առաջ անցնենք, եւ Դուք հիշեցրեք, կամ այն թիմը, որ այն ժամանակ եղել է իշխանության գլուխ: Նշեք այն խոցելի տեղերը, որոնք կարող են մեջբերվել, որովհետեւ հասարակությունը պատրաստ է ընկալելու եւ միանշանակ է, որ մենք փոխելու բան ունենք: Եւ իմ գնահատականով միանշանակ է, որ` թույլ տվեք Ձեր փոխարեն ասել, Ձեզ հաճելի չի եղել վերադառնալ ակտիվ քաղաքականություն, որովհետեւ չի գտնվել այն մարդը եւ այն ուժը, որը կարողանար փոխարինել եւ փոխել այն, ինչ այսօր ունենք: Կոռուպցիան, որը անձնավորված էր առաջ, որը համակարգված է այսօր եւ համակարգային բնույթ է կրում: Խնդրում եմ հնչեցրեք այդ խոցելի տեղերը, որպեսզի այսուհետեւ որեւէ իշխանավոր ինձ որպես հայ մարդու չկարողանա հաթաթա տալ եւ ասել, որ ունի հիշեցնելու բան, որի արդյունքում ամբողջ արած գործը, որ պետականության շինարարություն էր եւ պետականության ձեռքբերում, նրանք ցրիվ են անելու այդ հիշեցումներով:
– Սա ելույթ էր եւ շատ գեղեցիկ ելույթ: Հիշեցնելու բան… Ես չգիտեմ, էլ ինչ պետք է անեմ, որ ապացուցեմ, որ իրենց հիշեցրածը ես շատ լավ էլ հիշում եմ: Այն կատալոգը, որ ես հրապարակեցի` դա էր: Կարող եք գումարել մի քիչ ավելի, մի քիչ պակաս: Այն… Ձեր բառը չեմ օգտագործում, կներեք… ինչ մենք տեսնում ենք, լսում ենք մեր հեռուստատեսությունից` դա է: Ուրիշ հիշեցնելու բան նրանք չունեն, մի վախեցեք: Բացարձակապես մի վախեցեք. հիշեցնելու բան ունենային՝ մենք այստեղ չէինք լինի, մենք վաղուց բանտերում կլինեինք: Նախագահությունից իմ հեռանալուց հետո իմ յուրաքանչյուր հրամանագիր, յուրաքանչյուր կարգադրություն ստուգվել է մինչեւ վերջ: Նույնը Բագրատյանի մոտ, նույնը Արարքցյանի մոտ, մյուս պաշտոնյաների մոտ: Նրանց առաջին գործը եղել է` տեսնեն ի՞նչ կարող են հայտնաբերել: Դավիթ Վարդանյանին հատուկ նշանակել էին նախագահի վերահսկողական ծառայության պետ, որ բացահայտի իմ «մաֆիոզ» կերպարը: Ոչինչ չստացվեց` հարյուր դոլարի խախտում չգտնվեց: Դուք պատկերացրեք, եթե գիշեր-ցերեկ մեզ հայհոյում են, եթե ունենային մի որեւէ կոնկրետ փաստ, մեզ ի՞նչ կանեին. կբզկտեին, կոչնչացնեին, խաչափայտ կդնեին հենց օպերայի հարթակում, մենք այնտեղից կախված կլինեինք: Ի՞նչ գտան. Բլեյանի դպրոցի տանիքի շինարարության մեջ հայտնաբերեցին, որ մի տեսակ շիֆերի փոխարեն ուրիշ տեսակի շիֆեր է օգտագործել: Մի ՀՀՇ-ական գործարանի տնօրեն ունեինք` Հարոյան: Նրան դատեցին, եւ գիտե՞ք ինչ էր նրա դատավճռում գրված. ինչ-որ խողովակներ էր գնել, իբր թե նոր էին, բայց ըստ էության՝ հին, եւ տարբերությունը եղել էր 60 հազար դրամ: Ու պայմանական դատեցին` երեք տարի: Բան ունենային` այդ մարդկանց չէին դիպչի, մեզ կդիպչեին, ինձ կդիպչեին: Եթե ինչ-որ վախ կա, հանեք ձեր միջից: Մենք լրիվ բաց ենք, իրենք ստուգելու բոլոր հնարավորությունները ունեին, եւ ոչինչ չկարողացան գտնել: Ոչ թե անշնորք էին, որ չկարողացան: Չգտան, որովհետեւ այդպիսի բան չկա, չի եղել ու չի լինի:
Մովսես Մակյան, Երիտասարդ պահպանողականների միություն.
– Մեծարգո պարոն նախագահ, բոլորին հայտնի է, որ մեր կազմակերպությունը հիմա չէ, որ սկսել է ձեր թեկնածության օգտին արտահայտվել:
– Երեւի առաջինն էիք դուք` Միքայել Հայրապետյանի գլխավորությամբ:
– Այո: Մինչ այժմ մեզ տրված բոլոր հարցերին` Ձեր անձի, Ձեր ծավալած գործունեության վերաբերյալ մենք կարող ենք պատասխանել, մանավանդ որ ունենք հրաշալի ուղեցույց` Ձեր հրապարակումների ընտրանին: Սակայն դժվարությունների ենք հանդիպում Ձեր իշխանության ժամանակ պաշտոնավարած որոշ անձանց հետ կապված հարցերին պատասխանելիս, որոնք մինչ այժմ մեր ժողովրդի շրջանում բարի համբավ չեն վայելում: Խնդրում եմ մեզ հուշեք, որպեսզի մենք կարողանանք այս իրավիճակում ի նպաստ գործել:
– Ես կարծում եմ, որ այդպես խոսողների թիվը շատ նվազել է. ասենք կես տարի, մեկ տարի առաջ այդպիսի ավելի լուրջ դժվարությունների առաջ կարող էիք կանգնել, քան այսօր: Վստահ եղեք, որքան մենք առաջ գնանք, այդ խոսակցությունները այնքան ետ են գնալու: Այդ հարցերից էլ մի քաշվեք եւ պարտավորված էլ մի զգացեք ամեն հարցադրման պատասխանել: Մենք դրանց պետք է պատասխանենք մեր գործով, մեր ապագա թիմով, մեր նոր դեմքերով:
Դավիթ Հարությունյան, Ազատական-առաջադիմական կուսակցություն.
– Պարոն նախագահ, մենք լավ հիշում ենք, 90-ական թվականների սկզբներին, երբ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը եկան Հայաստան…
– Քանի՞ տարեկան էիք այն ժամանակ:
– Չորս-հինգ տարեկան (դահլիճը պայթում է ծիծաղից): Նրանք եկան Ղարաբաղից, զբաղեցրին լուրջ պաշտոններ եւ այժմ էլ զբաղեցնում են ամենաակտիվ պաշտոնները: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ, եւ Աստված ոչ արասցե, եթե նրանց քաղաքականությունը` նաեւ Ղարաբաղի հարցում, շարունակվի, հնարավո՞ր է կանգնենք պատեազմի առաջ, կամ ավելի ահավոր բան տեղի ունենա` կորցնենք Ղարաբաղը:
– Ես այսպես եմ հասկանում. հակամարտությունները լուծվում են կամ բանակցություններով, կամ պատերազմով: Եթե դու վիժեցնում ես բանակցությունները, ստանում ես պատերազմ: Այս իշխանությունները տասը տարի վիժեցրել են բանակցությունները: Եթե թույլ տանք, որ շարունակեն այսպես, մենք իսկապես կստանանք պատերազմ: Չերչիլը մի շատ գեղեցիկ խոսք ուներ: Երբ Չեմբեռլենը գնաց Մյունխեն եւ հաճոյանալով Հիտլերին՝ զիջեց Չեխոսլովակիան ու հպարտ-հպարտ տուն վերադարձավ, որ խաղաղություն բերեց, Չերչիլը խորհրդարանում ասաց. մենք ունեինք երկու ընտրանք` խայտառակություն եւ պատերազմ: Մենք ընտրեցինք խայտառակությունը, ստացանք պատերազմ: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, կարծում եմ՝ ուզում էիք ասել, թե ինչու բերեցի Սերժ Սարգսյանին, ինչու բերեցի Քոչարյանին, փաթաթեցի ձեր վզին, հիմա էլ ասում եմ, ապացուցում եմ, որ նրանց պետք է ճանապարհ դնել: Իսկապես տարօրինակ բան է ստացվում: Բացատրեմ` Սերժ Սարգսյանին ես բերել եմ ոչ թե Ղարաբաղից, այլ Մոսկվայից: Սերժ Սարգսյանը Ղարաբաղից աքսորված էր, նա այնտեղ ուներ խնդիրներ, ուներ լուրջ վեճեր: Որքան էլ հիմա այլ բան ասեն, բայց այդպես էր: Նա արդեն մեկ տարի ապրում էր Մոսկվայում, շատ օգտակար գործ էր անում, բանակի մատակարարման գործով շատ լավ համագործակցում էր եւ Վազգեն Սարգսյանի հետ, եւ Ղարաբաղի իշխանավորներից ոմանց հետ: Օգտակար, շատ կարեւոր գործ էր անում: Նա կարող մարդ էր, նա ուներ փորձ, երեւի մեզանից ամենաշատ փորձը, միշտ աշխատել է պետական ապարատում, կազմակերպչական ընդունակություններ ուներ, ուստի նրա կարողությունների համեմատ դա շատ փոքր գործ էր: Մենք նրան Հայաստան հրավիրեցինք, վստահեցինք Հայաստանի բանակը, եւ եկեք անկեղծ լինենք, ազնիվ լինենք` լավ էլ նախարար է եղել, շատ լավ նախարար է եղել բոլոր իր զբաղեցրած պաշտոններում` եւ անվտանգության, եւ բանակի եւ ոստիկանության մարմիններում: Այստեղ ոչ մի վերապահում ես չեմ կարող անել` այդ տարիներին կատարած նրա աշխատանքի համար: Անօգտակար, անպետք մարդ գոյություն չունի: Բայց ամեն մարդ ունի իր կարողություններն առավելագույնս դրսեւորելու առաստաղը: Առաստաղից ցած նրանք հրաշալի մասնագետներ են, հրաշալի պրոֆեսիոնալներ, հրաշալի աշխատողներ: Երբ նրանց մեջ դրանից ավելի ամբիցիաներ են ծագում, այստեղ է արդեն, որ երեւում է մարդու եւ իր հավակնությունների հակասությունը: Հիմա Ռոբերտ Քոչարյանի հարցը: Ես անկեղծորեն պիտի խոստովանեմ. 96 թվականի աղմկոտ ընտրություններից հետո Հայաստանում իշխանության նկատմամբ վստահության զգալի պակաս կար: Անկեղծ ասում եմ սա: Եւ երբ մենք Անգլիայից հրավիրեցինք Արմեն Սարգսյանին, դա հաղթահարվեց. նոր մարդ էր, բոլորովին անծանոթ, ժպտուն, մտավորական, եւ շատ դրականորեն ընդունվեց մեր ողջ հասարակության կողմից: Բայց նա ժամանակ չունեցավ որեւէ գործ անելու: Երկու ամիս անց լուրջ հիվանդացավ եւ վերադարձավ Լոնդոն: Մենք արդեն հայտնվեցինք ավելի դժվար վիճակի մեջ, քան Արմեն Սարգսյանին հրավիրելուց առաջ: Ուրեմն, հասարակական մթնոլորտն այնպիսին էր, որ Հայաստանի ներսից ում էլ վարչապետ նշանակեի` առավել եւս, Աստված մի արասցե, ՀՀՇ-ի “բանդիտներից” մեկին, մի նոր պայթյուն էր լինելու մեր երկրում:
Մեզ պետք էր մի հավասարակշռող պահ, որպեսզի կարողանայինք այս մթնոլորտը հաղթահարել: Ես ունեցել եմ երկու նկատառում՝ Քոչարյանին Հայաստան հրավիրելիս: Առաջին` նա նույնպես, ինչպես ասում են, չեզոք անձնավորություն էր, Հայաստանի ներքին պայքարների մեջ հարվածներ չհասցրած եւ հարվածներ չընդունած մարդ: Իսկ ես քաղաքականությունը այդպես եմ հասկանում. եթե քաղաքականության մեջ մտար եւ չունես հարվածներ տալու եւ հարվածներ ընդունելու ընդունակություն, ավելի լավ է գնաս տուն, քաղաքականությամբ զբաղվել պետք չէ: Ուրեմն` Հայաստանի ներքին պայքարների մեջ նա ընդհանրապես խառնված չի եղել, ունեցել է դրական կերպար, Ղարաբաղում մեծ գործ է արել, եւ ես գնահատեցի դա: Սա առաջին նկատառումն էր` որպեսզի այդ մթնոլորտում վարչապետը ընդունելի դառնար: Նույնիսկ Արմեն Սարգսյանին հրավիրելու ժամանակ եղել են դժգոհություններ, որովհետեւ ասել են` նա կտրված է եղել Հայաստանից, միշտ արտասահմանում է ապրել, տեղյակ չէ մեր կյանքին: Բայց Ռոբերտ Քոչարյանի նշանակումից ոչ մի դժգոհություն չի եղել: Հայաստանում չի եղել մի մարդ, որը հավանություն տված չլիներ այդ նշանակմանը: Եղել է ընդամենը երկու հակառակ արձագանք. Վազգեն Մանուկյանն էր, որը մեկ տողով ասել էր` սխալ է Ղարաբաղի նախագահին բերել Հայաստան, որովհետեւ դա հետագայում կարող է խնդիրներ առաջացնել Ղարաբաղի եւ Հայաստանի հարաբերություններում: Եւ ճիշտ էր, հեռանկարում նա ճիշտ դուրս եկավ: Եւ երկրորդ` Ալեքսանդր Աղամալյանը շատ լուրջ հոդված էր գրել, որտեղ հիմնավորում էր, որ Քոչարյանի նշանակումը սխալ է: Այս երկու արձագանքն է եղել, ուրիշ ոչինչ: Մնացածը միայն հավանություն, միայն դրական վերաբերմունք: Ասեմ ավելին. Քոչարյանը մեկ տարի աշխատեց վարչապետ եւ կրկին շատ լավ աշխատեց, շատ բարեխիղճ, շատ հստակ եւ արդյունավետ: Ինչո՞ւ փոխվեց նա: Հենց սա է նախկին եւ ներկա իշխանությունների տարբերությունը: Նախկին իշխանությունը կենտրոնացած բուրգ չէր, կային լուրջ հակակշիռներ` ոչ միայն օրենսդիր եւ դատական իշխանությունների կերպարներով, այլեւ նույնիսկ գործադիր իշխանության ներսում: Յուրաքանչյուրը քաղաքական ֆիգուր էր` Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը եւ մյուսները, որոնք չէին կարող հլու ենթարկվել: Եթե որեւէ մեկը այդպիսի բուրգ կառուցելու հավակնություն էլ ունենար` չէր կարող: Դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ գործադիր իշխանությունը քաղաքական մարմնից վերածվում է այլ հարաբերություններով կարգավորվող մարմնի: Այդ պատճառով Քոչարյանն այն ժամանակ ուրիշ ձեւով չէր կարող աշխատել: Նույնը՝ Սերժ Սարգսյանը եւ մյուսները: Զարմանալի կարող է թվալ, բայց նույն մարդը տարբեր պայմաններում կարող է բոլորովին տարբեր կերպարանքներ ունենալ: Դուք դեռ շատ երիտասարդ եք, ձեր առաջիկա կյանքում հազարավոր այսպիսի օրինակներ եք տեսնելու: Ձեր ամենահավատարիմ ընկերը, որին թվում է` ճանաչում եք քառասուն տարի, մի օր պարզվելու է, որ այլ պայմաններում բոլորովին ուրիշ մարդ է դարձել` դրական կամ բացասական առումով:
Ամենավախկոտ թվացողը, մեկ էլ կտեսնեք, ամենաքաջն է, հերոս թվացողը` կատու է իրականում: Ամենաազնիվը կարող է դառնալ ամենամեծ գողը կամ ճարպիկ թվացողը լինել ամենաազնիվը աշխատանքի մեջ: Մետամորֆոզներ են, որոնք հատուկ են մարդկությանը: Գլխավորն այն է, որ մարդուն պետք է դնել նորմալ պայմանների մեջ, ոչ թե խրախուսել մարդկանց ստորին բնազդները: Ստալինի ժամանակ եւ հետո կամ առաջ ժողովուրդը նույնն էր: Ինչո՞ւ հանկարծ շատերը դարձան մատնիչ, շատերը դարձան վախկոտ, իսկ Խրուշչովի ժամանակ նույն մարդիկ ուղղեցին իրենց մեջքը, դարձան հպարտ: Ուրեմն խնդիրը մարդը չէ, խնդիրը ժողովուրդը չէ, խնդիրը իշխանություններն են, որոնք մարդկանց դնում են այս կամ այն պայմանների մեջ: Քոչարյանին Հայաստան հրավիրելու երկրորդ նկատառումը նույնպես շատ կարեւոր էր ինձ համար եւ ընդհանրապես Ղարաբաղի խնդրի լուծման համար: Բնականաբար, Ղարաբաղն այս խնդրին մոտենում է Ղարաբաղի շահերի տեսակետից: Սա հատուկ է բոլոր լոկալ մարզային կամ գավառային հայրենասիրություններին, եւ այլ կերպ չի կարող լինել: Մեր ողջ պատմության մեջ բդեշխները, իշխանները ունեցել են իրենց լոկալ շահերը: Շահ ասելով` ես շահադիտություն նկատի չունեմ, բնական կապվածություն այդ հողին, բնական պարտք այդ ժողովրդին: Այդպես եղել է, այսուհետեւ էլ այդպես պիտի լինի: Այո, Ղարաբաղի ժողովուրդը, Ղարաբաղի նախագահը հետագայում եւս բանակցություններում եւ կարգավորման պրոցեսում պետք է առաջնորդվեն Ղարաբաղի շահերի տեսակետից: Հայաստանը` Հայաստանի շահերի, Ղարաբաղը` Ղարաբաղի շահերի, Ադրբեջանը` Ադրբեջանի շահերի: Սա է ձեւը, եւ եթե ուզես էլ փոխել` չի ստացվի, այդպես պիտի լինի: Բայց այսպիսի պարագայում ծագում են հակասություններ Ղարաբաղի շահերի եւ Հայաստանի շահերի միջեւ: Ցանկացած դեպքում դա միայն այսօրվա բան չէ, ամբողջ պատմության ընթացքում այդպես է եղել: Նույնը Հարավսլավիայում էր. Հարավսլավիայի շահերը մի բան էին պահանջում, իսկ բոսնիական սերբերի շահերը` ուրիշ բան: Ի վերջո, բազմաթիվ արյունահեղություններից հետո գտնվեց ինչ-որ մի կոնսենսուս, որը չեմ կարծում, որ վերջնական լուծում է: Ուրեմն սա կա, սա օբյեկտիվ է եւ սա պիտի լինի: Ուստի, Քոչարյանին Հայաստան հրավիրելու իմ երկրորդ նկատառումը այն էր, որ դառնալով Հայաստանի վարչապետ, նա կարողանա Ղարաբաղի խնդրին նայել նաեւ Հայաստանի տեսակետից: Եւ եթե նա ճիշտ քաղաքականություն ընտրեր, այսինքն` ոչ թե գնար կարգավորումը խափանելու, վիժեցնելու, այլ կարգավորումը իրացնելու, հարցը լուծելու ճանապարհով, ես կարծում եմ, այսօր նա ի վիճակի կլիներ նույնիսկ իմ նկատմամբ առավելություն ունենալ` այն է` հարցին մոտենալ թե Ղարաբաղի, եւ թե Հայաստանի տեսակետից:
Արման Եղոյան, մասնագիտությամբ իրավաբան.
– Հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցին մեկ ուրիշ կտրվածքից: Հայտնի է Ձեր տեսակետը, որ Հայաստանի տնտեսության զարգացումը կապված է Լեռնային Ղարաբաղի խնդրի հետագա լուծման հետ, բայց ես ուզում եմ հիշել եւ հիշեցնել որ Հայաստանը եւ Ադրբեջանը, որպես երկու սուվերեն պետություն, սկսել են շփվել ընդամենը 1918 թվականին: Շփումը տեւել է կարճ, հետո արդեն Սովետական Միության ժամանակ, իսկ դրանից առաջ՝ պարսկական կամ ռուսական տիրապետության ժամանակ: Հնարավո՞ր է արդյոք նույնիսկ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելուց հետո, խաղաղության վերջնական պայմանագրի կնքումից հետո, ուղղակի կազմակերպել որեւէ տնտեսական շփում հայկական եւ թուրքական էթնոսների միջեւ` առանց որեւէ կայսրի կամ կենտկոմի քարտուղարի հսկողության` որպես երկու սուվերեն պետություն:
– Այդ գործոնն, իհարկե, կա: Հակամարտություններ ունեցող փոքրամասնությունները կարողանում են նորմալ համագործակցել, եթե կա մի ավելի մեծ պետական վերահսկողություն, ինչպես, ճիշտ եք ասում` Ռուսաստանն էր, ինչպես շահական Իրանն էր, ինչպես հետո Խորհրդային Միությունն էր: Շատ ճիշտ է: Բայց ես չեմ կարծում, որ ժողովուրդները չեն փոխվում, չեն աճում: Չի կարելի պատմական բեռը փաթաթել ժամանակակից ազգերի վրա, չի կարելի այսօրվա Թուրքիան նույնացնել երիտթուրքերի ժամանակի Թուրքիայի հետ, չի կարելի այսօրվա Ադրբեջանը, որի հետ թեեւ հարաբերությունները սրված են Ղարաբաղի հարցով, նույնացնել մուսավաթական Ադրբեջանի հետ: Ժողովուրդներն աճում են, զարգանում են, ավելի իրատեսական են դառնում: Նույն զուգահեռը կարելի է տանել ավելի զարգացած պետությունների միջեւ: Ինչու չեք հիշում Ֆրանսիան եւ Գերմանիան: 1805 թվականից սկսած մինչեւ 1945 թվականը այդ պետությունները չորս անգամ պատերազմել են իրար դեմ, եղել են ամենաթունդ թշնամիներ, իսկ այսօր աշխարհում չեք գտնի որեւէ ուրիշ երկու երկիր, որոնք այդքան սերտորեն համագործակցեն իրար հետ: Ինչո՞ւ եք կարծում, թե մենք չենք կարող Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ նույն ձեւով համագործակցել:
– Պարոն Տեր-Պետրոսյան, անունս Դիեգո Կարամանուկյան է, ես Ուրուգվայում ծնած եմ, հայ եմ, Հնչակյան կուսակցության անդամ եմ, կուզեի նախ ողջունել Ձեր վերադարձը ակտիվ քաղաքականություն եւ ընդգծել, կարեւորել այսօրվա հանդիպման մակարդակը եւ որ միշտ այսպիսի հանդիպումներ տեղի ունենան:
– Մեկ վայրկյան, շատ կներեք, ընդհատեմ: Ես շատ ավելի ուրախ կլինեի, որ Դուք ոչ թե ողջունեիք իմ վերադարձը, այլ ողջույնով ինձ ճանապարհեիք դեպի գիտություն: Բայց ոչ այսօր. հետո:
– Պարոն Տեր-Պետրոսյան, կուզեի իմանալ Ձեր մոտեցումները Հայաստանի եւ սփյուռքի հարաբերությունների մասին, քանի որ ակնհայտ է, որ Հայաստանի նախագահը նաեւ կարեւորություն պետք է տա սփյուռքի հետ հարաբերություններին:
– Ես յոթուկես տարի եղել եմ Հայաստանի նախագահ, իմ արածը տեսել եք: Իսկ եթե կուզեք իմանալ իմ հիմնական խոհը սփյուռքի մասին` սփյուռքը հարակա ինքնուրույն գոյություն է. դրա հետ պետք է հաշտվել, դա կա եւ դա չի փոխվի: Հայաստանը ուրիշ ինքնություն է: Հայաստանը հավաքականություն է, սփյուռքը հավաքականություն չէ, այլ գաղութների մի արշիպելագ: Յուրաքանչյուր գաղութ ունի իր շահերը, իր մշակույթը, պետության հետ հարաբերվելու իր կանոնները, այնպես որ չի կարելի այս երկու ինքնությունները դնել հավասար նժարի վրա: Մեկը՝ ասացի` հավաքականություն է, մյուսը՝ արշիպելագ: Հավաքականությունը ունի իր ընտրովի իշխանությունը, ունի իր միասնական որոշումներ կայացնելու մեխանիզմը: Հայաստանը կարող է խոսել որպես մեկ սուբյեկտ: Սփյուռքը չի կարող: Դա մեր դժբախտությունն է: Դա սփյուռքի խնդիրն է` ինքնակազմավորվել եւ գտնել այն ձեւը, որ կարողանա Հայաստանի հետ խոսել որպես մեկ սուբյեկտ, որը այսօր, ինձ թվում է, շատ հեռու իրականություն դառնալու կարող խնդիր է, շատ հեռու: Թեեւ ասացի, որ դրանք առանձին ինքնություններ են, բայց, իհարկե, միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն: Հայաստանի պարտքն է պահպանել, հզորացնել սփյուռքի ինքնությունը` մասնավորապես հոգեւոր, մշակութային, կրթական գործերում: Սփյուռքը մեզանից տնտեսապես ավելի հզոր է, ուստի նյութական օգնության կարիք չունի, ունի մշակութային հաղորդակցության, կրթական եւ հոգեւոր կարիքներ: Հոգեւորը, փառք Աստծո, Մայր աթոռ սուրբ Էջմիածինն է: Հայրենի մշակույթին, նույնպես կարելի է ասել, սփյուռքը մասնակից է դառնում` ցուցահանդեսների, հյուրախաղերի միջոցով եւ այլն: Ինչ վերաբերում է կրթությանը, այստեղ լուրջ գործ կա, որովհետեւ Հայաստանը, կարծում եմ, առայժմ շատ քիչ բան է անում սփյուռքում հայկական կրթությունը, հայոց լեզուն պահպանելու ուղղությամբ: Ուրիշ բան Հայաստանը չի կարող անել սփյուռքի համար: Հավելյալ միայն այն, որ սփյուռքին կարող է տալ հպարտություն, սփյուռքին կարող է տալ ոգի, որ Հայաստանը կա, Հայաստանը ոգեղեն, զարգացող պետություն է: Ինչ վերաբերում նրան, թե է սփյուռքն ինչ կարող է մեզ տալ, ապա սփյուռքի նշանակությունը Հայաստանի համար հայրենասիրական ճառերը չեն, ճաշկերույթներն ու հանգանակությունները չեն: Սփյուռքի նպաստը մենք պետք է գնահատենք ըստ այնմ, թե ինչ է արել սփյուռքը` ամբողջապես եւ յուրաքանչյուր գաղութ, Հայաստանի տնտեսության զարգացման, պետականության ամրապնդման եւ նրա միջազգային հեղինակության բարձրացման առումով:
Մանուկ Խաչատրյան.
– Պարոն Տեր-Պետրոսյան, գտնվելով այս դահլիճում, բնականաբար կարիք չկա մեկ անգամ եւս նշել, որ Ձեր կողմնակիցներն ենք ու ապագա Ձեր ընտրողները, ուղղակի ես չեմ ուզի, որ այս երեկոն վերածվի այսպես կոչված մեծարման երեկոյի, այլ մենք բոլորս խնդրով ենք եկել:
– Շատ կներեք, ես զգացի, որ շատ խիստ քննության երեկոյի եք վերածել, հիմա ստուգման գրքույկս տալու եմ՝ նշանակեք:
– Դուք Ձեր խոսքի մեջ ճիշտ նշեցիք, որ 88-ից հետո սերունդ է փոխվել եւ Դուք ամենալավը գիտեք, որ ավելի ազատ, ավելի համարձակ եւ ավելի նորմալ մարդու կյանքով ապրող սերունդ է մեծանում այսօր Հայաստանում: Ինչո՞ւ 20 տարի շարունակ հայ մարդը չի տեսնում նոր լիդերներ, չի տեսնում երիտասարդ մարդիկ, չի տեսնում նոր մարդիկ, ովքեր գալու են՝ նոր խոսք ասեն: Իմ հարցը հետեւյալն է, ես չեմ ուզում հավատալ, որ էս ժողովուրդն այլեւս լիդերներ չի կարողանում ծնել, դա հայ ժողովրդի դեպքում անհնարին է: Դուք եկել եք, նորից եկել եք` ես ողջունում եմ այդ ամեն ինչը: Իմ կարծիքով, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը գա իր շնչով, իր խոհեմությամբ, իր հսկայական փորձով, բայց նոր դեմքերով` հաղթանակը 99.9 տոկոս է լինելու:
– Ես համաձայն չեմ, որ նոր մարդիկ չկան. իմ կողքերը նայեք, բոլորը նոր մարդիկ են: Ավելին ասեմ, քաղաքական լիդերներ ծնվում են միայն մի պարագայում, եթե կա քաղաքական կյանք: 70 տարի Խորհրդային Միությունում ոչ մի լիդեր չի ծնվել, սիստեմը ինքը իր համար կադրեր է արտադրել, որեւէ մեկս նույն այդ խորհրդային համակարգում լիդերներ չէինք: 43 տարեկան էի ես 88 թվին, ինչու ես կարողացա, շատ ներողություն, ինչ-որ շնորհքներ դրսեւորել դրանից հետո, իսկ դրանից առաջ չէի կարող դրսեւորել: Նույն մարդիկ էինք ողջ «Ղարաբաղ» կոմիտի անդամներս, բոլորը: Ո՞վ էր մեզանից պատկերացնում, որ մենք լիդեր կարող ենք դառնալ: Չկար քաղաքական կյանք, լիդեր ծնվելու հնարավորություն եւ կարիք չկար: Վերջին տասը տարում մեր իշխանությունները երկրում ստեղծել են ահա այդպիսի մթնոլորտ: Տասը տարի Հայաստանում քաղաքական կյանք չկա, քաղաքական դիալոգ չկա, քաղաքական մշակույթ չկա: Երբ որ կստեղծվի, եկեք օգնենք, գանք, ստեղծենք այդ մթնոլորտը, եւ կտեսնեք` ինչպիսի գեղեցիկ լիդերներ կծնվեն:
2007-11-03
http://www.levonpresident.am/?catID=20&contID=87