Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից, հատված գլուխ 13-ից
Պատերազմ Թուրքիայի հետ, բոլշևիկների հարձակումը և Հայաստանի Հանրապետության անկախության անկումը
(1920 թվի աշունը մինչև 2 դեկտեմբեր)
Հոկտեմբերի 29-ի երեկոյան կառավարության հրավերով նորից կայացավ խորհրդակություն:
Զեկուցվեց Կարսի բերդի հրամանատար, զորավար Փիրումյանի հեռագիրը այն մասին, թե բերդապահ զորքը և բանակը կպաշտպանեն բերդը մինչև [վերջին] հնարավորություն և որ տրամադրությունը ամուր է:
Հոկտեմբերի 20-ից մինչև 29-ը, գտնվելով Երևանում, ես հնարավորություն ունեի տեսնելու և խոսելու շատ զինվորականների և ճակատ այցելած խորհրդարանի անդամների հետ: Աշխատում էի ինձ համար պարզել, թեկուզ մոտավոր ճշտությամբ, Հայաստանի դեմ գործող թուրքական բանակի թիվը, բայց խոստովանում եմ՝ չկարողացա: Դրոն՝ Սուրմալուի գավառի զորքերի հրամանատարը, ասում էր, որ իր դեմ Երևանի ուղղությամբ [կռվում էր թուրքական] երկու դիվիզիա, ուրեմն՝ մոտ 6-7 հազար թուրք զինվոր, որով բոլոր թուրքական զորքերի թիվը նրա հաշվարկով հասնում էր 30 հազարի: Զորավար Նազարբեկյանն ասում էր, թե թուրքական զորքերի թիվը ինքը հաշվում է ընդամենը մոտ 20 հազար հոգի: Վերջապես, թուրքական զորքերի գլխավոր հրամանատար, զորավար Քյաազիմ Կարաբեքիր փաշան Ալեքսանդրապոլում ինձ ասաց, որ ունի ընդամենը 8 հազար զորք: Իհարկե, հաղթանակից հետո նա ուզում էր իր բանակի քանակը փոքր ցույց տալ և դրանով ավելի բարձրացնել իր պատիվը՝ փոքր ուժերով այդպես մեծ հաջողություն ձեռք բերած լինելու համար:
Ստացած բոլոր տեղեկությունների վրա հենված՝ ես կարծում եմ, սակայն, որ թուրքական ուժերը մոտավորապես 20 հազար էր, բայց նրանք բոլորը մարզված, փորձված և կռիվների մեջ եղած զինվորներ էին:
Հայաստանի կողմից զորակոչը ոտքի հանեց և բանակի մեջ մտցրեց, հին զինվորների հետ միասին, ընդամենը մոտ 40 հազար հոգի. այդ թվի մեջ հաշշվում էին նոր կանչվածները և պահեստի զինվորները:
Բայց բանը միայն թվական քանակի մեջ չէր: Պետք է հիշել, որ Իզմիրի ուղղությամբ 1922 թվին Իսմեթ փաշան, ունենալով մինչև 80 հազար հոգի, ինը օրվա ընթացքում ծովը թափեց գրեթե երկու հարյուր հազարանոց հունական բանակը:
Հոկտեմբերի 30-ին, ժամը երկուսի մոտ էր, երբ նկատեցի, որ Երևանի վրա սլանում է մի սավառնակ: Թռիչքի աղմուկը պարզ լսվում էր քաղաքում: Սավառնակը իջավ գետին: Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ նա բերել է սարսափելի լուր. հոկտեմբերի 30-ի առավոտյան թուրքերը գրավել էին Կարսը:
Ժամը 3-ին ես հրավեր ստացա գնալ կառավարության ժողովին: Երբ մտա դահլիճ, արդեն կար մոտ քսան մարդ՝ նախարարների կազմը, խորհրդարանի նախագահը և անդամներից մի քանիսը ու մի քանի զինվորականներ: Խորը լռություն էր: Բոլորը սաստիկ ընկճած էին:
Նիստը բացելով՝ նախագահը ժողովին զեկուցեց, որ լուր է ստացվել Կարսի անկման մասին: Մանրամասնությունները հայտնի չէին, սավառնակով եկած սպան հայտնում էր միայն, որ ինքն անձամբ տեսել է, թե ինչպես կայարանի կողմից թուրք ասկյարները մտնում էին քաղաք և թե ինչպես էին քաղաքից փախչում հայ զինվորները և ազգաբնակչությունը: Օդաչուն պարտք էր համարել թռչել՝ փրկելու սավառնակը և Երևան հաղորդելու Կարսի անկման մասին:
Մյուս օրը, երբ Կարսի անկման ականատեսները հասան Երևան, պարզվեց, որ թուրքերը քաղաք էին մտել գրեթե առանց գնդակ արձակելու: Կարսը պահպանող զորքերի բարոյալքումը կատարյալ էր:
Ես անձամբ լսեցի Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի պատմությունը Կարսի անկման մասին:
Վաղ առավոտյան նահանգապետ Ղորղանյանը բերդապետ, զորավար Փիրումյանից հրավեր էր ստանցել գնալ խորհրդակցության: Դուրս է գալիս տնից և ոտքով ուղևորվում բերդապետի մոտ: Փողոցում փախչող բնակիչներից իմանում է, որ թուրքերը մտել են քաղաք: Իսկույն տուն է դառնում և ընտանիքով անմիջապես հեռանում քաղաքից. ինքը՝ ձիով, ընտանիքը՝ կառքով: Զորավար Փիրումյանը իր մոտ եղած սպաներով, նախարար Արտաշես Բաբալյանը, մոտ 1500 հայ զինվորներ և 150 հայ սպաներ գերի են ընկնում և տարվում Էրզրում, որտեղ մնաց մեկ տարուց ավելի: Սպաները հետո գերությունից արձակվեցին, իսկ 1500 զինվորներից վերադարձան ընդամենը միայն 300 հոգի:
Կարսում թուրքերը թույլ էին տվել անկարգություններ, սպանություններ և կողոպուտ: Սպանում էին ու կողոպտում գլխավորապես այն ավազակախմբերը, որոնց զորքերը ներս էին թողել քաղաքը գրավելուց հետո: Ինչպես միշտ, նման դեպքերում դժվար է հաշվել սպանվածների թիվը, բայց, ստույգ տեղեկությունների համաձայն, սպանվել են մոտ 3500 հոգի: Քաղաքից փախած բնակչությունը, որը ոտքով, որը կառքով, թողնելով ամբողջ ունեցվածքը, փախել էր դեպի Ալեքսանդրապոլ, Երևան կամ Թիֆլիս: Վրաց կառավարությունը դժվարությամբ էր թողնում Թիֆլիս մտնել՝ վախենալով քաղաքի չափազանց լցվելուց:
Կարսի անկման նախօրյակին, այսինքն՝ հոկտեմբերի 29-ին, ճաշից հետո, տեղի էր ունեցել հետևյալ փաստը. քաջ գնդապետ Մազմանյանը ուզեցել էր հինգ հարյուրով առաջ մղվել հարձակման՝ թուրքերի դեմ, բայց չնայած իր բոլոր ջանքերին և հորդորներին, զինվորները իրենց տեղից չեն շարժվել: Հուսահատությունից, հենց իր զինվորների աչքի առջև, տեղն ու տեղը նա անձնասպան է լինում, իսկ զինվորները վերադառնում են Կարս:
Կարսի անկումը ամեն տեսակետից սարսափելի աղետ եղավ: Իսկապես, այդ օրից սկսած, Հայաստանի անկախության օրերը հաշված էին: Հաշված էին այդ պատճառով, որ զինվորական ուժն այլևս դադարել էր պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը: Մյուս կողմից, Հայաստանը, զրկված Կարսից ու Կարսի նահանգից, նորից ամփոփվում էր նեղ սահմաններում, որտեղ պետք է ապրեին տեղի բնակիչները, փախստականները և նոր կոչված զինվորները, մասամբ էլ՝ հայ գաղութներից: Ես կայարաններում տեսա ամբողջ ընտանիքներ, որոնք, իմ ճառերի ազդեցության տակ, նոր էին եկել Եվրոպայից: Նրանք անօգնական նստած էին իրենց իրերի վրա և չգիտեին, թե ինչ անեն՝ հետ վերադառնա՞ն, թե՞ հաստատվեն նոր վայրերում:
Պետք է ասել, որ երկրի ուժերի լարումը տվել էր այն բոլորը, ինչ որ կարող էր տալ մարդկանցով և միջոցներով: Երկրում խուլ կերպով գործում էր բոլշևիկյան քարոզչությունը, և նրա թույնը պարարատ հող էր գտնում իր համար:
Երբ կառավարության նիստում, հոկտեմբերի 30-ին վարչապետ Օհանջանյանը պաշտոնապես հաղորդեց Կարսի անկման մասին և նկարագրեց ընդհանուր դրությունը, հարց դրեց, թե ի՞նչ պետք է անել: Ներկաները սկսեցին արտահայտվել: Ես ինքս որոշակի հայտնեցի իմ կարծիքը կարճ նախադասությամբ. «Պետք է հաշտություն կնքել Թուրքիայի հետ»:
Կառավարությունը, իր այդ խորհրդակցությունից հետո որոշեց ամեն գնով ամրացնել ճակատը, բարձր պահել ժողովրդի տրամադրությունը և նոր եռանդ մտցնել զորքերում, միևնույն ժամանակ, որոշվեց բանակցություններ սկսել Թուրքիայի հետ զինադադարի, հետո խաղաղության մասին և նոյեմբերի 3-ին գրավոր առաջարկություն արեց Թուրքիային բանակցություններ սկսելու մասին: Թուրք կառավարությունը, իր կողմից, իրեն հաղթող զգալով և իր նպատակներին հասած նկատելով, նոյեմբերի 2-ին նման առաջարկով դիմեց Հայաստանի կառավարությանը: Երկու առաջարկները տեղի էին ունեցել միմյանցից անկախ:
Գրությունների փոխանակությունը տևեց մի քանի օր: Այդ բոլոր գրությունները ժամանակին ամբողջությամբ տպագրվեցան Պոլսի թերթերում: Եղած բանակցությունների մասին վարչապետ Օհանջանյանը մանրամասն զեկուցեց խորհրդարանի նիստում, նոյեմբերի 11-ին՝ կարդալով բոլոր գրությունները: