Մեղրիի տարբերակ եղել է

1983

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության և Ղարաբաղյան կարգավորման Մեղրիի առաջարկների քննարկման համընկնումը առիթ է տվել կասկածների ու անգամ համոզման, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ էին այդ տարբերակին և դրա զոհը դարձան։

Կասկածներն ու համոզումը մի կողմ, բայց որ Մեղրիի առաջարկներ եղել են, փաստ է, որքան էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա շրջապատը հերքեն դա։ Մի հեռուստաելույթում Ռոբերտ Քոչարյանը պարզաբանել է. «Կա փակուղի, և փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը բոլոր հնարավոր տարբերակների քննարկումն է: Եվ այդ կոնտեքստում, այո՛, կար գաղափար տարածքների փոխանակման վերաբերյալ: Գաղափարը բավական տարբերվում է նրանից, որը տպագրվեց մեր մամուլում, բայց, այնուամենայնիվ, այդ տարբերակն իմ կողմից չի ընդունվել, և ներկա թեժ քննարկումներն ուղղակի անիմաստ են: Պետք է ասեմ, տարբերակն ուներ իր տրամաբանությունը. ենթադրվում էր, որ այն կբերի տարածաշրջանի երկարատեւ խաղաղության»:

Հիմա՝ ըստ էության։

1998-1999-ին, երբ բանակցում էին Քոչարյանն ու Հեյդար Ալիևը, կրկին քննարկման նյութ դարձավ Լաչինի միջանցքի հարցը։ Երևանը պահանջում էր, որ Լաչինի միջանցքը ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Այդ ժամանակ Ալիևը առաջարկեց միջանցք տրամադրել, որպեսզի Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ և ունենա  նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը։

Երևանը դեմ էր միջանցքների ասիմետրիային, քանի որ Արցախը անկլավ է, չունի երրորդ երկրի հետ սահման (կարգավորման բոլոր առաջարկներով՝ հայկական ուժերը դուրս են բերվում մերձարաքսյան հատվածից, և Արցախը կորցնում է ցամաքային շուրջ 100 կմ երկարությամբ կապը Իրանի հետ), մինչդեռ Նախիջևանը ցամաքային սահման ունի Թուրքիայի և Իրանի հետ։ Կոպիտ ասած, եթե հայկական ուժերը գրավեն Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհ/միջանցքը, ապա Նախիջևանը կմնա էքսկլավ ու կպահպանի ընդհանուր սահմանները Թուրքիայի և Իրանի հետ, մինչդեռ եթե ադրբեջանական ուժերը գրավեն Լաչինի միջանցքը, ապա Արցախը կղզու կվերածվի Ադրբեջանի մեջ, ինչպես ԼՂԻՄ-ն էր Խորհրդային Ադրբեջանի ժամանակ։

Հայկական կողմը ինչպես 1999-ի քննարկումների, այնպես էլ 2001-ի Քի Վեսթի բանակցությունների ընթացքում պնդել է, որ Լաչինի միջանցքը պետք է ունենա առնվազն 20 կիլոմետր լայնություն։ Բաքուն, սկզբունքորեն համաձայն է եղել այդ լայնությանը, բայց նաև պահանջել է, որ նախկին ԼՂԻՄ-ի ծայրամասային հատվածներից ստանա այնքան տարածք, որքան Լաչինի միջանցքի տարածքն է։ Տարածքների փոխանակման այս խնդիրը եղել է քննարկման փուլում։

Թեև այսօր Քոչարյանին մեղադրում են, ընդ որում անգամ նրա հետ աշխատած պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, թե իբր նա Մեղրիի շրջանը պատրաստվում էր զիջել Ադրբեջանին, դա, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Քոչարյանը 1999-ին բանակցել է Մեղրիով Ադրբեջանին ճանապարհ/միջանցք տրամադրելու տարբերակը։ Ընդ որում, նախապես քննարկվել է ոչ անպայման Մեղրիով միջանցքը։ Օրինակ, առաջարկվել է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի հաստատման համար ճանապարհ/միջանցքի տրամադրում Սիսիանով։ Հայկական կողմը կտրականապես դեմ է եղել դրան։ Եվ կրկին անվտանգության և անվստահության հարցերն են եղել առաջնային։ Կոպիտ ասած, եթե Ադրբեջանը գրավում է ճանապարհ/միջանցքը Սիսիանում, ապա Հայաստանը բաժանվում է երկու մասի։ Իսկ եթե Ադրբեջանը գրավում է ճանապարհ/միջանցքը Մեղրիում՝ Արաքս գետի երկայնքով, ապա Հայաստանը երկու մասի չի բաժանվում, սակայն կորցնում է Իրանի հետ ցամաքային կապը։

Քոչարյանը մանրամասնորեն քննարկել է Արաքս գետի երկայնքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու տարբերակը։ Քննարկումների ընթացքում, բնական է, հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ կորցնում է Իրանի հետ ցամաքային կապը։ Միջազգային միջնորդները, հաշվի առնելով Հայաստանի և նաև Իրանի մտահոգությունները, առաջարկել են տարբերակ, ըստ որի՝ Հայաստանը և Իրանը Արաքսի վրայով ունենում են ցամաքային երկու ճանապարհ։ Այսպիսով, Ադրբեջանը Նախիջևանի հետ և Հայաստանը Իրանի հետ կապող երկու ցամաքային միջանցք/ճանապարհները երկու տեղում խաչաձևվում են։

1999-ի հոկտեմբերյան ահաբեկչությունը համընկավ այս քննարկումների հետ։ Նախքան ահաբեկչությունը վարչապետ Վազգեն Սարգսյանը օգոստոսին, Սյունիք կատարած այցի ժամանակ, ուղղակի կերպով դեմ դուրս եկավ Մեղրիով միջանցք տրամադրելու քննարկումներին, հայտարարելով․

«Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ։ Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա․․․ Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան։ Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։ Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ, սուտ է։ Մեծ, համաշխարհային սուտ։ Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու։ Ղարաբաղը՝ ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում․․․ Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։

Ամփոփելով 1999-ի քննարկումները, պետք է ընդգծենք, որ Մեղրիի տարբերակը մերժել է Հայաստանը։

2001-ին Քի Վեսթում կրկին քննարկվում էր միջանցքներ տրամադրելու տարբերակով Ղարաբաղյան կարգավորման հնարավորությունը։ Այս անգամ մերժումը եկավ Բաքվից։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկն այն էր, որ միջազգային հանրությունը Ադրբեջանին առաջարկում էր Նախիջևանի հետ կապի ոչ թե ցամաքային ճանապարհ, այլ վերգետնյա։ Առաջարկվում էր Արաքսի երկայնքով կառուցել շուրջ 40 կիլոմետր երկարությամբ կամուրջ, որը դրվելու էր Ադրբեջանի սուվերեն տրամադրության տակ։ Այսինքն, Ադրբեջանը Նախիջանի հետ կապվելու էր ոչ թե ցամաքով՝ Հայաստանի տարածքով, այլ Հայաստանի օդով։ Հետևաբար, Հայաստանը չէր կորցնում Իրանի հետ ցամաքային կապը։ Դրա դիմաց Ադրբեջանը հրաժարվում էր նախկին ԼՂԻՄ-ից և Լաչինի միջանցքից, որոնք դառնում էին Հայաստանի Հանրապետության մաս։ Սակայն օդային ճանապարհի տարբերակը ևս մի կողմ դրվեց, իսկ Քի Վեսթի գրավոր առաջարկով նախատեսվում էր Ադրբեջանը Նախիջևանի հետ կապի համար Հայաստանի տարածքով՝ Արաքսի երկայնքով տրամադրել «սուվերեն անցում», կամ, ինչպես գրված է այդ փաստաթղթի անգլերեն տարբերակում՝ sovereign passage:

Ահա սա է Քի Վեսթի էությունը և տարբերությունը 1999-ի առաջարկից, որը պատմագրություն է մտել Մեղրիի կամ տարածքների փոխանակման տարբերակ անունով։

Թաթուլ Հակոբյան