«Անկարելի դարձրեցինք որևէ համաձայնություն թուրքերի հետ, երբ նրանք տկար էին»

2357
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2018-ի ամռանը վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր:

_______________________________

Իններորդ գլուխ

Հայաստանի սահմանների ընդարձակումը և 1919թ․ մայիս 28-ի ակտը

Նախորդ գլխում մենք ընդհանուր գծերով ներկայացրեցինք Հայաստանի Հանրապետության նախարարության կատարած աշխատանքները։ Այսօր, տասը տարի հետո այն օրից, երբ ես հեռացա Հայաստանի կառավարական գործերից և երբ իշխանությունը տարբեր սկզբունքներով ու նպատակներով ղեկավարվող նոր մարդկանց ձեռքում է, կարող եմ ասել, որ հին աշխատանքն է, որ այժմ էլ շարունակվում է, թերևս տարբեր ձևերով ու մեթոդներով։

Այսպես, օրինակ, կրթական գործում խորհրդային իշխանությունը շարունակում է այն համալսարանը, որ մենք հիմնեցինք Ալեքսանդրապոլում և հետո փոխադրեցինք Երևան։ Երկաթուղային և խճուղիների շինարարության մեջ բոլշևիկները շարունակում են մեր սկսած ձեռնարկները։ Ժողովրդի առողջապահության ասպարեզում նրանք շարունակում են մեր սկսած պայքարը մալարիայի դեմ, ջանում են հիմնել հիվանդանոցներ և բժշկակայաններ։ Ջրանցքների և ոռոգման ծրագրերը մեզ մոտ էին մշակվել և որոշ չափով սկսվել։ Սարդարապատի ծրագիրը ամբողջությամբ պատրաստ էր դեռ մեր ժամանակ։ Այսպես, դեռ կարող ենք շատ երկար թվարկել գործերի շարքը, որոնք սկսվել են մեր օրով և այս կամ այն եղանակով շարունակվում են այսօր էլ։

Սակայն երևում է, որ խորհրդային իշխանությունը դադարեցրեց նաև բազմաթիվ սկսված կարևոր գործեր, որոնք անհրաժեշտ էին մեր երկրի բարօրության և մեր ժողովրդի առաջադիմության համար։

Այսպես, օրինակ, բոլշևիկները քանդեցին մեր հիմնած երդվյալների դատարանը, որ անհրաժեշտ սեփականությունն է ամեն մի քաղաքակիրթ երկրի։ Նրանք խափանեցին ազատ մամուլը, ազատ քաղաքական կազմակերպությունները և գյուղացիական ու քաղաքային ազատ ինքնավարությունները, որոնք այնքան խոստումնալից եռանդով սկսել էին գործել մեր օրով։

Ազգային ներքին շինարարությունից զատ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջին ստիպողական գործն էր, սահմանների և հարևանների հետ տանելի կենցաղաձև ստեղծելու խնդիրը երկրորդ կարևորագույն տեղը գրավեց մեր պետական ճիգերի մեջ։ Կովկասահայաստանը, որ ազատագրված էր, չէր կարող հանգիստ կերպով զարգանալ, մինչև որ տեղի չունենար միացումը նաև թրքահայ զանգվածի, որի մեկ մասը գտնվում էր արդեն կովկասյան Հայաստանի սահմաններում, իսկ մյուս մասը՝ թափառական վիճակում, սպասում էր վերադարձի հնարավորության դեպի իր հայրենիքը։ Թրքահայաստանի ամայացած վիլայեթները հայ ժողովրդի անկապտելի սեփականությունն էին կազմում․ պետք էր, որ նրանք ևս մտնեին հայկական նորակազմ պետության մեջ, որպեսզի բովանդակ հայությունըկարողանար համախմբվել իր պատմական հայրենիքում։

Ճիշտ է, այդ վիլայեթները մեր ձեռքը չէին, բայց հայ ժողովրդի գիտակցությամբ նրանք չէին կարող պատկանել ուրիշ որևէ մեկի, բացի Հայաստանից։ Հայությունը հասել էր ազգային այնպիսի գիտակցության, որ չէր կարող ճանաչել սահմանների պատահական բաժանում և հատվածների գոյություն։ Նա ինքը իրեն զգում էր իբրև մեկ ամբողջություն և այդ միության գաղափարը ուզում էր մարմնավորել որևէ մեկ ակտի մեջ։ Երևանը դարձել էր հայության քաղաքական կենտրոնը, որ պետք է միացներ նաև հայկական բոլոր հատվածները։

Եվ ահա, 1919թ․ փետրվարին, թրքահայ զանգվածի ներկայացուցիչները, հավաքված Երևանում, որոշեցին հանդիսավոր կերպով միանալ կովկասյան Հայաստանին։ Եվ այդ որոշումը կովկասահայ զանգվածի ներկայացուցիչների հետ միասին նվիրագործեցին Մայիս 28-ի նշանավոր հայտարարությամբ։

Սևրի դաշնագիրը, որ ստորագրվեց 1920թ․ օգոստոսի 10-ին, եկավ հաստատելու հայ ժողովրդի կողմից Մայիս 28-ին կատարված պատմական այդ ակտը։

Դժբախտաբար, եթե ճիշտ ու անհրաժեշտ էր երկու Հայաստանների միացման գործողությունը, սահմանների վերաբերյալ հայ ժողովուրդը, հանձին իր ղեկավար շրջանակների, մեծ սխալ գործեց՝ չափազանց մեծ պահանջներ առաջադրելով, առանց հաշվի առնելու իր ուժերն ու միջազգային կարելիությունները։ Մենք մինչև Կիլիկիա պահանջելով անկարելի դարձրեցինք որևէ բանավոր համաձայնություն ոչ միայն թուրքերի հետ այն պահին, երբ նրանք տկար էին և նրանց հետ դեռ կարելի էր խոսել, այլ նաև շահագրգռված մեծ պետությունների հետ։ Ճիշտ է, մեր մեջ կային քաղաքական գործիչներ, ինչպես Ռուբեն Տեր-Մինասյանը, Քաջազնունին, որոնք չափավոր պահանջների կողմնակից էին, բայց ճնշող մեծամասնությունը «զիջումների» մասին լսել անգամ չէր ուզում։

Պետք է ասել, որ Հայաստանի սահմանների մասին Երևանը անհամեմատ ավելի չափավոր ու զուսպ էր, քան մեր գաղութները Փարիզի գլխավորությամբ, որոնք օտար, հաճախ անպատասխանատու մարդկանց ներշնչումներին ենթարկվելով, ընկան անկարելիությունների հետևից և երբեմն կատարված իրողությունների առջև դրեցին նաև Հայաստանի կառավարությանը։

Միացյալ Հայաստանի հայտարարության բնագրի նախագիծը ես կազմեցի։ Նախարարների խորհուրդը մի քանի խմբագրական սրբագրություններ մտցնելուց հետո հաստատեց այն։

Պետք է ասել, որ այդ ժամանակ խորհրդարանը ցրված էր (փետրվարի 28-ին) և նրա օրենսդրական իրավունքները տրվել էին կառավարությանը։

Այս իրավունքների վրա հենվելով՝ կառավարությունը որոշեց հրավիրել խորհրդարանին, հայտարարել միացման ակտը և խորհրդարան մտցնել 12 նոր պատգամավորներ իբրև թրքահայ ժողովրդի ընտրյալներ։ Ժողովրդական (Ռամկավար) կուսակցությունը դեմ էր այդ գործելակերպին և իբրև բողոքի նշան կառավարությունից դուրս կանչեց իր կուսակիցներին, սակայն նրանցից երեքը՝ Մելիք-Ղարագյոզյանը, Չմշկյանը և Վերմիշյանը մնացին կառավարության մեւ այն պատճառաբանությամբ, որ իրենց ուղղված պահանջը միայն տեղական կոմիտեից էր բխում։

Թրքահայերի մեջ ևս որոշ տարակարծություններ կային, որոնք հարթվեցին Ռուբեն Տեր-Մինասյանի ջաներով։