Ինչո՞ւ պարտվեցինք ու կորցրեցինք Կարսը. Արշակ Ջամալյան

3784

Հատված երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանի գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունից

Արտաքին կռիվների խնդրում Դաշնակցության հանցանքերի շարքը, ըստ կարևորության աստիճանի, սկսվում է հայ-թուրքական պատերազմով, որ, ինչպես հայտնի է, վերջացավ մեր պարտությամբ և ծանր աղետների ենթարկեց մեր նորակազմ պետությունը:

Առհասարակ, post factum (կատարված իրողությունից հետո) դատելը և մանավանդ պարտվածին դատապարտելը չափազանց դյուրին գործ է, որովհետև պարտվածի դեմ ամենաչնչին փաստն էլ միշտ կարելի է իբրև մեղադրանքի կետ արժեքավորել: Բայց ի պատիվ Քաջազնունու պիտի ասել, որ նա այս մեղադրանքի մեջ էժան քննադատի դերում չէ հանդես գալիս, այլ նա իր մեղադրանքները ձևակերպում է զգուշությամբ՝ աշխատելով հաշվի առնել այն պայմանները, որոնց մեջ Դաշնակցությունը կատարել է իր «հանցանքը»:

Սակայն, տարաբախտաբար, այս կետում էլ Քաջազնունու հիմնական միտումը՝ ամեն պարագայում   դատապարտելի վիճակում դուրս բերել Դաշնակցությունը, թեքում է նրա մտածողությունն ու տրամաբանությունը դեպի այնպիսի ուղիներ, որոնց վրա ոտք դնելուց հետո այլևս անհնարին է դառնում քննադատության անաչառությունը:

Հայ-թուրքական պատերազմի խնդրում Քաջազնունու մեղադրանքները Դաշնակցության դեմ ամփոփվում են հետևյալ չորս կետերում.

Ա. Մենք ստորագնահատել ենք թշնամու ուժը,

Բ. Մենք գերագնահատել ենք մեր սեփական ուժը,

Գ. Մենք չենք փորձել անմիջական համաձայնության գալ  թուրքերի հետ,

Դ. Մենք պատերազմի առիթ ենք տվել թուրքերին:

Առաջին կետի մասին պետք է ասեմ, որ այո, մենք սխալ ենք գնահատել թուրքերի ուժը, սակայն սրա մեջ ես ոչ միայն հանցանքի տարր չեմ տեսնում Դաշնակցության համար, այլև ուղղակի ըմբռնել չեմ կարողանում, թե ինչպե՛ս կարող էր Դաշնակցությունը այլ գնահատություն տալ այդ ուժին, քանի այն, որ նա տվեց:

Վերոհիշենք Թուրքիայի վիճակը ընդհանուր զինդադարի օրերից սկսած մինչև հայ-թուրքական պատերազմը: Թուրքիան անկենդան դիակի պես ընկած էր դաշնակից պետությունների ոտքի տակ: Եվրոպայից նա վտարված էր փաստորեն, որովհետև բացի Պոլսից, ուր Սուլթանի կառավարությունը անվանապես շարունակում էր իր գոյությունը, Թուրքիան ուրիշ հող չուներ եվրոպական ցամաքի վրա: Նա վտարված էր նաև իր արաբական ընդարձակ երկրներից՝ ինչպես Արաբիան, Պաղեստինը, Միջագետքը և Սիրիան: Անգամ բուն Փոքր Ասիայում Թուրքիան ազատ չէր իր շարժուձևի մեջ, որովհետև անգլիացիները գրավել էին Մարմարայի և ամրությանց ափերը, ֆրանսիացիները՝ Կիլիկիան, իսկ իտալացիները՝ Ատալիան:

Ի՞նչ էին ներկայացնում թուրքերի ձեռքը մնացած Անատոլիայի նահանգները. ավերակների մի կույտ (Թուրքահայաստանի մեծ մասը) տնտեսության սոսկալի քայքայում, դրամական տագնապ, սով, հիվանդություններ, անիշխանություն և համատարած թշվառություն:

Այս պարագաներում սկսվեց քեմալական շարժումը, որ ոչ միայն օտարների, այլև թուրք ղեկավար շրջանների կողմից որակավորում էր իբրև մի խելագար արկածախնդրություն, որ ազգամիջյան կռիվների թշվառությանն ավելացնելով արդեն գոյություն ունեցող թշվառությունների վրա և հաղթական Դաշնակիցներին նոր ճնշումների առիթ ընձեռելով, պիտի պատճառ դառնար Թուրքիայի վերջնական խորտակաման: Որ այդ շարժումը Թուրքիայի պահպանության տեսակետից արժեքավոր մի բան չէր ներկաացնում, այդ գործնականում ապացուցեց Վենիզելոսը՝ գրավելով ոչ միայն Իզմիրն ու Պրուսան, այլ և երկու-երեք անգամ ավելի ընդարձակ հողեր, քան թե նրան խոստացել էին դաշնակից պետությունները:

Թուրքիայի ուժի գնահատությունն անելիս Դաշնակցությունը բնականաբար ա՛յս տվյալներից պետք է ելներ. իսկ այդ տվյալները այլ բան չէին հրահանգում ո՛չ մեզ և ո՛չ էլ որևէ մեկին քան այն, որ Թուրքիայի ատամներն արդեն փշրված են և որ նա այլևս մեզ համար վտանգ ներկայացնել չի կարող:

Այս գնահատությունը շատ չպիտի փոխվեր այն հանգամանքից, որ 1919թվի վերջերին թե 1920-ի սկզբներին մեզ հայտնի դարձավ, որ Էրզրումի և նոր Բայազեդի կողմերում թուրքերը իրենց զորամասաերը վերակազմելու աշխատանքներ են կատարում: Նախ մեզ համար պարզ էր, որ Թուրքիայի տնտեսական, ֆինանսական և քաղաքական պայմաններում այդ աշխատանքները մեծ չափեր առնել չէին կարող և ապա՝ որ գլխավորն է՝ մեր զինվորական շտաբի և օտար ճանապարհորդների հավաքած բոլոր տեղեկությունները միաբերան հավաստիացնում էին, թե թուրքական զորքը մեր սահմանակից վայրերում այնքան փոքրաթիվ է, որ Հայաստանի դեմ հարձակվելու մասին մտածել իսկ չի կարող:

Սակայն 1919թ. վերջերից սկսած տեղի ունեցան մի շարք դեպքեր, որ ոչ միայն մենք՝ դաշնակցականներս, այլ և մեզնից շա՜տ ավելի կարող և հեռատես քաղաքագետներ կանխատեսել չէինք կարող և որոնք փրկարար հրաշքի դեր կատարեցին Թուրքիայի համար: Այդ դեպքերն էին. Առաջին՝ Դաշնակից պետությունների ներքին հակամարտությունները Եվրոպական գործերում, որոնց գետևանքով այդ պետություններից Իտալիան և Ֆրանսիան հիմնովին փոխելով իրենց քաղաքականությունը Թուրքիայի վերաբերմամբ՝ սկսեցին ձեռքի տակից ուժ տալ քեմալական շարժմանը: Երկրորդ՝ Վենիզելոսի պարտությունը Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ և Կոստանդին թագավորի վերստին գահ բարձրանալը, որ անդամալուծեց հունական զորքի ռազմական կորովը Փոքր Ասիայում: Եվ երրորդ՝ ռուս-թուրքական համաձայնությունը, որ բարոյական և նյութական ուժերի մի անսպասելի աղբյուր հանդիսացավ քեմալական շարժման համար:

Այս անակնկալ դեպքերը իրար լրացնելով՝ մոգական գավազանի հրաշագործ զորությամբ կյանքի կոչեցին տաճկական դիակը, որ ոտքի կանգնեց, կազդուրեց, ուժեղացավ և պարտության մատնեց մեզ՝ Կարսում, հույներին՝ Փոքր Ասիայում իսկ Դաշնակիցներին և ռուսներին՝ Լոզանում…

Այս բոլոր պարագաները համադրելով՝ Դաշնակցությանը համարձակորեն կարող է ասել իրեն մեղադրողներին. ձեզնից նա, ով կարող էր կանխատեսել դեպքերի ընթացքը Մերձավոր Արևելքում, կամ նա, ով տվյալ պայմաններում նվազ «թեթևամտությամբ» էր գնահատում Թուրքիայի ուժը, թող առաջին քարը նա՛ նետի ինձ վրա:

Եվ ես համոզված եմ, որ եթե Քաջազնունին, ի պատասխան այս կոչի, ուշացած մարգարեի սքեմն ուսին ձգած առաջ անցնի իր քարը նետելու համար՝ նա, համենայն դեպս, իր կողքին չի ունենա ո՛չ մեր ազգային կազմակերպություններն ու քաղաքական գործիչները, ոչ Վենիզելոսն ու նրա հաջորդած հույն պետական անձնավորությունները, ո՛չ Լոյդ Ջորջի պես հմուտ դիվանագետները և ո՛չ էլ ռուս բոլշևիկների պես խորոմանկ քաղաքագետները …

Քաջազնունու մեղադրանքի երկրորդ կետն այն է, թե մենք գերագնահատել ենք մեր ուժերը, որ հայ-թուրքական պատերազմի խնդրում նշանակում է, թե մենք «վստահ ենք եղել մեր ուժերի վրա կամ, ավելի որոշ ասած, վստահ ենք եղել, թե կհաղթենք թուրքերին:

Այս կետի մասին ավելորդ կլիներ խոսել, եթե նա հանդես գար իբրև կատարված փաստի հասարակ ճշտումն (konstatierung) և ոչ թե իբրև մի մեղադրանք Դաշնակցության դեմ: Որ մենք վստահ ենք եղել մեր ուժերի և մանավանդ մեր զինվորական ուժերի վրա, որ մենք խորապես համոզված ենք  եղել, որ պիտի հաղթենք թուրքերին՝ այդ անժխտելի մի իրողություն է: Բայց և այնպես, այս վստահությունն ու համոզումը չեն կարող տեղ գրավել որևէ անաչառ ամբաստանագրի մեջ:

Այսօր, մեր պարտության փաստից հետո, մեծ իմաստություն հարկավոր չէ ասելու, թե մենք չպիտի այդքան վստահ լինեինք մեր ուժերի վրա և հավատայինք մեր հաղթանակին: Սակայն մեր անցյալ «անիմաստությունը» գնահատելու համար չպետք է մեկնակետ դարձնել այսօրվա տխուր օրերը, այլ հայ-թուրքական պատերազմի նախօրյակը, երբ Քաջազնունին, ոգևորված մեր զինվորական հաջողություններով, բանակի համար հանգանակություն էր կատարում Ամերիկայում:

Մեր սեփական ուժերին և մասնավորապես զինվորական ուժերին անվստահությամբ չվերաբերելու համար 1920 թվին մենք գործ ունեինք հետևյալ փաստերի հետ:

Նախ, ինչպես Քաջազնունին, նույնպես և մենք, 1920 թվին գիտեինք. «Նախորդ երկու տարիների զուլումն անցել էր արդեն կամ անցնելու վրա էր: Ժողովուրդը մի քիչ կշտացել էր արդեն, մի քիչ հանգստացել, կազդուրվել: Ունեինք բանակ, որ լավ զինված էր անգլիական զենքով ու մաքուր հագնված անգլիական հագուստներով: Ունեինք բավականաչափ ռազմապաշար: Մեր ձեռքին էր Կարսի պես կարևոր բերդը»:

Այնուհետև, մենք գիտեինք, որ մեր երկու տարվա աշխատանքները՝ բարձրացնելու զորքի ռազմունակությունը,  ապարդյուն չէին անցել: Այն զորքը, որ 1919 թվին, երկար ամիսների ընթացքում չէր կարողանում գրավել մի Բոյուք Վեդի, 1920 թվին, մի հուժկու գրոհով գրավեց և՛ Վեդին, և՛ Գայլի Դրունքը, և՛ Շարուրը: Պակաս փառավոր չեղան մեր կռիվները Զանգեզուրում, Զանգիբասարում, Աղբաբայում և Մերդենիկում: Այս բոլոր վայրերում մեր զորքը շատ ցայտուն կերպով հանդես բերեց իր ռազմական ոգին՝ համառ կռիվներով փախուստի մատնելով թուրք սպաների ղեկավարությամբ մեր դեմ ելած թաթար կամավորներին և ադրբեջանյան ասկյարներին:

Սակայն այլ բան են թաթար կռվողները և այլ բան՝ թուրք ասկյարները: Այդ բանը մենք լավ գիտեինք, այդ պատճառով էլ Քաջազնունու կարծած «թեթևամտությամբ» չվերաբերվեցինք այն տեղեկություններին, թե թուրք զորքերը Մերդենիկի և Սարիղամիշի ուղղությամբ շարժվում են մեզ վրա: Բայց այստեղ էլ մենք գործ ունեինք մեր փորձված և հեղինակավոր հրամանատարության այն անսասան հավատի հետ, թե մեր զորքը թուրք ասկյարների դեմ ևս հաղթական պիտի դուրս գա:

Այսորվա պես հիշում եմ հետևյալ դեպքը: Երբ Սարիղամիշի անկման լուրը մեզ հասավ՝ հրավիրվեց արտակարգ կառավարական նիստ, որին ներկա էր և զորքի ընդհանուր հրամանատար զորավար Նազարբեկյանը: Վարչապետ Օհանջանյանը, լրջորեն մտահոգված այն տեղեկությամբ, թե մեր զորքը, գրեթե առանց կռվի, թողել է Սարիղամիշը թուրքերին, դիմեց Նազարբեկյանին հետևյալ խոսքերով.

– Զորավար, եթե դուք կարծում եք, թե մեր զորքը պիտի չկարողանա կամ շատ պիտի դժվարանա դիմագրավել թուրքերին՝ ասեք մեզ այդ պարզ, որպեսզի մենք կարողանանք որևէ մրջոցի դիմել՝ վերջ տալու այս կոնֆլիկտին (ընդհարմանը):

– Կասկած չկա, որ մենք նրանց հետ կմղենք,- եղավ Նազարբեկյանի կարճ պատասխանը:

Խոսողը մի վառվռուն սպա, մի տաքարյուն երիտասարդ չէր, որպեսզի մենք կարողանայինք թերհավատության մեջ ընկնել: Խոսողը զորավար Նազարբեկյանն էր՝ մի ծեր և փորձված զորական, որ 1878-ից ի վեր բազմաթիվ կռիվներ ունենալով թուրքերի հետ և 1917 թվից սկսած իր կյանքն անցկացնելով հայկական զորքերի մեջ՝ շատ լավ պիտի ճանաչեր և հայ զինվորին: Ընդհանուր հրամանատարի կտրական խոսքը, թե մենք հետ կշպրտենք թշնամուն՝ մեր աչքում մեծ կշիռ ուներ մանավանդ այն պատճառով, որ նրա չափավորությունն ու զգուշավորությունը պատերազմական գործերում հաճախ ծայրահեղության էին հասնում:

Պատերազմի վախճանի նկատմամբ նույն կարծիքն ուներ և՛ Սարդարապատի հերոս զորավար Սիլիկյանը, որ Կարսի ճակատի գլխավոր հրամանատարն էր, և՛ նրա սպայակույտի պետ գնդապետ Վեքիլյանը, որ շատ հմուտ ռազմագետի համբավ ուներ մեր զինվորական շրջաններում, և՛ Կարսի բերդապետ զորավար Փիրումյանը, և՛ մեր մնացած բոլոր հրամանատարները: Մինչև Կարսի անկումը ես, շարունակ լինելով զինվորական շրջաններում, չեմ հանդիպել մի հրամանատարի՝ փորձված, թե՝ անփորձ, հեղինակավոր, թե՝ նորելուկ, որ ամենադույզն կասկածն իսկ ունենար, թե մենք հաղթելու ենք թուրքերին:

Այս բոլոր պայմաններն աչքի առաջ ունենալով և դրանց վրա էլ ավելացնելով այն պատկերացումը, որ մենք ունեինք և չէինք կարող չունենալ թուրքական ուժի մասին, մենք՝ դաշնակցականներս, եկանք այն համոզմանը, որ մեր զորքը պիտի հաղթի թուրքերին: Ինձ մնում է այժմ միայն հարց տալ Քաջազնունուն, թե վերոհիշյալ պայմաններում ի՞նչ եզրակացության կամ համոզման պիտի գայինք մենք, որպեսզի նա, մեր երկրի  բախտորոշ այս խնդրում գոնե չասեր, թե մենք «անփորձ ու տգետ մարդկաց հատուկ անփութությունով» ենք մոտեցել այս խնդրին կամ՝ «արհամարել ենք հակառակ ուժերը և թեթևամտության աստիճանի անփույթ ենք եղել մեզ սպառնացող վտանգների հանդեպ»:

Չգիտեմ, թե Քաջազնունին ի՛նչ կպատասխանի այս հարցին, սական համոզված եմ, որ այս իրադարձությունների ժամանակ ով էլ կանգնած լիներ Հայաստանի իշխանության գլուխը, նա ևս անհրաժեշտորեն պիտի հանգեր նույն եզրակացությանը, որին հանգավ և Դաշնակցությունը:

Մի արտառոց տրամաբանական կառուցվածք ունի Քաջազնունու մեղադրանքը երրորդ կետում, այսինքն այն կետում, թե ինչու Դաշնակցությունը չփորձեց անմիջական համաձայնության գալ թուրքերի հետ, երբ նրանք, պատերազմի սկզբին, առաջարկեցին բանակցությունների մեջ մտնել իրենց հետ: Կողմնակի խնդիրներն ու լուսաբանությունները եթե մի կողմ դնենք, նրա մեղադրանքից կմնա հետևյալ տրամաբանական կառուցվածքը.

  1. Հայերի հետ համաձայնության գալու համար թուրքերը, լավագույն դեպքում և իբրև ծայրահեղ զիջում, մեզ պիտի առաջարկեին Բայազետն ու Ալաշկերտը՝ փոխարենը պահանջելով հրաժարվել Սևրի դաշնագրից,
  1. Հայաստանի կառավարությունը, լիներ նա դաշնակցական կամ որևէ այլ հայ կառավարություն, այն ժամանակվա պայմաններում, չէր կարող, չէր հանդգնի ընդունել թուրքական առաջարկը,
  1. Հետևաբար, պիտի եզրակացնի սովորական տրամաբանությունը, թուրքերի հետ համաձայնության գալը անկարելի էր: Սական Քաջազնունու տրամաբանությունը եզրակացնում է, որ այդ համաձայնությունը կամ՝ «մի խաղաղ ելք գտնելը անկարելի չէր», և «մեծ հանցանք» է համարում, որ մենք բանակցությունների մեջ չենք մտել թուրքերի հետ:

Այսօրինակ հակասությունների լաբիրինթոսից այնուամենայնիվ դուրս է ցցվում մի «մեծ հանցանք», որ ըստ Քաջազնունու, կատարել է Դաշնակցությունը: Եվ այդ այն է, որ ընդհարումների սկսվելուց հետո, երբ «թուրքերը առաջարկեցին մեզ տեսնել ու բանակցել, մենք մի արհամարական ժոստով մերժեցինք առաջարկը»:

Այս «հանցանքի» մեծությունն ըստ արժանագույն գնահատելու համար պետք է ի նկատի ունենալ այն պարագաները, որոնց մեջ սեղանի վրա դրվեց հայ-թուրքական բանակցությունների խնդիրը:

Հազիվ մի ամիս էր անցել Սևրի դաշնագրի ստորագրումից: Ամբողջ հայությունը՝ Ղարաբաղից մինչև Կիլիկիա, խանդավառված էր այն հավատով, թե Թուրքահայաստանը, թեև ոչ ակնկալված սահմաններով, արդեն ազատագրված է: Որ այս հավատն անհիմն էր, այսօր քաղաքական երեխաներն էլ գիտեն: Սական այն օրերին ամբողջ աշխարհում գուցե տասնյակներով կարելի էր հաշվել այն հայերին, որոնք, մեծ մասամբ բնազդորեն, թերահավատության սաղմը կրում էին իրենց հոգում և այս ու այն անկյունում շշնջում այդ թերահավատության մասին:

Եվ հասկանալի է այս համատարած հավատը: Կատարվածը հասարակ բան չէր: Աշխարհի հզորները, որոնց ոտքի տակ կիսամեռ ընկած էր միջին եվրոպական զինակցությունը՝ հանդիսավոր դաշինքով ճանաչում են միացյալ Հայաստանի անկախությունը և պարտադրում Սուլթանի կառավարությանը ստորագրել այդ դաշինքի տակ:

Այդ դաշինքը ոչնչացնելու համար ոտքի էր կանգնել քեմալական Թուրքիան, որ ինչպես քիչ վերև տեսանք, մեզ չէր կարող իբրև մեծ ուժ ներկայանալ ոչ միայն թուրք ժողովրդի տնտեսական և ֆիզիկական քայքայման պատճառով, այլև այն պատճառով, որ նրա դեմ կանգնած էին և՛ Սուլթանի կառավարությունը, և՛ մեծ պետությունները, և՛ մանավանդ Հունաստանի հաղթական բանակները:

Սրա վրա եթե ավելացնենք մեր պետական ուժի հարաճուն զարգացումը և այն միանգամայն հասկանալի վստահությունը, որ մենք տածում էինք և պիտի տածեինք դեպի մեր զորքն ու նրա ռազմունակությունը, այն ժամանակ, ընդհանուր գծերով գոնե, պարզ կլինի ընթերցողի համար, թե ինչ հոգեվիճակ և ուժերի փոխհարաբերության մասին ինչպիսի հասկացողություն ուներ և պիտի ունենար Հայաստանի կառավարությունը 1920 թվի աշնան սկզբին:

Ահա այս համգամանքներում հասնում է մեր կառավարությանը թուրքերի բողոքը, որ մենք գրավել ենք Ռուսահայաստանի սահմաններում գտնվող Մերդենեկը և Օլթի գավառի որոշ վայրերը, և նրա առաջարկը՝ հետ քաշել մեր զորքերը դեպի Բաթումի դաշնագրով գծած սահմանները, որպեսզի բարեկամական հարաբերությունները երկու երկրների միջև վերահաստատվեն…

Խղճի մտոք դատող ընթերցողն ինքը կտեսնի, որ այս պարագաներում ո՛չ Հայաստանի կառավարությունը, և ո՛չ էլ աշխարհիս երեսին որևէ ուրիշ կառավարություն, բացի «արհամարական ժեստից» այլ բան չէր ունենա պատասխանելու թուրքերին…

Բայց Քաջազնունին, որի քննադատությունները Դաշնակցության հասցեին տարաբախտաբար միշտ խղճի մտոք չեն կատարվում, այսօր հայտարարում է, թե դաշնակցական կառավարությունը «մեծ հանցանք» է գործել, որ թուրքերի առաջարկը մերժել է:

Ես ընդհակառակը, կանգնած լինելով այն տեսակետի վրա, որ յուրաքանչյուր գործ պիտի դատվի իր միջավայրում, գտնում եմ, որ այն ժամանակվա պայմաններում մեծ հանցանք կլիներ թուրքերի հետ համաձայնության փորձ կատարելը:

Այսպիսի մի փորձ կարող էր կատարվել երկու նպատակով. կամ Սևրի դաշնագրից վազ անցնելով՝ խաղաղություն հաստատել թուրքերի հետ, և կամ բանակցություններով ժամանակ վաստակել:

Առաջին նպատակի մասին խոսք լինել չէր կարող: Որևէ առաջարկ՝ հրաժարվելու Սևրի դաշնագրից կամ թեական դարձնելու այն՝ Հայաստանի կառավարությունը չէր հանդգնի ընդունելու:

«Եվ,- վկայում է Քաջազնունին,- այդպես կաներ ոչ միայն ՀՅԴ Բյուրոյի կառավարությունը, այլև ամեն մի ուրիշ հայ կառավարություն:

Ինչո՞ւ չէր հանդգնի ընդունելու:

– Որովհետև,- ասում է Քաջազնունին,- բոլոր քաղաքական կուսակցություններն ու խմբակցությունները, ազգային բոլոր դիվանագետները, կոչված ու անկոչ հայրենիք փրկողները՝ թե՛ երկրի ներսը, և թե՛ մանավանդ երկրից դուրս, բոլորը իբրև մի մարդ կմբոստանային, կքարկոծեին միաբերան, դավաճան կհայտարարեին այդպիսի մի կառավարություն:

Քաջազնունին այս պատկերը լրիվ գծած կլիներ, եթե նրա վրա ավելացներ մի ոչ անկարևոր հանգամանք ևս, և այդ այն  է, որ Սևրի դաշնագրից հրաժարվելու փորձն իսկ քաղաքացիական մի ահռելի պատերազմ կառաջացներ երկրում: Արյունլվա եղած թուրքահայ գաղթականությունը, որին հնար չէր լինում մի գյուղում հաստատելու, որովհետև շարունակ աչքը հառած էր պահում իր բնաշխարհին, իր օջախին, որ մեր բոլոր կռիվների ժամանակ վիրավորված գազանի պես շարունակ առաջին դիրքերն էր նետվում այն հավատով, որ նորակազմ հանրապետության ուժեղացումը անհրաժեշտ գրավականն է Թուրքահայաստանի ազատագրության համար, հենց որ լսեր, թե կառավարությունը այդ երկրի հաշվին առևտրի մեջ է մտել թուրքերի հետ, մի մարդու պես իր զենքը կդարձներ կառավարության դեմ: Եվ այդ աղետալի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա մենակ չէր լինի: Նրա հետ միասին հարապետական կառավարության դեմ դուրս կգար Դաշնակցության ջախջախիչ մեծամասնությունը և, առաջին հերթին, նրա բոլոր մարտական ուժերը, որոնք կոփվել ու դարբնվել էին Թուրքիայի ազատագրության գաղափարով:

Պարզ է, որ այսպիսի հեռանկարներ ունեցող կառավարությունը չէր էլ կարող մտածել Սևրի դաշնագրից զիջում անելու մասին: Մնում էր միայն, որ թուրքերն ընդունեին Սևրի դաշնագիրը: Եթե այդ էլ, ինչպես Քաջազնունին ևս պնդում է, անհնարին մի բան պետք էր համարել, ապա հասկանալի է, ու հայ-թուրքական բանակցությունները առաջին նպատակի տեսակետից միանգամայն անիմաստ և մինչև իսկ վտանգավոր գործ պետք է լիներ մեզ համար:

Հիմա տեսնենք, թե ի՛նչ արժեք կարող էին ներկայացնել մեր բանակցությունները երկրորդ, այսինքն՝ ժամանակ վաստակելու նպատակի տեսակետից:

Նախ և առաջ վաստակելու պահանջը մեր առաջ չէր դնում զորքի հրամանատարությունը: Մենք վերևն արդեն իմացանք, որ զորավար Նազարբեգյանը տարակույս չուներ, որ մենք թշնամուն դուրս պիտի նետենք երկրից, իսկ զորավար Սիլիկյանը այս դուրս նետելը կապում էր մեկ թե երկու գումարտակով իր զորախումբն ուժեղացնելու հետ, որ օրերի խնդիր էր միայն: Հհակառակը, ամենքի կարծիքն այն էր, որ մենք պետք է ըստ կարելվույն շուտ վերջացնենք թուրքերի հետ մեր անմիջական հաշիվները Ռուսահայկական հողի վրա, որովհետև այնքան զորք, ինչքան մենք ունեինք այդ ժամանակ, երկար ժամանակ չէինք կարող զենքի տակ պահել՝ առանց նյութական ծանր դժվարությունների:

Այնուհետև, Քաջազնունու համար ևս պարզ պիտի լինի, որ բանակցություններով ժամանակ վաստակելու խնդիրը լուծելու համար կարևորն այնքան պաշտպանվողի ցանկությունը չէ, որքան հարձակվողի մտադրությունը: Մեր պատերազմում թուրքն էր նախահարձակը և նա պիտի վճռեր պատերազմը ձգձգելու կամ ժամանակ վաստակելու խնդիրը: Իսկ այս վճիռը կայացնելիս, հասկանալի է, որ նա մեր շահերով չպիտի առաջնորդվեր, այլ՝ իր շահով: Այնպես որ, երկրորդ նպատակի տեսակետից ևս մոտենալով խնդրին, ես չեմ կարողանում տեսնել, թե որն է այն թերացումը, որ Քաջազնունին իբրև «մեծ հանցանք» փաթաթում է Դաշնակցության վզին: Եվ ես հավատացած եմ, որ եթե Քաջազնունին այս խնդրում բացառապես իրերի տեսությունով և տրամաբանության պահանջներով առաջնորդվելու լինի, նա ևս չի գտնի այդ թերացումը:

Գանք Քաջազնունու մեղադրանքի չորրորդ և վերջին կետին:

– Մենք,- ասում է նա,- ոչ միայն ոչինչ չար[եց]իք պատերազմից խուսափելու համար, (այլ) հակառակը՝ ինքներս անմիջական առիթ տվ[եց]ինք պատերազմի: Օլթիի հապճեպ գրավումը ձեռնոց էր, որ կարծես դիտմամբ նետում էինք թուրքերի երեսին, կարծես ինքներս որոնում էինք ու ցանկանում պատերազմ:

Հրաշալի է այս դիտմամբ ձեռնոց նետելու, պատերազմ որոնելու, պատերազմ ցանկանալու մեղադրանքը, որ Քաջազնունին շպրտում է Դաշնակցության երեսին: Հրաշալի՜, մանավանդ այն պատճառով, որ այս մեղադրանքը ևս հրապարակ է նետվում ոչ թե իբրև մեր կուսակցության երդվյալ թշնամու հերյուրանք, այլ իբրև մի բարեկամի, մի նախկին ընկերոջ «ինքնագնահատում»…

Այս մեղադրանքի արժեքը հասկանալու համար նախ կցանկանայի առարկայորեն պարզել այն հարցը, թե ի՛նչ նկատումներով կատարվեց մեր զորքերի առաջխաղացումը Կարսի նահանգում, որ հայ-թուրքական պատերազմի անմիջական առիթն է համարվում շատերի կողմից:

Մեր առաջին քայլը դեպի նախկին ռուս-թուրքական սահմանագիծը Կարսի նահանգում եղել է Մերդենեկի գրավումը: Մերդենեկն անհրաժեշտ էր մեզ համար գլխավորապես իր քարածխի հանքի պատճառով: Հանրապետության առաջին օրերից սկսած՝ երկիրը վառելիքի սուր կարիք ուներ, իսկ 1920 թվին այդ կարիքը տագնապի էր փոխվել, որովհետև Ադրբեջանը, որ սկզբում կաթիլներով գոնե մեզ նավթ էր տալիս, կամ, ավելի ճիշտն ասած, թույլ էր տալիս, որ մենք նավթ գնենք՝ 1920 թվի սկզբից արգելք էր դրել Հայաստանին նավթ և նավթային արտադրություններ վաճառելու վրա: Դրա հետևանքով, մեր երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը մեծապես խանգարվել էր, իսկ վառելիքի գինը՝ ահռելի չափերի հասել: Մերդենեկը, որ Ռուսահայաստանի մասն էր կազմում, բայց Բոյուք Վեդիի, Զանգիբասարի և այլ մահմեդական գավառների պես չէր ուզում ճանաչել մեր իշխանությունը, գրավելով՝ մենք հույս ունեինք շահագործել նրա քարածխի հանքը և, այդպիսով, գոնե մեր հաղորդակցությունը ազատել Ադրբեջանի վերահսկողությունից:

Եվ, արդարև, Մերդենեկի գրավումից անմիջապես հետո, կառավարությունն արտակարգ միջոցների դիմաց ածխահանքի շահագործումը կազմակերպելու համար: Արդեն այդ քարածուխն օգտագործելու փորձերը կատարել և մեր շոգեմեքենաներից մի քանիսը նոր վառելիքին հարմարացրել էինք, երբ սկսվեց հայ-թուրքական պատերազմը և ամեն ինչ տակն ու վրա եղավ:

Մեր երկրորդ շարժումը, որ կատարվեց Օլթիի ուղղությամբ, ավելի շուտ քաղաքական նպատակներ էր հետապնդում: Այն, մի կողմից պիտի ամբողջացներ Ռուսահայաստանը մեր իշխանության ենթարկելու ծրագիրը, մյուս կողմից՝ հարթեր մեր ճանապարհը դեպի Սև ծովը և երրորդ կողմից՝ ցրել այդտեղ կուտակված չեթեական ուժերը, որոնք մշտական սպառնալիք էին հանդիսանում մեզ համար:

Որ այս բանը թուրքերին դուր չպետք է գար, այդ մենք գիտեինք: Բայց մեր ո՞ր քայլն է նրանց դուր եկել: Դո՞ւր էր գալիս նրանց, որ մենք նստած էինք Կարսում: Դո՞ւր էր գալիս նրանց, որ մենք ցանկանում էինք մեր իշխանությանը ենթարկել Հայաստանի մահմեդական գավառակները: Իհարկե, ոչ:

Սակայն ո՞ւր կհասնեինք մենք, եթե թուրքերին դուր չեկող ամեն բան որակելու լինենք իբրև ձեռնոց նետելու կամ նրանց հետ պատերազմ որոնելու արկածախնդրություն…

Քաջազնունին շատ-շատ կարող էր մեզ մեղադրել, եթե մենք 1920 թվին, օգտագործելով մեր ժողովրդի և զորքի բարձրացած տրամադրությունը, անցնեինք նախկին ռուս-թուրքական սահմանը՝ ցանկանալով զենքի ուժով լուծել թուրքահայկական խնդրում գոյացած գորդյան հանգույցը: Բայց նա էլ գիտի, որ մենք այդպիսի մտադրություն չենք ունեցել ո՛չ Կարսի առաջխաղացության ժամանակ և ո՛չ էլ նրանից առաջ: Մենք գիտեինք, հարկավ, որ Թուրքահայաստանի գրավումն առանց մեր զորքերի մասնակցության չպետք է լինի, սակայն և այնպես՝ հաշվի առնելով մեր նորաստեղծ պետության ընդհանուր վիճակը, մեր նյութական կացությունը, գրավելիք երկրի ընդարձակությունը, քեմալական շարժումները և, որ ամենից գլխավորն է, Թուրքահայաստանում մնացած մահմեդական ազգաբնակչության թշնամական վերաբերմունքը դեպի մեզ, մենք հասկանում էինք, որ առանց արտաքին օժանդակության՝ լոկ մեր սեփական միջոցներով, չենք կարող այս գործը գլուխ բերել: Ուստի և սպասում էինք, որ դաշնակից պետությունները մի հնար գտնեն Թուրքահայաստանի խնդիրը կարգադրելու համար, թեև գաղթական ժողովուրդը շա՜տ էր ջղայնանում մեր այս սպասողական քաղաքականությունից:

Սակայն անկախ այս բոլորից էլ՝ ի՞նչ արժեք ունի առիթի խնդիրը մեր անհաջողության մեջ: Մեր հրապարակախոսության մեջ արդեն բազմիցս կրկնված է Քրիստափորի այն խոսքը, որ եթե պատմական և հասարակական երևույթների համար չկան հիմնական պատճառներ, ամենամեծ առիթն էլ վճռական դեր չի կարող կատարել, իսկ եթե կան հիմնական պատճառներ՝ առիթը միշտ էլ կգտնվի:

Եթե Քաջազնունին էլ մեզ պես համոզված է, որ պատերազմը պետք էր թուրքերին, իսկ դա պետք էր նրանց Սևրի դաշնագրի գործադրությունը արևելյան նահանգների վերաբերմաբ անհնարին դարձնելու համար, ապա նրանք, հենց որ իրենց ի վիճակի զգային՝ ամեն տեսակի առիթ կգտնեին մեզ պատերազմ հայտարարելու համար: Ոչինչ էլ որ չլիներ՝ Բաթումի դաշնագիրը կար ու կար, նրանք միշտ էլ կարող էին պահանջել մեզանից, ինչպես և պահանջեցին, հեռանալ այդ դաշնագրով Թուրքերին զիջված հողերից, հետևաբար իրենց հարմար վարկյանին պատերազմի առիթ միշտ կարող էին ունենալ:

Սրանք են այն դիտողություններն ու բացատրությունները, որ ես կարող էի առաջ բերել այս հոդվածում՝ Քաջազնունու չորս կետերի դեմ, որոնց հիման վրա նա մեղադրյալի նստարանին է գամում Դաշնակցությանը հայ-թուրքական պատերազմի խնդրում: Դժբախտաբար, պարբերականի համար սահմանված հոդվածի ծավալը չի թույլատրում լրիվ ներկայացնել իմ բոլոր ասելիքները: Սակայն, թվում է, որ այսքանն էլ բավական է գաղափար կազմելու, թե ի՛նչ արժեք ունեն «պետք է անեինք», «պարտական էինք անելու», «սա է, որ չենք արել», «այդ փորձը չարինք» և նման կիսահռետորական բացականչությունները, որոնք այնքա՜ն առատորեն փռված են Քաջազնունու ամբաստանագրում: