Կարսի վերջին հայ քաղաքագլուխ Համազասպ Նոհրադյանը ավելի շատ հայտնի է Եղիշե Չարենցի ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ վեպով, որտեղ մարմնավորում է Մազութի Համոյի կերպարը:
Նոհրադյանի որդին՝ կամավորական Գևորգը, զոհվել է 1918 թվականի ապրիլի 25-ին՝ Մազրայի մոտ, Կարսի հայ բնակչության նահանջը պաշտպանելու ընթացքում: Այդ օրը թուրքական զորքերը գրավեցին Կարսը: Սիմոն Վրացյանն իր «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» հատորում գրում է. «Նահանջի ճանապարհը պաշտպանելիս, հերոսի մահով մեռավ Կարսի քաղաքագլխի որդին՝ կամավոր Գևորգ Նոհրադյանը»:
1919թ գարնանը, բրիտանական մի քանի հազարանոց զորքի անմիջական օգնությամբ Կարսը մաս կազմեց ՀՀ-ին և մնաց հանրապետության մաս մինչև 1920թ հոկտեմբերի 30-ը, երբ քեմալականները գրավեցին քաղաքը:
Համազասպ Նոհրադեանը քաղաքագլուխն էր: Նա գերի ընկավ մի քանի հազար հայերի հետ, որոնց թվում էին զորավարներ Փիրումյանը, Ղազարյանն ու Արարատյանը, գնդապետներ Վեքիլյանը, Տեր-Առաքելյանը, Բաբաջանովը, խնամատարության նախարար Արտաշես Բաբալյանը, նահանգապետի տեղակալ Չալխուշյանը, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը:
Կարսի վերջին հայ քաղաքապետ Նոհրադյանը շուտով կախաղան հանվեց:
Նոհրադյանը 1892-ից Բաթում-Կարս շրջանի դաշնակցական գործիչ էր, Կարսի Կենտրոնական Կոմիտեի անդամ: Նա եղել է Կարսի ծխական դպրոցի ուսուցիչ, հետագայում, հոր մահվանից հետո, ղեկավարել է «Լույս» նավթարդյունաբերական ընկերությունը որպես կառավարիչ, որն ապահովել է նավթամթերքներով Բաթում-Կարս նահանգը:
Համազասպ Նոհրադյանը ծնվել, մեծացել էր Կարսում, կինը՝ Հերիքնազն էր, ուներ չորս զավակ՝ Արուսյակ, Գրիգոր, Գեւորգ, Վարսենիկ: