Հայ-թուրքական պատերազմը. Սիմոն Վրացյան

1695

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը: 

Գլուխ Թ 

Թողնենք միառժամանակ Տրապիզոնի բանակցությունները և նայենք, թե այդ օրերին ի՞նչ էր կատարվում ռազմաճակատում:

Տեսանք արդեն, որ թուրքերի դրդումով, դեկտեմբեր ու հունվար ամիսներին, Անդրկովկասի ամբողջ տարածության վրա և գրավված վայրերում տեղի էին ունենում մահմեդական շարժումներ, իսկ հունվարի կեսերին Վեհիբ փաշան բողոքեց «հայկական գազանությունների» դեմ՝ հաղորդելով, թե ինքը հրամայել է իր բանակին շարժվել մինչև ռուսական զորքի հետ շփման մեջ մտնելը:

Փետրվարի 25-ի երեկոյան, Անդրկովկասյան կոմիսարիատը Վեհիբ փաշայից ստացավ մի նոր հեռագիր, որ ասում էր. «Թիֆլիս, գլխավոր հրամանատարին, պատճեն Անդրկովկասյան կառավարության նախագահին: Հաղորդում եմ բառացի հենց հիմա ստացված երկու ֆրանսերեն հեռագրերը: Առաջինը՝ կովկասյան ռուսական բանակի գլխավոր հրամանատար զորավար Լեբեդինսկունն: Ձերդ գերազանցություն, Ռուսաստանի փառապանծ հանրապետությունը՝ համաձայնելով պարպել Բաթումի, Կարսի և Արդահանի շրջանները՝ հենց նոր այդ մասին ստորագրեց հաշտության դաշնագիր: Ի հետևանս այդ բանի պատիվ ունեմ հաղորդել ձերդ գերազանցության, որ ես այս պահին ստացա իմ սպարապետից մի հրաման, որի հիման վրա խնդրում եմ ձեզ ամենակարճ ժամանակում դատարկել հիշյալ շրջանները: Սպասելով ձերդ գերազանցության պատասխանին՝ խնդրում եմ ընդունել ամենախորին հարգանացս հավաստիքը: Վեհիբ Մեհմեդ»:

Երկրորդ հեռագիր. «Կովկասյան ռուսական բանակի հրամանատարին: Ձերդ գերազանցություն, հիմնվելով ձեր ներկայության վրա Էրզրումում՝ ես ենթադրում էի, որ հայերը հանդգնություն չեն ունենա գործելու դաժանություններ այդ քաղաքում և շրջակա գյուղերում և սկզբում հրամայեցի կանգնեցնել մեր զորքերի առաջխաղացումը հիշյալ գծերի վրա: Այսօր ստացված տեղեկությունների հիման վրա, ձերդ գերազանցության հեռանալուց հետո Էրզրումում և քաղաքի շրջակայքում տեղի են ունեցել անհաշիվ գազանություններ հայերի կողմից, այդ պատճառով ես ինձ պարտավորված եմ զգում հաղորդելու ձերդ ազնվության, որ մենք հարկադրանքի տակ ենք, ըստ կարելվույն շուտ, ազատելու սպառնալիքի ներքո գտնվող շրջանները: Այդ առթիվ խնդրում եմ, ձերդ գերազանցություն, այս կամ այն ձևով հայրարարել այդ բռնավորներին, որ նրանց դիմադրությունը կարող է ունենալ իբրև հետևանք խիստ ճնշումներ և անսպասելի արդյունք: Օգտվում եմ առիթից, ձերդ գերազանցություն, տեղեկացնելու ձեզ, որ մեր զորքերի վերադարձը Տրապիզոն ձեր զորքերի կողմից ընդունվեց անկեղծ ու սրտագին: Ես երջանիկ էի վկա լինելու այդ հազվագույտ պատմական տեսարանին: Տրապիզոնի պայթյունը, որ, անկասկած, տեղի է ունեցել  պատահականության արդյունքում, մեծ ցավ պատճառեց ինձ, և ես շտապում եմ ներկայացնել ռուս բանակին իմ ցավակցությունները ու խնդրել ձերդ գերազանցությանը ընդունել իմ բարձր հարգանաց հավաստիքը: Վեհիբ Մեհմեդ»:

Այսպես, ուրեմն, անդրկովկասյան կառավարությունը Վեհիբ փաշայից էր իմանում, որ Տրապիզոնը գրավված է թուրքերի կողմից և որ, բացի այդ, թուրքական հրամանատարությունը նոր պատրվակներ է որոնում, որովհետև «հայերի գազանությունները» նորություն չէին նրա համար:

Նոր տեղեկությունները հաստատում էին, որ թուրքերը շարունակում են արագորեն ուժեղացնել ռազմաճակատը: Անդրկովկասյան բանակի ընդհանուր հրամանատար զորավար Օդիշելիձեն Սեյմի փետրվարի 26-ի նիստում հաղորդեց, որ «վերջին երկու-երեք օրվա ընթացքում Տրապիզոնի շրջանում թուրքերի վերաբերմունքը դեպի մեզ փոխվել է: Մեր զորքերը թողել էին ռազմամթերքի ու պարենի ահագին  պաշար: Թուրքերի առաջարկով կազմվել էր մի հանձնաժողով, որը պետք է պահակներ դներ, և հետզհետե ամբողջ պաշարը պիտի փոխադրվեր: Ստացված տեղեկություններից այժմ դուրս է գալիս, որ թուրքերը ներս չեն թողնում մեր ընդունողներին և ամեն կերպ արգելք են հանում մեր ստացվածքը դուրս տանելուն: Դրանից զատ, մեզ հաղորդում են, որ բացի Տրապիզոնը գրավող 37 դիվիզիայի մասերից Եվրոպական Ռուսաստանից հասնում են 42-րդ դիվիզիայի մասերը: Տեղեկություններ կան, որ այնտեղ երևացող գնդերը բոլշևիկյան կազմ չունեն. լավ և առույգ տրամադրության տեր մարդիկ են: Երևացել են ռազմամթերք կրող բազմաթիվ առագաստանավեր»:

Միաժամանակ սաստկանում էին մահմեդական շարժումները Կարսի և Արդահանի շրջաններում. Մերդենեկն ու Արդահանը պաշարվել էին զինված ամբոխի կողմից. Կարս, Արդահան, Օլթի հաղորդակցությունը կտրվել էր, ավազակախմբեր էին երևացել Կարս-Ալեքսանդրապոլ ճանապարհի վրա, Չըլդրում, Գյոլում և ուրիշ կողմեր: Կարսից, Արդահանից ստացվել էին պաշտոնական հեռագրեր, որոնք ամենամռայլ գույներով էին ներկայացնում կացությունը: «Դրությունը չափից ավելի տագնապալից է,- հեռագրում էին Արդահանի քաղաքային և գավառական գործադիր կոմիտեի նախագահ Սալարիձեն և կոմիսար Շագալովը: – Կազմակերպված ու համաչափ գործող հազարավոր հրոսակների կողմից իրար հետևից կողոպտվում ու զինաթափվում է քրիստոնյա բնակչությունը: Երեկ նույնիսկ թալանվեց ու հրացանի բռնվեց Մերդենեկը, ուր հավաքվել է շրջանից 6 գյուղերի ողջ քրիստոնյա բնակչությունը, որ երկու անգամ որոշել է արտագաղթել, բայց չի կարողանում իրականացնել, որովհետև պահակ չունի և վստահ չէ, թե կկարողանա ճեղքել-անցնել: Քրիստոնյա ազգաբնակչության մեջ տիրում է կատարյալ խուճապ»:

Նույն շրջանի հույն Ազգային խորհրդի նախագահ Կորխանիդին հեռագրում էր, որ «Արդահանի բոլոր քրիստոնյա գյուղերը ավերված ու թալանված են քրդերի և թուրքերի ձեռքով, տավարը քշված-տարված է, բնակչությունը իսպառ մերկացված, արտագաղթին արգելք են լինում քուրդ հրոսակախմբերը… Շրջանի հույն բնակչությունը դատապարտված է մահվան՝ սովից ու ցրտից»:

Ի վերջո, Արդահանը գրավվեց զինված թուրք խուժանի կողմից, քրիստոնյա և, մասնավորապես, հայ տարրը մասամբ ջարդվեց, մասամբ կարողացավ փրկել փախուստի միջոցով:

Արդահանի շրջանի այդ դեպքերը բուռն վեճերի առիթ տվին Սեյմի մարտի 5-ի նիստում: Հայերը և վրացիների մի մասի մեղադրում էին մահմեդականներին, որ զենք են ծառայում «մութ ուժի» ձեռքին, որը ձգտում է կործանել Կովկասը: Մահմեդական պատգամավորները ջղայնացած պաշտպանվում էին և, իրենց հերթին, հարձակվում Դաշնակցության վրա, որը, իբրև թե, պատճառ է դառնում մահմեդական շրջանների ավերումին:

Նույն օրերին Սեյմում քննության նյութ եղան և Գանձակի ընդհարումները, որոնք միևնույն աստառն ունեին՝ թուրքական սադրանքը:

Փետրվարին թուրքերը հարձակվեցին կայարանից հայկական մասը անցնող մի խումբ պատերազմի դաշտից վերադարձող հայ զինվորների վրա և նրանից 12-ին սպանեցին: Զինվորները դիմեցին ինքնապաշտպանության և նույնիսկ սպանեցին մի քանի թուրքերի: Իսկույն, Գանձակում հայ և թուրք թաղերը դիրքեր բռնեցին միմյանց դեմ, և քաղաքը ստացավ պատերազմական բանակի կերպարանք: Անդրկովկասյան սեյմը ուղարկեց պատվիրակություն՝ խնդիրը տեղն ու տեղը կարգադրելու համար: Պատվիրակության մեջ մտան Գեր. Մախարաձեն, Ավ. Սահակյանը, Շահթախտինսկին և Խորեն Համասփյուռը, իբրև գանաձակցի գործիչ: Մարտի 2-ին մի խառն պատվիրակություն էլ ուղարկեցին Բաքվի Հայոց և Մահմեդական Ազգային խորհուրդներ՝ բաղկացած Բեհութ Ջիվանիշիրից ու բժ. Ռաֆիևից և Հայկ Տեր-Միքայելյանից, Գ. Եվանգուլյանից, Գեր. Շահնազարյանից, Հայկ. Մանանդյանից ու Մարտին Շաթիրյանից:

Պատվիրակության առջև բացվեց այսպիսի պատկեր. հունվարի կեսից սկսած, ինչպես որ երկաթուղիներով երթևեկությունը հայերի համար կտրված էր, բոլորովին կտրվել էր և Գանձակի հայերի և թուրքերի փոխհարաբերությունը, որովհետև կայարանում, շուկայում և, առհասարակ, թուրքական թաղում (որ քաղաքի մեծ մասն է) բոլոր պատահած հայերին թուրքերը անխտիր սպանում էին: Դրանից հետո թե՛ թուրքական և թե՛ հայկական մասերը դարձել էին երկու թշնամի բանակներ, որոնք պաշտպանվում էին խրամատներով սահմանի ամբողջ երկարությամբ, մշտական պահակներով և պատերազմական օրենքներով: Կայարանը և երկաթուղին թուրքերի մասում էին, ուստի վերջիններս ազատ կապված էին արտաքին աշխարհի հետ և օգտվում էին ամեն հարմարությունից՝ ստանալով զինամթերք և ուտեստ: Իսկ հայերը, պաշարված բերդի նման, սպառում էին իրենց վերջին մթերքը. նրանք չափազանց դժվար և պատահական կապ կարող էին պահպանել լեռների հայկական գյուղերի միջով Դիլիջանի և Շուշիի հետ»:

Բացի ընդհանուր պատճառից, Գանձակում կար ընդհարումների և մի հատուկ առիթ. Թիֆլիսի կենտրոնական զինվորական իշխանության որոշումով թուրքերը պետք է ստանային ռուսական 269-րդ գնդի ամբողջ գույքը, որի մի մասը՝ ռումբ ու փամփուշտ, գտնվում էր թուրքական թաղում և թուրքերն արդեն սառել էին, իսկ մյուս մասը՝ մի քանի հազար հրացան, բազմաթիվ հագուստ, վրաններ, պայտ ու մեխ և այլն, հայկական թաղում էր, և հայերը չէին ուզում հանձնել: Այս հողի վրա բուռն վեճ ու կռիվ էր առաջացել երկու կողմերի միջև:

Պատվիրակություններին մեծ դժվարությամբ հաջողվեց հաշտեցնել կռվող կողմերը:

Մահմեդական շարժումների տեսակետից, ինչպես կտեսնեք հետո, դրությունը անհամեմատ ավելի վատ էր Երևանի նահանգում, ուր արյունահեղ ճակատամարտեր էին տեղի ունենում թուրք զինված խուժանի և հայկական կանոնավոր զորքերի միջև:

Վեհիբ փաշան ու կովկասյան մահմեդականները շատ լավ գիտեին, թե ինչ են անում: Նրանք ձգտում էին խառնափնթորել Կովկասը, կազմալուծել ճակատն ու թիկունքը և այսպիսով հեշտացնել թուրք զորքերի առաջխաղացումը, որը սկսվեց հունվարի վերջերին:

Մոտ երկու ամսվա զինադադարից հետո, նորից հայկական նահանգները դառնում էին թատերաբեմ պատերազմի, այս անգամ փաստորեն Թուրքիայի և հայերի միջև: Ռազմաճակատում այլևս ռուսական մասեր գրեթե չէին մնացել, և նրանց թողած դիրքերը գրավել էր Հայկական կորպուսը:

1918թ. տարեգլխին կովկասյան ճակատը ներկայացնում էր հետևյալ պատկերը.

Վանում կանգնած էր հայկական 5-րդ հրացանաձիգ գունդը և Վանի երկու գնդերը՝ կազմված տեղական բնակչությունից:

Խնուսում՝ հայկական 2-րդ հրացանաձիգ գունդը, Խնուսի և Ղարաքիլիսայի գնդերը՝ նույնպես տեղացիներից:

Էրզրումում՝ Էրզրումի հետևակ գունդը, հայկական առաջին հրացանաձիգ գունդը և 4-րդ հրացանաձիգ գնդի մեկ գումարտակը, ինչպես նաև՝ բերդային մասերը:

Երզնկայում՝ Երզնկայի հետևակ գունդը՝ երեք գումարտակներով և կամավորական խմբեր՝ Մուրադի ղեկավարությամբ:

Քյալքիթում՝ Սեպուհի կամավորները:

Տրապիզոնի շրջանում դեռ մնացել էին ռուսական վտիտ զորամասեր, որոնք աստիճանաբար հեռանում էին Ռուսաստան: Գլխավոր հրամանատարության կարգադրությամբ Գյումյուշխանե-Տրապիզոն գիծը պետք է գրավեին վրացական զորամասերը, բայց չգրավեցին:

Բացի այս մասերից, զանազան վայրերում ցրված էին նաև փոքրիկ կամավորական խմբեր, որոնք օժանդակ դեր էին կատարում և օգնում էին ժողովրդի և թիկունքային հիմնարկությունների ու հաղորդակցության գծերի պաշտպանությանը:

Հայկական կորպուսի մի մասը դասավորված էր թիկունքի զանազան քաղաքներում. Երևանում՝ հայկական 3-րդ և 6-րդ հրացանաձիգ գնդերը և 4-րդ գնդի մեկ գումարտակը, Կարսում՝ բերդային մասերը, որոնք կազմակերպման վիճակում էին դեռ, Ալեքսանդրապոլում՝ հայկական 7-րդ և 8-րդ հրացանաձիգ գնդերը և բերդային կազմակերպվող մասերը: Բացի այդ, զանազան կետերում կազմակերպվում էին այրուձիի, հրետանու և տեխնիկական որոշ մասեր: Կարսի բերդապետ էր նշանակվել զորավար Դեևը, որը համարվում էր Կարսի բերդային ամրությունների ամենից լավ ծանոթ զինվորականներից մեկը: Նրա կողքին կոմիսար էր Մ. Արզումանյանը:

Ճակատի ընդհանուր հրամանատարությունը մնում էր նախկինը. գլխավոր հրամանատարը զորավար Օդիշելիձեն էր, որ նստում էր Էրզրումում: Կովկասյան բանակի հրամանատարն էր զորավար Պրժևալսկին: Բանակի կազմակերպության ու հրամանատարության ձևը պահվել էր անփոփոխ, բայց, ըստ էության, ռուսական բանակը այլևս գոյություն չուներ. կար, համեմատաբար կազմակերպված հայկական կորպուսը, կիսակազմակերպ վրացական կորպուսը և անվանական, տակավին սաղմային վիճակում՝ մահեմդական զորամասը:

Թե այս ուժերին ի՞նչ էին հակադրում թուրքերը, դժվար է ասել: Ըստ գնդապետ Լարշեի, 1918 թ. սկզբին Վեհիբ փաշայի հրամանատարության տակ կային (3-րդ բանակը) հազիվ 10 000 կռվողներ, որոնց թիվը մարտին հասավ 25 000-ի: Նույն Լարշեի հաշվարկով, զորավար Նազարբեկյանը Վեհիբ փաշայի բանակի դեմ ուներ ոչ ավելի, քան 17 000 զինվոր՝ Կարս-Սարիղամիշ ճակատի վրա: Բացի թվականից, թուրքերն ունեն և մի շարք ուրիշ խոշոր առավելություններ: Նախ, նրանք շատ լավ ծանոթ էին մեր ճակատի ու թիկունքի վիճակին, մերձավոր և հեռավոր թիկունքում ունեին մահմեդականների համակրանքն ու աջակցությունը: Թուրքական բանակի կորովը բարձր էր, մինչդեռ մեր զորամասերի մեջ դեռ թարմ էին ռուսական բանակի քայքայման հիմքերը: Վերջապես, թուրքական զորքը ուներ հմուտ հրամանատարություն ու մեկ կամք, մինչդեռ Կովկասում տիրում էր բազմիշխանություն կամ անիշխանություն և չկար միացնող ու ղեկավարող ուժեղ ձեռք:

Այս դրության մեջ, խախտելով զինադադարի պայմանները, հունվարի վերջերին թուրքերը անցան հարձակման Երզնկայի ճակատում, որը ուներ ավելի քան 70 կիլոմետր երկարություն, Էրզրումից կտրված էր մոտ 150 կիլոմետր տարածությամբ և բռնված էր հայկական ցանցառ զորամասերով, որոնք ստիպված էին պաշտպանել նաև ճանապարհները քուրդ հրոսակախմբերի հարձակումներից: Մեր զորքերը ցույց տվին կատաղի դիմադրություն: Միաժամանակ բարձր հրամանատարությունը բողոքեց զինադադարի խախտման դեմ, բայց Վեհիբ փաշան պատասխանեց, թե ինքը ստիպված է առաջ շարժվել միայն մահմեդականների կյանքը հայերից պաշտպանելու նպատակով: «Ես կարող եմ ձեզ վստահեցնել,- ավելացնում էր նա,- որ Երզնկայի զինադադարի համաձայնությունը ամբողջապես մնում է իր ուժի մեջ, իր արժեքը կորցրել է միայն երկու կողմերը բաժանող գիծը, իբրև հետևանք ռուս զորքերի հեռացման»:

Թուրքերի կողմից գործում էին 36-րդ դիվիզիայի մասերը՝ 2 հետևակ գունդ, 2 հարյուրյակ հեծելազոր, և 2 լեռնային թնդանոթ՝ ունենալով օգնական քրդական հրոսախմբեր: Այս ուժերի դեմ հայերը ունեին հազիվ 1000 սվին, 120 ձիավոր և 6 թնդանոթ. մյուս ուժերը ստիպված էին զբաղվել թիկունքի և ճանապարհների պաշտպանությամբ: Մի քանի օրվա համառ կռիվներից հետո, հունվարի 31-ի երեկոյան, հայկական զորքերը հայ ազգաբնակչության հետ պարպեցին Երզնկան և, անհնարին դժվարություններով նահանջեցին Էրզրումի ուղղությամբ: Թուրքերը կրնկակոխ հետևում էին նրանց, քրդերը հարձակվում էին աջից ու ձախից և դժվարացնում հայերի նահանջը, որը, ավելի շուտ, անընդհատ ճակատամարտերի մի շարք էր: Եվ միայն գնդապետ Հասան-Փաշայանի ու Մուրադի քաջության շնորհիվ թշնամին հաջողություն չունեցավ: Ճանապարհին միացան և Մամախաթունի և մյուս շրջանների հայկական կռվող ուժերն ու գաղթականները: Եվ այս բազմահազար զանգվածը, սարսափելի ցրտի ու սառնամանիքի մեջ, ահագին զոհեր տալով, շարժվեց դեպի հետ: Զորքի մոտ 40 տոկոսը և գաղթականների կեսը վնասվեց ցրտից՝ որի ձեռքն էր սառել, որի ոտքը կամ մարմնի ուրիշ անդամը: Սպանվածների ու վիրավորների թիվը հաշվվում էր հարյուրներով: Հասկանալի է, որ գազազած բազմությունը, իր հերթին, ինչով կարող էր վնասում էր ճանապարհին պատահած մահմեդականներին: Եվ Երզնկայից մինչև Էրզրում ո՛չ մի մահմեդական գյուղ կանգուն չմնաց. այրվեցին ու քար ու քանդ եղան, բնակչությունը փախավ կամ կոտորվեց:

Նույն ձևով նահանջը տեղի ունեցավ, փետրվարի 3-ին, և Բաբերդի շրջանից, Սեպուհի անմիջական ղեկավարության տակ:

Հայերի արած փոխվրեժի քայլերը ավելի ևս գրգռեցին թուրքերին, և պատերազմը փաստորեն ստացավ հայ-թուրքական կոտորածի կերպարանքը: Գերիներ չէին առնվում. երկու կողմն էլ իրենց ձեռքն ընկած հակառակորդին ոչնչացնում էր: Խնայել չկար: Պատերազմական օրենքները չէին հարգվում: Մարդը մարդուն իսկական մտքով դարձրել էր գազան:

Փետրվարի 11-ին Երզնկայի զորքն ու ժողովուրդը հասավ Էրզրում: Թուրքերը ավելի և ավելի զարգացնում էին գործողությունները և տարածվում ուրիշ ճակատների վրա:

Նույն փետրվարի 11-ին թուրքերը մտան Տրապիզոն և գրավեցին ռուսների թողած անհաշիվ ապրանքերը, ռազմամթերքը, պարենը, նավահանգստի գույքերը, երկաթուղային նյութերը՝ տասնյակ միլիոնների արժողությամբ հարստություններ:

Փետրվարի 18-ին Հայկական կորպուսի սպայակույտի պետ զորավար Վիշինսկին հեռագրում էր գլխավոր հրամանատարությունը. «Կորչմայի զորամասը հասավ Իլիջա. ժամը 16-ի մոտերը, Կորչմայի կողմից, երևացին ձիավոր քրդեր, որոնք, մեր առաջապահների հետ հրացանաձգություն ունենալուց հետո, շուտով քաշվեցին: Խնուսի ուղղությամբ, Սուլուխի կամրջի մոտ, թուրք ներկայացուցիչը կանչեց մեր սպային և հարցրեց, թե ինչո՞ւ չենք հեռանում թիկունք: Թուրք ներկայացուցչի ասելով՝ թուրքերն արդեն բոլշևիկների հետ կնքել են հաշտություն, որով մենք պետք է քաշվենք մինչև Սարիղամիշ՝ հանձնելով թուրքերին ամբողջ պաշարն ու զենքը»:

***

Երզնկայի անկումը, լախտի հարվածի պես, ցնցեց ամենքին: Վերահաս վտանգը բացահայտ էր: Այսքա՜ն ճիգով և արյուն-քրտինքով բնակեցված Թուրքահայաստանը նորից դատարկվում էր: Երզնկայից մինչև Վան տեղահան եղած ժողովուրդը գաղթում էր. փախստականների շարանը սկսել էր հասնել Երևան ու Թիֆլիս: Նորից՝ ավեր ու թշվառություն ամեն կողմ, Թուրքահայաստանը՝ մահացու վտանգի առջև: Ավելին. թշնամին մոտենում էր Ռուսահայաստանի դռներին: Եվ ամենքի աչքերը հառած էին Էրզրումին: Էրզրումը դարձել էր հայության հույսի փարոսը: Ազգային խորհրդի և Ապահովության խորհրդի ջանքերը ամբողջապես ուղղված էին այդ կողմը:

Բայց, իրապես, ի՞նչ էր ներկայացնում այդ ժամանակ Էրզրումը: Այնտեղ համախմբված էին հայկական կորպուսի առաջին բրիգադի հետևյալ զորամասերը՝ Էրզրումի գունդ՝ 2 գումարտակ, 600 սվին, Երզնկայի գունդ՝ 3 գումարտակ, 1400 սվին, 2 լեռնային մարտկոց 8 թնդանոթով, առաջին հրացանաձիգ գունդը՝ 300 սվինով, Էրզրումի գումարտակը՝  300 սվին, 3 խումբ՝կամավորներ՝ 400 ձիավոր: Ընդամենը, ուրեմն, 9 գումարտակ, 3 խումբ՝ 3100 սվինով ու 400 ձիավորներով և 2 մարտկոցով՝ 8 թնդանոթով:

Բացի այս ուժերից, Էրզրումի ամրությունները ունեին բավական ուժեղ հրետանի 400 բերդային և դաշտային թնդանոթներով, որոնց մեծագույն մասը, սակայն, անգործածելի վիճակի մեջ էր՝ լքված ու թաղված խորունկ ձյունի տակ, հազիվ մի-երկու տասնյակ թնդանոթները պահել էին իրենց ռազմունակությունը: էրզրումի հրետանին վարում էին 40 ռուս սպաներ և 400 զինվորներ, որոնց մարտական ոգին ու բարոյականը այնքան էլ բարձր չէին: Ռուսական սպայակույտը փետրվարի 12-ին Էրզրումից տեղափոխվել էր Սարիղամիշ և բերդի պաշտպանությունն ու զորքերի հրամանատրությունը անցել էր հայերի ձեռքը:

Էրզրումի ամրացված շրջանի պետ էր նշանակվել Անդրանիկը: Քաջ հայդուկ, հիանալի խմբապետ, պարտիզանական կռիվների հմուտ վարիչ Անդրանիկը, զորավարի ուսադիրներ դնելուց հետո, մեծ չափով կորցրեց իր հմայքը: Ուսադիրները չէին արգելում, որ ռուսական բանակի սպաները շարունակեին համարել նրան խմբապետ՝ անձեռնհաս վարելու խոշոր զորամասեր և բերդի պաշտպանության բարդ գործը: Անդրանիկը ինքն ևս, իր հերթին, լավ չէր զգում իրեն նոր դերում. ո՛չ խմբապետ էր, ո՛չ զինվորական: Խմբապետությունից հրաժարվել, զորավար չէր դարձել: Այդ պատճառով, մինչև վերջ էլ չկարողացավ կենտրոնացնել իր ձեռքը բերդի և զորամասերի ղեկավարության գործը: Այս պարագան քիչ չնպաստեց Էրզրումի արագ խորտակմանը:

Բայց, առանց այդ էլ, Էրզրումի օրերը հաշված էին: Նրա դեմ գործում էր ո՛չ միայն Վեհիբ փաշայի օր ավուր աճող բանակը, ո՛չ միայն հակառակորդի հրամանատարության առավելությունը, ո՛չ միայն շրջակա քրդական հրոսախմբերը, այլև ուժերի անհամաչափությունը՝ թուրքերը գերակշռում էին թվով, մահմեդական զանգվածները օգնում էին նրանց և Էրզրումի ավելի քան 20 000 թուրք ազգաբնակչության համակրանքն ու գաղտնի օժանդակությունը նրանց հետ էր: Ճիշտ է, Անդրանիկը փորձեց ձեռք առնել կտրուկ միջոցներ հայտնապես թշնամու օգտին ծառայող «Մահմեդական Ազգային կոմիտեի» դեմ, բայց հիմնական չարիքը դրանով չվերացվեց:

Փետրվարի 14-ից Էրզրումը դարձավ թուրքերի զինվորական գործողությունների անմիջական թիրախ, և հայկական առաջապահ մասերը, նրանց ճնշման տակ, քայլ առ քայլ, կռվով քաշվեցին մինչև Իլիջա: Համախմբելով իր ուժերը Իլիջայի դեմ՝ փետրվարի 26-ին թշնամին դիմեց բուռն հարձակման: Սկսվեցին կատաղի կռիվներ, որոնք հետզհետե տարածվեցին և ուրիշ շրջաններ: Թշնամու հախուռն գրոհի առջև մերոնք նահանջեցին՝ տալով ահագին զոհեր: Անդրանիկը ցույց տվեց անձնական մեծ քաջություն և անվերություն, բայց բանակն ու բերդի պաշտպանությունը ղեկավարող չուներ: Որոշ զորամասեր կռվեցին հերոսաբար, ուրիշները չկատարեցին իրենց պարտականությունը: Երեկոյան դեմ արդեն պարզ էր, որ կացությունը անհույս է: Անդրանիկի հրավերով գումարվեց զինվորական արտակարգ խորհրդակցություն, որը որոշեց պարպել քաղաքը և նահանջել:

Հաջորդ օրը, փետրվարի 27-ի վաղ առավոտից, սկսվեց Էրզրումի պարպումը ամենաողբերգական պայմաններում: Զինվորներով ու գաղթականներով լցված գնացքներ ու հետիոտն բազմություններ շարժվեցին դեպի Հասան-Կալա: Ժամը 9-ին թուրքերն արդեն քաղաքում էին: Վերջին հեռացողը այստեղից էլ, ինչպես և Երզնկայից, Մուրադն էր իր ձիավորներով, որ պաշտպանում էր գաղթականությունը: Թուրքերի ձեռքն ընկավ անհաշիվ ռազմամթերք, պարենավորում, հագուստ և ուրիշ հարստություններ: Քաղաքում մնացած հարյուրից ավելի հայերը կոտորվեցին: Իրենց հերթին, նահանջող հայերն էլ Էրզրումում ու ճանապարհին կոտորեցին պատահած թուրքերին:

Ճանապարհին իրենց միացնելով նաև Խնուսի կռվողների մի մասն ու գաղթականությունը՝ Էրզրումի ուժերը մարտի 2-ին հասան Սարիղամիշի ուժերին:

Էրզրումի անկումով փաստորեն ամբողջ Թուրքահայաստանը նորից անցավ թուրքերի ձեռքը: Ճիշտ է, Ալաշկերտ-Խնուս-Վան տարածությունը դեռ գրավված չէր, բայց նրա ճակատագիրն էլ որոշված պետք էր համարել: Թուրքահայկական գավառները նորից դարձան ավերակ և անմարդաբնակ:

Պատերազմը փոխադրվում էր Ռուսահայկական հողերի վրա: Բնաջնջման սպառնալիքները կախվում էր և հայության երկրորդ հատվածի գլխին: Կռիվը ո՛չ միայն ըստ էության, ձևականորեն էլ ստանում էր հայ-թուրքական պատերազմի բնույթ: Այսուհետև, բացառապես հայ ժողովրդից էր կախված պատերազմի վախճանը: Անդրկովկասյան իշխանությունը ո՛չ միայն չէր նպաստում պատերազմին, այլև իր վարանոտ ու հակասական քայլերով ու ներքին հակամարտություններով ավելի ևս թուլացնում էր ճակատի պաշտպանության գործը: Թիֆլիսում տիրող բարքերն ու միջցեղային բախումները մանավանդ, սաստիկ ազդում էին բանակի կազմության ու տրամադրության վրա: Հայերը Թիֆլիսում ու գավառներում պահանջում էին հայտարարել նոր զորակոչ, մինչ Անդրկովկասյան կոմիսարիատը մահմեդական անդամների ճնշման տակ և վրացիների հեղեղուկ դիրքի պատճառով ձգձգում էր: Բանը հասավ այնտեղ, որ հայկական շրջանների մի քանի ազգային խորհուրդներ ստիպված եղան հայտարարել տեղական զորահավաք, որ ահագին իրարանցում ու դժգոհություն առաջ բերեց Թիֆլիսում: Եվ միայն հայերի ստիպումով, անվերջ ու ջղայնացնող հետաձգումներից և երկու ամիս զինվորական հանձնախմբում պահելուց հետո, շատ ուշ, մարտի 24-ին Սեյմը ընդունեց զորահավաքի օրինագիծը, որով զինվորական նախարարությանը իրավունք էր տրվում զենքի տակ առնել, առաջին հերթին, մինչև 28 տարեկան զինապարտները, իսկ հետո, ի հարկին, նաև մինչև 32 տարեկանները:

Մարտի 2-ին Հայկական կորպուսի հրամանատար զորավար Նազարբեկյանը նշանակվեց ճակատի հրամանատար՝ Օլթիից մինչև Մակու ընկած տարածության վրա: Օլթի-Բաթում գիծը պետք է պաշտպանեին վրացիները: Հայ և վրացական ճակատների հրամանատությունը կենտրոնացվեց զորավար Լեբեդինսկու ձեռքը:

Զորավար Նազարբեկյանի տրամադրության տակ կար, միջին հաշվով, 36 գումարտակ զորք, թերի կազմերով՝ մոտ 15 000 զինվոր, որով պետք է գրավվեր ավելի քան 250 կիլոմետր երկարություն ունեցող ռազմաճակատ և պահպաներ թիկունքը:

Հայկական ճակատի դեմ, համաձայն հետախուզական տեղեկությունների, գործում էին հետևյալ թուրքական ուժերը. 5-րդ, 11-րդ և 36-րդ դիվիզիաները Էրզրում-Սարիղամիշ շրջանում, 1 դիվիզիա Ալաշկերտում և 1 դիվիզիա Վանա լճի շուրջը: Թե թվով և թե, մանավանդ, կազմակերպությամբ ու ներքին կորովի տեսակետից թուրքական բանակը ավելի բարձր էր, քան հայկականը:

Բայց և այնպես, հայերը ցույց տվին ուժեղ դիմադրություն: Կարաուրգանից այս կողմ թուրքերը յուրաքանչյուր թիզ հողը գրավում էին կռվով և զոհեր տալով:

Ընդհանրումները սկսվեցին մարտի առաջին կեսերին՝ Կարաուրգանի շրջանից: Թուրքական գործողությունների հետ մեկտեղ գլուխ բարձրացրին և քրդերը թիկունքում, մանավանդ երկաթուղու շրջանում: Մարտի 10-ին, թուրքերի ճնշող գրոհի տակ՝ հայկական զորքերը քաշվեցին դեպի Խան-Դերե: Մարտի 20-ին թուրքերը, մոտ 6 գումարտակով, լայն տարածությամբ, շարժվեցին դեպի Կարաքուրուտ, Բարդուս և այս կետերը գրավելուց հետո, հարձակվեցին Խան-Դերեի վրա: Այս կետի պաշտպանությունը հանձնվեց Դրոյին, որ այդ օրերին Սարիղամիշ էր եկել: Սկսվեց արյունահեղ ճակատամարտերի մի շարք, որ տևեց մի քանի օր: Մարտի 23-ին, Կարսից կտրվելու վտանգի տակ, զորավար Արեշյանը տվեց նահանջի հրաման, և մարտի 23 լույս 24-ի գիշերը հայկական զորքերը պարպեցին Սարիղամիշը՝ նախօրոք պայթեցնելով, այրելով ու փչացնելով պահեստներն ու ռազմական նշանակություն ունեցող կետերը:

Սարիղամիշի անկումով՝ մաքրվեց և Ալաշկերտի հովիտը: Հայկական զորքերը մնացին միայն Վանում, որոնք մինչև ապրիլի կեսերը շարունակեցին պաշտպանվել թուրքերի դեմ և ապա, կռվով, նահանջեցին դեպի Պարսկաստան, ուր սպանվեց Կոստյա Համբարձումյանը՝ «Պարոն Կոստին», ժողովրդական գաղափարական գործիչներից մեկը: