Ի՞նչ է անելու Իրանը, եթե Ադրբեջանը միջանցք զավթելու պատերազմ սկսի Հայաստանի դեմ

2134

Արցախում Հայաստանի անկարողության, Ռուսաստանի լռելյան համաձայնության և Արևմուտքի անտարբեր հայացքի ներքո իրականացված էթնիկ զտումն ու ավելի քան 100 հազար մարդու բռնի տեղահանությունը ժամանակավորապես երկրորդական պլան է մղել «Զանգեզուրի միջանցքի» թեման, որն սպառնալի կերպով առաջ էր տանում Ադրբեջանը՝ այդ հարցում ունենալով համախոհ Ռուսաստանի ու Թուրքիայի աջակցությունը:

Դա չի նշանակում, սակայն, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Բաքու-Մոսկվա-Անկարա վտանգն ու տարածքային նկրտումը վերացվել է: Գուցե այն անորոշ ժամանակով հետաձգվում է, սակայն Արաքս գետի երկայնքով անխափան ճանապարհ ստանալու ռուս-թուրք-ադրբեջանական ծրագրերը ուժի մեջ են: Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունի անխափան ճանապարհ/միջանցքի վերահսկողությունը, որպեսզի այն որևէ կերպ չանցնի երրորդ պետության:

Երևանից բացի, որ ամենաշահագրգռվածն է, Հայաստան-Իրան ընդհանուր սահմանի հարցում մտահոգություններ ունեն Թեհրանը, Եվրոպական Միությունը և Վաշինգտոնը՝ ամեն մեկն ունենալով իր յուրահատուկ շահերը:

Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամեդ Բաղերին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի ու Ադրբեջանի սահման:

Հրապարակավ նման պատրաստակամություն Իրանը հայտնում է առաջին անգամ, մինչդեռ բանակցություններում և փակ քննարկումներում Թեհրանը ցանկություն է հայտնում Սյունիքում զինված ուժեր տեղակայել՝ պաշտպանելու հայ-իրանական սահմանը ռուս-թուրք-ադրբեջանական ոտնձգություններից:

Մասնավորապես, դեռ մեկ տարի առաջ Իրանի նախագահը նման առաջարկ արել է Նյու Յորքում Հայաստանի ղեկավարությանը: Նույն ժամանակահատվածում Իրանը շատ արագ Կապանում բացեց հյուպատոսություն:

Երևանը, այլ մտահոգություններ հաշվի առնելով, կողմ չէ իրանական ռազմական ներկայությանը Սյունքիում, սակայն դա չի նշանակում, որ նման բան պետք է բացառել: Ավելին, ոչ պաշտոնական, փակ քննարկումներում Իրանը ուղղակի հայտարարում է, որ եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում սկսի միջանցք զավթելու նպատակով, ապա իրանական զինուժը առանց որևէ մեկին հարցնելու և թույլտվության անցնելու է Արաքսը և պատերազմ սկսելու ներխուժող զորքերի դեմ՝ պաշտպանելու Իրանի կենսական շահերը:

Թեհրանի համար Իրան-Հայաստան բարեկամական սահմանը կարմիր գիծ է: Ավելին, իրանցիներին արդեն իսկ նյարդայնացնում է բարեկամական այդ սահմանի երկայնքով ռուս սահմանապահների ներկայությունը:

Արցախը կորցնելուց և արցախահայության բռնի տեղահանությունը վերապրելուց հետո Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում պետք է ամրացնի իր կապերը և ռազմաքաղաքական նոր բովանդակություն տա այն պետությունների հետ հարաբերություներին, որոնց շահերից չի բխում Արաքսի երկայնքով միջանցքի գոյությունը:

Մենք չպետք է հերթական անգամ սխալվենք և անվտանգության հարցում հույս դնենք երրորդ պետությունների կամ կազմակերպությունների վրա, ինչպես եղավ Արցախի դեպքում: Նույնը վերաբերում է հայ-իրանական սահմանին: Այստեղ Հայաստանի շահերը համընկնում են առաջին հերթին Իրանի, ինչպես նաև՝ Եվրոպական Միության և ԱՄՆ-ի հետ, բայց կրկին, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման խնդիրը Հայկական բանակի և դիվանագիտության վրա պետք է լինի խարսխված:

Եւ ամենակարևորը՝ երկկողմ մակարդակում պետք է լրացուցիչ աշխատանք տանել Ռուսաստանի հետ: Մոսկվային անտեսելը, որքան էլ վերջինս համերաշխ է Ալիևի և Էրդողանի հետ, ամենամեծ վտանգն է Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն, 5 հոկտեմբեր, 2023թ