Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս

1529

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը արևելահայերենով հրատարակության է պատրաստում ՀԵՐՈՍՆԵՐԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ հատորը, որի մեջ ներառվել են երկու հուշագրություններ՝ Եղիշե Քաջունու ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ. ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՎԱԾՈՂ ԶՈՐԱՄԱՍԸ և Սարդարապատի ճակատամարտի մասնակիցներից, վանեցի ՎԱՂԱՐՇԱԿ ՇԱՀԻՆՅԱՆԻ հարցազրույցը: Այս հատորը արդեն հրատարակվել է անգլերենով, ունեցել է երկու հրատարակություն:

Առաջիկա ամիսներին այն հասանելի կլինի նաև արևելեհայերենով:

Ներկայացնում ենք մի հատված Անդրանիկի, նրա 3000-անոց զորամասի և ուղեկցող 20 հազար արևմտահայ գաղթականների 1918թ օգոստոսյան օրագրությունից:

Օգոստոսի 27

Կեսօրից հետո ամեն ինչ պատրաստ էր մեկնելու համար: Հույս կար, որ երեկոյան, դեռ մութը չընկած, կհասնենք Սիսիանի հայկական գյուղերից մեկը: Զորամասի հետ շարժվում է նաև Գորիսի շրջանում գտնվող գաղթականությունը, որը տեղավորվել է սարերում ու ձորերում:

Ձիավորների մեծ մասն արդեն սարերում էր: Գորիսի ժողովուրդը հավաքվել և ողջերթ է մաղթում Անդրանիկին ու զորամասին: Սիսիան գնացող ճանապարհը բարձրանում է Գորիսի ձորը կազմող ձորն ի վար: Վերը բաց դաշտ է, ավելի ճիշտ՝ լեռնադաշտ՝ Գորիսի սարերը: Հակառակ նրան, որ ամառ է, խոտն առատ, այնպես որ՝ ձիերը լավ կշտանում են:

Զանգեզուրից դեպի Սիսիան տանող ճանապարհի վրա գյուղ չկա, բայց մայրուղուց ոչ շատ հեռու, Որոտան գետի եզերքին, փոս դիրքերում, կան թուրքական Աղուտի, Վաղուտի, Ուռուտ գյուղերը: Այս գյուղերում թուրքերը ավազակաբարո են և անվանի շրջանում իրենց կատարած ավազակություններով: Ռուսական հեղափոխությունից ի վեր ավելի հանդուգն են դարձել և փակել են մայրուղին Սիսիանի և Գորիսի միջև, տասնյակներով հայ ճամփորդներ են կողոպտել, տուն դարձող զինվորների զենքերը խլել և սպանել, այնպես որ, ոչ մի հայ, նույնիսկ զինված խումբ չի համարձակվում մայրուղով Սիսիանից Գորիս կամ Գորիսից Սիսիան անցնել: Շատ ստիպողական դեպքերում ստիպված են Դարպասի լեռնային, վտանգավոր ճանապարհով անցնել Տաթև-Շնհեր և Գորիս, այսինքն՝ Որոտան գետի մյուս ափով: Զորամասը, իհարկե, չէր կարող այդ փախստական ճանապարհով մեկնել, որովհետև անհնար է այդ ճանապարհով տրանսպորտ փոխադրել:

Զորամասը հազիվ սարերից մտել էր թուրքական այդ գյուղերի շրջանը, երբ դիրք մտած թուրքերը սկսեցին կրակ բացել զինվորների վրա: Արդեն զբաղեցրել էին լավագույն դիրքերը: Կռիվը սկսվել էր: Ստիպված, գիշերը պետք է մնայինք սարերում, բացօթյա, ցրտին:

Կռիվը հետզհետե տաքացավ: Թուրքերը ի վերջո տեղի տվեցին և նախ ապաստանեցին իրենց գյուղերում և ապա՝ լեռներում: Զորամասը մնաց բաց դաշտում, չմտավ գյուղերը:

Աղուտի-Վաղուտի ասպատակությունները արգելք էին եղել, որ Շուշիի և Գանձակի գնդերին պատկանող երկու դաշտային թնդանոթները չկարողանան Սիսիանից Գորիս փոխադրել: Զորամասի դեպի Սիսիան շարժվելուց օգտվել ուզելով և հուսալով, որ ճանապարհը, գեթ ժամանակավորապես, բացված կլինի, այդ թնդանոթները Սասունի գնդի զինվորների հետ գալիս են դեպի Գորիս, բայց թուրքական Շաքի և Զալաջուղ գյուղերի դիմադրություն ցույց տալու պատճառով այդ գյուղերի բնակիչները քաշվում են իրենց սարերը: Այսպիսով, ժամանակավոր կերպով, Սիսիանի և Գորիսի ճանապարհի արգելքները վերացած լինելով, Զանգեզուրի շրջանում գտնվող գաղթականությունը փոխադրվեց Սիսիանի շրջան: Միաժամանակ, բնական է, այդ գաղթականությունը, քիչ թե շատ օգտվեց թուրքերի թողած ուտելիքից:

Երեկոյան լսեցինք, որ Գ գումարտակի հրամանատար, բժիշկ Խ. Բոնապարտյանը և ձիավոր հարյուրյակի հրամանատար Սարգիս Ջեբեջին75 փո­խա­նակ Սի­սիան գա­լու, Ղա­փա­նի գծով մեկ­նել են դեպի Մեղ­րի, ի­րա­գոր­ծե­լու Մու­ժամ­բա­րով Թավ­րիզ գնալու ծրա­գի­րը:

Օգոստոսի 29

Զինվորները և ձիերը հոգնած են, պետք է կազդուրվեն: Հետևաբար, մնում ենք և գիշերում թուրքական գյուղերում:

Օգոստոսի 30

Առաջանում ենք դեպի Սիսիանի հայկական շրջանը: Եվ ահա գեղեցիկ տեսարան է բացվում մեր առաջ: Գեղեցիկ հովիտ է, որտեղով հոսում է Որոտանը: Եզերքին կան գեղեցիկ գյուղեր, իսկ այդ հովտի շուրջը՝ գեղեցիկ բարձրություններ, աջ կողմը՝ սարեր, ջախ կողմը դեպի Նախիջևանի դաշտը տանող բարձունքները, դիմացներս՝ Արաբսայի բարձունքները:

Քիչ ավելի առաջ հասնում ենք Սիսիանի կենտրոն Անգեղակոթ հայկական գյուղը: Շատ անշուք գյուղ է Անգեղակոթը, որի բնակիչները ժամանակին գաղթել են Պարսկաստանից: Եկվորներ են նրանք, ինչպես եկվորներ նաև Ուզ, Մազրա գյուղերի բնակիչները: Գյուղը ծառ չունի, բայց դեպի Որոտան գետը, որ այստեղ Բազարչայ է կոչվում, կան գեղեցիկ ծառաստաններ: Ունի առողջ կլիմա և պաղ ու վճիտ ջուր:

Անգեղակոթի դիմաց, ձորում, ջրի մյուս եզերքում Բելեք և Շաղաթ հայկական գյուղերն են:

Օգոստոսի 31

Անգեղակոթը լցված է: Զորամասի մի մասը փափագում է թողնել Սիսիանը և գնալ Երևան: Ոմանք ընտանեկան պատճառներ ունեն: Բացի զինվորներից կան և հրամանատարներ, որոնք ևս ուզում են, որոշել են, մեկնել դեպի Դարալագյազ՝ Երևանյան Հանրապետության սահմանները: Նրանք իրենց որոշումները պատճառաբանում են հետևյալ տեսակետներով:

  1. Առանց պետական օժանդակության, առանց որևէ ուտեստի, դրամի, ռազմամթերքի աղբյուրի, անհնար է զորամասը պահել: Տեղի միջոցներով զորամասը հնարավոր չէ պահել:
  2. Այդ շրջանը, ըստ հայ-թուրքական դաշնագրի, մնում է Ադրբեջանի սահմաններում, հետևաբար՝ թուրքերը չպիտի հանդւորժեն, որ զորամասը այնտեղ մնա: Արդեն լուրեր են շրջում, թե կարճ ժամանակից թուրք և հայ հանձնաժողով պիտի գա այդ կողմերը՝ սահմանները վերջնական ճշտելու և եթե այդ պարագայում զորամասը այդ շրջաններում լինի, անպայման ընդհարումներ են տեղի ունենում: Իսկ մեր զինվորը ի վիճակի չէ մեծ ու երկար կռիվ մղելու, քանի որ անոթի է ու մերկ:
  3. Քաղաքական տեսակետով, զորամասի անկախ գործունեությունը վատ է անդրադառնում հայ և թուրք հարաբերության վրա, մանավանդ մի այնպիսի ժամանակ, երբ Երևանի կառավարության գոյությունը կախված է մազից: Այդ պարագայում, զորամասի ղեկավարները չեն կարող ազատվել պատասխանատվությունից:

Այս առարկություններին Անդրանիկը պատասխանում էր, որ իրենք զորամասի ուտեստի, պահվելու մասին մտածելիք ոչինչ չունեն: Այդ բաներն ինքը կապահովի ամեն կերպ, տեղի ժողովուրդը տրամադիր է ամեն զոհողություն անելու, միայն թե զորամասը մնա: Բացի այդ, զորամասը ապրեցնելու համար երբեք տեղական միջոցները չեն պակասելու, կարելի է գտնել:

  1. Որ եթե երբեք թուրքերին կարելի, կամ ավելի ճիշտ՝ ձեռնտու լիներ, զորամասի գոյությունը կամ բացակայությունը երբեք արգելք չպիտի լիներ Երևանի դեմ պատերազմ հայտարարելու և այն վերացնելու: Հակառակը, զորամասի գործունեությունը թերևս ավելի վերապահ պահի թուրքերին նման քայլի դիմելու: Պարզ է, որ թուրքերը Երևանի կառավարությունը իրենց ծրագրի իբրև ժամանակավոր շրջան, փուլ են նկատում: Երբ գա ժամանակը, Բաքուն գրավվի, թուրքերը չպիտի ուշանան որպես մի բուռ խոտ այն ևս պոկելու:

Մյուս կողմից, երկիրն ունի ինքնապաշտպանության շատ հարմարություններ, ժողովուրդը տրամադրված է չենթարկվել թուրքական իշխանություններին և կռվել: Դժվարը մինչև մեկ կամ մեկուկես ամիս է, որից հետո ձյունը փակելու է ճանապարհները և մինչև գարուն որևէ զինվորական գործողություն անկարելի է դառնալու:

Մինչև գարուն, համոզված է, որ անպայման փոփոխություններ տեղի կունենան ի նպաստ մեզ, որովհետև խորապես, հոգով-մարմնով հավատացած է, որ դաշնակիցները պետք է հաղթեն և Գերմանիային դիակ դարձնեն:

Այս ամենը, սակայն, չեն կարող համոզել զորամասի հրամանատարների մեծ մասին, որոնք որոշել են հեռանալ:

Լուր է գալիս, թե Սասունի գնդի տասնապետ Թռչնակին Գյումրիում հայերը սպանել են: