«Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008թ

1074

Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները լրագրողների հարցերին /Լոռու մարզ, Շիրակամուտ համայնք/. 12 սեպտեմբեր, 2008թ

ՀԱՐՑ- Պրն նախագահ, Թուրքիայի նախագահը վերջին օրերին մի քանի առիթով գնահատականներ է հնչեցրել Հայաստան կատարած իր այցի եւ Ձեզ հետ ունեցած շփումների վերաբերյալ: Իսկ ո՞րն է ձեր գնահատականը:

ՊԱՏԱՍԽԱՆ- Ես կարծում եմ, որ այցին գնահատական արդեն տվել է եւ հայ, եւ թուրք հանրությունը, բոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել նախաձեռնությունը եւ հարգարժան պրն Գյուլի այցը Հայաստան:

Մենք նպատակ ունեինք բարելավել մթնոլորտը, եւ կարծում եմ, որ մեր նպատակին հասանք: Բանակցությունների ժամանակ պրն Գյուլը մի քանի անգամ ասաց, որ Թուրքիայում այսօր կա քաղաքական կամք` անդրադառնալու մեր միջեւ գոյություն ունեցող խնդիրներին: Շատ էական եմ համարում, որ նա իր այդ խոսքերը որեւէ այլ հանգամանքով չէր պայմանավորում, սա մեզ համար չափազանց կարեւոր է:

Նաեւ ուրախ եմ, որ պրն Գյուլը մեր հանդիպման մասին տպավորություններով կիսվել է Ադրբեջանի նախագահի հետ, եւ կարծում եմ, որ չափազանց կարեւոր է, որ բանակցությունների մթնոլորտը, ոգին ու տառը տարածում գտնեն: Հանդիպման ժամանակ պրն Գյուլն ասաց, որ անհրաժեշտության պարագայում ինքը պատրաստ է օժանդակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, եւ ես ուրախությամբ ընդունեցի դա, որովհետեւ միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից:

Օժանդակությունը պետք է տարբերել միջնորդությունից: Ես վստահ եմ, որ ցանկացած քայլ, որը կարող է օգնել Մինսկի խմբի համանախագահներին` լուծելու այս հարցը, միայն ու միայն պետք է դրական գնահատել: Մենք պրն Գյուլի հետ խոսեցինք նաեւ թուրքական մեկ այլ նախաձեռնության` Կովկասյան պլատֆորմ ստեղծելու մասին:

Այստեղ էլ եմ ուզում, որ հստակություն լինի: Թուրքերն այն գլխից (ի սկզբանե) էլ ասել են, որ իրենց նախաձեռնությունն այլընտրանք չէ որեւէ այլ կառույցի կամ ձեւաչափի, այլ ուղղված է մթնոլորտի բարելավմանը: Բնական եմ համարում, որ մենք այդ նախաձեռնությունը պետք է ողջունենք, մենք իրավունք չունենք ընդհանրապես խուսափելու որեւէ քննարկումից, մանավանդ եթե այն ուղղված է մեր անվտանգության էլ ավելի ամրապնդմանը: Շփումներից, խոսակցություններից խուսափում են մարդիկ, ովքեր ասելիք չունեն եւ կոմպլեքսավորված են: Մենք որեւէ կոմպլեքս չունենք, մենք ապրում ենք այս տարածաշրջանում, ունենք հարեւաններ, որոնց մի մասի հետ ունենք շատ լավ հարաբերություններ:

Մեկ հարեւանի հետ հարաբերություն չունեինք մինչեւ պարոն Գյուլի այցը, մյուս հարեւանի հետ մենք պետք է վերականգնենք, բարելավենք մեր հարաբերությունը: Եւ այս առումով մենք պետք է եւ նախաձեռնող լինենք, եւ բոլոր շփումներին պետք է ակտիվ մասնակցենք: Մենք ասելիք ունենք, մենք մեզ երբեք թերարժեքության կոմպլեքսով չենք սահմանափակել եւ չենք սահմանափակելու: Որեւէ մեկից պակաս չենք, որեւէ մեկից մեզ չենք գերադասում, բոլորին վերաբերվում ենք հարգանքով, եւ ցանկություն ունենք, որ մեզ էլ հարգանքով վերաբերվեն:

Հավելեմ, որ երեկ ես նամակ եմ ստացել պրն Գյուլից, որտեղ նա շատ բարձր է գնահատել մեր բանակցություններն ու խոսակցությունը, եւ ընդհանրապես իր այցելությունը եւ նաեւ ֆուտբոլային խաղին հաջորդած` արտգործնախարարների բավական տեւական հանդիպումը: Սա կարծում եմ, Ձեզ համար պետք է ինչ-որ բան նշանակի:

ՀԱՐՑ- Պրն նախագահ, ֆուտբոլային խաղի ավարտից հետո դուք սեղմեցիք Թուրքիայի նախագահի ձեռքը, եւ այն դեպքում, երբ հայ ֆուտբոլասերները փոքր ինչ հիասթափված էին: Մտավախություն չունե՞ք, որ սա այլ կերպ կհասկանան կամ չեն հասկանա ընդհանրապես:

ՊԱՏԱՍԽԱՆ- Գիտեք, ես հուսաատված չէի, բայց ես էլ ցավ ապրեցի: Ցավ եմ ապրել նաեւ, երբ Հայաստանի հավաքականը պարտվեց Իսպանիայի հավաքականին: Մեկ բան է ցավ ապրել, մեկ այլ բան` արժանապատվորեն այդ ցավը տանել:

Ընդհանրապես, ես կարծում եմ, որ այդ հանդիպումը, չնայած միգուցե սպորտային տեսանկյունից բարձր կարգի հանդիպում չէր, բայց ազնիվ մրցապայքար էր, եւ բոլորս ականատես եղանք, որ ուժեղը հաղթեց, այս պահին ուժեղը հաղթեց: Ընդհանրապես մենք պետք է կարողանանք հասկանալ մեր ֆուտբոլիստների այսօրվա վիճակը, այնպես է ստացվել, որ վերջին երկու խաղերի ընթացքում նրանք հանդիպում են Եվրոպայի թիվ մեկ եւ թիվ երեք հավաքականների հետ: Այո, շատ մեծ էր ցանկությունը, բայց այն չիրականացավ: Բոլոր նորմալ մարդիկ պետք է վարվեն այդպես, ցանկացած պայքարից հետո երբ պարտվում ես, պետք է այդ պայքարն ավարտել հաղթողին շնորհավորելով: Այլ կերպ ես չեմ պատկերացնում:

Սեղմելով պարոն Գյուլի ձեռքը` ես դրանով սոսկ իմ պարտականությունը չէի կատարում, որպես հյուրընկալ նախագահ, այլ նաեւ ուզում էի ասել, որ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է արժանապատվորեն տանել իր ցավը, իր պարտությունը:

Ես ձեզ պետք է ասեմ, որ Պեկինում ես նույն կերպ վարվեցի. երբ ադրբեջանցի ըմբիշը հաղթեց մեր ըմբիշին, վեր կացա եւ շնորհավորեցի Իլհամ Ալիեւին, բայց դա բերեց նրան նաեւ, որ այդ նույն օրը երեկոյան մեկ այլ դահլիճում նա ինձ շնորհավորեց: Եթե մենք կոմպլեքսավորվենք, եթե մենք փորձենք մեր թուլություններին միշտ արդարացում գտնել, ասել, թե դատավորը լավ չսուլեց, եղանակը քամոտ է եւ այլն, չենք կարող հաջողության հասնել: Վստահ եմ, որ եւ մարզասերների, եւ մեր ժողովրդի մեծ մասը ճիշտ է գնահատել այդ քայլը:

Լուսանկարում՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Երևանում, 6 սեպտեմբեր, 2008թ

Հղումը՝ ://www.president.am/events/press/arm/?year=2008&pn=1&id=14