Թալեաթի հանդիպումը Ահարոնյանի, Խատիսյանի, Պապաջանյանի հետ – 3 սեպտեմբեր, 1918, Պոլիս

4617

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

——————————————————

Հայկական խաղաղարար պատվիրակության ունեցած տեսակցությունների համառոտ ամփոփում, 2-19 սեպտեմբեր, 1918, Կ․ Պոլիս

Սեպտեմբերի 3-ին ժամը 12-ին երեք պատվիրակները [Հայաստանի Հանրապետության պատվիրակները՝ Ավետիս Ահարոնյան, Ալեքսանդր Խատիսյան, Միքայել Պապաջանյան], գնացին տեսակցելու Թալեաթ փաշային։ (Բնագրում օգտագործվել է Թալաաթ ձևը- խմբ․ ԱՆԻ-ի)։

Նա [Թալեաթը] ընդունել է շատ սիրալիր կերպով և ասել, որ գնում է Բեռլին՝ պաշտպանելու Թուրքիայի շահերը։ Նա հավատացած է, որ Հայաստանի անկախությունը անհրաժեշտ է Թուրքիային և այդ պատճառով՝ աշխատելու է դրա օգտին։

Նա [Թալեաթը] հայ պատվիրակների ուշադրությունն է հրավիրում Վակիթ թերթի այդ օրվա համարի առաջնորդողի վրա, որտեղ ապացուցվում է Հայաստանի անկախության անհրաժեշտությունը։

Նա [Թալեաթը] ասաց, որ հայերը խոսքի տեր են և մի անգամ նրանք ասացին «այո», ուրեմն՝ «այո»։

Նա [Թալեաթը] հայտնեց, որ ինքը տեղեկություններ ունի Էնվեր փաշայի և Նեսսիմի բեյի հետ մեր ունեցած առանձին բանակցությունների մասին և դրանց մեծ կարևորություն է տալիս։

Երեկոյան ժամը 7․30-ին [հայ] պատվիրակները և գործերի կառավարիչը գնացին կայարան՝ Բալկանյան գնացքը ճանապարհ դնելու, որով գնալու էին Մուխտար բեյը։ Նույն գնացքով գնում էին Թալեաթ փաշան և կոմս Բերնստորֆը։

Երկուսն էլ առանձին-առանձին մոտեցան մեզ և մնաք բարև ասացին, Թալեաթը Ահարոնյանի ականջին ասաց․ «Ես խոսել եմ Նեսսիմի բեյի հետ, դուք կարող եք շարունակել բանակցությունները նրա հետ»։

Մոռացա վերևում ասել, որ Թալեաթ փաշային մերոնք հարցրել են՝ լավ չէր լինի, արդյոք, որ մեկը մերոնցից գա Բեռլին աշխատելու։ Նա [Թալեաթը] պատասխանել է, որ առայժմ սպասենք, այնտեղից նա իմաց կտա, եթե հարկավոր լինի։

Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 218-219։ 

——————————————————————

Հ․ Գ․ Հունիսի 25-ին Պոլսում պետք է սկսվեր մի խորհրդաժողով, որին սպասվում էր Գերմանիայի, Ավստրիա-Հունգարիայի, Օսմանյան կայսրության և Բուլղարիայի մասնակցությունը: Հրավիրվել էին նաև անդրկովկասյան հանրապետությունները: Հայկական կողմը տպավորություն ուներ, թե Գերմանիան ուզում է վերանայել Բաթումի պայմանագիրը` համաձայն Բրեստ-Լիտովսկի պայմանների: Պոլիս մեկնած պատվիրակությանը հրահանգ էր տրվել ամեն ջանք թափել` ընդարձակելու Հայաստանի Հանրապետության սահմանները: Նրանք Պոլսում մնում են ավելի քան չորս ամիս` մինչև նոյեմբերի 1-ը, Խատիսյանի խոսքերով` փորձելով ցույց տալ ՙմեր անվիճելի իրավունքներն Ախալքալաքի, Լոռիի, Զանգեզուրի, Ղարաբաղի և Նախիջևանի վրա, որոնց նկատմամբ հավակնություններ ունեին մեր կովկասյան հարևանները՚:

Կարդալ նաև՝ 

https://www.aniarc.am/2015/08/27/armenians-meet-tallat-enver-1918-tatul-hakobyan-book/