Հովհաննես Քաջազնունու և Արամ Մանուկյանի հանդիպումը Խալիլ փաշայի հետ Երևանում. 1918-ի օգոստոս

10008

Հայ-թուրքական շփումները 1918-ի երկրորդ կեսին

1918թ. հունիսին Հայաստանի Հանրապետությունը ծնունդ առավ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Չնայած ներքին ընդվզմանն ու զայրույթին` 1918թ. հունիս-նոյեմբեր ամիսներին կառավարությունը տարավ այդ պարտադրանք-հարկադրանքը: Շատերը հայհոյում ու դավաճանական էին համարում թուրքերի հետ կնքած Բաթումի պայմանագիրը, բայց հակադրվելով հասարակական կարծիքին` առաջին վարչապետ Քաջազնունին համոզված էր, որ Հայաստանը պետք է կատարի այդ  պայմանագրի դրույթները և միջպետական հարաբերություններ պահպանի Օսմանյան կառավարության հետ:

Օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում բացվեց նորաստեղծ հանրապետության օրենսդիր մարմնի` Հայաստանի Խորհրդի անդրանիկ նիստը, որին ներկա էին Գերմանիայի, Ավստրիա-Հունգարիայի, Օսմանյան Կայսրության   ներկայացուցիչները, պարսից հյուպատոսը և ռուս ու մահմեդական ազգային խորհուրդների ներկայացուցիչները: Խորին լռության մեջ, ինչպես գրում է Վրացյանը, բեմ ելավ Քաջազնունին և արտասանեց բացման ճառը, որը թարգմանվեց ռուսերեն ու թուրքերեն:

Հայաստանի Խորհրդի երկրորդ նիստում, օգոստոսի 3-ին, Քաջազնունին կարդաց կառավարության հայտարարությունը. “Ամրացնել օսմանյան կառավարության հետ հաշտությունը և բարիդրացիական հարաբերություններ հաստատել նրա հետ: Խստիվ կատարել այն բոլոր պարտականությունները, որ մենք հանձն ենք առել Օսմանյան կայսրության հանդեպ ու հետևել, որ օսմանյան կառավարությունը իր կողմից անի նույնը մեր վերաբերմամբ: Մասնավորապես, լուծել օսմանյան զորքերի` մեր երկրից դուրս բերելու հարցը և գաղթականների վերադարձը”:

1919թ. հունվարին Փարիզում սպասվող Խաղաղության վեհաժողովի նախօրեին Քաջազնունին գոհանում էր համեստ սահմաններով` համաձայնելով ծովային ելք էլ չունենալ: Ժողովրդականները պնդում էին ծովից ծով Հայաստանի  գաղափարի վրա` Տրապիզոնի ու Ալեքսանդրետի ելքերով: Դաշնակցականների մեջ էլ քիչ չէին ծովից ծով Հայաստանի կողմնակիցները, բայց մեծ մասը կանգնած էր միայն Սև ծով ելք ունենալու տեսակետի վրա:

Իշխող ՀՅԴ կուսակցության շարքերում կային գործիչներ, ովքեր ներքուստ համոզված էին, որ թուրքերը կարող են խորտակել Հայաստանի անկախությունը: Արտաշես Բաբալյանի խոսքերով` թուրքերի գլխավոր ուժերը ուղղված էին Բաքվի դեմ և այդ էր մասամբ պատճառը, որ փոքրիկ ու թույլ Հայաստանը հանգիստ մնաց մինչև 1918թ. հոկտեմբերի 30-ին կնքված և Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունն ազդարարող, հայերի համար փրկարար զինադադարը: Այդ ամիսներին “գլխավոր դերը ընկած էր Արամի Մանուկյան վրա: Նա էր վարում ներքին գործերը, խնամատարության և գյուղատնտեսության բաժինները: Նրան էր վիճակված նաև Օսմանյան կայսրության ներկայացուցչի` Մեհմեդ Ալի փաշայի հետ հարաբերվելը: Բաքվի անկումից հետո, սեպտեմբերին, թուրքերի ձեռքերը ազատվեցին, և նրանք կարող էին խեղդել հանրապետությունը և իսպառ վերջ տալ հայ ժողովրդի գոյությանը, սակայն այդ չարին` մտահոգված լինելով տեղացող հարվածներից Սիրիայում ու Պաղեստինում: Համենայն դեպս, թուրքական կառավարությունը կարևորություն չտվեց Հայաստանին, գուցե և կամենում էր նրա անկախ գոյությունը պահպանել”:

Խալիլ (Կուտ) փաշան Երևանում

Նորանկախ Հայաստանի ղեկավարությունը ի սկզբանե փորձում էր ընդարձակել հանրապետության սահմանները: Քանի դեռ չէր ավարտվել Առաջին աշխարհամարտը, հայ ղեկավարները այդ նպատակով բանակցում էին հենց թուրքերի հետ, քանի որ փաստացի նրանք էին իշխում Ադրբեջանում և Անդրկովկասի նորանկախ պետությունների միջև վիճելի տարածքներում: Գերմանացիները տեղավորվել էին Վրաստանում, իսկ Հայաստանի նեղ սահմանների քթի տակ կանգնած էին թուրքական զորամասերը:

Հայկական պատվիրակությունը 1918թ. հունիսի կեսերին Հայաստանի սահմաններն ընդարձակելու նպատակով մեկնել էր Պոլիս` բանակցելու օսմանյան կառավարության` Երիտթուրքերի կուսակցության առաջնորդների հետ, իսկ Հայաստանում Արամ Մանուկյանը նույն նպատակով օգտագործում էր թուրք զինվորականների հետ ունեցած իր հին` մինչև 1915թ. Օսմանյան կայսրությունում իր գործունեություն տարիներից եկող կապերը:

ՀՅԴ առաջնորդներից Ռուբենը (Տեր-Մինասյան) գրում է. “Արամը, իր նախկին ընկեր` հաղթական Խալիլ փաշայից, ով եկել էր Երևան, պահանջում էր սահմանների ընդարձակում և ապրելու հնարարավորություն: Խալիլ փաշան սկզբունքորեն չէր մերժում Հայաստանի հողերի ընդարձակման պահանջը: Նա կանխավ առաջարկում էր, որ հայերը դատարկեն Զանգեզուրի Մեղրի գավառակը, որպեսզի իրենք անմիջապես կապվեն Բաքվի հետ: Դրա փոխարեն պատրաստ էր Ադրբեջանի հաշվին ընդարձակել Հայաստանի սահմանները դեպի Ջևանշիր ու Վարանդա: Նա առաջարկում էր զինվորական դաշինք կնքել Դաշնակիցների դեմ: Այս խոսակցությունները ոչինչ չտվեցին: Միակ օգուտը եղավ այն, որ Արամի անձնական կապի շնորհիվ Խալիլ փաշան Հայաստանին շնորհեց 25 հազար փութ ցորեն գաղթականների համար և հրահանգ տվեց Բաշ-Գառնիի շրջանի Միլլի ձորի թաթարներին հեռանալ` հայ գաղթականների համար տեղ բացելու նպատակով: Եկած ցորենը բաժանվեց սովահարներին, իսկ Միլլի ձորը դատարկվեց թաթարներից”:

Խալիլ փաշան` Կովկասյան ճակատի թուրքական զորքերի գերագույն հրամանատարը, Ալեքսանդրապոլից Երևան գալու և Արամ Մանուկյանի հետ հանդիպելու ցանկություն էր հայտնել հուլիսի վերջերին: Նրան ընկերանալու և միաժամանակ Հայաստան առաջին այցը տալու համար որոշեցին Թիֆլիսից Երևան մեկնել նաև Գերմանիայի ու Ավստրիա-Հունգարիայի ներկայացուցիչները` Ֆրիդրիխ Կրես ‎ֆոն Կրեսենշտեյնը և Ֆանկելշտեյնը: Թի‎ֆ‎լիսի “Հորիզոն” թերթի խմբագրապետ Վահան Նավասարդյանը, ով եղել է նույն գնացքում, գրում է. “Այս երեքին ուղեկցելու համար Թիֆլիսից Երևան պիտի գնար նաև Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Վրաստանում` Արշակ Ջամալյանը: Գնացքը կանգ պիտի առներ Ալեքսանդրապոլում, որտեղ գտնվում էր Խալիլը, և մեկ օր մնալուց հետո հաղթական երկրների այս երեք ներկայացուցիչները պիտի մեկնեին Երևան”:

Ալեքսանդրապոլում գնացքը կանգ է առնում: Ի պատիվ Գերմանիայի ու Ավստրիա-Հունգարիայի ներկայացուցիչների` Ալեքսանդրապոլում ճաշ է տալիս Խալիլ փաշան: Նրանց միանում է նաև Ջամալյանը:

Նավասարդյանը շարունակում է. “Այդ օրը գիշերեցինք կայարանում` գնացքի մեջ, և հետևյալ առավոտը գնացքը հաղթական Խալիլին առնելով` շարժվեց դեպի Երևան: Խալիլի այցի մասին Երևանում գիտեին: Արամը գիտեր և այն, որ գերմանական ներկայացուցչությունից անպաշտոն ձևով փափագ էր հայտնվել, որ լավ կլինի, եթե Արամը, հանուն իր ժողովրդի փրկության, ինքն անձամբ կայարան գա Խալիլին դիմավորելու: Գերմանիայի ներկայացուցիչը գտնում էր, որ թուրքական գազանությունները եթե կարելի է մեղմել ու կանխել, ապա հնարավոր է անել միմիայն հաղթական զորավարի գութը հայցելով` նրան ապավինելով և նրա սիրտը սիրաշահելով”:

Վերջապես գնացքը հասնում է Ուլուխանլու (Մասիս), որտեղից սկսվում էր Հայաստանի Հանրապետությունը: Մի դաժան զուգադիպությամբ նույն ժամին Ուլուխանլու է հասնում և այն գնացքը, որ Շիրակի դաշտից 1918թ. գարնանը օսմանյան զորքերի կողմից դեպի Կարին (Էրզրում) քշված հայ երիտասարդների անդրանիկ քարավանն էր բերում Կարսից Երևան: “Տարագրվածների թիվը մոտ 13 հազար մի քանի հարյուր էր, կոտորվել էին ամենքը և “կենդանի” էին մնացել միայն մի քանի հարյուր հոգի, որոնց ահա վերադարձնում էին Հայաստան`”ՙհավատարիմ” մնալով այդ ժամանակ Պոլիս գտնվող մեր պատվիրակներին տրված խոստման: Այդ գերիները` կենդանի դիակների մի սոսկալի բազմություն, մերկ ու բոկոտն, այլանդակված ու փքված մարմիններով և սարսափահար աչքերով, փռված էին գետնին”:

Քսան րոպեից գնացքը հասնում է Երևան: Հայկական զինվորական երաժշտախումբը սկսում է նվագել: Կայարանի մայթի վրա, քիչ ներս քաշված, կանգնած էր զորավար Սիլիկյանը` իր հետևում ունենալով շքախումբն ու պատվո պահակը: Դեպի ձախ կանգնած էր քաղաքի պարետը` դերասան Արշավիր Շահխաթունին:Այդ ամբողջ խմբից բոլորովին առանձնացված ու առաջ եկած, շքախմբի ճիշտ կենտրոնում, փառահեղ կեցվածքով ու սև հագուստի մեջ, թուխ ակնոցները աչքերին, թիկնեղ մարմնի վրա գլուխը քիչ դեպի վեր թեքած, կանգնած էր Արամը:

“Ինչպե՞ս պիտի հանդիպեն այս երկու ոխերիմ ախոյանները, որոնցից մեկը, իր հաղթ կամքին ու կուռ հավատքին ապավինած, ոչինչ չխնայեց հայության երազը կերտելու, իսկ մյուսը ամեն ինչ արեց` այդ երազը խորտակելու համար: Եվ ահա, երբ գնացքը կանգ առավ, Արամը իր հայացքը նետեց դեպի աջ ու ձախ և գնացքի առաջ ձգված ծայրի վագոնում նշմարեց Խալիլի դեմքը: Խալիլը, նկատելով Արամին, դյուրաշարժ երիտասարդի նման անմիջապես ցատկեց վագոնից, ընդառաջ եկավ նրան և երկուսն էլ ժպտադեմ, ջերմորեն ու բարեկամաբար իրար ձեռք թոթվեցին և համբուրվեցին”,-  շարունակում է Նավասարդյանը:

Կայարանից մինչև քաղաքի կենտրոն ճանապարհը Նավասարդյանը նկարագրում է այսպես. “Մեր մի քանի կտոր իրերը դրինք եզներ լծած սայլի վրա ու ոտքով մեկնեցինք քաղաք: Մարդկայնորեն անհնար էր այս սարսափի երկրում պահել հավասարակշռությունն ու չցնցվել: Հայաստանն ապրում էր ահավոր սովի օրերը, երբ մարդիկ սկսել էին արդեն դիակներ հոշոտել: Պատերի տակ ցցված էին անկենդան ստվերները սովահարների: Նրանք մարում էին առանց մուրալու: Մարում էին անտրտունջ, անձայն ու անաղմուկ”:

Կայարանում Խալիլին և մյուս հյուրերին ցույց տրված ընդունելությունից հետո երեկոյան ճաշկերույթ է տալիս քաղաքագլուխը: Հաջորդ օրը նրանք այցելում են վարչապետին ու Հայաստանի խորհրդի նախագահին, ապա մեկնում Էջմիածին` տեսնվելու կաթողիկոսի հետ: Հյուրերին Մայր Աթոռ են ուղեկցում Արամը և պարետ Շահխաթունին:

Շահխաթունին գրում է. “Բարձրացանք Վեհափառի մոտ: Փառահեղ դեմքով բազկաթոռի մեջ նստած էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Հինգերորդը: Նախապես մոտեցավ և ներկայացավ գերմանացի զորավարը: Նրան հետևեց Խալիլը: Ես նայում էի կաթողիկոսի դեմքին և զարմանում էի, թե ինչպես նրա աչքի բարձր հայացքը փոխվեց ու արտահայտեց դառնություն ու բարկություն”

Վեհափառը հյուրերին առաջարկում է մնալ ճաշի, իսկ մինչև ճաշը, եթե նրանք ցանկանում են, կարող են այցելել Էջմիածնի Մայր Տաճարը և թանգարանը: Երբ այցելեցին լճի ափը, չորս կողմը` ծառերի տակ սարսափելի տեսքով  ահագին թվով հայ գաղթականներ էին:

Շահխաթունին շարունակում է. “Նրանք ոչ մի ուշադրություն չէին դարձնում մեզ վրա: Վերադարձանք վեհարան: Ճաշասենյակի մեջ սեղանապետը հրավիրեց յուրաքանչյուրին գրավել իր տեղը: Կաթողիկոսը նստած էր ճակատին: Նրա աջ թևի վրա տեղ գրավեց գերմանացի զորավարը, նրա մոտ ավստրիական զորքերի ներկայացուցիչը, ձախ կողմը Խալիլը և նրա կողքին` Արամը: Ճաշը լավ անցավ, և Խալիլն ու գերման զորավարը հիացած էին ափսեների ու սեղանի սպասեղենի վրա: Դրանց վրա դրոշմված էր Սուրբ Էջմիածնի նկարը և գրված. “Նորին կայսերական մեծություն Նիկոլայ Բ-ից ընծա Ամենայն Հայոց Վեհափառ կաթողիկոսին”: Կաթողիկոսը հարցնում է Խալիլին. “Ինչպե՞ս Ձեզ դուր եկավ Էջմիածնի շրջակայքը, մանավանդ լճի տեսարանը: Տեսա՞ք անթիվ հայ գաղթականներին, որոնք ձեր քաղաքացիներն են եղել: Շնորհակալ եմ, որ գոնե այսքանն էլ մնացել”: Խալիլ փաշան շատ հուզված էր: Որպեսզի փոխեր խոսակցությունը, ասաց. “Ձեր կենացն եմ խմում, Վեհափառ Տեր, հրաշալի գինի է”:

Նույն օրը օտարազգի բանագնացները վերադառնում են Էջմիածնից, իսկ երեկոյան Հայաստանի խորհրդի նախագահի ու  վարչապետի հետ երկար խոսակցություն ունենում հայկական գործերի մասին: Կառավարությունը ճաշկերույթ է տալիս ի պատիվ հյուրերի, որին ներկա էին նաև Երևանում գտնվող այլ թուրք սպաներ: Գիշերը Կրեսենշտեյնը մեկնում է Թիֆլիս, իսկ Ֆանկելշտեյնը մնում է` ներկա գտնվելու Հայաստանի Խորհրդի բացմանը: Առաջին դիվանագիտական ընդունելությունն էր Հայաստանի հողի վրա:

Շահխաթունին գրում է, որ առաջին այցից որոշ ժամանակ անց` 1918-ի հոկտեմբերին, Խալիլ փաշան գաղտնի հեռագիր է ուղարկում Արամ Մանուկյանին և նրանից գաղտնի հանդիպում խնդրում: Խալիլը ինքնաշարժով հասնում է Երևանի կայարանից մոտ կես ժամ հեռու մի ամայի վայր: Հանդիպմանը երկուսից բացի ներկա էր նաև Շահխաթունին: Խալիլը համբուրում է Արամին և հուզված ու նյարդայնացած խնդրում, որպեսզի մի քանի հայեր նրան օգնեն` Ալեքսանդրապոլից տեղափոխվելու Կարին (Էրզրում): Խալիլը պատմում է, որ թուրքական ու գերմանական բանակները պարտվում են և հաշտություն են խնդրելու. “Մենք որոշել ենք այս ճակատից բոլորովին հեռանալ և Էրզրում քաշվել: Թերևս Էրզրում ևս ստիպված լինենք թողնել ձեզ: Այս գաղտնիքները ձեզ տալիս եմ իբրև հին բարեկամ: Մենք պետք է փախչենք: Վախենում եմ, որ մեր փախուստի ժամանակ հայերը մեր կռնակից մեզ սպանեն”:  “Հայերը փախչող զինվորին կռնակից չեն սպանի”,- պատասխանում է Արամը: Նա խոստանում է օգնել Խալիլի անվտանգ Կարին անցնելը, եթե թուրք զորավարը Կարսում պահվող փափուշտները փոխանցի հայերին: Երբ Խալիլի միջնորդությամբ հայերը ստանում են պահանջված ռազմամթերքը, Արամը իր չորս զինվորներին կարգադրում է Խալիլին անվտանգ հասցնել Կարին:

Նոյեմբերի կեսերին Հայաստանի զինվորական նախարարը Երևանի թուրքական ներկայացուցիչ Մեհմեդ Ալի փաշայից ստանում է հետևյալ գրությունը. “Օսմանյան կայսրության գլխավոր սպայակույտի պետը հրամայում է ինձ հաղորդել, որ Բրեստ-Լիտովսկի սահմաններից դուրս մնացող և թուրք զորքերի կողմից գրավված հաղամասերը պետք է դատարկվեն վեց շաբաթվա ընթացքում` հաշվելով հոկտեմբերի 24-ից”: Հայաստանի կառավարությունը Դիլիջան-Լոռիի զորամասի պետ Դրոյին կարգադրում է բռնել հեռացող թուրք զորքերի տեղը:

Հետզհետե սկսվում է թուրքերի նահանջը, որի գլխավոր պատճառը մյուս ճակատներում օսմանյան բանակների  պարտությունն էր: Նոյեմբերի 18-ին հայկական զորքերը մտնում են Ղարաքիլիսա: Վրացյանը գրում է. “Գավառը ավերված ու կողոպտված էր, թուրքերն ամեն ինչ տարել էին` տավարը, երկրագործական գործիքները, սայլերը, կահ կարասին: Ղարաքիլիսայի ու Ղշլաղի միջև նետված էին 400 դիակներ, Ղշլաղի մոտ` Մեծ կիրճում մարդիկ հաշվել էին 500 դիակ: Հազարավոր դիակներ, գանգեր ու մարդկային ոսկորներ թափված էին Ալթուն Թախտում ու Վանանց ձորում: Երկաթուղին քարուքանդ էր արված: Նոյեմբերի 22-ից թուրքերն սկսեցին դատարկել Ալեքսանդրապոլը: Թուրքերը տարել էին ամեն ինչ, որ կարելի էր շարժել: Քաղաքն ու շրջակա գյուղերը կողոպտված էին մինչև վերջին ասեղը: Անհատակ թշվառություն էր տիրում ամեն կողմ”:

Նոյեմբերին թուրքական զորքերը սկսեցին նահանջել Երևանի նահանգից, դեկտեմբերի սկզբին նրանք թողեցին Երևան-Ալեքսանդրապոլ երկաթուղին և Ալեքսանդրապոլի բերդը: Այսպիսով, Օսմանյան կայսրությունը հանձնեց Երևանի նահանգի շուրջ 15 հազար քառակուսի կիլոմետր տարածքը: Հայ զինվորների առաջխաղացմանը զուգընթաց պարզ դարձավ 19-րդ դարում Վիկտոր Հյուգոյի բանաձևած “այստեղով թուրքն է անցել” որակման դառը իմաստը: Տուժած հայերի խոսքերը  անթիվ-անհամար էջեր լցրեցին, բայց բառերը, որքան էլ իմաստալի, չէին կարող հաղորդել սարսափի ու ավերածության չափերը Հայաստանի Հանրապետության վերադարձված հողում:

Հատված “Հայերը և թուրքերը” գրքից

Լուսանկարը՝ Մայքլ Բաբայանի Ֆեյսբուքի էջից