Մեկ տարի անց` 1989թ., Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, հետևաբար նաև մամուլը, ավելի մեծ տեղ տվեցին Ապրիլ 24-ին: Պատճառներից մեկն էլ այն էր, որ 1988թ. նոյեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության դատապարտման օրենք էր ընդունվել Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը: ՙԽորհրդային Հայաստան՚ թերթը ապրիլ 24-ի համարում, առաջին էջում, գրել է. ՙ74 տարի մենք այդ գիտեինք, 24 տարի է` բարձրաձայն պատմում ենք մեզ ու աշխարհին: Առաջին տարին է, որ պետականորեն դատապարտում ենք մարդկության նկատմամբ իրականացված այդ ոճիրը՚:
Հայաստանի կոմունիստական ղեկավարությունից բացի` կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյան, Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Հրանտ Ոսկանյան, Նախարարների խորհրդի նախագահ Վլադիմիր Մարգարյանց, Ծիծեռնակաբերդ բարձրացողների մեջ էին նաև Ամենայն Հայոց Վազգեն Ա և Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսները, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Իվան Սիլաևը: ՙԽորհրդային Հայաստանը՚ ապրիլ 25-ի համարում հիշեցրեց նաև. ՙԳերագույն խորհուրդը ընդունել է Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության, որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության, դատապարտման մասին Հայկ. ԽՍՀ օրենքը, որով ապրիլի 24-ը հայտարարվում է հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր: [Սա] 1915-ի ցեղասպանությունը միջազգային մակարդակով ճանաչելու և պաշտոնապես դատապարտելու օրենսդրական ակտ է՚:
Հայաստանի կոմկուսի կենտկոմի բյուրոն 1990թ. հունվարի 8-ին քննության առավ Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության 75-ամյակի նախապատրաստության և անցկացման միջոցառումների հարցը: Բյուրոն նշում էր, որ ՙողջ հայ ժողովուրդը, աշխարհի շատ երկրների առաջադեմ հասարակությունը պահանջում են, որ համաշխարհային հանրությունը ճանաչի հայերի ցեղասպանությունը, որպեսզի վերականգնվի պատմական արդարությունը՚: ՙՀայերի ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանը լրիվ զրկվեց իր տեղացի բնակչությունից, արևմտահայ ողջ մնացած մասը սփռվեց աշխարհով մեկ՚, ասվում էր Բյուրոյի հայտարարության մեջ: Բացի այդ` ՙընդունվել է Հայկ. ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի այն առաջարկը, որ 1990թ. ապրիլի երկրորդ կեսին Երևանում գիտական նստաշրջան անցկացվի Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության խնդրի վերաբերյալ` խորհրդային և արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ՚:
Փաստորեն, առաջին անգամ հայ կոմունիստների նախաձեռնությամբ է սկիզբ դրվել Հայոց ցեղասպանության կլոր տարելիցները միջազգային խորհրդաժողովներով նշելու ավանդույթը: Ավելին, կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանն է հրապարակավ առաջինը կարևորել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ունենալու անհրաժեշտությունը:
ՙԵրևանում, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի համակարգում անհրաժեշտ է ստեղծել հայոց եղեռնի ուսումնասիրության միջազգային գիտական հետազոտությունների ինստիտուտ՚,- 1990թ. ապրիլի 17-20-ը Երևանում անցկացված ՙՀայերի ցեղասպանությունը. պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն՚ միջազգային խորհրդաժողովը իր ելույթում ասել է Մովսիսյանը: Մարզահամերգային համալիրում կազմակերպվեց նաև սգո երեկո, որի ընթացքում ելույթ ունեցան Մովսիսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն:
ՙԽորհրդային Հայաստան՚ թերթի 1990թ. ապրիլի 24-ի համարի բոլոր չորս էջերը նվիրված են Հայոց ցեղասպանությանը: Առաջին էջում դրվել է նաև ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հայտարարությունը` 1915-23 թթ. ՙսարսափելի կոտորածների՚ մասին: ԱՄՆ նախագահներից առաջինը Բուշ ավագն էր, ով Ապրիլ 24-ի առիթով դիմեց ամերիկահայությանը:
Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Մովսիսյանը խորհրդարանի մի ելույթում հայտարարեց, որ 1920-ական թթ. ՙմեր ժողովրդի թիկունքում կնքած և նրա ազգային շահերը ոտնահարող միջազգային բոլոր պայմանագրերն ու պետական ու կուսակցական որոշումները անհապաղ պիտի վերանայվեն և չեղյալ հայտարարվեն, խորհրդարանը պետականորեն պետք է հանդես գա պահանջատիրության իրավունքով և պաշտպանի Հայ դատը, հասնի 1915թ. ցեղասպանության միջազգային ճանաչմանը՚:
1990թ. օգոստոսին Հայաստանի խորհրդարանը ոչ միայն ընտրեց նախագահ` ի դեմս Տեր-Պետրոսյանի, այլ նաև` Անկախության հռչակագիր: Դրանց նախագծերում կային մի շարք կետեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայոց ցեղասպանությանը և Հայկական հարցին:
Անկախության հռչակագրի շուրջ մեկ տասնյակ նախագծերից խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը պատգամավորների քննարկությանը ներկայացրեց երեքը: Տարբերակներից մեկում ասվում էր, որ ՙ1920թ. դեկտեմբերի 2-ի պայմանագիրը պարտադրված է եղել Հայաստանին՚, որն ստորագրելուց անմիջապես հետո Ռուսաստանը և Թուրքիան ՙօկուպացրել են Հայաստանը՚, իսկ ՙ1921թ. մարտի 16-ին, անտեսելով անկախ Հայաստանի գոյությունը և խախտելով միջազգային իրավական նորմերը, առանց Հայաստանի ներկայացուցիչների ստորագրվել է ռուս-թուրքական դաշնագիր, որով Հայաստանի տարածքների մեծ մասը տրվել է Թուրքիային և Ադրբեջանին՚:
Նախագծերից մեկով առաջարկվում էր ՙապօրինի ճանաչել՚ Հայաստանի Հանրապետությունը ՙմասնատող պայմանագրերը՚ և ՙվերստին ընդունել Սևրի դաշնագիրը՚: Երրորդ տարբերակում Հայկական հարցին և ցեղասպանությանը անդրադարձ չկար ընդհանրապես: ՙԽորհրդային Հայաստան՚ թերթը օգոստոսի համարներից մեկում տպագրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացրած հռչակագրի նախագիծը, որտեղ ոչ մի տող չկար 1915-ի մասին:
Խորհրդարանի հատուկ հանձնաժողովը երեք տարբերակներից հետո ներկայացրեց Հռչակագրի նախագծի նոր տարբերակ` կազմված 11 կետերից, որտեղ ևս բառ անգամ չկար 1915-ի մասին: Հանձնաժողովի անդամ Մեխակ Գաբրիելյանը առաջարկեց 10-րդ կետից հետո ավելացնել. ՙ1920թ. դեկտեմբերի 2-ից մինչև 1923թ. Խորհրդային Հայաստանի կնքած և առանց Խորհրդային Հայաստանի մասնակցության իր վերաբերյալ կնքած բոլոր պայմանագրերը և կուսակցական մարմինների ընդունած որոշումները համարել չեղյալ և ապօրինի՚: Հանձնաժողովի չորս այլ անդամներ` Իգոր Մուրադյանը, Աշոտ Նավասարդյանը, Հայկ Բաբուխանյանը և Ռաֆիկ Համբարձումյանը, առաջարկեցին հետևյալը. ՙՀայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության միջազգային դատապարտման և պատժման աշխարհի ողջ հայության պահանջին՚:
Խորհրդարանի պատգամավոր Ռաֆայել Իշխանյանը գրում է. ՙԱմենից երկարատև բանավեճը ծավալվեց 1915թ. մեր մեծագույն ողբերգությունը Հռչակագրի մեջ հիշատակելու հարցի շուրջ: Նախագահ Տեր-Պետրոսյանը շատ հանգամանալից ու համոզիչ բացատրեց, որ ցեղասպանության հարցը Հայաստանի անկախության Հռչակագրում դնելը քաղաքական և դիվանագիտական տեսակետից ճիշտ չէ, որ դրան կարելի է մեկ այլ փաստաթղթում անդրադառնալ: Նույնը շատ հիմնավոր բացատրեցին նաև 6-7 պատգամավորներ: Սակայն հայկական պարզունակ զգացմունքային տարերքն այս անգամ էլ հաղթեց բանականությանը: Եղան վերամբարձ ճառեր Սփյուռքի անունից, թե ինչպես կարելի է մեր նահատակներին մոռանալ, թե Հռչակագրում 1915 թիվը չհիշատակելը դավաճանություն է: Ընդամենը 25 պատգամավոր քվեարկեց Հայաստանի անկախության Հռչակագրում 1915 թիվը հիշատակելու դեմ՚:
1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրում, որի տակ դրված է այն ժամանակ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ասվում էր. ՙՀայաստանը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին՚:
Ահա հենց այս կետն էին նաև թուրքերը մատնանաշում ու, դա դարձնելով մատի փաթաթան, հրաժարվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:
Հետագայում ամերիկյան ՙՆյու Յորք Թայմս՚ հեղինակավոր օրաթերթը գրեց. ՙԽիստ եռանդուն և ըմբոստ խորհրդարանում նախագահը (Տեր-Պետրոսյանը) Թուրքիայի հարցում դեմ գնաց հայկական ավանդական քաղաքականությանը: Նա պնդում էր, որ Հռչակագրից հանվի այդ ողբերգության կրքոտ դատապարտումը, նկատի առնելով, որ իսկապես ազատ Հայաստանը կարիք պիտի ունենա իր հարևանների հետ ավելի սերտ հարաբերությունների նոր շրջան սկսելու: Թեև նրան չհաջողվեց Հռչակագրից հանել այդ կետը, սակայն ժողովրդի աչքում չտուժեց՚:
Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից
Լուսանկարում՝ Իգոր Մուրադյան, օգոստոս, 1990թ.