Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Հայրապետ` 18 օգոստոսի, 1994թ. In Memoriam

14331

1994-ի օգոստոսի 18-ին երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց Ամենայն Հայոց կաթողիկոս, Հայաստանի ազգային առաջին հերոս Վազգեն Առաջինը: Ամենայն Հայոցի աթոռը նա զբաղեցրեց գրեթե 40 տարի՝ 1955-ից մինչև 1994:

Մահվանից շաբաթներ առաջ՝ հուլիսի 29-ին, Լևոն Տեր-Պետրոսյանը “ազգային և հոգևոր արժեքների պահպանության ու զարգացման գործում դրսևորած անձնուրաց նվիրումի և մատուցած բացառիկ ծառայությունների համար” Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջինին շնորհեց “Հայաստանի ազգային հերոս” ՀՀ բարձրագույն կոչում` հանձնելով հայրենիքի շքանշան:

Մեկ օր անց՝ հուլիսի 30-ին, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գերագույն  խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը, հանրապետության փոխնախագահ Գագիկ Հարությունյանը և վարչապետ Հրանտ Բագրատյանը այցելեցին Վեհափառին` նրան հանձնելու “Հայաստանի ազգային հերոսի” կոչման հրամանագիրը:

Օգստոսի 18-ին Տեր-Պետրոսյանը հրամանագիր ստորագրեց, որով օգոստոսի 26-ից մինչև հուղարկավորության օրը` օգոստոսի 28-ը, հայտարարվեց համազգային սուգ:

Հայաստանի նախագահի, Գերագույն խորհրդի և կառավարության օգոստոսի 18-ի համատեղ հաղորդագրության մեջ ասվում էր. “Հայ ժողովուրդը և Հայաստանյաց առաքելական եկեղեցին կորցրինիրենց մեծ երախտավորին, որի շուրջ քառասունամյա իր գործունեությունը ամբողջովին նվիրեց ազգային միասնության ամրապնդման, հոգևոր վերածնության և հայկական պետականության վերականգնման վեհ գործին”, “իբրև ժողովրդականություն վայելող հեղինակություն, համազգային զարթոնքի փորձություններով լի տարիներին նա իմաստուն հորդորներով շրջահայաց գործողությունների է կոչում իր հոտին, ամենայն կարեկցությամբ աջակցություն ապահովում բազմահազար հայ փախստականներին, գոտեպնդում ԼՂ ազատամարտի զինվորներին: Նրա հայրական օրհնությամբ կնքվեց Հայաստանի անկախության հանրաքվեի վավերագիրը”, “Վեհափառ Հայրապետը մեծագույն ավանդ ունեցավ “Հայաստան” համահայկական հիմնադրամի ստեղծման գործում”:

Մայր Աթոռի դիվանը տարածեց հաղորդագրություն. “Հունիս ամսից ի վեր Նորին Սրբությունը Երևանի կաթողիկոսական առանձնատանը գտնվում էր անկողնային վիճակում: Օգոստոսի 17-ի երեկոյան Վեհափառ Հայրապետի առողջական վիճակը կտրուկ վատթարացավ: Թեև զգացվում էր գիտակցության առկայություն, սակայն Վեհափառ հայրապետը աստիճանաբար կորցրեց խոսելու և արտահայտվելու կարողությունը: Երբ կացությունն այլևս անհույս էր, Վեհափառ Հայրապետը ընդունեց Վերջին Հաղորդությունը: Ամբողջ գիշեր Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսները հսկում էին Վեհափառ Հայրապետի մահճի մոտ` աղոթքների, սաղմոսների և Նարեկի ընթերցանությամբ: Ազգիս Վեհափառ հայրապետը օգոստոսի 18-ին առավոտյան ժամը 7.15-ին, 86-ամյա հասակում ի Տեր ավանդեց իր հոգին: Թող Տերն իր հավիտենական օթևանի մեջ ընդունի երջանկահիշատակ Վեհափառի հոգին”:

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը Վեհափառի հուղարկավորության ժամանակ. “Այսօր սգացող հայ ժողովուրդը հայրենյաց սուրբ հողին է հանձնում եւ դեպի երկնային արքայություն ճանապարհում իր ամենամեծ երախտավորներից մեկին՝ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսին: Վեհափառ հայրապետի շուրջ քառասնամյա գահակալությունը, որ համընկավ ստալինյան բռնապետության թոթափման, մտքի ազատագրման ու մարդկային արժեքների վերականգնման տառապագին տարիներին, եղավ համակ նվիրումի, եկեղեցական բարեշինության եւ ազգային զարթոնքի լիապարփակ ժամանակաշրջան:

Եւ թեեւ այդ ժամանակաշրջանում մակընթացություններին հաջորդեցին նաեւ տեղատվություններ, ձեռնարկվեցին մտքի ու խղճի ազատության նորանոր սահմանափակումներ, բորբոքվեցին անհարկի ներեկեղեցական տարաձայնություններ, բայց Վեհափառ հայրապետը, միշտ գտնվելով Ամենայն հայոցի բարձրության վրա, իր իմաստուն եւ հավասարակշռված գործունեությամբ, անվրեպ ձեռնարկներով ու ծանրակշիռ խոսքով կարողացավ Եկեղեցին ու իր հոտը հեռու պահել աղետալի փորձություններից եւ անվերականգնելի կորուստներից:

Դրա համար պահանջվում էր, իհարկե, երկաթյա կամք, ծով համբերություն, խոր իմաստություն ու հեռատեսություն՝ հատկանիշներ, որ նախախնամությունը, բարեբախտաբար, Վեհափառին չէր զլացել:

Հասուն կյանքի ավելի քան յոթանասուն երկարուձիգ տարիների ընթացքում զգայասիրտ հայրապետը լիովին կիսեց իր ժողովրդին բաժին ընկած բոլոր տառապանքները եւ հայրենասիրական պարտքի ու հովվապետական պատասխանատվության բարձր գիտակցությամբ ջանաց ամոքել նրա ցավերը, թեթեւացնել նրա բազմազան հոգսերը:

Վազգեն Վեհափառը, սակայն, բախտն ունեցավ նաեւ վայելելու իր ժողովրդի տարած հաղթանակները, հրճվելու նրա հաջողություններով, վերապրելու զանգվածային ներգաղթի ոգեւորությունը, մասնակցելու ետպատերազմյան Հայաստանի շենացմանը, ականատեսն ու նեցուկը լինելու արցախահայության հերոսամարտի եւ ողջունելու Հայոց պետականության վերականգնումը:

Երիտասարդական ավյունով նա լծվեց նորանկախ հանրապետության ամրապնդման սրբազան գործին՝ այն վեր դասելով մնացյալ բոլոր ժամանակավոր ու անցողիկ խնդիրներից, անչափ ոգեւորվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման գաղափարով եւ իր անձնական օրինակով ու անմիջական մասնակցությամբ քաջալերեց նրա հաջող ընթացքը:

Չնայած երկրի ներկա տխուր իրավիճակին, առկա հսկայական դժվարություններին, սոցիալ տնտեսական ծանր խնդիրներին՝ Վեհափառ հայրապետը, օժտված լինելով հիմնականն ու երկրորդականը, անցողիկն ու մնայունը զանազանելու բացառիկ շնորհով, մինչեւ վերջին շունչը մնաց լավատես՝ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ:

Հայ Առաքելական Եկեղեցու 1700 ամյա պատմության մատյանում Վազգեն Վեհափառը երջանկությունն ունեցավ դասվելու հազվագյուտ կաթողիկոսների շարքը, ովքեր իրենց ազգին ծառայեցին Հայոց անկախ պետականության գոյության պայմաններում՝ դրանով հնարավորություն ձեռք բերելով բազմապատկելու հովվապետական գործունեության արդյունքները: Վեհափառն այսպիսով իր անձնական օրինակով եւս մեկ անգամ հաստատեց ազգի բնականոն գոյության երկու անհրաժեշտ պայմանների՝ պետության եւ եկեղեցու ճակատագրի միասնության անառարկելի ճշմարտությունը:

Նա թողեց, սակայն, նաեւ անկատար մի երազ, որի իրականացման համար թեեւ չխնայեց որեւէ ջանք, մանավանդ գահակալության վերջին տարիներին: Այդ երազը Հայ Առաքելական Եկեղեցու միասնության եւ ավանդական նվիրապետության վերականգնումն էր, որը որպես սուրբ պատգամ հանձնվեց մեր սերնդի խղճին:

Վեհափառ հայրապետը աշխարհից հեռացավ խլյակ դարձած մարմնով, բայց նրա փառավորված հոգին գնաց ճախրելու երկնային արքայության մեջ՝ Լուսավորչի, Սահակի, Մեսրոպի, Ներսես Շնորհալու, Խրիմյան Հայրիկի անմահ հոգիներին թեւանցուկ:

Վազգեն կաթողիկոսի լուսավոր կերպարը հավերժ կմնա յուրաքանչյուր հայի բաբախող սրտում՝ որպես եկեղեցաշինության, անձնվիրության, հայրենասիրության եւ հաստատունության անանց խորհրդանիշ, իսկ նրա աղոթքները որպես պահապան հրեշտակներ մշտապես կհսկեն մեր փշոտ ուղին”:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը