Օսմանյան բանկի գրավումը. ինչպես է եղել (օգոստոս 14, 1896թ.)

11777

ԾԱՆՈԹ. – Այս հրապարակումը նվիրված է 1896 թվականի օգոստոսի 14-ի իրադարձությանը, որ պատմության մեջ է մտել Բանկ Օտոման անունով: Հրապարակման մեջ հատվածներ են այն օրերի մամուլից, գրքերից և դեմքերից՝ առանց մեկնաբանությունների: Գործողության մասին մանրամասնորեն գրել են Մ. Վարանդեանը իր «Հ. Յ. Դաշնակցության պատմությունը» աշխատության Ա հատորում, Արմէն Գարոն իր «Ապրուած Օրեր» հուշերում, ինչպես նաև կարելի է թերթել 1896-97 թթ. «Դրօշակ»ը և այլ պարբերականներ: 

«Պանք Օթօման» և Սամաթիա

Հ. Յ. Դաշնակցութեան Պոլսոյ Կեդրոնական Կոմիտէի որոշմամբ եւ Արեւմտեան Բիւրոյի («Դրօշակ»ի խմբագրութիւն) հաւանութեամբ, 1896 Օգոստոս 14ին Պոլսոյ յեղափոխական կազմակերպութիւնը պոռթկաց: Նոյն օրը, եւ գրեթէ միեւնոյն ժամուն, Օսմանեան մայրաքաղաքին մէջ ծայր տուին Հայոց նորագոյն պատմութեան մէջ արդէն իրենց արժանաւոր տեղը գտած՝ ցուցական-յարձակողական գործոութիւններ,- Օսմանեան Դրամատան գրաւումը եւ Սամաթիոյ կռիւները,- ինչպէս նաեւ, բազմաթիւ այլ թաղերու մէջ՝ ուր թուրք զինուորները ու խուժանը անխնայ կ’ուզէին կոտորել հայ անզէն ազգաբնակչութիւնը՝ պաշտպանողական կռիւներ:

Մեր նպատակը չէ մանրմասն պատմականը կամ նկարագրութինը ընել յեղափոխական հանրածանօթ այդ աքթերուն, որոնց մասին շատ գրուած է արդէն: Կը բաւականանք տալով նոյն օրերուն «Դրօշակ»ի մէջ տեղ գտած կարգ մը հեռագիրները, ինչպէս նաև կռիւներու նախօրեակին եւ անոնց յաջորդող օրերուն Հ. Յ. Դ. Պոլսոյ Կեդրոնական Կոմիտէի ցրուած շրջաբերականներն ու թռուցիկները:

Հրաչ Տասնապետեան

«Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան Պատմութեան Համար», Ա. Հատոր , էջ 163-164

ԱՊՍՏԱՄԲՈՒԹԻՒՆ Կ. ՊՈԼՍՈՒՄ, ԱՐԻՒՆԱՀԵՂ ԿՌԻՒՆԵՐ

ՍԵՓԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐՆԵՐ (Սոֆիայի վրայով), 31/19 Օգոս., 1896 թ.

Ապստամբութիւն է Պոլսում: Դաշնակցականները գրաւել են Օսմանեան բանկը, կոտորելով զինուորներին եւ պահապաններին: Սպառնացել են օդը բարձրացնել բանկը, եթէ դեսպանները բաւարարութիւն չտան հայերի պահանջներին: Երկար բանակցութիւններից յետոյ ռուսաց դեսպանատունը խոստացել է կատարել Կոմիտէի պահանջած կէտերը, ինչպէս եւ բանկի մէջ գտնուողների ապահովութիւնը: Խումբը զինուած դուրս է եկել բանկից եւ զէնքը պահպանելով մտել է անգլիական նաւը:

Քաղաքի զանազան մասերում դաշնակցական միւս խմբերը դիմադրել են զինուորների ու խուժանի յարձակման: Բազմաթիւ տաճիկներ են կոտորուել: Տաճիկները յարձակուել են անպաշտպան թաղերի վրայ եւ սոսկալի կոտորած արել :

Դրութիւնը սոսկալի է:

1/20 Սեպտեմ., 1896թ.

Զինուորնեը եւ խուժանը շարունակում են կոտորածը: Մերոնք դիմադրում են ռումբերով:

Դաշնակցական Կեդրոնական Կոմիտէն սպառնացել է թափել իր ամբողջ ոյժը, եթէ անզէնների կոտորածը շարունակուի: Դեսպանները խստիւ են միջամտել եւ կառավարութիւնը խիստ միջոցներ է ձեռք առել: Մանրամասնութիւնները՝ նամակով:

ՕՍՄԱՆԵԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱԻՈՒՄԸ

ԲԱՆԿԸ ԳՐԱԻՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

(Ներկայացրած ֆրանսերէն լեզուով)

Մեր պահանջներն են.

  1. Ապահովել միջազգային միջամտութեամբ ամբողջ երկրի խաղաղութիւնը:
  2. Ընդունել բոլոր պահանջները, որ դրել է Հ. Յ. Դաշնակցութեան Պոլսոյ Կեդրոնական Կոմիտէն:
  3. Մեր դէմ ոյժ գործ չդնել:
  4. Կեանքի կատարեալ ապահովութիւն թէ՛ բանկի մէջ գտնուղների եւ թէ՛ քաղաքի այլ մասերում խառնակութեանց մէջ մասնակցողների:

Բանկի շարժական կայքը, դրամը կը մնան անվնաս մինչեւ մեր պահանջների գործադրութիւնը: Հակառակ դէպքում բոլոր թղթերը, դրամը կ’ոչնչոցնենք եւ մենք էլ ծառայողների հետ միասին բանկի փլատակների տակ կը գտնենք մեր մահը:

Մենք ստիպուած ենք դիմել այս ծայրահեղ միջոցներին:

Դա մարդկութեան դատապարտելի անտարբերութիւնն է, որ մեզ հասցրել է այս աստիճանին:

Հ. Յ. Դաշնակցութեան Կ. Պոլսի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչներ

Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ Կ. ՊՈԼՍԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ

ՍԵՓԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

(Բոլգարիայից 10ին)

Միաժամանակ բանկի գրաւման հետ, վճռած էինք ջարդ տալ քաղաքի զանազան մասերում, իսկ միւս տեղերում պաշտպանաողական դիրք բռնել:

Սամաթիա թաղում մեր կռիւը տեւեց 11 ժամ: Կոտորուած են բաւական հայեր: Տաճիկների կորուստը աւելի է՝ մօտ 1500:

Բաբը Ալին (Բարձր դուռ) ռմբակոծուեցաւ, որտեղ առաջին յարձակումից 20 տաճիկ է սպանուել:

Խասքէօյում տաճիկների յարձակման դիմադրում էինք ռումբերով. կոտորածը երկու կողմից էլ մեծ է:

Ղալաթասարային կից տներից 3 օր շարունակ ռումբեր էինք նետում:

Ղալաթան եւ Բերան մինչեւ այսօր գոց են:

(Մարսէյլից 13ին)

Պոլսէն Մարսէյլ ժամանող փախստականների պատմածին նայելով, գործը շատ մեծ կերպարանք առած է: Տաճիկների կորուստը սպասածէն շատ աւել է (*):

Սամաթիայէն ու Ղալաթայէն զինուորներու եւ տաճիկ խուժանի դիակները անընդհատ սայլերով կը կրէին:

ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՄԱՐՍԷՅԼՈՒՄ

Ամսոյ 6ին Մարսէյլ հասաւ «ժիրոնդ» նաւը, որի մէջ էին գտնւում Օսմանեան բանկը գրաւող մեր հերոսները: Մարսէյլի հայ երիտասարդութիւնը պատրաստուել էր լաւ ընդունելութիւն անելու, ինչպէս եւ Պարիզի հայ գաղութը հայ ուսանողութեան հետ միասին, բայց ֆրանսիական ներկայ ստոր կառաւարութեան [կարգադրութեամբ] տղաները ուղղակի բանտ տարուեցան, որտեղ են մինչեւ այսօր: Չնայելով անընդհատ դիմումներին, թէ բանտարկեալների եւ թէ Պարիզի հայ գաղութի խիստ բողոքներին ու ֆրանսիական մամուլի լաւագոյն մասի կատաղի յարձակումներին, նրանք դեռ մնում են անորոշ ժամանակով, անյայտ պատճառներով: Ահա ձեզ դիպլոմատիայի տուած ազնիւ խոստումների իրագործումը…

Հաւատացած են, որ ազատութիւն տալուց յետոյ, ֆրանսիական կառաւարութիւնը թոյլ չի տալիս տղերանց մնալ իր հողում:

ՊՈԼՍՈՅ ԿԵԴՐ. ԿՈՄԻՏԷԻ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆՆԵՐԸ

Հետեւեալ երկու շրջաբերականները, Հ. Յ. Դ. Պոլսի Կեդրոնական Կոմիտէի ստորագրութեամբ, ցրուած են Օգոստոս 14ին կռիւներէն անմիջապէս առաջ:

Առաջինը տպուած է թրքերենով, եւ սահմանուած է Պոլսոյ թուրք ազգաբնակչութեան:

Երկրորդը հրատարակուած է հայերէն, ֆրանսերէն եւ թրքերէն, եւ ուղղուած է միջազգային հանրային կարծիքին:

Ա.- Քեզ ենք դիմում սրանով, տաճիկ ժողովուրդ, եւ ոչ թէ այն պատճառով, որ երկիւղ ենք կրում քեզանից, կամ այլ եւ այլ միտումներ ունենք. – ոչ, մենք արհամարանքով ենք նայում մահուան երեսին, – քո կառաւարութիւնն է մեզ այդ սովորեցրել: Մենք դիմում ենք քեզ միայն մի նպատակով՝ յայտնելու քեզ, որ քո դէմ մենք ոչինչ չունենք: Դարերից ի վեր մեր հայրերը ու պապերն ապրում էին քեզ հետ հաշտ ու խաղաղ, ունենալով մի հայրենիք ու ընդհանուր նպատակներ: Սակայն այս վերջին ժամանակները, ոճիրներով ստեղծուած քո կառավարութիւնը սկսեց խռովութիւններ սերմանել մեր մէջ, որպէս զի աւելի մեծ դիւրութեամբ խեղդի եւ քեզ, եւ մեզ: Դու չհասկացար, ժողդովուրդ, այս դիւական քաղաքականութիւնը եւ մեր եղբայրների արեան մէջ թաթախուած՝ դու մեղսակից գտնուեցար այդ զազրելի ոճրագործութեան: Բայց թող քաջ յայտնի լինի, քեզ, որ մեր կռիւը ոչ թէ քո դէմ է, այլ քո կառաւարութեան. դրա դէմ են կռւում եւ քո լաւագոյն զաւակները, որոնք կառավարչական ներկայ ձեւերում իրենց հանգստութիւնը միմիայն Բոսֆորի սրընթաց ալիքների մէջ են գտնում:

Մտածի՛ր, ժողովո՜ւրդ, ով է քո թշնամին եւ ով քո բարեկամը:

Բ.- Մենք անդուլ բողոքեցինք Եւրոպային թիւրք բռնապետութեան դէմ, բայց մեր բողոքները, որ օրինական էին, սիստեմաբար մերժուեցան:

Սուլթան Համիտ արիւնահեղ վրէժխնդրութեամբ պատասխանեց մեզ:

Տեսաւ Եւրոպան այս ահռելի ոճիրը եւ լռեց:

Ոչ միայն դահիճի ձեռքը չբռնեց, այլ եւ մեզ լրբաբար համակերպութեան հարկադրեց:

Մեզ նախատեցին՝ մեր մարդկային իրավունքը զլանալով մեզ, եւ մեր ազգային պատիւը ցմահ խոցեցին՝ մեր արեան մէջ մեր բողոքի ձայնը խեղդել ջանալով:

Մեր արիւնով սրբագործուած մեր պահանջներուն կու գայ հիմա միանալու եւ սրբազան վրէժի սեւեռուն գաղափարը, որ սեւ ուրուականի պէս արձանացած է մեր աչքերուն առջեւ:

«Իրաւունքը զօրաւորին է» ըսաւ մեզի Եւրոպան՝ իր մահառիթ անտարբերութեամբ, եւ մենք, տկարներս, մարդկային իրաւունքներէ զրկուածներս, հարկադրուած ենք գիտութեանը դիմելու՝ որոնելով ամէն միջոց, փշրելու համար սուլթանի գարշելի լուծը. ալ չենք կրնար հանդուրժել:

Դիւանագիտական խաղերու ժամանակ ալ անցած է:

Մեր հարիւր հազար նահատակներուն թափած արիւնը մեզի իրաւունք կու տայ ազատութիւն պահանջելու:

Մեր թշնամիներուն տարածած բոլոր նենգամիտ զրոյցներուն հակառակ՝ մենք խնդրած ենք եւ հիմա ալ կը խնդրենք միմիայն անհրաժեշտը, այսինքն՝

  1. Նշանակել ծագումով եւ ազգութեամբ եւրոպացի բարձրագոյն կոմիսար մը՝ Հայաստանի համար, ընտրուած վեց մեծ տէրութիւններու կողմէն:
  2. Վալիները, միւթէսարըֆները եւ գայմագամները պիտի նշանակէ բարձր կոմիսարը եւ Սուլթանը պիտի վաւերացնէ:
  3. Եւրոպացի սպաներու հրամանատարութեան ներքեւ պիտի կազմակերպուի տեղական ազգերէն միլիցիա, ժանտարմա եւ ոստիկանութիւն:
  4. Դատական բարենորոգումներ՝ եւրոպական սիստեմով:
  5. Կրօնի, կրթութեան եւ մամուլի կատարեալ ազատութիւն:
  6. Երկրի հասոյթներու երեք քառորդ մասը պիտի յատկացուի տեղական պէտքերուն:
  7. Յետնեալ հարկերը ջնջել:
  8. Հինգ տարի հարկէ ազատել, եւ հետեւեալ հինգ տարիներու պետութեան վճարելիք հարկը գործածել վերջին խռովութեանց պատճառած վնասները փոխարինելու:
  9. Հայերէն գրաւուած անշարժ կայքերը անմիջապէս վերադարձնել տէրերուն:
  10. Բոլոր հայ գաղթականներուն ազատ վերադարձ:
  11. Ընդհանուր ներում հայ քաղաքական յանցաւորներուն:
  12. Եւրոպական տէրութիւններու ներկայացուցիչներէն առժամեայ յանձնաժողով մը կազմել, որ Հայաստանի գլխաւոր քաղաքներէն մէկուն մէջ հաստատուելով պիտի հսկէ վերոյիշեալ յօդուածներու գործադրութեան:

Կը կրկնենք, ո՛չ մէկ զոհողութեան առջեւ կանգ պիտի առնենք մեր նպատակին հասնելու համար:

Այսուհետեւ ազատ կը համարինք ինքզինքնիս ամէն պատասխանատութենէ:

Կանխաւ կ’ողբանք ամէն անոնց կորուստը-տեղացի թէ օտարական, որոնք գոհ պիտի ըլլան ընդհանուր շփոթութեան: Կը ցաւինք, սակայն ընդհանուր դժբախտութեան առջեւ մասնաւոր սուգը իմաստ չունի:

Մենք կը մեռնինք, գիտենք. բայց յեղափոխութիւնը, որ հայ ժողովրդի մինչեւ ոսկորները թափանցած է, պիտի շարունակէ սպառնալ Սուլթաններու գահին, ցորչափ մեր մարդկային իրաւունքները ձեռք չբերենք եւ ցորչափ կենդանի մնայ վերջին հայը:

ՊՈԼՍՈՅ ԿԵԴՐ. ԿՈՄԻՏԷԻ ԹՌՈՒՑԻԿ ԹԵՐԹԸ

«Թռուցիկ թերթ» թիւ 11, 25 Սեպտեմբեր 1896ի, հրատարակուած հայերէն եւ ֆրանսերէն: Ուղղուած է միջազգային հանրային կարծիքին, եւ ի մասնաւորի՝ եւրոպական դիւանագիտական շրջանակներուն ու Պետութեանց:

Հայերէն ետք՝ կու տանք նաեւ Ֆրանսերէնը, որու տպագրեալ պատճէնը եւս մեր տրամադրութեան տակ է:

ԹՌՈՒՑԻԿ ԹԵՐԹ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ Կ. ՊՈԼՍԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷԻ

25 Սեպ. 1896

Ձեզ ենք դիմում, դուք, դիպլոմատներ, քաղաքագէտներ, ազգերի տէրեր, պատմութիւն անողներ, մեր բողոքող նախատինքով լիքը խօսքը ամէնից առաջ ձեզ ենք ուղղում:

Ի՞նչ արիք դուք, երբ տաճիկ ամբոխի սրիկայ մասը, զօրքի, ոստիկանութեան հետ միասին ձեռք-ձեռքի տուած, մայրաքաղաքի փողոցներով թափառելիս հայ բանուորը, հայ վաճառականը, հայ քահանան, հայ ինտելլիգենտն էր որոնում ու տեղն ու տեղը, ձեր աչքի առաջ, օր ցերեկով անպատմելի դժոխային տանջանքներ տալով՝ մաս-մաս անում…

Դուք գիտէիք, որ Պոլսի զանազան թաղերում, – ամբողջ Պոլսում, – նոյնանման տեսարաններ էին տեղի ունենում. բայց իրենց կատարելութիւնը հասցրած. անմեղ հայերի արիւնով էին ներկում ամբողջ Պոլսի փողոցները, տները, խաներն ու խանութները – անկիւն չէր մնացել, որ արիւնով չոռոգուէր. մահն էր, որ իր սեւ թեւերը տարածել էր դժոխացած Պոլսի վրայ…

Մտածեցի՞ք արդեօք բռնել արեան մէջ շաղախուած արիւնով պատած սուրը, զսպել արիւնարբու, արիւնածարաւ, վայրագ գազանը: Ոչ, դուք միայն միջոցներ ձեռք առաք՝ բոլորդ միասին, որպէսզի դարերի ընթացքում կեղեքող-հալածողը ազատ մնայ՝ գլուխը բարձրացրած ստրկի հասցրած վնասից: – Դուք այդ վնասը պակասեցնել ջանացիք՝ – այդ վնասը ձեր սեփական վնասն էր որովհետեւ: Փոխանակ արիւնը կանգնեցնելու, անմեղներին օգնութեան հասնելու, դուք կէս գիշերով, արեան հեղեղների միջով հերոսների մօտ վազեցիք ու կրկին դիպլոմատիական խաղերով, զանազան խոստումներ տալով բանկը ազատել փութացիք… Իսկ այնտեղ ամէնուրէք տաճիկը իր գործն էր տեսնում, հազարաւոր անմեղների արեան հետ կանանց ու երեխաների անմեղ արիւնը խառնելով: Այդ դուք տեսնում էիք ու լուռ մնում, չնայելով ազնիւ խօսքին, որ վեց այսպէս ասած մեծ պետութիւնների ներկայացուցիչներդ ի դիմաց Մաքսիմովի, ծնկաչոք տուել էինք բանկի հերոսներին կոտորածը կանգնեցնել խոստանալով, հայկական դատի, հայ ժողովրդի շահերը առաջ բերելով… Խաբեցի՞ք:

Ա՞յդ էին պահանջում ձեզանից ձեր պաշտօնական պարտականութիւնները, ա՞յդ էին պահանջում վերջապէս ձեր մարդկային պարտականութիւնները:

Մի՞թէ արդարեւ քաղաքական կեանքի մէջ ամենատարրական մարդկային պարտաճանաչութիւնն անգամ բացակայում է ու եւրոպական ազգերը իրենց ներկայացուցիչներով չեն կոչուած գէթ որոշ չափով կարգ ու կանոն մտցնել այնտեղ, ուր դժոխք է տիրում…

Եթէ հազարաւոր անմեղների ողբ ու արցունքը, ամբողջ մարդկութեանը դիմած նրանց օգնութեան ճիչ ու աղաղակը ձեր սրտին ոչինչ չի ասում ու դուք ընդունակ էք այդ բոլորին սառնասրտութեամբ նայելու, հեռացէք, – մի՛ վրդովէք մեր գազանացած խիղճն ու միտքը…

Եթէ այս անգամ էլ հայ ժողովրդի անմեղ արիւնը ի զուր թափուած լինի, եթէ այս անգամը վերջինը չլինի, մօտակայ ահռելի կռուի համար մեզ մտածել կը մնայ նորանոր միջոցների, տարբեր ձեւի ու ծաւալի մասին, որից վնասուողները յամենայն դէպս միայն մենք չենք լինի… ինչ կը լինի, թող լինի… Բայց եւ այնպէս մեր գրգռուած խղճի ու մտքի, մեր աիրւնով պատած աչքերի առաջ մի բարոյականացած անբարոյական միտք է անցնում, որը մեզ վրայ սարսուռ է բերում…

Եթէ հայը իրաւունք չունի խաղաղ, մարդավայել կեանք վարելու, այդ իրաւունքից նա կ’աշխատի զրկել եւ իր բոլոր թշնամիներին…

Եթէ արցունք, – թող ուրեմն արցունք…

ՊՈԼՍՈՅ Կ. Կ. Ի ԱԶԴԱՐԱՐԱԳԻՐԸ՝ ԵՒՐՈՊԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԵԱՆՑ ԴԵՍՊԱՆՆԵՐՈՒՆ

Հրապարակ հանուած է, ամենայն հաւանականութեամբ, Պ24ով տրուած « Թռուցիկ թերթ»էն կամ երկու շաբաթ ետք: Բնագիրը չունինք: Կ’առնենք «Դրօշակ»ի 1896ի 24րդ. համարէն (17 Հոկտեմբեր 1896):

Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ Կ. ՊՈԼՍՈՅ ԿԵԴ. ԿՈՄԻՏԷԻ ԱԶԴԱՐԱՐԱԳԻՐԸ

Տէ՛ր,

Ձերբակալութիւնները կը շարունակուին, անարդարութեան ատեաննեը լիովին կը կատարեն իրենց հայաջինջ պարտականութիւնը. զնտանները լեցուած են հազարաւոր անմեղներով, որոնց միակ յանցանքն է հայ ըլլալնին:

Եւ իբր թէ քաղցը եւ համաճարակները բաւ չէին, այժմ ամենէն զարհուրելի տանջանքները վերապահուած են բանտարկեալներուն: Մինչդեռ բովանդակ հայութիւնը խմբովին կը հալածուի, բուն չարագործները, վայրենի քիւրտերը ոչ միայն չեն պատժուիր, այլ նաեւ թաղերու ապահովութեան հոգը յանձնուած է անոնց: Ի՜նչ հեգնութիւն:

Հակառակ մեծ վէզիրի խոստումներուն եւ ապահովութիւններուն, հակառակ վալիներուն ուղարկուած համբաւաւոր շրջաբերականին, նորէն Ակնի կոտորածը պայթեցաւ քաղաքակիրթ աշխարհի եւ Դահիճ-Համիտի վայրագ քաղաքականութեան աչքին առջեւ:

Օգոստոս 14/26 մեր յայտարարութիւնը եւ նոյն ամսուայ 16/28ի ազդարարագիրը արձակելէ յետոյ համբերութեամբ կը սպասէինք մեր տարաբախտ հայրենիքի սրբազան դատին նկատմամբ եւրոպական դիւանագիտութեան բռնելիք նոր ուղղութեան:

Շատ լաւ գիտէինք, թէ կարճ ժամանակամիջոցի մը մէջ հնար չէր ազդեցիկ բարենորոգումներ կատարել, սակայն կը սպասէինք գոնէ առ այժմ մեղմացուցիչ միջոցներով վէրքերը փակել, նորանոր գազանութիւններու աrջեւը առնել, անմեղները պաշտպանել եւ միաժամանակ գաղթականութիւնը արգիլել՝ որ ձմեռ ատենով պատճառ պիտի ըլլայ այդ շուարած թշուառներու մեծ մասին ակներեւ մահուան:

Աւա՜ղ, ոչ մէկ միջոց, բացի, թերեւս, թօփհանէի ռումբերու ցուցահանդէսէն՝ մահմետականներու մոլեռանդութիւնը աւելի բորբոքելու համար:

Մենք պարտականութիւն կը համարինք վերջին անգամ ըլլալով՝ ձեր ուշադրութիւնը հրաւիրել թէ վտանգաւոր խաղ է ազգի մը ճակատագրին հետ խաղալ, ազգի մը, որ աւելի հին է եւ աւելի քաղաքակիրթ, քան իր վերջին ծայրը հասած է: Սպառնալիք մը չէ աս, այլ պատմնական օրէնք մը, զոր կարելի չէ անգօսնել:

Մենք, գործի մարդիկս, մենք միշտ գործը խօսքէն նախամեծար սեպած ենք: Մեր վերջնական խօսքը կարդացիք արդէն մեր շրջաբերականին մէջ:

***

Յ. Գ.- Պարտք կը համարինք բացարձակապէս հերքել նաեւ այն, թէ Դաշնակցականները երբեք չեն մտադրած Պոլսոյ դեսպանատուները օդը հանել, ինչպէս կը տարաձայնեն հայատեաց թերթերը: Այդ լուրին անհեթեթութիւնը այնքան պարզ է, որ տարակոյս չի վերցներ, որովհետեւ մինչեւ հիմա, մենք միշտ պզտիկ յոյս մը տածած ենք հայկական գործերուն մէջ եւրոպական միջամտութեան մասին:

Լուսանկար՝ Բանկ Օտոմանը գրաված հայերը Մարսելում