Արարատեան Հայաստան ստեղծելու միտքը՝ Էջմիածին կեդրոնով, կու գար թուրքերից 1914ին. Ռուբէն

2646

Հատուած Ռուբէն Տէր Մինասեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ աշխատութիւնից: Ռուբէն Տէր Մինասեանը եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայաստանի Առաջին Հանրապետության երրորդ ռազմական նախարարը:

________________________

Գլուխ Ա.

Ներկայ Հայաստանը միայն մի գաւառն է Հայաստան Աշխարհի՝ Արարատեան Աշխարհի մի բեկորից կազմուած: Այս տեսակէտից, ներկայ Հայաստանին աւելի ճիշդ են բնորոշում նրանք, որոնք զայն կ’անուանեն Արարատեան Հայաստան: Բագրատունեաց Հարստութեան անկումից յետոյ, այդ երկրամասը կը կազմէր գլխաւորապէս պարսից տիրապետութեան ենթակայ Երեւանի եւ Նախիջեւանի խանութիւնները: Իսկ 1827ից, նա ինկաւ ռուս տիրապետութեան տակ՝ կազմելով Ռուսաստանի Երեւանի նահանգը:

Մինչեւ 1917 թուականը, ոչ մի հայ կուսակցութիւն բնաւ չէ ձգտած Երեւանեան նահանգը բաժանել Ռուսաստանից եւ նրանից կազմել Հայաստանը: Հայ կուսակցութիւնները եւ առհասարակ հայ ժողովուրդը ձգտած են ունենալ անկախ Հայաստան, բայց ոչ թէ Ռուսաստանում, այլ ռուսական սահմանից այն կողմ, Տաճկաց Հայաստանում: Մինչեւ այդ թուականը, Հայաստան, Երկիր հոմանիշ էին Տաճկահայաստանին: Եթէ չհաշուենք Սիւնեաց եւ Արցախու մելիքութեանց եւ Ներսէս Աշտարակեցու ժամանակի ձգտումները՝ ստեղծել Արարատեան շրջաններից ազատ Հայաստան, պէտք է ընդհանուր առմամբ ասել, որ նման մի նպատակ կը բացակայէր հայ մտքի եւ քաղաքական կուսակցութեանց ծրագիրների մէջ:

Հայ ժողովուրդը ռուսական տիրապետութեան տակ ընկնելով, իւր ձգտումներն ու նպատակները կը սահմանաւորէր հետեւեալ գլխաւոր պահանջներով.- Կրօնական եւ մշակութային ազատութիւն, վարչական ինքնավարութիւն (Զեմստւօ), եւ վերջապէս Անդրկովկասեան ֆետերացիա, Ռուսաստանի սահմաններում: Այս վերջին քաղաքական պահանջը, զոր Հ. Յ. Դաշնակցութիւնը կ’առաջադրէր 1914ից, ընդդիմութիւն կը գտնէր հայ թէ աջ եւ թէ ձախ հոսանքների կողմից՝ մէջն առնելով եւ ներկայ բոլշեւիկ ու մենշեւիկ հոսանքները, որոնք այսօր բախտի բերմունքով Անդրկովկասեան Ֆետերատիւ պետութեան վարիչները կը հանդիսանան: Ինչ էլ որ լինի, մինչեւ 1917, Դաշնակցութիւնն էր ամենածայրայեղ ազգային պահանջներ դնողը, բայց նրա պահանջների սահմանը չէր անցնում Անդրկովկասեան Ֆետերացիայից. նա Հայաստան անունը կը զլանար տալ Երեւանեան եւ այլ գաւառներին, վերապահելով այդ Տաճկաց Հայաստանին:

Արարատեան Հայաստան ստեղծելու միտքը առաջին անգամ տաճիկներն են թելադրած՝ Բիւրհանետտին Շաքիրի, Օմար Նաճիի եւ Հիլմի պէյերի միջոցով, որոնք, իբրեւ բանակցող, Իթթիհատի կողմից եկած էին Էրզրում 1914 Օգոստոսի վերջերին: Նրանք կ’առաջարկէին հոն գումարուող Դաշնակցութեան իննի յանձնախումբին՝ ստեղծելով Հայաստան՝ կեդրոն ունենալով Էջմիածինը, միացնելով դրան Տաճկահայաստանի որոշ մասեր: Գործնականապէս կ’առաջարկուէր միացեալ Հայաստան, թուրքերի կողմից, պայմանաւ որ մենք պահանաջատէր դառնայինք ե՛ւ Ռուսաստանից, եւ  Անդրկովկասում առաջապահը դառնայինք Կովկասեան ապստամբութեան, պատերազմի պարագային:

Առանց յետին թուով մտնելու այդ պաշտօնական բանակցութեանց մէջ, այստեղ կարեւոր է շեշտել այն, որ անկախ եւ միացեալ Հայաստանի առաջարկը կու գար թուրքերից. Դաշնակցութիւնը այս կամ այն պատճառով կը մնար իւր համեստ պահանջների վրայ՝ Անդրկովկասում՝ ֆետերացիա ռուսաց սահմաններում, Տաճկաստանում՝ ատէմի մերքեզիաթ: Եւ մերժելով պատերազմի եւ ապստամբութեան առաջարկները, նա կը յանձնարարէր թուրքերին չմտնել պատերազմի մէջ՝ խոստանալով լոյալ (օրինապահ) մնալ, երկու հայկական մասերում քաղաքացիական պարտականութիւններից չխուսափելով:

Համաշխարհային պատերազմի ընթացքում, աւելի շեշտ կ’առնէ գաղութահայ եւ ռուսահայ զանգուածների մէջ Հայաստանի ազատագրման ձգտումը: Այս ձգտումը աւելի ուժ կ’առնէ ոչ թէ յեղափոխական կուսակցութեանց, այլ աւելի  աջակողմեան տարրերի մէջ՝ գլուխ ունենալով կղերականութիւնը, ըստ որուն Հայաստանի ազատագրումը ըսելով կը հասկցուէր միայն Տաճկահայաստանը. Ռուսաց Հայաստանի՝ ներկայ Հայաստանի  վերաբերմաբ ո՛չ մի քաղաքական եւ այլ պահանջ չէր առաջարկուեր: Ռուսական բանակները հայ կամաւորների օժանդակութեամբ կը գրաւեն, մինչեւ 1917ը, համարեա ամբողջ Տաճկաց Հայաստանը: Միացեալ Հայաստան ստեղծուած էր, բայց այդ միացեալ Հայաստանում հայերի քաղաքական որեւէ ձգտում չէր բաւարարուած: Վասպուրական, Տարօն, Բարձր-Հայք եւայլն, դարձած էին ռուսական նահանգներ եւ փոխանակ անկախ Հայաստանի՝ կը ծրագրուէր Եփրատեան կոզակութեան կազմակերպումը, Արածանիի հովտում: