Կարեն Դեմիրճյանի զեկուցումը ՀԿԿ Կենտկոմի 1987թ հուլիսի 25-ի պլենումում

6532

Հատվածներ Խորհրդային Հայաստանի առաջնորդ (1974-1988) Կարեն Դեմիրճյանի՝ ՀԿԿ Կենտկոմի 1987թ հուլիսի 25-ի պլենումում ունեցած ճառից: ԽՄԿԿ կենտկոմի 1987թ. հունիսյան պլենումում Միխայիլ Գորբաչովը քննադատել էր Հայաստանի կոմկուսի ղեկավարությանը և Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին՝ վերակառուցման տեղապտույտի, բնապահպանական չլուծված հարցերի, կոռուպցիայի դեմ պայքարի բացակայության, կադրային ոչ ճիշտ քաղաքականության և բազմաթիվ այլ հարցերում:

Ընկեր Գորբաչովի զեկուցման մեջ սուր քննադատություն հնչեց մեր հանրապետության կուսակցական կազմակերպության վերաբերյալ և նրա ղեկավարության հասցեին: Արդարացիորեն նշվեց, որ վերակառուցումը մեր հանրապետությունում տեղապտույտ է տալիս:

Հայաստանի ԿԿ ԿԿ բյուրոն գտնում է, որ … ՍՄԿԿ Կենտկոմի հունիսյան պլենումում արված սուր, պահանջկոտ քննադատությունը արդարացի է և ժամանակին: Կենտկոմի բյուրոն և ես` որպես ԿԿ առաջին քարտուղար, թույլ ենք տվել լուրջ վրիպում: … անհրաժեշտ է այսուհետև էլ վճռական հակահարված տալ դաշնակցական պրոպագանդային… այստեղ զիջումներ չեն եղել և չպետք է լինեն:

Առանձին մարդիկ իրենց ելույթներում, հրապարակումներում կեղծ հայրենասիրություն են դրսևորում, շահարկում ազգային զգացմունքներ և պատշաճ հակահարված չեն ստանում: Բանը հասնում է այնտեղ, որ օրը ցերեկով կոլեկտիվներում հայտնվում են ինքնակոչ դասախոսներ, զանազան նամակների տակ ստորագրություններ հավաքողներ, պատճենահանման տեխնիկայով բազմացվում և տարածվում են կասկածելի գրվածքներ…

Սովետական Հայաստան, թիվ 179, 28 հուլիս, 1987թ.

Լուսանկարը՝ Արմենպրես-ի բաց արխիվից