Ռիչարդ Հովհաննիսյան. In Memoriam

1564

2008 թվականն էր հավանաբար:

Ռիչարդ Հովհաննիսյանի հետ զրուցում էի նրա որդու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած ՌԱՀՀԿ-ում:

– Պրոֆեսո՛ր,- ասացի բարեկամաբար,- Դուք այնքան մանրամասնորեն եք գրել 1918-1920 թվականների դեպքերը, որ հայ պատմաբանների ու հետազոտողների համար բան չեք թողել:

– Չէ՛, շատ բան կա գրելու,- ասաց ժպիտը դեմքին,- շատ բան կա գրելու:

Ռիչարդ Հովհաննիսյանն է իմ առաջ բացել հայ-թուրք հարաբերությունների չգրված դրվագները, Հայաստանի Հանրապետության պատմությունը, նրա թողած գրքերի հղումներով եմ մտել մեր պատմության մանրամասների մեջ ու չեմ կարողանում դուրս գալ: Պրոֆեսորի հաստափոր կոթողային հատորները իմ սեղանի գրքերն են տարիներ շարունակ: Ինձ համար սակավաթիվ հայ պատմաբաններից է, որի հրապարակած փաստերը և հղումները  ճշգրտելու կարիք չեմ ունեցել երբեք:

Այսօր իմացա, որ 90 տարեկանում, Լոս Անջելեսում, հուլիսի 10-ին, կյանքից հեռացել է պրոֆեսոր Հովհաննիսյանը:

Ակադեմիական էր ուղն ու ծուծով:

Ազնիվ, անկողմնակալ պատմաբան էր, որ երբեք չէր թաքցնում սեփական ժողովրդի դեմ աղաղակող փաստերը՝ արժանանալով ազգայնականների ու կեղծ հայրենասերների դատափետումներին:

Շնորհակալություն, պարո՛ն Հովհաննիսյան՝ Ձեր հատորներով սովորել ու շարունակում եմ սովորել:

Մի մոմ կվառեմ հայկական եկեղեցում՝ Ձեր հոգու հանգստության ու խաղաղության համար:

Թաթուլ Հակոբյան