Լույս է տեսել լրագրող Թաթուլ Հակոբյանի «Կարսից Շուշի. ինչու այսպես եղավ» 400 էջանոց հատորը, որը հեղինակի հինգերորդ գիրքն է:
Հեղինակը հատորը նվիրել է ավագ բարեկամին՝ Յակոբ Յովակիմեանին և որդուն՝ Րաֆֆի Յովակիմեանին:
Այս հատորում մեկտեղված են Թաթուլ Հակոբյանի 2012-2022 թվականների ընթացքում հրապարակված կարճ գրությունները, որոնք տեղ են գտել հիմնականում ՍիվիլՆեթում, Ալիք Մեդիայում, ԱՆԻ կենտրոնում և այլ հարթակներում: Հեղինակն ընտրել է հիմնականում Արցախյան հակամարտությանն ու պատերազմին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը վերաբերող սյունակներ, մի քանի ճամփորդական նոթեր ու սահմանային գյուղերի պատկերներ:
2008թ լույս է տեսել Հակոբյանի «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» գիրքը, որն ունեցել է հայերեն 4 հրատարակություն, ինչպես նաև՝ թարգմանվել ռուսերեն, անգլերեն, արաբերեն և թուրքերեն: 2012թ լույս տեսավ «Հայերը և թուրքերը. Հայացք Արարատից» հատորը, որն ունեցել է հայերեն երկու և անգլերեն երկու հրատարակություն: 2021թ լույս տեսավ «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ»-ը հայերենով և անգլերենով գրեթե միաժամանակ: Հակոբյանի չորրորդ գիրքը առայժմ լույս է տեսել միայն անգլերենով՝ 2023-ին, Փոլ Շահինյանի հետ և կրում է «Հերոսների ճամփորդությունը» խորագիրը:
«Կարսից Շուշի. ինչու այսպես եղավ» 400 էջանոց հատորը հրատարակել է «Լուսակն» տպարանը, հրատարակիչը Հայկական ուսումնասիրություններ ԱՆԻ կենտրոնն է: