Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև

6984

Օսմանյան կայսերական կառավարությունը` մի կողմից և իրեն անկախ հռչակած Հայաստանի Հանրապետության կառավարությունը` մյուս կողմից, փոխադարձաբար համաձայնելով երկու կողմերի միջև հաստատել բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ` քաղաքական, իրավաբանական, տնտեսական և մտավոր բնագավառներում, իրենց լիազորներ նշանակեցին հետևյալ անձնավորություններին.

Օսմանյան կայսրությունը` երեսփոխան, արդարադատության նախարար և պետական խորհրդի նախագահ Նորին գերազանցություն Խալիլ բեյին` առաջին պատվիրակ, և կովկասյան ռազմաճակատի օսմանյան զորքերի գլխավոր հրամանատար, Նորին գերազանցություն գեներալ-լեյտենանտ Վեհիբ Մեհմեդ փաշային` ռազմական պատվիրակ:

Հայկական հանրապետությունը` պարոն Ալեքսանդր Խատիսյանին` պատվիրակության նախագահ, պարոն Հովհաննես Քաջազնունուն` պատվիրակ, պարոն Միքայել Պապաջանյանին` պատվիրակ:

Սույն անձինք, ծանոթանալով երկու կողմերի լիազորություններին և գտնելով դրանք հավուր պատշաճի, համաձայնության եկան հետևյալ դրույթների շուրջ:

Հոդված 1. Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի կառավարության միջև հաստատվում են հաշտություն ու մշտական բարեկամություն:

Հոդված 2. Ներքոհիշյալ ուղղությունն ունեցող սահմանագիծը բաժանում է Օսմանյան կայսրությունը Վրաստանից, Հայաստանից և Ադրբեջանից: Սահմանը սկսում է այն կետում, որտեղ Ճորոխ գետը թափվում է Սև ծովը և մինչև Շավնաբադ սարը միաձուլվում է հին սահմանի հետ, որ գոյություն ուներ Օսմանյան կայսրության ու Ռուսաստանի միջև մինչև 1877թ. պատերազմը: Անցնելով լեռնագագաթների գծով` այն հասնում է Խալխամ և Մեփիսծղար սարերին (1856թ. սահմանով), ապա թեքվում դեպի հարավ, անցնում Փիրսադաղի գագաթով` Աբասթումանից 2 կմ հարավ, և թեքվելով դեպի հյուսիս-արևելք հասնում է Կարխուլդաղի գագաթ, այստեղից ուղղվում նախ 5 կմ դեպի հյուսիս-արևելք ու ապա դեպի հարավ-արևելք` հասնում է Գուրկել վայրը, անցնում Քուռ գետի վրայով`  Ածղուրիից 2 կմ հարավ, և անցնելով Ղայաբաշի, Օրթաթափա սարերի գագաթների գծով` հասնում է Տաբածղուրի լիճը` Մոլիտի վանքից անմիջականորեն հարավ: Սահմանն այդ լիճը կտրում է այնպես, որ օսմանյան տարածքում է մնում լճի մի մասը, որը գտնվում է հարավում` ուղիղ գծով, որ Մոլիտի վանքի հարավից անմիջականորեն գնում է մինչև լճի հյուսիսային վերջավորությունից մեկուկես կմ հարավ-արևելք` հակադիր ափին գտնվող կետը, և հասնում Թավկոտելի սարը: Այնուհետև այն իջնում է դեպի հարավ, անցնում Շավնաբադ, Կարագուզու, Սամսար սարերի գագաթներով և թեքվելով դեպի արևելք` անցնում է Դեվեկիրան լեռնաշղթայի գագաթներով, ապա ուղղվում է դեպի հարավ` անցնելով Աչրիքար, Բաշկիրան, Նուրռահման սարերի գագաթներով: Նուրռահման սարից հետո այն շարունակում է գնալ հարավային ուղղությամբ և շարունակ անցնելով լեռնագագաթների գծով` հանդիպում է Ալեքսանդրապոլ-Թիֆլիս երկաթուղագծին` Աղբուլաղ բնակավայրից 5 կմ արևմուտք. այստեղ այն անցնում է լեռնագագաթներով մինչև Խանվալի վայրը, որտեղից համարյա ուղիղ գծով հասնում է Ալագյազ լեռան ամենաբարձր գագաթը և, գնալով ուղիղ գծով, հատում  Էջմիածին-Սարդարապատ խճուղին` Էջմիածնից 7 կմ արևմուտք գտնվող կետում, ապա շրջանցում է Էջմիածինը 7 կմ տարածության վրա և շարունակում է Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղուն զուգահեռ ուղղությամբ` մնալով նրանից մոտ 6 կմ, իսկ Բաշկիրան վայրից դեպի հարավ-արևմուտք` 16 կմ հեռավորության վրա, հատում է այդ վայրից դեպի երկաթուղուն տանող ճանապարհը, ապա թեքվում դեպի հարավ-արևելք, անցնում Աշաղը Ղարաբաղլար գյուղի մոտով` 1 կմ հարավ, և Շահաթլու, Ղարախաչի, Աշաղը Չանախչի բնակավայրերի վրայով հասնում է Էլփինչայ գետը, որով գնում է մինչև Արփա բնակավայրը. ապա մտնում է Արփաչայի հովիտը, հասնում է Ղայալու բնակավայրը ու Ղաիդ գետով գնում է Աղթաբան սարի գագաթը, ապա անցնում Ղարադուրնա, Ղարանլըխ սարերի գագաթներով, հասնում Ռեանլաչայ զառիթափը, շարունակվում է այդ գետի հովտով Ազա բնակավայրի հարավային կողմից հասնելով Ալիդելի բնակավայր, որ գտնվում է նախկին ռուս-պարսկական սահմանագծի վրա:

Սահմանագծի վերջնական որոշումը կկատարվի հենց տեղում` երկու կողմերի անդամներից կազմված հանձնաժողովի կողմից:

Հոդված 3. Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև կնքված փոխադարձ սահմանների որոշմանը վերաբերող համաձայնագիրը կհաղորդվի Օսմանյան կայսերական կառավարությանը:

Հոդված 4. Օսմանյան կայսերական կառավարությունը պարտավորվում է զենքի ուժով օգնություն ցույց տալ Հայաստանի կառավարությանն այն դեպքում, եթե վերջինն այդ օգնությունը խնդրի նրանից` երկրում կարգն ու հանգստությունն ապահովելու համար:

Հոդված 5. Հայաստանի կառավարությունը պարտավորվում է գործուն կերպով հակազդել, որպեսզի ոչ մի հրոսակախումբ չկազմավորվի և չզինվի իր տարածքի սահմաններում, ինչպես և զինաթափել ու ցրել բոլոր հրոսակախմբերը, որոնք կփորձեն թաքնվել այնտեղ:

Հոդված 6. Հայաստանում ապրող մուսուլմանների կրոնն ու սովորույթները կհարգվեն: Նորին կայսերական մեծություն սուլթանի անունը կարտասանվի մուսուլմանների հանրային աղոթքներում: Նրանք կօգտվեն նույն քաղաքացիական և քաղաքական իրավունքներից, ինչ և ուրիշ կրոնների պատկանող քաղաքացիները: Մահմեդականները կարող են սովորել իրենց մայրենի լեզվով և իրենց կրոնի լեզվով:

Կրոնական պաշտամունքի և բարեգործության կատարումն ապահովելու նպատակով կարող են ստեղծել մուսուլմանական բարոյական օրգաններ, որոնք լիազորված կլինեն կառուցել մզկիթներ, հիվանդանոցներ, դպրոցներ, կրոնական ու բարեգործական հիմնարկներ և դրանց պահպանության համար ձեռք բերել շարժական ու անշարժ գույք: Դրանք կկառավարվեն հատուկ կառավարիչների կողմից:

Գլխավոր մուֆթին կնստի Երևանում` Հայաստանի մայրաքաղաքում, իսկ մյուս մուֆթիները կբնակվեն հանրապետության այն վայրերում, որտեղ նրանց գտնվելը կհամարվի անհրաժեշտ:

Այս մուֆթիների հարաբերությունները Շեյխ-ուլ-Իսլամության հետ, ինչպես և նրանց իրավունքներն ու պարտականությունները, սահմանված են այս դաշնագրին կցվող համաձայնագրում:

Հոդված 7. Նկատի ունենալով, որ Օսմանյան կայսրության և Հայաստանի միջև որևէ դաշնագիր, պայմանագիր, համաձայնագիր, ակտ, հրահանգ և այլ միջազգային փաստաթուղթ գոյություն չունի, երկու պայմանավորվող կողմերը համաձայնեցին կնքել հյուպատոսական կոնվենցիա, առևտրական պայմանագիր և այլ ակտեր, որոնք անհրաժեշտ կհամարեն իրենց իրավաբանական և տնտեսական հարաբերությունները կարգավորելու համար: Հյուպատոսական կոնվենցիան կկնքվի երկու տարվա ընթացքում` սույն տրակտատի վավերացումից և փոխանակումից անմիջապես հետո:

Այդ անցման ժամանակաշրջանում գլխավոր հյուպատոսները, հյուպատոսներն ու փոխհյուպատոսները համապատասխանաբար կօգտվեն նրանց արտոնությունների ու պաշտոնների նկատմամբ առավել բարենպաստող ազգի դրությունից, ընդհանուր միջազգային իրավունքի հիման վրա, փոխադարձության սկզբունքներով:

Ընդհանուր միջազգային իրավունքի հիման վրա առևտրական պայմանագիր կնքելու համար բանակցությունները կսկսվեն այն բանից անմիջապես հետո, երբ ընդհանուր հաշտություն կկնքվի, մի կողմից` Թուրքիայի և, մյուս կողմից` նրա հետ պատերազմի մեջ գտնվող պետությունների միջև: Մինչ այդ, համենայնդեպս մինչև1919թ. դեկտեմբերի 31-ը, սույն պայմանագրի հավելվածով սահմանված ժամանակավոր դրույթը կկիրառեն երկու կողմերն էլ: Այն կարող է չեղյալ հայտարարվել` սկսած 1919թ. հունիսի 30-ից, և ուժի մեջ կմտնի վեց ամսից հետո:

Ցամաքային հաղորդակցությունը կսկսվի սույն պայմանագրի վավերացումից ու փոխանակումից հետո:

Հոդված 8. Կողմերը պարտավորվում են փոխադարձաբար թույլ տալ ամեն հնարավոր թեթևացում երկաթուղային տրանսպորտի նկատմամբ, սահմանելով և կիրառելով իջեցված տարիֆներ: Մասնավորապես, երկաթուղիների կառուցման, շահագործման ու պահպանման կամ ամեն տեսակի հասարակական աշխատանքների համար անհրաժեշտ նյութերի տեղափոխման նկատմամբ կկիրառվեն հատուկ իջեցված տարիֆներ:

Կողմերի միջև երկաթուղային գծերի շարժակազմի փոխանակումը կկատարվի այդ հարցի վերաբերյալ սահմանված միջազգային սկզբունքներով:

Կողմերն անհապաղ կմտնեն բանակցությունների մեջ` նախորդ դրույթների մանրամասնությունները որոշելու համար:

Հոդված 9. Մինչև Հայաստանի` Միջազգային փոստ-հեռագրական միության մեջ մտնելը, Օսմանյան կայսրության և Հայաստանի միջև փոստային ու հեռագրական կապերը կվերականգնվեն սույն պայմանագրի վավերացումից ու փոխանակումից հետո` Միջազգային միության փոստային ու հեռագրական կոնվենցիաների, համաձայնագրերի ու ռեգլամենտների կանոնադրություններով:

Հոդված 10. Պայմանավորվող կողմերից մեկի տարածքի բնակիչներն ու համայնքները, որոնք ունեն սեփականության և օգտագործման իրավունք սահմանի մյուս կողմում գտնվող անշարժ գույքի նկատմամբ, կարող են օգտագործել դրանք, շահագործել կամ վարձակալության տալ, վարել կամ վաճառել անձամբ կամ վստահված անձանց միջոցով:

Ոչ ոք չի կարող զրկվել այդ անշարժ գույքի նկատմամբ իրեն պատկանող սեփականության իրավունքից այլ կերպ, քան նկատի ունենալով հասարակական շահը և միշտ` փոխհատուցմամբ:

Ոչ մի արգելք չպետք է հարուցվի բնակիչներին կամ նշված համայնքների ներկայացուցիչներին, երբ նրանք սահմանը կանցնեն` ներկայացնելով ճանապարհային թղթիկները, որոնք կտրվեն ըստ բնակավայրի` համապատասխան իշխանությունների կողմից և որոնք կօրինականացնեն մյուս կողմի իշխանությունները:

Թեթևացումներ և հատուկ արտոնություններ կտրվեն սահմանն անցնելու և սահմանային բնակավայրերում առևտուր անելու համար:

Նախորդ դրույթների մանրամասնությունները կկարգավորվեն ըստ սույն պայմանագրի 11-րդ հավելվածի:

Հոդված 11. Հայաստանի կառավարությունը պարտավորվում է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի սույն պայմանագրի ստորագրումից հետո Բաքու քաղաքից անհապաղ դուրս բերվեն բոլոր հայկական զինվորական ուժերը, ինչպես և ապահովել, որ գործընթացը առիթ չտա որևէ ընդհարման:

Հոդված 12. Բրեստ-Լիտովսկում Օսմանյան կայսրության ու նրա դաշնակիցների և Ռուսաստանի միջև կնքված հաշտության ընդհանուր և լրացուցիչ պայմանագրերի դրույթները, որքանով որ դրանք չեն հակասում ներկա պայմանագրին, ուժի մեջ են կողմերի համար:

Հոդված 13. Սույն պայմանագրով որոշվող տարածքների սահմաններից դուրս գտնվող զորքերը դուրս կբերվեն պայմանագրի կնքումից հետո:

Հոդված 14. Սույն պայմանագիրը կվավերացվի, և վավերացված օրինակների փոխանակումը կկատարվի Կ. Պոլսում, մեկ ամսվա ընթացքում և կամ ավելի վաղ, եթե դա հնարավոր կլինի: Նա ուժի մեջ կմտնի փոխանակման օրից:

Ի հաստատումն սրա` լիազորված անձինք ստորագրեցին հաշտության ու բարեկամության սույն պայմանագիրը և դրեցին իրենց կնիքները:

Ստորագրեցին` Խալիլ, Վեհիբ, Ալ. Խատիսյան, Հովհաննես Քաջազնունի, Մ. Պապաջանյան

4 հունիս, 1918թ., Բաթում

Ծանոթագրություն. փաստաթղթի բնագրում Խատիսյանի ազգանունը գրված է Խատիսով, Քաջազնունու անունը` Ռուբեն, Պապաջանյանի ազգանունը` Պապաջանով: