Շուշեցիները «գրոհում» են Քավանոյի, Գրիբկովի վրա․ 2001 թվականի մայիս

1464

Այս հոդվածը գրվել է 2001 թվականի մայիսին և լույս է տեսել ԱԶԳ օրաթերթի մայիսի 22-ի համարում։ Հեղինակը՝ այն ժամանակ ԱԶԳ-ի լրագրող Թաթուլ Հակոբյանը, երեք օր անց էր կացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հոդվածի այս հատվածը այն մասին է, թե ինչպես էին Շուշիի բնակիչները ընդունել Մինսկի խմբի, ավելի ճիշտ՝ Քի Վեսթում առաջարկված կարգավորման այն առաջարկները, համաձայն որոնց ադրբեջանցիները պետք է վերադառնային Շուշի։

Ուշագրավ մեկ իրականություն․ հայկական կողմը՝ պաշտոնական Երևանը Քի Վեսթում իր համաձայնություն էր տվել Շուշի ադրբեջանցիների վերադարձին։ Մյուս կողմից, Երևանի և Ստեփանակերտի ուղղորդումով էր ընդդեմ Մինսկի խմբի համանախագահների ցույց կազմակերպվել, որի ընթացքում շուշեցիները դեմ էին հանդես գալիս որևէ ադրբեջանցու՝ Շուշի վերադարձին։  

«Պրն Քավանո, Դուք այցելեցիք Բաքվի փախստականների ճամբար, չե՞ք ուզում Շահումյան, Գետաշեն գնալ»,- շրջափակման մեջ հայտնված դիվանագետին հարցրեց մի շուշեցի:

Մի ծեր կին թոռնիկի հետ էր եկել եւ պատմում էր, որ ինքը Սումգայիթից փրկվածներից է: «Չե՞ք ուզում ետ` Սումգայիթ գնալ», հարցրեց Քավանոն: «Ո՜չ: Չենք էլ ուզում, որ այստեղ բերեք ադրբեջանցիներին: Մեր վերքերը Դուք փորփրում եք: Մենք չենք ուզում Սումգայիթ վերադառնալ, թույլ չենք տա, որ ադրբեջանցիներին Շուշիում բնակեցնեն»,- սրտնեղած պատասխանեց կինը:

«Մենք ոչ մի ադրբեջանցի ննջեցյալի գերեզմանի չենք դիպել, իսկ նրանք Բաքվում պղծել են հայերի գերեզմանները», վրա բերեց մեկ այլ փախստական: Իսկ մի ծերունի, որ 43 տարի աշխատել էր Բաքվում, Քավանոյին ցույց տվեց խնայբանկի «կնիժկան»` 50 հազար ռուբլի էր թողել Ադրբեջանում. «Մենք նրանց հետ չենք ապրելու, ոչ ոքի թույլ չենք տա վերադառնալ Շուշի: Շուշին հայկական է»:

Շուշեցիների մեկ այլ խումբ շրջափակել էր Գրիբկովին: «Ալիեւը մեզ ֆաշիստ է անվանում, ինքը գլխակեր է: Այս վառված տները, որ տեսնում եք, իրենք են հեռանալուց առաջ վառել»,- ասաց մի երիտասարդ կին:

Գրիբկովը պաշտպանվում էր, նրան ուղղակի թույլ չէին տալիս խոսել: «Նույն քաղաքում հայերն ու ադրբեջանցիները չեն կարող ապրել: Դուք ուզում եք 88-ը կրկնվի՞: Թողե’ք հանգիստ ապրենք մեր հողի վրա, տառապենք մեր ցավերով, մեզ ամերիկացիների օգնությունը պետք չէ: Թողե’ք մեզ հանգիստ: Շուշիում ադրբեջանցի չի ապրի»,- հեկեկախառը բղավում էր մեկ այլ շուշեցի:

Ուղղաթիռում ֆրանսիացի մի դիվանագետ ինձ հարցնում էր. «Դու, որպես լրագրող, կարո՞ղ ես ինձ բացատրել, թե ինչու հնարավոր չէ Շուշիում հայերի եւ ադրբեջանցիների կողք-կողքի բնակվելը»:

Ասացի` չեմ կարող:

«Հայ եւ թուրք ժողովուրդների վերջին շփումները եղել են 1915 թվին», Ախուրյանի կայարանում ասաց Քավանոն:

Համանախագահների, նրանց ուղեկցող դիվանագետների եւ լրագրողների խումբը Շուշիից ուղղաթիռով մեկնեց Սպիտակ, որտեղ հանդիպում տեղի ունեցավ Ադրբեջանից բռնագաղթած հայերի հետ:

Հաջորդ կանգառը հայ-թուրքական սահմանամերձ Ախուրյան կայարանն է: Շիրակի մարզպետ Փիրումյանը ոգեւորությամբ ամերիկացիներին պատմում էր, թե Հայաստանին ի՜նչ օգուտ կբերի երկաթգծի վերագործարկումը: Գրիբկովը լուռ էր, Սյուրմեյնը` չեզոք:

Ոգեւորված խոսում էր Քավանոն. «Այստեղից ընդամենը 2 կմ հեռու Թուրքիան է: Երկու հարեւանների միջեւ չկա որեւէ շփում, եւ մեծ տխրությամբ պետք է նշեմ, որ հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ վերջին շփումները եղել են 1915 թ.: Կարճ ժամանակով երկաթգիծը բացվեց, բայց ղարաբաղյան հակամարտության պատճառով կրկին փակվեց: Ողջ տարածաշրջանի համար երկաթգծի բացումը կարեւոր նշանակություն կունենա, որին անպայման պետք է նախորդի խաղաղության համաձայնագիրը»:

Թաթուլ Հակոբյան

ԱԶԳ օրաթերթ, թիվ 92, մայիս 22, 2001 թվական