Անկախության հռչակագիր, Հայոց ցեղասպանություն, Նեմեսիս

2467

1990 թվականի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրը, որի 11-րդ կետում ասվում էր՝ «Հայաստանը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: Փաստաթղթի տակ դրված է այն ժամանակվա Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը:

Ըստ էության, այս ձևակերպումով, անկախության ճանապարհը բռնած Հայաստանը Մայր օրենքում ներառեց Հայոց ցեղասպանության ճանաչումն ու պահանջատիրությունը: 1995թ ընդունված և հետագա բոլոր Սահմանադրությունների մեջ այդ կետը չներառվեց:

Խորհրդարանի պատգամավոր Ռա‎‎ֆայել Իշխանյանը գրում է. «Ամենից երկարատև բանավեճը ծավալվեց 1915թ. մեր մեծագույն ողբերգությունը Հռչակագրի մեջ հիշատակելու հարցի շուրջ: Տեր-Պետրոսյանը շատ հանգամանալից ու համոզիչ բացատրեց, որ ցեղասպանության հարցը Հայաստանի անկախության Հռչակագրում դնելը քաղաքական և դիվանագիտական տեսակետից ճիշտ չէ, որ դրան կարելի է մեկ այլ փաստաթղթում անդրադառնալ: Նույնը շատ հիմնավոր բացատրեցին նաև 6-7 պատգամավորներ: Սակայն հայկական պարզունակ զգացմունքային տարերքն այս անգամ էլ հաղթեց բանականությանը: Եղան վերամբարձ ճառեր Սփյուռքի անունից, թե ինչպես կարելի է մեր նահատակներին մոռանալ, թե Հռչակագրում 1915 թիվը չհիշատակելը դավաճանություն է: Ընդամենը 25 պատգամավոր քվեարկեց Հայաստանի անկախության Հռչակագրում 1915 թիվը հիշատակելու դեմ»:

Հայոց ցեղասպանության հարցը Անկախության հռչակագրի մեջ ներառելուն դեմ էին մի քանի պատգամավորներ միայն, որոնց թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռաֆայել Իշխանյանը, քանի որ նրանք գիտակցում էին՝ Թուրքիան դա համարելու է նախապայման, որ դա բարդացնելու է հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների փշոտ ճանապարհը:

1998 թվականին Հայաստանում տեղի ունեցած ռազմապետական հեղաշրջումից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը բերեց արտաքին քաղաքականության օրակարգ:

Շատ քչերը հրապարակավ դեմ արտահայտվեցին այդ քայլին՝ համարելով, որ դա, ինչպես Քոչարյանն ու նրա արտգործնախարար Վարդան Օսկանյանն էին համոզված, չի աշխատելու որպես ճնշում Անկարայի դեմ: Հակառակը, դա ավելի է բարդացնելու հայ-թուրքական գործընթացը: Քոչարյանը թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդի հետ հայտնի զրույցում հայտարարեց, որ Հայաստանը չունի և չի կարող ունենալ տարածքային պահանջներ Թուրքիայից, Երևանը կողմ արտահայտվեց Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի ստեղծմանը, իսկ արտգործնախարարության խորհրդական Դավիթ Հավհաննիսյանը նշանակվեց դրա անդամներից մեկը: Մի առիթով Օսկանյանը ասել է, որ ինքը կնստի առաջին ինքնաթիռը, կմեկնի Վաշինգտոն և հայ լոբբիստներին կհորդորի չճանաչել Հայոց ցեղասպանությունը, եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը և հաստատի դիվանագիտական հարաբերություններ:

Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ բերելը համարեց Երևանի կողմից հերթական թշնամական քայլ: Որպես հակաքայլ Անկարան առաջարկեց ստեղծել պատմաբանների հանձնաժողով, թակարդ, որի մեջ գցեցին Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը:

Այս տարվա ապրիլի 25-ին Երևանում «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթող բացմանը Թուրքիան շատ կոշտ արձագանքեց՝ փակելով Թուրքիայի օդային տարածքը Հայաստանի ինքնաթիռների համար

«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացող Նիկոլ Փաշինյանը մեր աղետալի ու ստորացուցիչ պարտությունից հետո խաղաղության դարաշրջան է բացել: Ուղն ու ծուծով պոպուլիստ Փաշինյանն ու թիմը հավանաբար հաշվարկել են, որ Նեմեսիս հուշաղբյուր-կոթողի բացումը իրենց կտա ներքին աջակցություն ու նաև կլինի ճնշում Թուրքիայի վրա, ճիշտ այնպես, ինչպես Քոչարյանն ու Օսկանյանը Հայոց ցեղասպանությունը բերեցին արտաքին քաղաքականության օրակարգ և ինչպես 1990-ին Անկախության հռչակագրում ներառվեց 1915-ը և Արմտյան Հայաստանը:

Սպասվում էր, որ մայիս-հունիսին Թուրքիա-Հայաստան սահմանը պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձանգրեր ունեցողների համար:

Արդեն պարզ է, որ Թուրքիան չի գնա նման քայլի, ավելի՝ նոր ճնշումներ կբանեցնի և նոր պատառներ կպոկի Հայաստանից՝ հոգուտ իրեն ու Ադրբեջանի:

Թաթուլ Հակոբյան

7 մայիսի, 2023թ., ԱՆԻ կենտրոն