Անկարայում կայացել է Թուրքիայի և Հայաստանի խորհրդարանների նախագահների հանդիպում

5513

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ, որի ընթացքում անդրադարձել է մի քանի օր առաջ Թուրքիայի կողմից հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելուն: Ալեն Սիմոնյանը Անկարայում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին։

Շենթոփը նշել է, որ իրենց համար զգայուն և ցավալի հարց է Երևանում «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողի բացումը, որով էլ պայմանավորված է վերոնշյալ արգելքը:

Սիմոնյանն ասել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորում է հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար՝ ափսոսանք հայտնելով, որ իրեն չի հաջողվել դիվանագիտական անձնագրով հատել ցամաքային սահմանն այս միջոցառմանը մասնակցելու համար:

Հայկական ավիաընկերությունների համար Թուրքիայի օդային տարածքը փակելու որոշումը պաշտոնական Անկարան բացատրել է «Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ շարունակվող սադրանքներով»՝ մատնանշելով Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի տեղադրումը:
Հայաստանի մայրաքաղաքի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։ Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:
Պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտել են Երևանում հուշակոթողի տեղադրումը: