Լևոն Տեր-Պետրոսյան/Վազգեն Մանուկյան vs ՀՅԴ/Սփյուռք/Կոմկուս. հայ քաղաքական միտքը և Թուրքիան՝ 1988-1991 թվականներ

4857

Խորհրդային Հայաստանում ԽՍՀՄ-ի գոյության վերջին տարիներին Թուրքիայի և հայ-թուրքական հարաբերությունների ապագայի վերաբերյալ գոյություն ունեին ընդգծված երեք հիմնական մոտեցումներ. կոմունիստական, ՀՀՇ-ական և ավանդական-սփյուռքյան, որի հիմնական կրողը ՀՅԴ-ն էր: 1988-1991 թթ. այս երեք քաղաքական ուղղությունների` Թուրքիայի, Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի հետ կապված ընկալումներում, նկատելի էին երբեմն հակասական փոփոխություններ:

Հայ-թուրքական հարաբերությունների հարցում ՀՀՇ-ի դիրքորոշումը սկզբնական շրջանում փոփոխական էր, հակասական, երբեմն` նույնիսկ անտրամաբանական: Դրա հիմնական պատճառը, հավանաբար, պետք է փնտրել ՀՀՇ-ի ոչ մոնոլիտ լինելու հանգամանքով: Չպետք է անտեսել նաև իրավիճակի սրընթաց փոփոխությունը Խորհրդային Միությունում և Արևմուտք-Արևելք հարաբերություններում: 1990թ. ամռան վերջերից, երբ ՀՀՇ-ն եկավ իշխանության, նրա դիրքորոշումը Թուրքիայի հարցում դարձավ հստակ և անփոփոխ:

ՀՀՇ-ի գաղափարախոսներից Վազգեն Մանուկյանի հեղինակած և 1988թ. օգոստոսի 19-ի հանրահավաքում առաջին անգամ հրապարակված ՀՀՇ-ի ծրագրում ասվում էր. հասնել այն բանին, որ “Հայկ. ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներն ընդունեն 1915թ. հայերի ցեղասպանության փաստը և դիմեն ՄԱԿ-ին` այդ փաստը ճանաչելու պահանջով, ապրիլի 24-ը Հայաստանում հայտարարել Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր, մշտապես առաջ քաշել պատմականորեն Հայաստանի մաս կազմող, ինչպես նաև` միջազգային փաստաթղթերով հայկական ճանաչված տարածքների վերամիավորման պահանջը”:

Մեկ ամիս անց Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանն իր բոլոր չորս անմիջական  հարևանների` Թուրքիայի, Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ, կարող է խաղաղ ապրել, և հայերին միջնորդներ պետք չեն. “Եթե առաջանան հարցեր այդ հարևանների հետ, եթե ի վիճակի լինենք լուծելու, կլուծենք, եթե ոչ` կլռենք: Բայց չպետք է բացառել բոլոր հարևանների հետ խաղաղ, համերաշխ ապրելու հնարավորությունը: Մենք համոզել ենք ինքներս մեզ, ինչպես նաև` Ռուսաստանին, որ առանց նրա ապրել չենք կարող, նա էլ ինչ ուզում է, մեզ հետ անում է: Մեր և Ռուսաստանի հարաբերությունների հիմքում այդ չարիքն է ընկած, մեր բոլոր կորուստները դրանով են պայմանավորված”:

Մանուկյանը գրում էր, որ “անկախությունը շատերին վախեցնում է Թուրքիայի հարևանության պատճառով”, սակայն “այդ նույն մարդիկ անհասկանալի խիզախությամբ անընդհատ խոսում են Թուրքիայից հողերը հետ վերցնելու մասին”: “Շատերը նշում են` անկախություն ստանալուց հետո մենք ստիպված կլինենք դեմ հանդիման կանգնել հզոր Թուրքիային, որի նպատակն է ոչնչացնել Հայաստանը և Հայաստանի վրայով միանալ իր հետ կրոնական և էթնիկական որոշ ընդհանրություններ ունեցող Ադրբեջանին: Նախ պատասխանեմ այն մարդկանց, ովքեր անկախության գաղափարին հակադրում են այս փաստարկը: Պիտի հասկանանք, որ ռուսական բանակն այստեղ է գտնվում ոչ թե հայերին պաշտպանելու, այլ որովհետև այդ են պահանջում կայսրության շահերը: Խորհրդային Միությունը քանդվող կայսրություն է, և վաղ թե ուշ նրա շահը կպահանջի, որ բանակը գնա այստեղից”:

1989թ. նոյեմբերի սկզբին տեղի ունեցավ ՀՀՇ հիմնադիր համագումարը, տպագրվեց Շարժման ծրագիր-նախագիծը, որում ասվում էր, թե հայ ժողովուրդն իր ազգային ծրագրերն իրագործելիս պետք է ապավինի իր ուժերին` հույս չդնելով ուրիշի հովանավորության վրա. “Քաղաքական մոլորություն է մտայնությունը, ըստ որի ազգն ունի մշտական բարեկամ և մշտական թշնամի ու ոչ թե մշտական ազգային շահեր”: “Մշտական բարեկամ” և “մշտական թշնամի” ասելով իշխանության եկող ՀՀՇ-ն նկատի ուներ նախ և առաջ Ռուսաստանին ու Թուրքիային. առաջինին հայ ավանդական քաղաքական միտքը հակված էր ընկալել մշտական բարեկամ, երկրորդին` մշտական թշնամի:

Ղարաբաղյան շարժման առաջնորդները, որոնք մի քանի տարի անց եկան իշխանության, դեռ 1988-ի մարտին տարածած թռուցիկներում գրում էին, որ “որևէ ժողովուրդ կամ պետություն չի կարող ունենալ հովանավոր ժողովուրդներ կամ պետություններ, այլ կարող է ունենալ դաշնակիցներ, որոնց դաշինքը պայմանավորվում է ընդհանուր շահերով և այդ շահերը պաշտպանելու յուրաքանչյուրի ընդունակությամբ”:

Երրորդ ուժին ապավինելու մտայնությունը ամենախիստ բնորոշումներով քննադատում էին Ռա‎‎ֆայել Իշխանյանը, Վազգեն Մանուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը: Իշխանյանը քաղաքական տհասության նշան էր համարում “մշտական բարեկամ և մշտական թշնամի ունենալու” գաղափարն իսկ, քանի որ այդ սկզբունքը ազգը տանում է դեպի փակուղի, նրա ղեկավարներին զրկում ազատ գործելակերպից: Ազգը, հավատալով մշտական հզոր բարեկամի գոյությանը, նրան համարելով իր մշտական հովանավորը, կորցնում է իր ստեղծագործական ուժերը, ազգային ինքնությունն ու նախաձեռնությունը, դառնում է “ստրկամիտ և ստրուկ”: Հայերը “երբևէ չեն ունեցել և հիմա էլ չունեն և չեն կարող ունենալ մշտական բարեկամ և մշտական թշնամի”:

Իշխանյանը գրում էր, որ մշտական բարեկամ և մշտական թշնամի չճանաչելու քաղաքականությունն էր վարում Հայաստանի առաջին հանրապետության իրական հիմնադիրը` Արամ Մանուկյանը, նորագույն ժամանակների հայոց մեծագույն հաղթանակի հեղինակը: “Մեր մյուս բախտորոշ հաղթանակը Զանգեզուրում էր` 1920-1921 թթ., Նժդեհի գլխավորությամբ, դարձյալ առանց որևէ երրորդ ուժի ապավինելու: Մեր պատմաբանները, կոմունիստ եւ ոչ կոմունիստ քաղաքական գործիչները հայ ժողովրդին անընդհատ ներշնչում են, որ նա առանց Ռուսաստանի ապրել չի կարող, որ Ռուսաստանը հայերի փրկիչն է: Այսինքն` անընդհատ մեզ ներշնչել են, որ մենք առանց երրորդ ուժի գոյություն ունենալ չենք կարող, պետք է լիովին ապավինենք այդ երրորդ ուժին: Հիմա էլ մեջ են գցել պանիսլամիզմի եւ պանթուրքիզմի ահազդումները, որպեսզի մենք` հայերս ավելի ամուր կապվենք Ռուսաստանի սայլին”:

“Աշխարհում, ամբողջ երկրագնդի վրա Հայաստան կարող է լինել միայն մի տեղում` թուրքերի կողքին: Ուրիշ տեղ չկա և չի կարող լինել Հայաստան: Լավ է սա թե վատ, այլ հարց է, բայց անողոք փաստ է: Ավելին. այս կտոր Հայաստանը չորս կողմից է շրջապատված թուրքերով: Թուրքերն ու ադրբեջանցիները այս կողմերից հեռանալու միտք չունեն: Ռուսները կարող են մի օր հեռանալ: Արդեն մի անգամ` 1917-1918 թթ. նրանք հեռացել են այս կողմերից, և մենք վերջնական կործանման եզրին հասանք”,- գրում էր Իշխանյանը և եզրահանգում` “եթե իրոք պանթուրքիզմ կա, ապա մենք` հայերս, փրկվելու մի միջոց ունենք` խաղաղության դաշինք կնքել պանթուրքիզմի հետ”:

Թուրքական վտանգը, ըստ Իշխանյանի, եռանդով օգտագործում են կոմկուսն ու Դաշնակցությունը և “այդ հողի վրա նրանք դաշնակիցներ են”: “Կոմկուսն այդ գործոնն օգտագործում է հայությանը մշտապես Ռուսական կայսրությանը կապած պահելու նպատակով: Սա հին եղանակ է, որի իմաստն է` հայեր, անկախության մասին չմտածեք, առանց Ռուսաստանի կորած եք, Թուրքիան բոլորիդ կկոտորի: Այդ պարզունակ մտայնությունը տարիներ շարունակ Կոմկուսը ներարկել է հայերի ուղեղների մեջ` 900 տարվա մեր ստրկությունը անխախտ պահելու նպատակով”:

Իշխանյանի կարծիքով` “Հայաստանին օդի, ջրի պես պետք է Թուրքիայի երկաթգիծը` աշխարհի հետ կապ պահպանելու համար, եթե իրոք անկախության ենք ձգտում”: “Ի՞նչ ենք շահում Թուրքիային հողային պահանջ ներկայացնելով, միայն նոր թշնամություն, ուրիշ ոչ մի բան: Իսկ կորցնում ենք մեր ամենահզոր հարևանի հետ առևտրական, երթևեկության և այլ կարգի համագործակցություն ունենալու հնարավորությունը: Դաշնակցությունը և Կոմկուսը նախքան իրենց հակաթուրք գրգռիչ քաղաքականությունը առաջ տանելը պետք է կշռադատեն բոլոր հանգամանքները, ընտրեն այն տարբերակը, որն այսօր օգտակար է Հայաստանին և հայ ժողովրդին”:

Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ պետության գոյությունը երաշխավորված չէ այնքան ժամանակ, քանի դեռ այդ պետությունը բնականոն հարաբերություններ չի հաստատել առաջին հերթին իր անմիջական հարևանների հետ, որոնց շարքում Տեր-Պետրոսյանն առաջին հերթին նկատի ուներ Թուրքիային, որի հետ առաջին քայլը պետք է լինի առևտուրը, այնուհետև` մշակութային կապերը և վերջապես` քաղաքական փոխհարաբերությունները` չմոռանալով մեր պահանջները` “եղեռնը և այն մարդկանց, ովքեր բնավեր են եղել”, սակայն “մենք չենք կարող դա քաղաքական հարց դարձնել”: Հայ դատը, խորհրդարանի նախագահի խոսքերով` գաղափարախոսություն է, հայ ժողովրդի պատմական իրավունքը, որից ոչ ոք չի հրաժարվում, բայց ՙայդ գաղափարախոսությունն այսօր չի կարող լինել մեր պետական քաղաքականությունը, գաղափարախոսությունը կարող է դառնալ պետական քաղաքականություն միայն այն ժամանակ, երբ պետությունը կարող է լուծել այդ հարցը՚:

Հայ դատի գաղափարախոսության հիմնական կրողը Դաշնակցությունն է: Դաշնակցական առաջնորդները հաճախ էին հոդվածներով անդրադառնում թուրքական վտանգին: ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը ծայրահեղ էր համարում այն գործիչներին, ովքեր Երևանի փողոցներում Հայաստանի անկախության և Խորհրդային Միությունից անջատվելու պահանջներ են դնում: “ՀՅԴ-ն (Հայաստանի) անկախությունը համարում է իր գլխավոր նպատակը: Սակայն կարծում ենք, որ անմիջապես անկախության պահանջ ներկայացնելու հարմար ժամանակը չէ, երբ մեր ժողովուրդը ռուս ժողովրդի օգնության այդքան կարիքն ունի: Սա հասկանալու համար պետք է գնալ Ախուրյանի ափը` տեսնելու դիմացը կանգնած թուրք զինվորներին ու Անիի ավերակները”:

Մարուխյանը քննադատեց Հայաստանի իշխանությունների` Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ձգտումները, անթույլատրելի համարելով ՙհարցը խանութպանի, երկու հարևան խանութպանների հարաբերության մակարդակի՚ իջեցնելու մտայնությունը:

Վազգեն Մանուկյանը պնդում էր, որ Թուրքիայի հետ առևտրական կապերը չեն հակասում Հայաստանի ազգային շահերին, իսկ “առևտրական կապեր հաստատել Թուրքիայի հետ չի նշանակում մոռանալ 1915-ի ցեղասպանությունը, հրաժարվել մեր պատմական հողերից”: Մյուս կողմից, ըստ Մանուկյանի, Թուրքիայի հետ բանակցություններում “մեր պայմանը պետք է լինի 1915թ. ցեղասպանության փաստի ընդունումը` իր բոլոր հետևանքներով”: “Թուրքիան կներկայացնի իր պայմանները: Ես գիտակցում եմ, որ իմ առաջարկությունը ոգևորություն չի առաջացնի հայերիս, մանավանդ սփյուռքահայության շրջանում: Հոգեբանորեն դժվար է վերադառնալ իրական քաղաքականությանը, երբեմն շատ ճկուն այն քաղաքականությանը, որը վարում էր Հայաստանի ղեկավարությունը 1918-1920-ի դժվարին տարիներին”:

Հետագա տարիներին Տեր-Պետրոսյանը, ի պատասխան ընդդիմության քննադատություններին, թե ՀՀՇ-ն թուրքամետ է, հիշեցնում էր Հայաստանի առաջին հանրապետության տարիները. “Եթե այդպիսին (թուրքամետ) է համարվում Թուրքիայի` որպես հարևան երկրի հետ բնականոն հարաբերություններ զարգացնելու, փոխշահավետ համագործակցություն ծավալելու ձգտումը, այո, այդքանով մենք թուրքամետ ենք: Եթե այդպիսին է համարվում Թուրքիայի ճանապարհով ցորեն ու կենսական այլ ապրանքներ ստանալու փաստը, այո, այդքանով նույնպես մենք թուրքամետ ենք: Միայն թե այդ դեպքում չպետք է մոռանալ, որ դեռևս 1918թ. Արամ Մանուկյանի առաջին գործերից մեկը եղել է հայ ժողովրդի ջարդարար Խալիլ փաշայի ձեռքով Հայաստանի սովյալների համար 20 հազար փութ ցորենի ստացումը”:

Ինչպես կոմունիստական վերնախավի, շարքային հայաստանցիների մի մասի, այնպես էլ ավանդական կուսակցությունների, հատկապես Դաշնակցության շրջանում, կար ընկալում, որ անկախություն ստանալուց հետո Հայաստանը ստիպված է դիմակայելու Թուրքիային և պանթուրքիզմին: Այսպիսով, Հայաստանի անկախության գաղափարին հակադրում էին թուրքական սպառնալիքը:

Եթե ՀՅԴ-ի և ՀՀՇ-ի համար Հայաստանի անկախությունը գլխավոր նպատակ էր այն տարբերությամբ, որ ՀՀՇ-ն պանթուրքիզմն ու թուրքական սպառնալիքը համարում էր անցյալ փուլ, ապա իշխանական որոշ լծակներ դեռ ունեցող կոմկուսը շարունակում էր Հայաստանի ապագան տեսնել անբուժելի հիվանդ Խորհրդային Միության կազմում: Ուղնուծուծով ռուսասեր, ռուսական մշակույթը կրող, ռուսերենը հարազատ լեզու համարող կոմունիստական մտավորականությունը առաջ էր տանում “հավերժ ռուս ժողովրդի հետ” գաղափարը, ինչը աջակցություն էր գտնում հայ ժողովրդի լայն ու ամենատարբեր խավերի շրջանում:

Գրող Զորի Բալայանը Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի 1989թ. հունիսի 23-ի նիստի  ելույթում ասում էր. “Ղարաբաղյան հիմնախնդիրը, որում առաջին անգամ սաղմնավորվել է հայ ժողովրդի ռուսական կողմնորոշումը, նրա տեղն ու հորջորջյալ ՙկազմը՚ վաղուց է վճռված: Մեկ անգամ ընդմիշտ: Տեղն էլ, կազմն էլ Ռուսական պետությունն է: Ղարաբաղի տեղի ու կազմի խնդիր չկա”: Ապա շարունակում էր. “Ղարաբաղը պարզապես աշխարհագրական տեղ չէ գլոբուսի վրա: Ղարաբաղը գայթակղության քար է, որ խանգարում է պանթուրքիզմին անարգել հասնել այսպես կոչված Թուրան, կամ ինչպես արդեն կոչում են` Ռուսաստանի “փորատակ”:

Նկարում՝ Վազգեն Ա Ամենայն Հայոց հայրապետը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: