Տաշիր (Վորոնցովկա, Կալինինո) քաղաքի բնակչությունը 1886-1931 թվականներին

10546

Տաշիր քաղաքը Լոռու մարզի Տաշիրի՝ նախկինում Կալինինոյի շրջանի վարչական կենտրոնն է: Մայրաքաղաք Երևանից գտնվում է 163, իսկ մարզկենտրոն Վանաձորից 52 կիլոմետր հեռավորության վրա: Տաշիրը ծովի մակերևույթից շուրջ 1500 մետր բարձրության վրա է: Քաղաքի միջով հոսում է Տաշիր գետը:

Այս բնակավայրը հիմնադրվել է 19-րդ դարի կեսին՝ 1844 թ-ին Ռուսական կայսրության կառավարության կարգադրությամբ Սարատովի մարզից այստեղ տեղափոխված ռուսների կողմից և կոչվել այդ ժամանակվա Կովկասի փոխարքայի անունով՝ Վորոնցովկա:

1935-ի հունվարի 3-ին վերանվանվել է հեղափոխական գործիչ Կալինինի անունով և կոչվել Կալինինո: Տաշիր է վերանվանվել 1991-ին: 1961-ից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1983-ից դասվել է Հայաստանի քաղաքների շարքին:

Տաշիրի բնակչությունը, համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության, եղել է հետևյալը.

1886 թ. – 2.284 հոգի, բոլորը՝ ռուս,

1897 թ. – 3.076, որից 53-ը՝ հայ, 31-ը՝ իսլամ, 2.992-ը՝ ռուս,

1908 թ. – 3.325 հոգի,

1914 թ. – 3.510 հոգի,

1916 թ. – 3.900 հոգի, բոլորը՝ ռուս,

1922 թ. – 3.572 հոգի, որից 59-ը՝ հայ, 3.513-ը՝ ռուս,

1926 թ.- 4.042 հոգի, որից 219-ը՝ հայ, 26-ը՝ թուրք, 3.797-ը՝ ռուս,

1931 թ.- 3.688 հոգի, որից 90-ը՝ հայ, 4-ը՝ թուրքական խումբ, 3.594-ը՝ ռուս:

Խորհրդային Միության վերջին տարիներից սկսած քաղաքի ռուս բնակչությունը հիմնականում հեռացել է Ռուսաստան, իսկ ադրբեջանցիները՝ Ադրբեջան:

Այսօր Տաշիրը գերազանցապես հայաբնակ քաղաք է:

Պատմությունը

Այսօրվա Տաշիրի շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Տաշիրի շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Տաշիրի՝ Վորոնցովկասյի շրջանը, Լոռու «Չեզոք գոտու» կազմում էր:

Ահա մի քանի կարճ հաղորդագրություն, թե ինչպես է խորհրդահայ մամուլը անդրադարձել Տաշիրի՝ Հայաստանի միացմանը:

Վարանցովկան կցվում է Խորհ. Հայաստանին 

Արտժողկոմ ընկեր Մռավյանից ստացված հեռագրի համաձայն Լոռու շրջանի հեղկոմի նախագահ ընկ. Օհանջանյանը ամսի 11-ին մեկնել է Վարանցովկայի շրջանը, որպեսզի այդ շրջանը Խորհ. Հայաստանի հողամասին կցվելու համար պահանջվող ձևականությունները կատարի: Աղբյուրը՝ («Խորհրդային Հայաստան», թիվ 12, 14 հունվար, 1922թ.):

Հունվարի 18-ին գավառային հեղկոմի ներկայացուցիչ ընկ. Օ. Օհանջանյանը Վրաստանից բաժանված շրջանն ընդունեց: (Աղբյուրը՝ «Խորհրդային Հայաստան», թիվ 19, 25 հունվար, 1922թ.):

Խորհրդային տարիներին

Տաշիրի շրջանը, որ Խորհրդային Հայաստանում կոչվում էր Կալինինոյի շրջան, կազմավերվել է 1937-ին: Մինչ այդ Կալինինոյի գյուղերը Ստեփանավանի վարչական տարածքի մաս են կազմել: Կալինինոյի շրջանի վարչական կենտրոնը Կալինինո (Տաշիր) քաղաքն էր։ Ուներ 1 քաղաք (Կալինինո), 1 քաղաքային և 13 գյուղական խորհուրդ։

Բնակավայրերն էին. 

Բլագոդարնոյե, նախկինում՝ Կիրիլովկա

Գետավան

Դեմուրչիլար, այսօր՝ Գոգավան

Էվլու, այսօր՝ Ձորամուտ

Իլմազլու, այսօր՝ Դաշտադեմ

Լեռնհովիտ

Կաթնառատ

Կրուգլայա Շիշկա

Ղարաիսա, այսօր՝ Մեղվահովիտ

Ղարաղալա, այսօր՝ Նորամուտ

Ղզըլդաշ, այսօր՝ Արծնի

Ղզըլշաֆակ, այսօր՝ Ձյունաշող

Մեդովկա

Շահնազար, այսօր՝ Մեծավան

Միխայելովկա

Նորաշեն

Նովոսելցովո

Պետրովկա

Պրիվոլնոյե

Սարատովկա

Սարչապետ

Սարիար

Սոյուղբուլաղ, այսօր՝ Պաղաղբյուր

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Դիտել նաև իմ պատրաստած ֆիլմը Հայաստան-Վրաստան սահմանի մասին