Արցախի հարց՝ Քի Վեսթ․ ՀՅԴ մարմիններին, Շրջաբերական թիւ 55, 16 ապրիլի, 2001թ

6819

ՀՅԴ խորհրդապահական այս շրջաբերականը ներքին փաստաթուղթ է, որը տարածվել է կուսակցության ներսում՝ ներքին քննարկման համար: Այն վերաբերում է Արցախյան կարգավորման Քի Վեսթի փաստաթղթին: Ադրբեջանը մերժեց Քի Վեսթի առաջարկները, թեև ստանում էր 6,5 շրջան, ինչպես նաև՝ Հայաստանի վրայով սուվերեն միջանցք՝ Նախիջևանի հետ կապվելու նպատակով: Փոխարենը, Արցախը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանին: Այս տարբերակը, մեծ հաշվով, ընդունելի էր Հայաստանի օրվա իշխանություննների համար: Հայաստանի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր:

ԱՆԻ կենտրոն

Սիրելի ընկերներ,

Ղարաբաղեան հարցի կարգաւորման վերջին զարգացումների մասին տեղեակ էք արդէն մեր մամուլի եւ միջազգային լրատուական գործակալութիւնների հաղորդումների միջոցով։

Քի Ուէսթի հանդիպումով բանակցային գործընթացը, փաստօրէն, թեւակոխել է մի նոր հանգրուան, որտեղ, ըստ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների յայտարարութիւնների, ուրուագծուել է հարցի կարգաւորման մի նոր տարբերակ, որը իր վերջնական վիճակում հակամարտ կողմերին կը ներկայացուի Յունիսին, Ժընեւի հանդիպումին, որպէս հարցի կարգաւորման ամբողջական փաթեթ։

Մեր ունեցած տեղեկութիւնների համաձայն, Ղարաբաղեան հարցի լուծման նոր տարբերակը, մեծ հաւանականութեամբ, իր մէջ ընդգրկելու է հետեւեալները.

1. Ադրբեջանական կողմը համաձայնուելու է, որ Արցախը՝ Լաչինի միջանցքով, մաս կազմի ՀՀ-ին։ (Առայժմ յայտնի չէ, թէ Լաչինի միջանցք ասելով ինչ պէտք է հասկանալ՝ ամբողջ միջա՞նցքը, թե՞ ինչ-որ միջանցք)։

2. Հայկական կողմից պահանջուելու է Ադրբեջանին վերադարձնել ազատագրուած տարածքները։ (Մեզ համար անյայտ է բռնագրաւեալ Շահումեանի, Մարտակերտի դաշտային մասի ճակատագիրը)։

3. Ադրբեջանին ընձեռուելու է հնարաւորութիւն՝ Հայաստանի տարածքով ազատ ու մասնաւոր ճանապարհ դէպի Նախիջեւան։ Ճանապարհի վրայ հսկողութեան հարցը տակաւին յստակ չէ։ Նախատեսւում է, որ ապագային Հայաստանը եւս դառնայ (գուցե՝ ունենա- խմբ.) Նախիջեւանի եւ Բաքուի վրայով դէպի արտաքին աշխարհ առեւտուրի եւ ազատ երթեւեկութեան իրաւունք։

4. Կողմերի միջեւ վերջնական համաձայնութիւնից յետոյ, փաստաթուղթը քննութեան նիւթ է դառնալու երկու երկրների խորհրդարաններում եւ վերջնական հաստատում է գտնելու հանրաքուէի միջոցով։

5. Նախատեսւում է նաեւ միջազգային ֆինանսական օժանդակութեան փաթէթ։

Հարցի լուծման հաւանական տարբերակի վերաբերեալ առաջին հայեացքով գնահատականը հետեւեալն է.

ա.- Ղարաբաղեան հարցի լուծման մինչեւ այժմ հրապարակուած երեք՝ Փաթեթային, Փուլային, Ընդհանուր Պետութիւն տարբերակների ի տարբերութիւն՝ այս տարբերակը ունի աչքառու առաւելութիւն։

բ. Անկասկած, աննախընթաց եւ պատմական յաջողութիւն է այն իրողութիւնը, որ Ադրբեջանը վերջապէս պարտաւորւում է ընդունելու այն փաստը, որ Ղարաբաղը՝ Լաչինի միջանցքով, հայկական հող է։

գ. Ազատագրուած տարածքները (որոնց մասին խօսելիս քաղաքական որոշ խմբակցութիւններ եւ հոսանքներ, ինչպես նաեւ՝ ՀՀ պաշտօնատար որոշ անձեր, տակաւին շարունակում են օգտագործել «գրաւուած տարածքներ» բառակապակցումը), բացի այն, որ հայկական հողեր են եւ անցեալին միա՛յն Ադրբեջանի կողմից վարչական դասաւորումների բերումով դուրս են մնացել Արցախի (իմա՝ ԼՂԻՄ-ի) սահմաններից, հարցի լուծման առաջարկուելիք տարբերակումե, չեն նկատւում որպես՝ Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան համար կենսական մեծ նշանակութիւն ունեցող տարածքներ։ Վերջապէս դրանց պահպանունով է, որ ընդարձակւում է Հայաստանի հարաւային սահմանը, խոչընդոտւում է պանթուրանիզմի ծրագրի իրագործումը։

դ.- Եթէ ընդունենք, որ Ադրբեջանի «Աքիլլեսեան գարշապարը» իր երկփեղկւածութիւնն է, Նախիջեւանից անջատուածութիւնը, ապա կարելի է վստահօրէն ասել՝ Ադրբեջան-Նախիջեւան ազատ երթեւեկութեան ճանապարհի ստեղծումով Ադրբեջանը լուծում է իր լինելիութեան հարցը, ճամբայ է բացում Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան-Միջին Ասիա պանթուրանական ծրագրի առջեւ, իսկ միւս կողմից՝ նւազում, չասելու համար ոչնչացւում է Հայաստանի Հանրապետութեան ռազմավարական կարեւորութիւն-առաւելութիւնը։

ե. ՀՀ-Բաքու-Ռուսաստան ճանապարհը պարզ ճանապարհ ու ելք լինելուց անկախ, նաեւ նուազեցնում է Թուրքիայով դէպի Սեւ ծով ու Ռուսաստան դուրս գալու հարցի կարեւորութիւնը։

Ընկերնե՛ր. Թէպետ դեռեւս ոչ մի բան վերջնականօրէն յստակ չէ, սակայն մենք շտապեցինք օր առաջ ձեզ տեղեակ պահել այն ամէն ինչից, որ մեզ յայտնի է այսօր, որպէսզի վաղը կատարուած իրողութեան առջեւ մեզ կանգնած չտեսնենք, մասնաւորաբար, երբ նկատի ենք ունենում, որ կացութիւնը ծայր աստիճան լուրջ է եւ Ղարաբաղեան հարցի վերջնական լուծումը՝ գուցե ամիսների հարց։

Հ.Յ. Դաշնակցութիւնը այլեւս միայն սփիւռքեան կուսակցութիւնը չէ եւ ոչ էլ Հայրենիքում իր կազմաւորման ընթացքի մէջ եղող լուսանցքային կուսակցութիւն։ Մենք Հայրենիքում աշխատող, իր երկրի ու ժողովրդի այսօրուայ ու վաղուայ օրուայ համար պատասխանատու կուսակցութիւն ենք, եւ չենք կարող այս հարցում ցուցաբերել ձեւական, լոկ դիրքորոշում։ Խնդիրը, այս պահին, դիրքորոշում ցուցաբերել, յայտարարելը չէ միայն, մենք ունենալու ենք մեր այդ դիրքորոշումը, մեր պահանջները գործադրելու հարց։

Պահը ճակատագրական է եւ խիստ կարեւոր։

Յաւելուած թիւ 55 Շրջաբերականի

ա. Հարցի կարգավորման նկատմամբ դրական դիրքորոշում ցուցաբերելու պարագային

Դրականօրէն կողմնորոշուողները, հաւանաբար, իրենց կողմնորոշման համար անդրադառնալու են միջազգային նոր իրողութեանը, ՀՀ-ի սոցիալ-տնտեսական իրավիճակին, ապագայի անորոշ ու ռիսկային բախտախնդրութեանը։ Ամէն ինչի ձգտելու ու ոչնչի չհասնելու աչքածակութեան վտանգին։ Սակայն, ինչպէս հարցի ներկայացման պահին մատնանշեցինք, լուծման նոր տարբերակը իր մէջ պարունակում է ազգային շահերի տեսանկիւնից անընդունելի տարրեր։ Արդեօք, պէ՞տք է հաշտուենք այդ ամենի հետ։ Համաձայնուելու դէպքում, արդէօք կարո՞ղ ենք երբեւէ կորցրածը վերականգնել։

Միջազգային ուժերի անմիջական հովանաւորութեամբ ու օրհնութեամբ կայացած այսպիսի մի համաձայնութեամբ ինչքանո՞վ են բացառւում Ղարաբաղի ու ՀՀ-ի ամբողջականութեան ու լինելիութեան ուղղուած հետագայ վտանգները։ Արդեօք, մենք իրաւունք ունե՞նք այսօրուայ կենցաղային, ազգային-պետական հոգսերից ելնելով ապագայ մեր սերունդների հաշուին գնալ նման համաձայնութեան։ Մենք պիտի կարողանա՞նք մեր բազում հարցերից դրականօրէն լուծում գտած գոնե մի հարց փոխանցել մեր սերունդներին, թե՞ ոչ, Ապագային սերունդներին չե՞նք թողնելու ուրիշների համար այլեւս անհետաքրքիր ու կտտուած մի Հայաստանի Հանրապետութիւն։

Օրուայ իրավիճակից ու միջազգային իրողութիւնից մեկնելով, եթե այսօր հրաժարւում ենք ազատագրուած տարածքներից, կարող ենք հրաժարուել Հայ Դատի պայքարից։ Այս ուղով առաջ գնալու դէպքում, Երկիրը չե՞նք դնելու նորանոր աղէտների առաջ։ Առկայ են ուժեր, որոնք թեպետ բացէիբաց չեն յայտնում իրենց ընդվզումն ու բողոքն այս ամենի նկատմամբ, սակայն վաղը յայտնուելու են լուրջ անբարենպաստ պայմաններում։

Այսպէս դիրքորոշուելով ո՞րն է լինելու մեր տեղն ու դերը հայ իրականութեան մէջ, ինչքա՞ն է լինելու համակիրների, ընկերների եւ վերջապէս մեր ժողովրդի՝ մեզանից ապրած յուսախաբութեան չափը։ Հենց այն ժողովրդի, որ մեզ չսիրելու դէպքում էլ յարգանքով է մօտենում մեզ, միշտ մեզ տեսնելով անկեղծ զինուորի պատկերով ու յարատեւ կռուի ուղու վրայ։ Եվ վերջապէս չի՞ ծաւալուելու մի համընդհանուր հակաքարոզչութիւն, որ Դաշնակցութեան կենտրոնը ՀՀ տեղափոխուելով, ՀՅԴ օրուայ ղեկավարութիւնը իշխանական տաքուկ աթոռներին տիրանալով, իշխանութեան կերակրասեղանին մօտ գտնուելով, իշխանութիւնների ուղղակի ազդեցութիւնը կրելով այլասերուել է ու իշխանութիւնների հետեւորդի դերում է յայտնուել։

բ. Հարցի կարգաւորման նկատմամբ բացասական դիրքորոշում ցուցաբերելու պարագային Մեծ հաւանականութեամբ, վերը հնչած հարցադրումները իբրեւ հիմնաւորում օգտագործելով, շատերը կարող են բացասական դիրքորոշում ցուցաբերել հարցի կարգաւորման նշեալ տարբերակին։

Սակայն ի սկզբանէ պէտք է իմանալ, որ այս անգամ մենք չենք կարող ցուցաբերել «արի, սկզբունքային» կեցուածք վասն պատմութեան, այլ մեր կեցուածքների համար գին վճարելով պէտք է գնանք իրականացնելու այն, ապա թէ ոչ՝ այնքան է կեղծ հնչելու մեր կեցուածքը, որ նոյնն է լինելու, ինչ կը լինէր, եթէ ընդունէինք այն։ Այն պարագայում, մասամբ մերժումը եւս ունենալու է նոյն արդիւնքը, ինչ-որ կարող էր ունենալ ամբողջական մերժումը՝ առճակատում։

Մերժման պարագային պէտք է քաջ գիտակցել, որ հալածանքը մեր նկատմամբ անխուսափելի է լինելու, յար եւ նման, գուցէ առաւել խիստ, քան եղաւ նախորդ իշխանութիւնների օրոք։

Յոգնած, սոցիալ-տնտեսական դժուարութիւններ դիմագրաւող մի ժողովուրդ քայլելո՞ւ է մեր ետեւից։ Վերջապէս մեր նորանկախ պետութեանը չե՞նք զլանալու կազմակերպուելու, ամրանալու, հզօրանալու մի առիթ։

Այսօրուայ ընդդիմութիւն կոչուող ուժերը, որոնք այժմ մեզ քննադատում են «անսկզբունքայնութեան» մէջ, վաղը մեզ չե՞ն մատնացոյց անելու դարձեալ իբրեւ «պատերազմի, ազգայնամոլ, ծայրահեղական» մի ուժի։

Մեր դիրքորոշմամբ մենք չե՞նք յայտնուելու Պապից աւելի պապականի դերում, երբ նկատի ունենում, որ Արցախի իշխանութիւնները ամբողջութեամբ ՀՀ-ի հետեւորդի դերում են։ Ի՞նչ ենք անելու, եթէ մեր ոչը արձագանք չգտնի Արցախում։

Նման դիրքորոշմամբ մենք նորէն շրջանառութեան մէջ չե՞նք դնելու կուսակցութեան մասին դեռ առկայ տեռորիստական, ծայրայեղական իմիջը, յաչս միջազգային հանրութեան։

Ու դրանով չե՞նք վայելելու նրանց համընդհանուր ու համատարած հալածանքը։

Եթէ հաւանական համաձայնութեան գլխաւոր խոչընդոտող ուժը լինելու ենք միայն մենք, դրանով իսկ հարցականի տակ չե՞նք դնելու կազմակերպութեան լինելիութեան հարցը։ Իսկ համաձայնութեան ձախողութեան գործում յաջողութիւն ունենալու պարագային, հնարաւոր չե՞նք դարձնելու արուեստական պատերազմի հաւանականութիւնը, որի արդիւնքը լաւագոյն դէպքում լինելու է այն՝ ինչ լինելու է այս նոր տարբերակում նշուածը, բայց արդէն իսկ որպէս ներկայ պատերազմում պարտուած կողմի պարտադրուած պայմաններ։

Մինչեւ այժմ ո՛չ ԼՂՀ-ն, ո՛չ էլ ՀՀ-ն ազատագրուած տարածքները իրենց գերիշխանութեան մաս չեն յայտարարել, իսկ Ղարաբաղը թէ՛ իր միացումը ՀՀ-ի հետ եւ թէ՛ իր անկախութիւնը յայտարարել է ԼՂԻՄ-ի սահմաններով։

Այժմ բանակցութիւնների սեղանի վրայ ինչպե՞ս պէտք է պնդենք ազատագրուած տարածքների հայկական պատկանելիութեան հարցը։ Մերժելով այս տարբերակը, մենք ի՞նչ ենք առաջարկում. բանակցութիւնների փոխզիջումային տրամաբանական մթնոլորտում ի՞նչ ենք զիջում, իսկ եթէ միայն ձգտում ենք հարցի ձգձգմանը, ապա ո՞րն է երաշխիքը, որ ապագան աւելի վտանգաւոր ու անբարենպաստ չի լինելու ազգի համար։

Ձեւաւորուող փաթեթը ամբողջութեամբ պարտութիւն չի նշանակում եւ շատ հաւանական է, որ այն ճեղքեր, չասելու համար պառակտումներ առաջացնի մեր մէջ։ Շատ հաւանական է նորանոր «վերականգնումի շարժում»-ների ծնունդը, դասալքութիւնը՝ առանձին անձանց, որոնք կամ թուլամորթութեան եւ կամ էլ պետական համակարգում իրենց զբաղեցրած տեղը կորցնելու վախից փորձեն քաղաքական-գաղափարական գոյն տալ իրենց քայլին, նորէն ստեղծեն «բազէներ-աղաւնիներ» տխրահռչակ բաժանումները։

Ինչպե՞ս ենք կանխելու այս անպատեհութիւնները։ Մենք աւելի քան երեք տարի է, որ քիչ թե շատ իշխանութիւնների հետ ենք եւ այսօր կտրուկ շրջադարձը մեզ չի ընձեռելու նոյն դիւրութիւնները, որ ունէինք նախորդ իշխանութիւնների հետ առճակատման օրերին, այլ խօսքով՝ այլեւս չենք կարող (առանց մասնաւոր մեծ ճիգ թափելու) ընդդիմութեան գլխաւոր ուժը լինել։ Եվ վերջապէս, այսօր, կարգաւորմանը ընդդիմանալու համար ուժ կուտակելու կարելութիւն ունե՞նք, երբ նկատի ենք ունենում, որ մի քանի ամիսների ընթացքում հաւանական է հարցի լուծումը։ Այս պարագայում մեր առճակատումը իշխանութեան ձգտող ընդդիմութեան առճակատում չէ. մի առճակատում է, որի հասունացման համար պէտք է աւելի երկար ժամանակ, որի սղութեան այս պայմաններում ինչպե՞ս ենք ստեղծելու շուտափոյթ առճակատութեան կարելիութիւնները։

Մասնաւոր հարցերում ամուր մերժողականի դերում մնալու պարագային եւս անպայման իշխանութիւնները մեզ քաշելու են ամբողջական առճակատման դերի մէջ։ Որո՞նք են այն տակտիկային քայլերն ու սկզբունքները, որոնք մեզ զերծ կը պահեն ակամայ առճակատումից, երբ մասնաւոր մերժման պարագայի իրական արդիւնքը եւս այս տարբերակի ձախողումն է։

Մենք ի վիճակի ենք թէ՛ թույլատրելու եւ թէ՛ խանգարելու հարցի կարգաւորման այս տարբերակը, սակայն պահի թելադրանքն է՝ լինել ծայրաստիճան աչալուրջ, քանզի բոլոր պարագաներում մենք պատասխանատու ենք երկրի եւ ժողովրդի վաղուայ համար։

Ամէն պարագայի մի գին կայ, որ պարտաւոր ենք վճարելու՝ թէ որպէս ազգ, թէ որպէս պետութիւն եւ թէ որպէս կացութիւն։

Վերոնշեալը ձեզ փոխանցելով, ակնկալում ենք, որ ձեզ յարմար նկատած ձեւով կազմակերպէք հարցի լուրջ քննարկումներ՝ ընկերների լայն մասնակցութեամբ։

Սակայն Շրջաբերականի բովանդակութիւնը ամէն պարագայի պէտք է մնայ խորհրդապահական եւ սահմանափակւում է քննարկման մասնակից ընկերների շրջանակով։

Թէեւ Բիւրօն, հիմնուած ծրագրային մեր առաջադրանքների եւ Ընդհանուր ժողովի որոշումների վրայ, բանաձեւել եւ յայտարարութեամբ հրապարակել է Արցախեան հարցի կարգաւորման վերաբերեալ կուսակցութեան տեսակէտներն ու դիրքորոշումները, այդուհանդերձ, հարցը իր լրջութեամբ դարձեալ ենք դնում մեր մարմինների եւ ընկերների առջեւ, սպասելով նրանց պատասխանատու եւ լուրջ քննարկումների արդիւնքներին։

Ակնկալում ենք, որ մինչեւ Մայիսի 5-ը կունենանք ձեր քննարկումների եզրակացութիւնները, իսկ գործնական նկատառումներով, Շրջաբերականին կից, յաւելուածի ձեւով, փոխանցում ենք նաեւ հաւանական այն հաշուարկները եւ հարցերը, որոնք պարտաւոր ենք նկատի ունենալ հարցի գծով որեւէ դիրքորոշում ճշտելու դէպքում։

https://www.aravot.am/2001/06/09/792112/?fbclid=IwAR1Xw3id8NRPOkV-zowRTv_CEqUL9FWWxUZAAaj1EvPCeL4XYWfY0Av1y_I