Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Ռեջեփ Թայիփ Էրդողանին. ապրիլ, 2005 թվական

5815

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ

«Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, եւ մենք իրավասու չենք դա լիազորել պատմաբաններին»

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱԶԳ, 27 ապրիլի, 2005 թ. #75, 2005-04-27

Հայաստանի նախագահը երեկ պատասխանել է Թուրքիայի վարչապետի ավելի վաղ ուղարկած նամակին՝ նրան առաջարկելով առանց նախապայմանների երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատել: «Մեդիամաքս» գործակալությունը մեզ է տրամադրել Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղարկած Ռոբերտ Քոչարյանի նամակը:

«Հարգելի պրն վարչապետ, ստացա Ձեր նամակը: Իսկապես որպես հարեւաններ մենք պետք է փորձենք ուղիներ որոնել այժմ եւ ապագայում համերաշխ ապրելու համար: Այդ իսկ պատճառով հենց սկզբից մենք առաջարկել ենք հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանները եւ երկխոսություն սկսել երկու երկրների ու ժողովուրդների միջեւ»:

«Աշխարհում, մասնավորապես եվրոպական մայրցամաքում, կան հարեւան երկրներ, որոնք ունեցել են դժվարին անցյալ, որի շուրջը տարակարծիք են: Սակայն դա նրանց չի խանգարում ունենալ բաց սահմաններ, բնական հարաբերություններ, դիվանագիտական կապեր, ներկայացուցիչներ միմյանց մայրաքաղաքներում, եւ այդ բոլորով հանդերձ զուգահեռաբար քննարկել վիճելի հարցերը», ասվում է Քոչարյանի նամակում:

«Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե չի անդրադառնում ներկային ու ապագային: Արդյունավետ երկխոսության մեջ ներգրավվելու համար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր եւ համապատասխան քաղաքական միջավայր: Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, եւ մենք իրավասու չենք դա լիազորել պատմաբաններին: Ուստի մենք առաջարկել ենք եւ կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել բնական հարաբերություններ»:

Նախագահ Քոչարյանը նամակի վերջում նշում է, որ «ահա այս համատեքստում կարող է գումարվել միջկառավարական հանձնաժողով՝ քննարկելու երկու երկրների միջեւ առկա ցանկացած եւ բոլոր խնդիրները՝ նպատակ ունենալով լուծել դրանք եւ հասնել փոխըմբռնման»:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Էրդողանը Հայաստանի նախագահին նամակ էր հղել, որը Երեւան էր հասել ապրիլի 18-ին: Մինչ Քոչարյանի պատասխանը, ԱՄՆ նախագահն իր ապրիլքսանչորսյան ուղերձում սատարել էր Էրդողանին եւ անուղղակի ճնշում բանեցրել Քոչարյանի վրա: «Մենք նայում ենք Հայաստանի եւ Թուրքիայի ազատության, խաղաղության եւ բարգավաճման ապագային հույսով, որ թուրք-հայկական համատեղ հանձնաժողով ստեղծելու վարչապետ Էրդողանի վերջերս արած առաջարկը հնարավորություն կտա առաջ տանելու այդ գործընթացները», ասվում էր Բուշի ուղերձում:

Թուրքիայի վարչապետը Հայաստանի նախագահին հղած նամակում առաջարկել էր «պատմաբաններից եւ այլ փորձագետներից կազմված մի խումբ ստեղծել, որը 1915 թ. դեպքերն ու զարգացումները կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկրների արխիվներում եւ ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացնի միջազգային հանրությանը»:

Էրդողանը համոզմունք էր հայտնել, որ «նախաձեռնությունը լույս կսփռի մեր պատմության վիճելի հատվածի վրա եւ կդառնա երկու երկրների հարաբերությունները կարգավորող քայլ»:

Հայաստանի նախագահի պատասխանից պարզ է դառնում, որ Երեւանը մտադիր չէ Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների ուսումնասիրությանը թողնել: Ավելի վաղ Վարդան Օսկանյանն անդրադառնալով իր թուրք գործընկերոջ համանման առաջարկին, ասել էր, որ «պատմաբաններն իրենց գործն արել են» եւ մնում է, որ Թուրքիան ընդունի իր անցյալը, ճանաչի Հայոց ցեղասպանությունը: