Մատաղիս՝ կյանքը և մարդիկ շփման գծի այս կողմում. 2010 թվականի գարուն

5141

Ծանոթ. – Այս ռեպորտաժը Մատաղիսից պատրաստել եմ 2010 թվականի գարնանը: 2020 թ հոկտեմբերի 3-ին Մատաղիսը գրավվեց ադրբեջանական զինուժի կողմից:

Ինժեներ-հիդրոտեխնիկ Սիսակ Կոստանյանը մոտ երկու տարի առաջ Հայաստանից ժամանակավորապես տեղափոխվել է Արցախի ծայր հյուսիսային Մատաղիս գյուղ` իր փորձով օգնելու Թարթառ գետի վրա կառուցվող երկու հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) կառուցման աշխատանքներին:

ԼՂ իշխանությունները տարիներ առաջ հայտարարել էին մի քանի գետերի վրա ՀԷԿ-եր կառուցելու ծրագրերի մասին: Դրանցից մի քանիսն արդեն շահագործման են հանձնվել կամ ավարտական փուլում են: ՀԷԿ-երից երկուսը կառուցվում են Մատաղիսում:

“Այս երկու ՀԷԿ-երից յուրաքանչյուրն ունի 11մեգավատ հզորություն: Առանց վերանորոգման սրանք աշխատելու և հոսանք են տալու մոտ տասը տարի: Այս երկու ՀԷԿ-երի շահագործման համար ամենաքիչը 30 հոգի անձնակազմ է պետք: Արդեն կառուցվում է աշխատակազմի համար շենք ութ բնակարաններով”,- ասում է Կոստանյանը:

Շինարարական աշխատանքներում ներգրավված մասնագետների մի մասը Հայաստանից են տեղափոխվել, քանի որ հիդրոինժեներիայի ոլորտի մասնագետներ Արցախում քիչ կան: Կոստանյանը գոհ է` ինչպես մասնագետները, այնպես էլ շինարարներն ու բանվորները բարձր են վճարվում: Լավ աշխատանքը շատերին է գրավում: Մատաղիսը և այնտեղ կառուցվող ՀԷԿ-երը պատասխան են չհիմնավորված պնդումների, թե մարդիկ խուսափում են սահմանամերձ գյուղերում հաստատվել: Մարդիկ պատրաստ են բնակվել սահմանի ամենավտանգավոր շրջանում, եթե նրանք ապահովվեն արժանապատիվ աշխատանքով:

Քիչ է ասել, որ Մատաղիսը սահմանամերձ է: Ղարաբաղ-ադրբաջանական սահմանի ողջ երկայնքով սա հայկական կողմի համար ամենավտանգավոր հատվածներից է: Պատերազմի տարիներին Մատաղիսը Մարտակերտի շրջանի տասնյակ այլ բնակավայրերի հետ գրավվել է և մասմաբ ավերվել: 1994-ի ապրիլին այն ազատագրվել է, սակայն բնակիչների միայն փոքր մասն է վերադարձել հարազատ տներ:

Գեղամ Աղաջանյանը Երևանում բուհն ավարտելուց հետո վերադարձել է գյուղ, իսկ այժմ Մատաղիսի նորակառույց միջնակարգ դպրոցի տնօրենն է: Նա կարծում է, որ գրավումից հետո գյուղից Ռուսաստան հեռացած մատաղիսցիները այլևս դժվար թե վերադառնան: “Նրանք կարճ ժամանակով գալիս-գնում են, հիմնականում տխուր և ուրախ դեպքերի առիթով: Իմ կարծիքով նրանք այլևս հետ չեն գա”,- ասում է երիտասարդ տնօրենը:

72 աշակերտ և 19 ուսուցիչ ունեցող դպրոցը կառուցվել է երեք տարի առաջ՝ Կանադայի Տորոնտո քաղաքի հայ համայնքի ֆինանսական հանգանակությունների հաշվին: Գյուղում կառուցվել է նաև մանկապարտեզը: Դպրոցը կրում է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի անունը, ով ծնունդով այս գյուղից է: Մարտիրոսյանի անմիջական միջամտությամբ դպրոցն ապահովվել է   լաբորատորիայով և համակարգչային կաբինետով: Գրադարանի գեղարվեստական գրքերի մեծ մասը ևս ակադեմիկոսի նվերն է:

Նախքան պատերազմը գյուղն ուներ 270 ընտանիք: Այսօր մնացել է միայն 68 ընտանիք բացի 73 ժամանակավոր բնակվող ընտանիքների, որոնք այստեղ են տեղափոխվել ՀԷԿ-ում աշխատելու, զինվորական ծառայության և վերաբնակեցման շինարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Արցախ-ադրբեջանական շփման գծում հրադադարը խախտվում է գրեթե ամեն օր: Լինում են օրեր, որ այն խախտվում է միանգամից մի քանի հատվածներում: Հրադադարի խախտումները երբեմն վերածվում են տեղական մարտերի, հատկապես այն հատվածներում, որտեղ ղարաբաղյան և ադրբեջանական առաջապահ դիրքերը չափազանց մոտ են: Այս իմաստով, արցախ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ամենավտանգավոր հատվածը հենց Մատաղիսն է ու նրա շրջակայքը: Որոշ հատվածներում հայ և ադրբեջանցի զինվորների միջև հեռավարությունը ընդամենը 60 մետր է:

Արցախ-ադրբեջանական վերջին նման երկու ընդհարումները, որոնք ամենամեծն էին 1994-ի մայիսյան հրադադարից ի վեր, գրանցվեցին շփման գծի այս հատվածում՝ Մարտակերտի հյուսիսում` 2008թ. մարտի 4-5-ին: Ադրբեջանական կողմին հաջողվեց ժամանակվորապես գրավել արցախյան ուժերի առաջապահ  դիրքը, սակայն կարճ ժամանակ անց նրանք ստիպված եղան հետ քաշվել` տալով ութ զոհ և վիրավորներ: Երկու վիրավոր տվեց նաև ղարաբաղյան կողմը: Այս տարվա հունիսին ադրբեջանական դիվերսիոն խմբին հաջողվեց անցնել արցախյան բանակի թիկունք՝ սպանելով չորս հայ զինծառայողների։ Հակառակորդը ևս տվեց զոհեր ու վիրավորներ:

Շփման գիծը և նրա երկարությամբ գտնվող հայկական գյուղերը ոչ միայն ամրություն են, այլ շատ վտանգավոր վայր, որ խլում է հարյուրավոր կյանքեր: 1994 թվականի մայիսյան հրադադարից ի վեր դիպուկահարների փամփուշտներից, ինչպես նաև ցանված ականների պայթյունների զոհ են դարձել, ըստ տարբեր հաշվարկների` մինչև երեք հազար զինվորներ ու քաղաքացիական անձինք Ադրբեջանից, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից:

Լեռնային Ղարաբաղի կառավորությունը բյուջեի գումարներով Մատաղիսում կառուցում են տներ և անհատույց տրամադրում բնակիչներին: Գյուղապետ Արթուր Մեժլումյանի խոսքերով` բնակարանի կարիք ունի 29 ընտանիք՝ հիմնականում բազմազավակ ընտանիքները և վերաբնակիչները: “Տներից 10-ը արդեն պատրաստ են և շուտով կհանձնվեն բնակիչներին, ևս 9-ի աշխատանքները ընթացքի մեջ են: Ծրագրով ևս հինգ տուն է նախատեսվում հիմքից կառուցել և անհատույց հանձնել բնակչությանը”,- ասում է նա:

Շուտով կվերանորոգվի ու կասֆալտապատվի Մատաղիս-Մարտակերտ ճանապարհը: ԼՂ կառավարության միջոցներով առաջիկա ամիսներին կավարտվի նաև խմելու ջրագծի ծրագիրը: Բացի այդ կկառուցվի նաև հանդիսությունների տուն, գյուղապետարանի շենք, ակումբ և բուժկետ:

“Այսօր գյուղը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Վերջին շրջանում բնակչության աշխատող ուժը հիմնականում ընդգրկված է երկու ՀԷԿ-երի շինարարության մեջ: Մի քանիսն էլ ծառայում են բանակում: Այստեղ գործազրկության խնդիր ուղղակի չկա”,- ասում է Մեժլումյանը:

Արցախի հյուսիսային այս շրջանը խորհրդային տարիներին հայտնի էր իր խաղողի այգիներով: Պատերազմի պատճառով այդ այգիները կամ ավերվեցին կամ մնացին անմշակ: Դրանք կամաց-կամաց վերականգնվում են: Ընդհանուր առմամբ, Մատաղիսի ապագան հուսադրող է: Մռավ լեռան ստորոտում, Թարթառ գետի վրա գտնվող այս բնակավայրը տարիներ հետո կարող է վերածվել բարգավաճ ավանի` ամրապնդելով Արցախի հյուսիսային սահմանները:

Թաթուլ Հակոբյան

Այս տեսանյութում Մատաղիսը ռմբակոծվում է. ապրիլ 27, 2016թ.