Դիմադրական շարժումները և այլախոհությունը ԽՍՀՄ-ում

12773

Ժամանակ առաջ, մի առիթով զեկույց էի նախապատրաստում ԽՍՀՄ-ում ծավալված դիմադրական շարժումների մասին։ Զեկույցը ներկայացնելու առիթն այդպես էլ չկայացավ, բայց նյութն արդեն պատրաստ էր ու պետք է հրապարակվի։ Թեման հետաքրքիր է ու կարեւոր։ Խորհրդային շրջանի պատմությունը մարդիկ չգիտեն։ Այդ պատմությունը մեր երեկվա օրն է, բայց մեզ շատ ավելի անհայտ է, քան միջնադարը եւ շատ ավելի քիչ է ուսումնասիրված, քան նույն այդ միջնադարը։

Այն պատմությունը, որ ներկայացվում էր խորհրդային տարիներին եւ այսօր էլ մնացել է մարդկանց հիշողության մեջ, որպես ԽՍՀՄ պատմություն իրականում պատմություն չէր։ Դա ավելի շուտ հորինվածք էր, առասպել։ Դպրոցական կամ բուհական դասագրքերում, հաստափոր պատմական ուսումնասիրություններում ներկայացվում էր բոլորովին էլ ոչ այն, ինչ եղել է, կար ու կա իրականում։ Պատմական դեպքերը մեկնաբանվում էին յուրովի՝ կոմունիստական գաղափարախոսության ու դասակարգային պայքարի տեսանկյունից։ Դա չէր էլ թաքցվում ու պաշտոնապես կոչվում էր պատմության լուսաբանում մարքս-լենինյան ուսմունքի լույսի ներքո։ Արդյունքում աղավաղվում էին դեպքերն ու դեմքերը։ Պատմությունից բացի, դասակարգային պայքարի տեսանկյունից եւ մարքս-լենինյան ուսմունքին համահունչ էին ուսումնասիրվում նաեւ գիտության այլ ճյուղեր։ Գիտությանն ընդհանրապես եւ հատկապես պատմությանը ցուցաբերված այս կամայական մոտեցումը միայն մեկ նպատակ էր հետապնդում՝ լվանալ մարդկանց ուղեղները, կերտել չմտածող ու չքննարկող, դոգմաներով առաջնորդվող ու դոգմաներով ապրող մարդկանց հասարակարգ։

Հակահերոսները ներկայացվում էին որպես հերոսներ, պարտությունները՝ որպես ձեռքբերումներ, եղած ձեռքբերումներն էլ շաղախված էին լինում մարդկային արյամբ։ Ընդհանրապես մարդկային կյանքը խորհրդային իշխանության եւ նրանց գաղափարախոսության տեսանկյունից որեւէ արժեք չէր ներկայացնում։ Հանուն աներեւույթ ու վերացական համընդհանուր երջանկության, հանուն հեքիաթային լուսավոր ապագայի, որ նրանք կոմունիզմ էին կոչում, ոչինչ չասող ու դատարկ կարգախոսների հնչյունների ներքո, առանց ափսոսանքի զգացումի, զոհաբերվում էին միլիոնավոր կյանքեր։ Այն, ինչին կարելի էր հասնել վաղը փոքրիկ զոհողությունների գնով կամ առանց զոհերի՝ խորհրդային երկիրն իրագործում էր այսօր ու մեծ զոհողություններուվ։

Այս երկիրն սկսեց իր պատմությունը «կարմիր տեռորով», որ պաշտոնապես հայտարարվեց 1918 թվականին ու այդպես էլ՝ մինչեւ իր անփառունակ վախճանը, շարունակվեց։ Սեփական քաղաքացիների նկատմամբ կիրառվող համատարած բռնություններով ու հալածանքներով խորհրդային երկիրը կարելի է դասել մարդկության պատմության մեջ եղած ամենադաժան ու ամենամարդատյաց երկրների շարքին։

Բնական է, որ կիրառվող համատարած բռնությունները չէին կարող դիմադրության չհանդիպել։ Խորհրդային երկրի գոյության ողջ ընթացքում դրա դեմ ուղղված ուժեղ կամ թույլ դիմադրություն միշտ էլ եղել է, ու այս հրապարակումն  այդ դիմադրությունների մասին է։

Խորհրդային երկրի կազմում եղել են հանրապետություններ, որտեղ խորհրդային իշխանությունների դեմ սկիզբ առած դիմադրությունները չեն դադարել, եղել են անընդհատ ու ժամանակի ընթացքում ձեւափոխվելով վերաճել են այլախոհական շարժման։ Եղել են նաեւ հանրապետություններ, որտեղ այդ դիմադրությունները ժամանակին ճնշվելուց հետո ավարտվել են ու որեւէ կերպ այլեւս չեն դրսեւորվել։

Օրինակ, Միջին Ասիայում, որը դեռ բաժանված չէր հանրապետությունների եւ Թուրքեստան անվամբ մեկ ընդհանուր տարածքային միավոր էր (ազգային հանրապետությունների բաժանումը տեղի ունեցավ  1924-1925թթ․), 1917թ․հեղափոխությունից անմիջապես հետո սկիզբ առավ զինված բասմաչական հզոր դիմադրական շարժում, որի վերջին բեկորների հետ խորհրդային ուժերը մինչեւ 1930-ականների վերջը մարտական գործողություններ են վարել։ Բայց, չնայած այն հանգամանքին, որ բասմաչական շարժումն իր հիմքում ուներ ե՛ւ ամուր կրոնական, ե՛ւ քաղաքական բաղադրիչներ, իր վերջնական պարտությունից հետո ասպարեզից հեռացավ եւ խորհրդային իշխանությունների դեմ պայքարի այլ դրսեւորման չվերաճեց։

Ադրբեջանում նույնպես մուսաֆաթականների պարտությունից եւ կոլեկտիվացման շրջանում եղած դիմադրությունից հետո քաղաքական պայքարի այլ դրսեւորումներ չեն գրանցվել գործող իշխանության դեմ։

Առաջին հայացքից է թվում, թե Խորհրդային միության պետական հզոր ռեպրեսիվ մեքենան բողոքի, հուզումների ու ապստամբությունների բոլոր ճանապարհները փակել էր։ Իրականում ԽՍՀՄ ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ գրանցվել են թույլ ու հզոր հուզումներ, որոշ դեպքերում անգամ ապստամբություն հիշեցնող դրսեւորումներ են եղել։ Բողոքի այս դրսեւորումների պատճառները շատ դեպքերում կենցաղային էին եւ չեն ունեցել քաղաքական գունավորում։ Հաճախադեպ էին կալանավայրային ապստամբությունները, որոնք ծագում էին անմարդկային պահման պայմանների պատճառով։ Էլ ավելի հաճախ բռնկվել են բողոքի զանգվածային դրսեւորումներ ու քաղաքացիական հուզումներ ոստիկանության կիրառած բռնությունների պատճառով։ Բողոքի ակցիաները ճնշելու նպատակով իշխանությունները բանակային կամ ոստիկանական ուժեր են օգտագործել, ինչի հետեւանքով եղել են զոհեր, վիրավորներ, ինչպես նաեւ հազարավոր մարդիկ են հուզումները կազմակերպելու կամ դրանց մասնակցելու մեղադրանքով երկարատեւ ազատազրկման դատապարտվել։ Այս կարգի հուզումների ու բողոքի դրսեւորումների ուսումնասիրությունն անչափ հետաքրքիր է, բայց այս հրապարակման մեջ անդրադարձ է արվել միայն դիմադրության այն դրսեւորումներին, որոնք ունեցել են քաղաքական հստակ գունավորում։ Անդրադարձը կատարվել է ըստ հանարպետությունների։

Այս հրապարակումը թեմայի խորը եւ համակողմանի վերլուծություն չէ, ավելի շատ՝ թեման հրապարակ հանելու ու քննարկելի դարձնելու փորձ է։ Նյութի վրա աշխատելիս օգտվել եմ Լյուդմիլա Ալեքսեեւայի «Այլախոհության պատմությունը ԽՍՀՄ-ում» գրքից, իմ արխիվում տարիների ընթացքում կուտակված տեղեկություններից, նաեւ՝ իմ հեղինակած «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» գրքից ու համացանցից։

Խորհրդային իշխանությունների դեմ եղած դիմադրությունները ԽՍՀՄ այն հանրապետություններում, որոնց անդրադարձ է արվել, իրարից  տարբեր լինելով հանդերձ, ունեն նաեւ շատ նմանություններ։ Բոլոր հանրապետություններում էլ սովետիզացիայի առաջին շրջանում եղել է զինված դիմադրություն, ապա դրա պարտությունից հետո տեղի են ունեցել նոր խմորումներ ու զարգացումներ, որոնք էլ իրենց հերթին հանգեցրել են այդ հանրապետություններում այլախոհական շարժման ի հայտ գալուն։ Սա արդեն 1950-ականների երկրորդ կեսը եւ 60-ականների սկիզբն է։ Խորհրդային 15 հանրապետություններից ծանրակշիռ այլախոհական շարժում եղել է Ուկրաինայում, Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, Ռուսաստանում, Վրաստանում եւ Հայաստանում։ Որպես առանձին այլախոհական միավորներ պետք է դիտարկվեն Ղրիմի թաթարների, հրեական եւ կրոնական շարժումները։ Կրոնական հետապնդումները ներկայացնելիս անդրադարձ է եղել հիմնականում բողոքական ուղղվածությամբ այնպիսի համայնքներին, ինչպիսիք են՝ բապտիստները, հիսունականները, ադվենտիստները։ ԽՍՀՄ-ում հալածանքի էին ենթարկվում անխտիր բոլոր կրոնական ուղղությունները, բայց 1950-ական թվականներից այդ հալածանքները եւ մեղմացան, եւ քողարկվեցին ու այլ բնույթ ու ձեւ ստացան, բայց բողոքական ուղղվածության կրոնական համայնքների նկատմամբ թշնամական  վերաբերմունքը շարունակում էր մնալ այնպիսին, ինչպիսին եղել էր 1920-30-ական թվականներին։ Այս համայնքների ներկայացուցիչները 1960-ականներից սկսած սերտորեն համագործակցել են այլախոհական կառույցների հետ եւ, իրենք իրենց այլախոհ չհամարելով, մաս են կազմել ԽՍՀՄ դեմ ձեւավորված ընդհանուր դիմադրական շարժմանը։

Ղրիմի թաթարներ

1944թ․ մայիսի 12-ին խորհրդային զորքերը Ղրիմն ազատագրեցին Ֆաշիստներից։ Ղրիմի թերակղզի մտնելուց 6 օր անց՝ մայիսի 18-ին, Ղրիմի բնակչության մի հսկայական հատված, այդ թվում նաեւ հայեր, իսկ Ղրիմի թաթարներն ամբողջությամբ, հայտարարվեցին հայրենիքի դավաճաններ եւ բռնի կերպով արտաքսվեցին իրենց երկրից։ Ղրիմի թաթարներին տեղափոխեցին Միջին Ասիա։ Այստեղ նրանք ապրում էին աքսորյալների կարգավիճակով եւ իրենց բնակության վայրերը լքելու իրավունք չունեին։ 1956թ․կոմունիստական կուսակցության XX համագումարից հետո, երբ պաշտոնապես սկսեցին վերանայել, այսպես կոչված, Ստալինյան շրջանի սխալները, տեղահանության ենթարկված ժողովուրդների, այդ թվում նաեւ Ղրիմի թաթարների, նկատմամբ որոշակի մեղմացում տեղի ունեցավ, առաջին հերթին հանվեց նրանց վրայից հայրենիքի դավաճանի խարանը, բայց հայրենիք վերադառնալու արգելքը մնաց։ Սա հատկապես խստորեն էր կիրառվում Ղրիմի թաթարների նկատմամբ։ Ի վերջո նրանց սկսեցին անձնագիր տալ, բայց միաժամանակ անպայման մարդուց վերցնում էին գրավոր խոստում, որ Ղրիմ չի վերադառնա եւ իր նախկին սեփականության նկատմամբ իրավունք չի պահանջի։ 1950-ականների վերջերից եւ 60-ականներին Ղրիմի թաթարների շրջանում սկսվում է մի շարժում, որը պայմանականորեն կարելի է անվանել «խորհրդային իշխանություններին ուղղված դիմումների շրջան»։ Կոլեկտիվ դիմումներ էին գրում խորհրդային իշխանություններին, խնդրելով, որ իրենց թույլ տան Ղրիմ վերադառնալ։ Դիմումները ստորագրում էին հարյուրավոր, անգամ հազարավոր մարդիկ, բայց խորհրդային իշխանություններն այդ դիմումները հարգելու ոչ մի ցանկություն չէին դրսեւորում։ Նման միտում 60-ականների առաջին կեսին տարածված էր նաեւ Հայաստանում Նախիջեւանի եւ Ղարաբաղի հարցով։

1960-ականների առաջին տարիներին դիմումների անիմաստությունն արդեն  հասկացած թաթարները փորձում են կազմակերպվել եւ հայրենիք վերադառնալու համար կազմակերպված պայքար մղել։ 1962թ․բացահայտվում եւ դատապարտվում է առաջին խումբը՝ հակախորհրդային կազմակերպություն հիմնելու մեղադրանքով։ Դիմում-խնդրագրերին զուգահեռ ի հայտ է գալիս պայքարի նոր ձեւ՝ ցույցերը։ Սկզբում ցույց էր կազմակերպվում Լենինի ծննդյան օրը, քանի որ Լենինն էր իր դեկրետով հիմնել Ղրիմի ինքնավար հանրապետությունը եւ մեծ հարգանք էր վայելում Ղրիմի թաթարների շրջանում։ Յուրաքանչյուր տարի կրկնվող այդ ցույցերն իրենց բնույթով հակախորհրդային չէին, նվիրված էին Լենինին, բայց եւ այնպես իշխանությունների կողմից չէին խրախուսվում։ Ցույցեր էին տեղի ունենում նաեւ ամեն տարի մայիսի 18-ին՝ տեղահանության օրը․ այս ցուցերը իշխանությունների համար էլ ավելի անցանկալի էին։ Այս միջոցառումները հիմնականում տեղի էին ունենում Ուզբեկստանում, որտեղ մեծ ու կազմակերպված ղրիմթաթարական համայնք էր ձեւավորվել։ 1965-66թթ․ սկսած Ղրիմի թաթարների կազմակերպած ցույցերի աշխարհագրությունն ընդլայնվեց ու սկսեց տարածվել միջինասիական մյուս հանրապետություններում եւս։ Ակտիվ երիտասարդները նախապես կարողանում էին համաձայնեցնել միջոցառումների օրը, եւ մի քանի հանրապետությունում միաժամանակ ցույցեր էին կազմակերպվում։ Չնայած այն հանգամանքին, որ միտինգների ժամանակ հակախորհրդային ելույթներ եւ, որպես կանոն, խորհրդային իշխանությունների նկատմամբ սուր քննադատություններ չէին հնչում, իսկ գլխավոր պահանջը մնում էր Ղրիմ վերադառնալու պահանջը, իշխանություններն սկսում են ուժ կիրառել միտինգավորների նկատմամբ, ցրել ցույցերը եւ մեծ թվով մասնակիցների կալանավորել եւ դատապարտել հակախորհրդային գործունեության, անկարգություններ կազմակերպելու, խորհրդային իշխանությունների հասցեին զրպարտություն հնչեցնելու եւ նման այլ մեղադրանքներով։

1967թ․ խորհրդային իշխանությունները ստիպված եղան Գերագույն խորհրդի նախագահության N493 որոշմամբ թեթեւացնել Ղրիմի թաթարների  վիճակը։ Առաջին հերթին այդ որոշումը մեկ անգամ եւս հանում էր ողջ ժողովրդի վրայից հայրենիքի դավաճանի պիտակը, ապա թույլ էր տալիս բնակվել Խորհրդային միության այլ քաղաքներում։ Ղրիմը Խորհրդային միության մաս էր, եւ բնական է, որ թաթարներն այս որոշումից հետո կարող էին նաեւ Ղրիմ վերադառնալ, բայց գործնականում դա անհնար էր, քանի որ բախվում էր բազմաթիվ անհաղթահարելի ու իշխանությունների նախապես հաշվարկած ու մշակած խնդիրներին։ Հիմնականում անձնագրային ռեժիմի, գրանցվելու եւ սեփականություն ձեռք բերելու ճանապարհին ստեղծված արհեստական խոչընդոտներն էին։ Արդյունքում՝ միայն չնչին թվով թաթարներ կարողացան վերադառնալ Ղրիմ ։

1968թ․ սկսած Ղրիմի թաթարների մի հատված սկսում է քաղաքականանալ եւ կապեր հաստատել մոսկովյան այլախոհների հետ։ Սա նոր ճնշումների ու հետապնդումների առիթ է դառնում։ Ճնշումներն այնքան շատ ու հետեւողական էին, որ Ղրիմի թաթարների շարժումը 1970-ականներին սկսում է անկում ապրել։ Հիմնական կազմակերպիչները եւ ակտիվ երիտասարդները կալանավայրերում էին։ Այս ընթացքը շարունակվում է մինչեւ 80-ականներ։ Գորբաչովյան պերեստրոյկայի շրջանում միայն Ղրիմի թաթարները հայրենիք վերադառնալու ու այնտեղ բնակվելու հնարավորություն ստացան։ Այսօր, արդեն չորս տարի է, Ղրիմի թաթարների համար Ղրիմում ապրելը կրկին մեծ խնդիր է դարձել։ Նրանք ռուսական ագրեսիայի հետեւանքով ստիպված տեղահանվում են, իսկ թե ինչքան կտեւի այս նոր տեղահանությունը՝ դժվար է ասել։

Հրեաներ

ԽՍՀՄ-ում առկա դիմադրական շարժումների մասին խոսելիս պարտադիր պետք է հիշատակվի հրեական շարժումը, որի նպատակը հրեաների հայրենիք՝ Իսրայել, վերադառնալն էր։ Հարկ է նշել, որ Խորհրդային միությունը մի այնպիսի երկիր էր, որտեղից ելքի թույլատվություն ստանալը չափազանց դժվար էր, իսկ շատ դեպքերում՝ անհնարին։ Սա ծանոթ է նաեւ մեզ՝ հայերիս։ Շատ ներգաղթյալներ, որ խորհրդային Հայաստան էին եկել, շուտով հիասթափվեցին, տեսնելով, թե ինչպիսի երկիր է խորհրդային պետությունը։ Անգամ հայրենիքի նկատմամբ տածած զգացմունքները չէին կարող այստեղ ապրելու հիմնավոր պատճառ հանդիսանալ։ Շատերը, բախվելով իրականությանը, սկսում էին վերադառնալու քայլեր ձեռնարկել ու ձեռնարկած այդ քայլերի պատճառով հայտնվում էին բանտերում։ Միայն խորհրդային երկրից հեռանալու ցանկություն ունենալն արդեն վտանգավոր էր եւ չէր խրախուսվում, իսկ այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերը, ինչպիսին էլ որ դրանք լինեին, արդեն կարող էին դատապարտման հիմք հանդիսանալ։ 1953-58թթ․ ընթացքում քաղաքական դրդապատճառներով դատապարտված հայերի մի հսկայական մասը վերադառնալ ցանկացող ներգաղթյալներն էին։ Մարդիկ ստիպված էին լինում կամ համակերպվել եւ հարկադրված մնալ ու շարունակել ապրել մի երկրում, որն իրենցը չէին համարում կամ փորձում էին այդ երկիրը լքելու օրինական կամ զարտուղի ճանապարհներ գտնել։ Նման փորձից հետո շատերը հայտնվում էին կալանավայրերում։ Ոմանք էլ բախվելով այս իրավիճակին վճռում էին հանդես գալ սեփական, ինչպես նաեւ հայրենակիցների ու բախտակիցների իրավունքների պաշտպանությամբ։ Արդյունքում՝ դառնում էին այլախոհներ։ Շատ արժանավոր հրեաներ գտնվեցին, որ ընտրեցին վերջին տարբերակը։ 1960-70-ական թթ․ ԽՍՀՄ-ում ձեւավորվեց մի հզոր հրեական շարժում, որի նպատակը հայրենակիցների հայրենիք վերադառնալու իրավունքը նվաճելն էր։ Այս մարդիկ իրենց ծավալած գործունեության պատճառով կալանավորվում ու երկարատեւ ազատազրկման էին դատապարտվում, բայց մինչեւ ԽՍՀՄ փլուզումը չնահանջեցին։

Հրեաների համար հայրենիք վերադառնալը հեշտացավ միայն 1986-87թթ․ հետո՝ գորբաչովյան պերեստրոյկայի տարիներին։

Կրոնական հետապնդումներ

բապտիստներ, հիսունականներ, ադվենտիստներ

Խորհրդային պետությունն իր պատմության ողջ ընթացքում բռնությունների է ենթարկել ամենատարբեր կրոնական համայնքների ու կազմակերպությունների անդամների: Խորհրդային բանտերն ու կալանավայրերը միշտ էլ լցված են եղել տարբեր դավանանքների տեր հավատացյալներով ու հոգեւորականներով: Դեռ իր կազմավորման առաջին տասնամյակներում էր խորհրդային իշխանությունը թշնամական հայտարարել ցանկացած եկեղեցի, կրոնական ուղղություն ու դավանանք: Ստալինյան բռնատիրության տարիներին հոգեւորականներն ու հավատացյալներն ինքնաբերաբար համարվում էին օրենքից դուրս ու հալածվում: Ավերվում էին եկեղեցիները, մզկիթները եւ այլ աղոթավայրեր։ Բռնագրավվում էր դրանց գույքը։ Սպասավորները կալանավորվում կամ ուղղակի գնդակահարվում էին։

Ստալինից հետո այս բռնություններն ու հետապնդումներն սկսեցին նահանջ ապրել ու դադարեցին համատարած բնույթ կրել: 1960-ականների սկզբներից պետությունը նոր վերաբերմունք որդեգրեց կրոնի նկատմամբ: 1964-ին հիմնադրվեց Գիտական աթեիզմի ինստիտուտը, իսկ 1965-ին ձեւավորվեց Կրոնի պետական կոմիտեն, որը կրոնի բնագավառում պետական քաղաքականություն իրականացնող հատուկ մարմին էր: ԽՍՀՄ Սահմանադրությունն ի սկզբանե՝ ելնելով կրոնի նկատմամբ անհատի վերաբերմունքից, մարդկանց անհավասար պայմանների մեջ էր դնում: Սահմանադրության 52-րդ հոդվածն աթեիստներին իրավունք էր վերապահում ազատորեն պրոպագանդել իրենց գաղափարները, իսկ հավատացյալներին ընդամենը թույլ էր տալիս կրոնական ծեսեր իրականացնել: Բոլոր դավանանքներին պատկանող եկեղեցիները գտնվում էին պետության տոտալ վերահսկողության ներքո: Ակտիվ ու նվիրված բազմաթիվ եկեղեցականներ հանդես էին գալիս իրենց հավատակիցների իրավունքների հրապարակային պաշտպանությամբ, ինչի հետեւանքով հայտնվում էին ազատազրկման վայրերում:

60-70-80-ական թվականներին շարունակում էին ընդգծված դաժան վերաբերմունքի արժանանալ բապտիստները, հիսունականները, ադվենտիստները: Խորհրդային կալանավայրերում այս ուղղությունների հետեւորդներ միշտ էլ եղել են: Որպես կանոն, հավատացյալները դատապարտվում էին կրոնական ծեսերի իրականացման պատրվակով՝ անձի եւ քաղաքացու իրավունքների նկատմամբ ոտնձգության եւ կրոնական ծիսակարգին վերաբերող օրենսդրությանը չենթարկվելու կոչերի, թռուցիկների տարածման, պետական մարմիններին կամ միջազգային կազմակերպություններին ուղղված դիմումների ու նամակների համար:

Լիտվա

Լիտվան 1939թ․ Խորհրդային միություն – ֆաշիստական Գերմանիա գաղտնի համաձայնության միջոցով է բռնակցվել ԽՍՀՄ-ին։ Բռնակցման առաջին օրվանից սկսվում են ձերբակալություններն ու բանտարկությունները։ Բայց կարճ ժամանակ անց՝ 1941թ., Գերմանիան  օկուպացնում է Լիտվան։ 1944թ․ խորհրդային զորքերը կրկին գրավում են Լիտվան եւ անմիջապես սկսում են նոր ձերբակալություններ ու գնդակահարություններ իրականացնել, կազմակերպել համատարած տեղահանություններ, որի նպատակը պետք է լիներ երկրի դեմոգրաֆիկ պատկերի աղճատումը։ Սրան ի պատասխան սկսվում է զինված պարտիզանական պայքար խորհրդային իշխանության դեմ, որը տեւում է 10 եւ ավելի տարիներ եւ վերջնականապես ճնշվում է 1956-57թթ․։ Պարտիզանները հիմնականում պատսպարվում էին անտառներում, այդ պատճառով էլ կոչվում էին անտառային եղբայրներ։

60-ական թվականների ընթացքում Լիտվայում ձեւավորված ազգային ազատագրական շարժումը հիմնականում կրում է 40-50-ականների ռազմական ոգին, բայց 60-ականների կեսերից արդեն ձեւավորվում է մաքուր այլախոհական շարժում, որն ուներ երկու գլխավոր տանող ուժ՝ ազգայինը եւ հավատը՝ կաթոլիկ եկեղեցին։ Խորհրդային իշխանությունների կողմից կաթոլիկ եկեղեցին ճնշումների ու հալածանքների էր ենթարկվում։ Երեւի նաեւ սա էր պարճառը, որ  կաթոլիկ եկեղեցու դերը հսկայական էր, եւ լիտվացի այլախոհ-քաղբանտարկյալների մեջ ամենաերեւելի դեմքերի թվում կաթոլիկ եկեղեցու սպասավորները բավականին մեծ տեղ էին գրավում։ 1972 թվականից սկսում է հրատարակվել «Լիտվայի կաթոլիկ եկեղեցու իրադարձությունները» անվամբ ընդհատակյա պարբերականը, որը կրում էր հակախորհրդային բնույթ։ 1972թ․ մայիսին Վիլնյուսում եւ Կաունասում տեղի ունեցան ցույցեր։ Մինչեւ այդ Լիտվայում արդեն ցույց եղել էր 1956թ․ նոյեմբերի 2-ին, որպես 1956թ․հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած Հունգարական ապստամբության անդրադարձ եւ հունգարացի զոհերի հիշատակի տուրք։ Բայց 1972թ․ մայիսի 18-ին եւ 19-ին տեղի ունեցած ցույցը բոլորովին նոր բնույթ էր կրում, ընթանում էր «Ազատություն Լիտվային» կարգախոսով եւ կրում հակախորհրդային բնույթ։ Մայիսի 14-ին կաունասցի 18-ամյա երիտասարդ Ռոմաս Կալանտան Կաունասի կենտրոնական հրապարակում «Ազատություն Լիտվային» բացականչելով ինքնահրկիզվում է։ Նա նաեւ երկտող էր թողել, որտեղ գրել էր, որ իր մահվան համար պետք է մեղադրել խորհրդային իշխանությանը։

Մինչ այդ՝ 1969թ․ նման քայլի էր դիմել 21-ամյա չեխ երիտասարդ Յան Պալախը Պրահայում։ Ռոմաս Կալանտայի թաղման օրը՝ մայիսի 18-ին հզոր ցույց է սկսվում, որը շարունակվում է նաեւ 19-ին եւ ամեն տարի մայիսի 14-ին, անկախ խորհրդային իշխանությունների նախաձեռնած քայլերից, արգելքներից ու բռնություններից, Կալանտայի մահվան օրն ընթանում են մեծ կամ փոքր միջոցառումներ ու ցույցեր։ Ընդհանրապես, խորհրդային հանրապետություններից Լիտվան ամենացույցառատ հանրապետությունն է։ Ցույցեր են եղել 1956, 1960, 1972, 1977 թվականներին։ 1977թ․ հոկտեմբերի 7-ի ցույցի մասնակիցները բարձրացրել էին «Կորչի օկուպանտների սահմանադրությունը», «Ազատություն Լիտվային», «Ռուսնե՛ր, հեռացեք» կարգախոսները։ Երեք օր անց՝ 1977-ի հոկտեմբերի 10-ին, չնայած իշխանությունների ձեռնարկած բոլոր ջանքերին, նոր հզոր ցույց է տեղի ունենում։ Այս անգամ ցույցն ընթանում էր «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով։ Լիտվան տարբերվում է մյուս հանրապետություններից նաեւ մարդկանց ինքնահրկիզման բազմաթիվ օրինակներով։ Որեւէ այլ խորհրդային հանրապետությունում քաղաքական բողոքի նման դրսեւորում չի գրանցվել։ Ռոմաս Կալանտայի մասին արդեն խոսվեց։ Նույն 1972թ․մայիսի 29-ին Բուլղարիայի Վարնա քաղաքում՝ բարձրացնելով Լիտվայի ազգային դրոշը, ինքնահրկիզվեց 1949թ․ ծնված Ստոնիսը, հունիսին Կաունասում՝ Անդրյուս Անդրյուշավիսկուսը, հունիսի 22-ին՝ Յուոզապաս Բարացյավիչուսը, 1976թ․ օգոստոսի 10-ին Լատվիայում գտնվող զորամասի զորանոցում իր վրա բենզին լցնելով ինքնահրկիզվեց Անտանաս Կալինաուսկասը՝ մինչեւ բոցավառվելը պահանջելով, որ խորհրդային զինվորները դիտեն, թե ինչպես է այրվում լիտվացին հանուն Լիտվայի եւ հանուն Ազատության։ 1983թ․ մարտի 3-ին Կլայպեդայում՝ Լենինի հուշարձանի մոտ ինքնահրկիզվեց Վիտաուտաս Վիչյուլիսը, 1990թ․ ապրիլի 26-ին 53-ամյա Ստանիսլովաս Ժեմայտիսը ինքնահրկիզվեց Մոսկվայում, իսկ 1990թ․ մայիսի 9-ին ԽՍՀՄ-Հունգարիա սահմանին ինքնահրկիզվեց Ռիմանտաս Դաուգինտիսը։ Ընդ որում, սովետա-հունգարական սահմանը նա հատում է որպես քայլող ջահ։

1976թ․նոյեմբերին Մոսկվայում հայտարարվում է Լիտվայի հելսինկյան խմբի ստեղծման մասին, որի անդամները ենթարկվեցին հետապնդումների ու դատապարտվեցին։

Տարիների ընթացքում Լիտվայի այլախոհական շարժումը ցույց տվեց իր կենսունակությունը, իսկ 1980-ականների վերջին տարիներին դարձավ Լիտվայի անկախության համար պայքարող համաժողովրդական շարժման առաջամարտիկ ուժերից մեկը։

Էստոնիա

Էստոնիան՝ Լիտվայի նմանությամբ, բռնակցվել էր Խորհրդային միությանը ԽՍՀՄ-Գերմանիա գաղտնի պայմանավորվածությամբ, ապա հայտնվել էր ֆաշիստական Գերմանիայի իշխանության ներքո, իսկ 1944թ․ կրկին օկուպացվել էր ԽՍՀՄ-ի կողմից։ 44թ․ օկուպացիայից անմիջապես հետո սկսվում են Էստոնիայի մտավորականության ձերբակալությունները եւ երկրի դեմոգրաֆիկ պատկերը աղճատելու նպատակով էստոնացիների բռնի տեղահանումը հայրենիքից։ Էստոնացիներին աքսորյալների կարգավիճակով վերաբնակեցնում էին Մորդովիայում ու Սիբիրյան այլ շրջաններում։ Փոխարենը Էստոնիայում վերաբնակեցնում էին ռուսների։ Իսկեւիսկ Լիտվայի նմանությամբ Էստոնիայում նույնպես մինչեւ 1950-ականների կեսերը ընթացել է զինված պարտիզանական պայքար ԽՍՀՄ իշխանությունների դեմ։ Դրանից հետո մինչեւ 1960-ականների կեսերը Էստոնիայում նշանակալի դիմադրություն խորհրդային իշխանությանը չի ցուցաբերվել։ Պատճառն, ամենայն հավանականությամբ, երկրի դեմոգրաֆիկ պատկերի վերջնական աղճատումն էր հօգուտ ռուսների, ապա՝ ակտիվ խավի արտաքսումը երկրից։

Առաջին քաղաքական դատավարությունները այստեղ տեղի են ունենում 1970-ականներին։ 1975թ․դատապարտվում են «Էստոնիայի դոմոկրատական շարժում» ընդհատակյա կազմակերպության անդամները։ Այս կազմակերպությունն արդեն ինքնահրատ մամուլ ունենալու փորձեր է անում եւ կարողանում է երկու թերթի մի քանի համար հրապարակել։ Այս առաջին փորձից հետո Էստոնիայում ինքնահրատ մամուլը, ի տարբերություն այլ խորհրդային հանրապետությունների, լայնորեն տարածվում է ու հաճախ է հրապարակվում։ 1978թ․ հետո Էստոնիայում քաղաքական դատավարությունների թիվը սկսում է նկատելիորեն ավելանալ, ինչը վկայում է, որ այստեղ խորհրդային իշխանություններին արդեն լուրջ դիմադրություն ձեւավորվել։  1980թ․ սեպտեմբերին, ապա հոկտեմբերին մի քանի ցույց է տեղի ունենում Տալինում ։ Հոկտեմբերի 1-3-ն ընկած հատվածում տեղի ունեցած ցույցերի ժամանակ ցուցարարները տանում էին «Ազատություն Էստոնիային», «Ռուսնե՛ր, հեռացեք», «Ճշմարտություն եւ արդարություն» ու նման բնույթի այլ պաստառներ։

1987-88թթ․ ընթացքում Էստոնիայում առկա անկախական պայքարի հիմնական շարժիչ ուժերից մեկը 1960-1980-ականների այլախոհներն էին։

Լատվիա

Լատվիան նույնպես արժանացել էր Էստոնիայի ու Լիտվայի ճակատագրին։ ԽՍՀՄ-Գերմանիա գաղտնի համաձայնագրի հետեւանքով հայտնվել էր ԽՍՀՄ տիրապետության տակ, ապա 1941թ․ հետո գրավվել էր ֆաշիստական Գերմանիայի կողմից, իսկ 1944թ․ կրկին վերադարձել էր ԽՍՀՄ տնօրինության տակ։ Այստեղ նույնպես պատերազմի ավարտից հետո պարտիզանական պայքար է մղվել ԽՍՀՄ-ի դեմ, որը 50-ականներին ճնշվել է։ Զինված պայքարի ճնշմանը զուգահեռ Լատվիայում սկսվում է ոչ զինված՝ այլախոհական պայքար, որի մասնակիցները սկսած 1950-ականների վերջերից ձերբակալվում եւ դատապարտվում են։ 1960-70-ական թվականներին այլախոհական գործունեության եւ ընդհատակյա կազմակերպությունների աշխատանքներին մասնակցության համար Լատվիայում դատապարտվողների թվի պակաս չի զգացվել։ 1970-ական թվականներից լայնորեն տարածվում է ինքնահրատ մամուլը։ 

Ուկրաինա

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Ուկրաինայում հակախորհրդային դիմադրությունը չի դադարել։ Նախ՝ արտահայտվել է քաղաքացիական պատերազմի տեսքով, ապա նոր արտահայտություն է ստացել կոլեկտիվացման շրջանում։ Խորհրդային իշխանությունը գյուղացիներին բռնի քշում էր դեպի կոլեկտիվ տնտեսություններ, իսկ գյուղացիները, հատկապես՝ ունեւոր խավը, դա չեր ցանկանում։ Արդյունքում ստեղծվում էին դիմադրության օջախներ։ 1931թ․ ուկրաինացիների դիմադրությունը ջարդելու ու փոշիացնելու նպատակով Կրեմլը 1930-32թթ․ընթացքում սկսում է Ուկրաինայի արեւելյան հատվածի ուկրաինացիների համատարած տեղահանության ու նրանց Ռուսաստանի արեւելքում ու Սիբիրում վերաբնակեցնելու գործընթացը։ Տեսնելով, որ տեղահանությունները ցանկալի արդյունք չեն տալիս, ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունն առկա դիմադրությունը վերջնականապես ջարդելու նպատակով Ուկրաինայի տարածքում 1932-1933թթ․ իրականացրեց չափազանց անմարդկային մի ծրագիր՝ արհեստական սով, որն ուկրաիներեն կոչվում է Գոլոդոմոր եւ յուրաքանչյուր ուկրաինացու կողմից ընկալվում է նույնքան սուր, որքան Եղեռնն ենք ընկալում մենք՝ հայերս։ Ըստ տարբեր մասնագետների հաշվարկների, այս շրջանում զոհվել է 3-6 մլն․ մարդ։ Գոլոդոմորի գլխավոր թիրախը գյուղացիությունն էր։ Բռնագրավում էին գյուղացու ողջ հացահատիկը, գյուղերից դուրս եկող ճանապարհների վրա տեղադրում էին զինվորական պահակակետեր, որոնք պետք է գյուղացիների արգելեին գյուղից դուրս գալ, եւ հանգիստ դիտում էին, թե ինչպես են ամբողջական գյուղեր սովից մահանում։ Գոլոդոմորից հետո գյուղացիության դիմադրությունը հիմնովին ջախջախված էր, եւ խորհրդային ծրագիր կոլեկտիվացումը կարող էր իրականություն դառնալ։

Սրան զուգահեռ, 1930-ական թվականներից ուկրաինացիների ռուսաֆիկացման գործի սկիզբն է դրվում, որը նպատակասլաց կերպով ընթանում է մինչեւ ԽՍՀՄ-ի տապալումը։ Այս գործընթացը կրում էր կազմակերպված ու համակարգված բնույթ։ Ռուսաց լեզուն պարտադրվում ու դասավանդվում էր մանկապարտեզներից սկսած, ինչը չէր կարող բողոքի տեղիք չտալ ու դիմադրության չհանդիպել։ Եթե Ուկրաինայի արեւելքում՝ գլխավորապես արտաքսված բնակչության փոխարեն ռուսների վերաբնակեցման հաշվին խորհրդային իշխանություններն այս հարցում կարողացան շոշափելի հաջողություններ գրանցել, ապա երկրի արեւմուտքում դիմադրությունը չդադարեց եւ հաջողություն չունեցավ։

1939թ․, երբ ֆաշիստական Գերմանիայի հետ գաղտնի պայմանավորվածությամբ խորհրդային զորքերը մտան Արեւմտյան Ուկրաինա, առաջին հերթին կալանավորեցին բոլոր հայտնի ուկրաինացի գործիչներին։ 1941թ․ֆաշիստական Գերմանիայի կողմից այդ տարածքների գրավումից անմիջապես հետո խորհրդային ռեժիմի կալանավորած գործիչներն ազատ արձակվեցին, որոնք էլ Լվովում հռչակեցին Ուկրաինական ժողովրդական հանրապետությունը։ Բայց մի քանի օր անց ուկրաինական ազգային գործիչները կրկին կալանավորվեցին՝ այս անգամ արդեն ֆաշիստների կողմից եւ մնացին գերմանական համակենտրոնացման ճամբարներում մինչեւ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ 1942թ․ ազատության մեջ մնացած գործիչները ստեղծեցին Ուկրաինական ապստամբ բանակը (УПА)։ Մինչեւ 1944թ․ այդ բանակը կռվել է ֆաշիստների դեմ, իսկ 1944թ․ հետո՝ նահանջող ֆաշիստների տեղը զբաղեցրած խորհրդային զորքերի դեմ։ УПА-ի դիմադրությունը շարունակվել է մինչեւ 1950-ականների ավարտը եւ անգամ՝ առանձին դեպքերում, մինչեւ 60-ականների սկիզբը։

1960-ականների առաջին տարիներից, զինված պարտիզանական պայքարի պարտությունից ու ոչնչացումից հետ, ԽՍՀՄ իշխանությունների դեմ զինված դիմադրությունը փոխարինվում է այլախոհական պայքարով։ 60-ականներին ի հայտ է գալիս, այսպես կոչված, վաթսունականների սերունդը (ռուս. шестидесятники), մի սերունդ, որ ծնվել է խորհրդային իշխանության օրոք ու խրուշչովյան ձնհալի տարիներին 20, 30, 40 տարեկան էր ու սկսում էր հասկանալ իր իրավունքները, իմաստավորել իր գոյությունը եւ հետադարձ ու քննադատական հայացք նետել անցյալին։ Վաթսունականների զարգացումների վրա էական ազդեցություն է ունեցել Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի ցուցադրումը։ Տարբեր քաղաքներում այդ ցուցադրումը վերածվում էր բողոքի ակցիաների ու ուղեկցվում էր հայրենասիրական, իսկ որոշ դեպքերում՝ հակաիշխանական ելույթներով։ Վաթսունականների ամենավառ ներկայացուցիչները՝ իրենց ծավալած ազգային գործունեության պատճառով շատ արագ, հակախորհրդային գործունեություն ծավալելու մեղադրանքով, հայտնվեցին կալանավայրերում, բայց նրանց փոխարեն նորերն էին հրապարակ իջնում։

1976թ․ նոյեմբերին Մոսկվայում հայտարարվեց Ուկրաինական հելսինկյան խմբի ստեղծման մասին, որին անդամակցեցին Ուկրաինայի մտավորականության փայլուն ներկայացուցիչներ որոնք հետո դաժանագույն հետապնդումների ենթարկվեցին ու դատապարտվեցին հսկայական պատժաչափերի։

Ուկրաինական այլախոհական շարժումը 1960-80-ական թվականների ընթացքում ոչ մի դեպքում չդադարեց եւ 1987թ․ հետո դարձավ Ուկրաինական ազատագրական շարժման կազմակերպիչներից եւ այդ շարժումն առաջնորդող ամենածանրակշիռ ուժերից մեկը։

Ռուսաստան

1917թ․ հեղափոխությանը հաջորդած քաղաքացիական պատերազմին հետեւեց կարմիր տեռորի շրջանը, որը կոչված էր ոչնչացնելու կոմունիստների բոլոր հակառակորդներին եւ մի այնպիսի սարսափ տարածելու ողջ երկրով մեկ, որ որեւէ մեկը դիմադրություն ցուցաբերելու ուղղությամբ մտածել անգամ չկարողանա։ Բայց ինչքան էլ որ աներեւակայելի էին բռնությունները, դիմադրության օջախներ այնուամենայնիվ կային։ Հատկապես լուրջ էր դիմադրությունը 1920-ականների վերջերին եւ 30-ականների առաջին տարիներին՝ կոլեկտիվացման շրջանում։ Գյուղացիները չէին ցանկանում մտնել իրենց պարտադրված կոլեկտիվ տնտեսություններ, չէին ցանկանում հրաժարվել իրենց սեփականությունից։  Կոլեկտիվացման ժամանակ, որպեսզի իրենց սեփական անասունը ստիպված չլինեն հանձնել կոլեկտիվ տնտեսություններին, գյուղացիները համատարած մորթ կազմակերպեցին։ Կոլեկտիվացման դեմ գրանցվում էին գյուղացիական լուրջ ապստամբություններ։ Խորհրդային իշխանություններն ամենաբիրտ ուժի կիրառմամբ ու արյունահեղություններով կարողացան գյուղացիներին քշել կոլտնտեսություններ։

1932թ․ Իվանովոյի մարզի Վիչուգա քաղաքի բանվորները, կտրոններով նախատեսված հացի չափաբաժնի նվազեցման դեմ բողոքի ցույց են կազմակերպում, որը վերաճում է ապստամբության։ Ապստամբները գրավում են փոստը, քաղխորհրդի եւ ОГПУ-ի(սա КГБ-ի 1923-1934թթ․անվանումն է) շենքերը, ապա հայտարարում են, որ խորհրդային իշխանությունը տապալել են իրենց քաղաքում։ Խորհրդային իշխանություններն ստիպված զիջումներ են անում, բանակցում են բանվորների հետ, խոստանում, որ պատիժներ չեն լինի, վերականգնում են հացի չափաբաժինը, թույլատրում են գործարանին կից ունենալ տնտեսություն եւ այլն, բայց 1937թ․, չորս տարի անց, Եժովի գլխավորած НКВД-ն բողոքի ակցիայի պարագլուխների եւ ակտիվ մասնակիցների հետ բոլոր հաշիվները մաքրում է։ Բոլորը դատապարտվեցին, շատերը գնդակահարվեցին։

1962թ․ Նովոչերկասկ քաղաքում լուրջ իրադարձություններ տեղի ունեցան։ Պատճառը գների բարձրացումն էր եւ, միաժամանակ, աշխատավարձերի իջեցումը։ Նովոչերկասկ քաղաքի էլեկտրամեքենաներ արտադրող գործարանի վրդովված աշխատակիցները 1962թ․ հունիսի 1-ին գործադուլ են սկսում։ Գրավում են կոմբինատի տարածքը։ Հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը իշխանությունների հրամանով տանկերը մտնում են գործարանի տարածք եւ փորձում ազատել այն։ Ցուցարարներին են միանում այլ գործարանների բանվորներ ու սովորական քաղաքացիներ ու շարժվում դեպի քաղաքի կենտրոն։ Զինվորական պատնեշը չի կարողանում այդ ընթացքին արգելք հանդիսանալ։ Ցուցարարները հակաիշխանական ու հակախորհրդային բացականչություններով հասնում են քաղխորհրդի շենք ու շրջապատում։ Զինվորները կրակելու հրաման են ստանում։ 26 մարդ զոհվում է, մի քանի տասնյակը վիրավորվում են, տանկերի օգնությամբ իշխանություններին հաջողվում է ազատել քաղաքը։

Ավելի ուշ սկսվում են դատավարությունները։ Կալանավորվածներին մեղադրանք են առաջադրում բանդիտիզմ, մասսայական անկարգություններ, խորհրդային իշխանությունը տապալելու փորձ եւ այս կարգի այլ հոդվածներով։ Յոթ մարդ դատապարտվում է գնդակահարության, իսկ 105-ը՝ 8-10 տարի ազատազրկման։

Որպես դիմադրության օրինակ կարելի է հիշատակել նաեւ «Ստորոժեւոյ» ռազմանավի ապստամբությունը։ 1975թ․ նավապետի քաղաքական գծով տեղակալ Վալերի Սաբլինը՝ համախոհների հետ միասին, գրավում է բաց ծովում գտնվող ռազմանավը եւ խորհրդային իշխանություններին վերջնագիր ներկայացնում։ Նրա կազմած կարճ հայտարարության տեքստում մասնավորապես ասվում էր, որ խորհրդային իշխանությունները դավաճանել են սոցիալիստական հեղափոխության սկզբունքներին, եւ փրկության միակ ճանապարհը նոր կոմունիստական հեղափոխությունը կարող է լինել։ Նա իշխանություններին 5 կետանոց պահանջ է ներկայացնում․

1․ «Ստորոժեւոյ» նավի տարածքը մեկ տարով հայտարարել պետությունից եւ կուսակցական մարմիններից ազատ եւ անկախ։

2․ Անձնակազմի անդամներից մեկին հնարավորություն ընձեռել ամեն օր ժ․ 21։30-22։00-ն ելույթ ունենալ ռադիոյով եւ հեռուսատատեսությամբ։

3․ Անձնակազմին ապահովել սննդով։

4․ Թույլ տալ ելույթներ «Մայակ» ռադիոցանցով։

5․ Ցամաք իջնելիս նավի անձնակազմի անդամներին համարել անձեռնմխելի։

Պահանջները ներկայացնելուց հետո նավն ուղեւորվում է դեպի Կրոնշտադտ։ Բայց, կարճ ժամանակ անց, երեւի հասկանալով, որ պահանջները չեն կատարվելու եւ իրենց վտանգ է սպառնում՝ ուղղություն է վերցնում դեպի արեւմուտք՝ Շվեդիայի տարածքային ջրեր։ Խորհրդային իշխանությունների հանձնարարությամբ օդ են բարձրանում Լատվիայի տարածքում բազավորված ռմբակոծիչները եւ ռմբահարում նավը։ Վերջաբանն ավելի քան տխուր է լինում։ Սաբլինը հայրենիքի դավաճանության հոդվածով դատապարտվում է մահապատժի ու գնդակահարվում է։

Ռուսաստանում, հիմնականում Մոսկվայում եւ Պետերբուրգում, այլախոհական շարժումները լավ զարգացած էին։ Հետստալինյան շրջանում, խրուշչովյան ձնհալի տարիներին, ապա նաեւ ավելի ուշ՝ Մոսկվան է համարվել ամենակարեւոր այլախոհական կենտրոնը։ 1968թ․ ապրիլի 30-ից Մոսկվայում սկսում է լույս տեսնել Ընթացիկ իրադարձությունների խրոնիկան /Хроника текущих событий/։ Խրոնիկայի նպատակն էր ներկայացնել աշխարհին խորհրդային իրականության մասին՝ գրաքննությունից զերծ ազատ ու իրական տեղեկություններ։ 15 տարի անընդմեջ Խրոնիկան լույս է տեսել։ Յուրաքանչյուր թողարկումից հետո մարդիկ են կալանավորվել ու մեծ պատժաչափերի դատապարտվել, բայց խորհրդային իշխանություններին չի հաջողվել կասեցնել նրա ընթացքը։ Մոսկվայում տեղակայված դեսպանատների միջոցով Խրոնիկան էր, որ կարողանում էր աշխարհին պատմել խորհրդային երկրի քաղբանտարկյալների ու այլախոհների մասին, ներկայացնել մարդու իրավունքների խախտման դեպքերը։ Խրոնիկայի բովանդակության մասին մոտավոր պատկերացում կազմելու համար բավական է հիշատակել նրանում առկա բաժինները՝ «Ձերբակալություններ, խուզարկություններ, հարցաքննություններ», «Արտադատական հետապնդումներ», «Բանտերում եւ ճամբարներում», «Ինքնահրատի նորություններ» եւ այլն։ Այնտեղ կային նաեւ այլախոհական ակտիվ շարժումներ ունեցող հանրապետություններին վերաբերող համարից համար կրկնվող մշտական բաժիններ՝ «Ղրիմի թաթարներ», «Իրադարձությունները Լիտվայում», «Իրադարձությունները Ուկրաինայում», «Իրադարձությունները Հայաստանում»։

1975թ․ Մոսկվայում հիմնադրվեց Մոսկովյան հելսինկյան խումբը, որից հետո հիմնադրվեցին Ուկրաինական, Լիտվական, Վրացական եւ Հայկական հելսինկյան խմբերը։ Այս խմբերը մասնագիտացված կարգով զբաղվում էին մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ այդ կարգի իրավախախտումների մասին բարձրաձայնելով։ Հելսինկյան խմբերի բոլոր անդամներն էլ ամենադաժան հետապնդումների ենթարկվեցին ու դատապարտվեցին հսկայական պատժաչափերի։ Մոսկովյան հելսինկյան խումբն իր գործունեության դադարեցման մասին հայտարարեց 1983թ.։ Խմբի բոլոր անդամներն էլ այդ ժամանակ գտնվում էին կալանավայրերում, իսկ դրսում մնացած երկուսի նկատմամբ արդեն քրեական գործ էր հարուցված։

Վրաստան

Վրաստանում խորհրդային կարգերի դեմ դիմադրության առաջին ու լուրջ փորձը 1924թ․ օգոստոսի վերջի ռազմական ապստամբությունն էր, որը գլխավորում էր Վրաստանի սոցիալ- դեմոկրատական կուսակցությունը։ 1922-23թթ․ մի շարք վրացական հակակոմունիստական կազմակերպություններ ու կուսակցություններ միավորվել էին մեկ ընդհանուր՝ Վրաստանի անկախության կոմիտե կառույցի մեջ։ Գլխավոր տանող ուժը սոցիալ-դեմոկրատներն էին։ Զինված ապստամբությունը տեւեց մի քանի օր ու խորհրդային բանակի ջանքերով ճնշվեց։ Ապա սկսվեցին գնդակահարությունները եւ զտումները։ 1956թ․ Ստալինի անհատի պաշտամունքի դեմ կոմունիստական կուսակցության XX համագումարում Խրուշչովի ունեցած ելույթից հետո 1956թ․ մարտի 9-ին հազարավոր միտինգավորներ դուրս եկան Թբիլիսիի փողոցներ։ Այս ցույցը միայն խիստ վերապահումներով կարելի է անվանել ընդվզում խորհրդային իշխանության դեմ։ Սա ավելի շուտ ցույց էր ի պաշտպանություն արդեն վախճանված Ստալինի եւ ընդդեմ Խրուշչովի։ Իշխանությունները տանկեր  հանեցին ցուցարարների դեմ։ Եղան զոհեր։ Այնուհետեւ մինչեւ 1960-ականների վերջը եւ 70-ականների սկիզբը վրացական դիմադրության գլխավոր ուղղությունը կարելի է համարել աղճատումից սեփական մշակույթի ու պատմության փրկության գործը։ Այս ճակատում ի հայտ չէին գալիս քաղկալանավորներ, դատավարություններ տեղի չէին ունենում, բռնությունների դրսեւորումներ չէին լինում, բայց դիմադրությունը տեսանելի էր։ Սա ավելի շուտ լուռ դիմադրություն էր, որին լրջորեն լծվել էր վրաց մտավորականությունը։

1977թ․ հունվարին ստեղծվեց Վրաստանի հելսինկյան խումբը, որի անդամները նույն թվականի ապրիլին կալանավորվեցին։ Այս ընթացքում նրանք հասցրել էին հրապարակել ընդամենը մեկ փաստաթուղթ։ Հելսինկյան խմբերի պատմության մեջ յուրահատուկ տեղ է գրավում վրացական հելսինկյան խումբը։ Այս խմբի կալանավորված ղեկավար անդամներից երկուսը՝ Զվիադ Գամսախուրդիան եւ Ռցխելիձեն, հանդես եկան զղջման հայտարարություններով, սեփական գործունեության ու ընդհանրապես այլախոհական ու իրավապաշտպանական գործունեության դատապարտմամբ։ Այսքանով ավարտվեց Վրաստանի հելսինկյան խմբի գործունեությունը։

1978թ․Վրացական խորհրդային հանրապետության նոր սահմանադրության նախագծում, ի տարբերություն նախկին սահմանադրության, նշված չէր, որ վրացերենը Վրաստանում պետական լեզու է։ Սա առիթ դարձավ, որ մարդիկ դուրս գան փողոց։ Տեղի ունեցավ հզոր ցույց, որի առաջ ընկրկեց խորհրդային իշխանությունը եւ ստիպված եղավ կատարել ցուցարարների պահանջը ու սահմանադրության մեջ լեզվի մասին հատվածում նշել, որ վրացերենը երկրի պետական լեզուն է։

1980թ․խորհրդային իշխանությունները մի որոշում էին կայացրել, համաձայն որի՝ գիտական կոչման հայցորդներն իրենց դիսերտացիաները պետք է գրեն ռուսերեն։ Այս որոշման դեմ հրապարակվեց բողոք-նամակ, որի տակ ստորագրեց Վրաստանի ակադեմիական շրջանակներից 364 մարդ։ Այդ տարիների համար սա աննախադեպ երեւույթ էր։

Նույն 1980թ․ Վրաստանի պետական անվտանգության կոմիտեն բացահայտեց Ռուսթավի, Թբիլիսի եւ Գորի քաղաքներում անկախության կոչով թռուցիկներ տարածած ընդհատակյա գործող կազմակերպություն, որի անդամները դատապարտվեցին։

1981-82թթ․ ողջ ընթացքում տեղի են ունեցել մի քանի մարդաշատ ցույցեր, որոնց գլխավոր պահանջը վրացերենի ուսուցմանը եւ վրաց մշակույթին ավելի շատ ուշադրություն դարձնելն է։ Ձերբակալություններով եւ հետապնդումներով խորհրդային իշխանությունները մարդկանց լռեցնել չեն կարողանում։ 1980-ականների առաջին կեսի ողջ ընթացքում այլախոհական պայքարը եւ ձերբակալությունները չեն դադարում, իսկ 1987թ․ հետո նախկին այլախոհները երկրում առկա համաժողովրդական շարժման կազմակերպիչներն էին։ Ըստ էության հենց այլախոհներն էլ հռչակեցին Վրաստանը որպես անկախ պետություն։

Հայաստան

Հայաստանի խորհրդայնացումից հետո հայ բոլշեւիկներն իրենց ռուս ղեկավարների օրինակով երկրում սկսում են իսկական տեռոր իրականացնել։ Ձերբակալվում ու սպանվում են բազմաթիվ հայ սպաներ ու ազգային գործիչներ։ Այս ցուցադրական դաժանությունը եւ համատարած բռնություններն էին նաեւ պատճառը, որ տեղի ունեցավ 1921թ․ փետրվարի 13-ի ապստամբությունը։ Ապստամբները գրավեցին Երեւանը եւ հայտարարեցին, որ բոլշեւիկյան իշխանությունը տապալված է, եւ իշխանությունը ժամանակավորապես անցնում է Հայրենիքի փրկության կոմիտեի ձեռքը։ Ռուսական Կարմիր բանակի ուժերով հնարավոր է լինում ճնշել այդ ապստամբությունը ապրիլի 2-ին։

Խորհրդային իշխանություններին նոր ու լուրջ դիմադրության օջախներ են գոյանում կոլեկտիվացման շրջանում։ Այս թեման մեզանում լայն հրապարակման ու քննարկման առարկա չի դարձել եւ խորը ուսումնասիրության կարիք ունի։ Ինչպես ամենուր ԽՍՀՄ-ում, այնպես էլ Հայաստանում մարդիկ դժվարությամբ են բաժանվել իրենց սեփականությունից, հրաժարվել են մտնել կոլեկտիվ տնտեսություններ, իսկ երբ նրանց փորձել են բռնի ուժով ունեզրկել, ապա շատերը դիմել են զենքի։ Օրինակ, Վայոց Ձորի մարզի մի շարք գյուղերից 1936-37թթ․ ընթացքում բռնադատվածների գործերն ուսումնասիրելիս պարզվում է, որ այդ տարածաշրջանից ձերբակալվածներից  շատերին մեղադրել են 1930թ․, իրենց լեզվով ասած, «բանդիտական շարժմանը» մասնակցություն ունենալու համար։ Այդ քրեական գործերից պարզ է դառնում, որ մի քանի գյուղերի ունեզրկված գյուղացիներ նախապես համաձայնության գալով՝ զինաթափել են իրենց գյուղերում գտնվող զինված կոմունիստներին ու զենքն ուղղել իշխանությունների դեմ։ Մի քանի օրից ապստամբությունը ճնշվել է տարածաշրջան մտած բանակային ու ոստիկանական ուժերի կողմից։ Այսպիսի դիմադրության օջախներ, ինչպես արդեն ասվեց, եղել են խորհրդային այլ հանրապետություններում, եւ Հայաստանում չլինել չէր կարող։

1956թ․ խորհրդային երկրի կյանքում նոր փուլ է սկսվում։ Մոտենում են խրուշչովյան ձնհալի, ապա այլախոհական շարժման տարիները։

Այլախոհության առումով ԽՍՀՄ-ում Հայաստանը 1960-1988 թթ. առանձնահատուկ տեղ է գրավել: Այստեղ, ի տարբերություն այլ հանրապետությունների, ոչ թե տարերային կամ դիպվածային, այլ կազմակերպված այլախոհական շարժում էր գործում: 1960-ականների ողջ շարժումն իր վրա կրում է հայ ժողովրդի 20-րդ դարասկզբին ապրած տառապանքների, կորուսյալ հայրենիքի, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտական փուլում ԽՍՀՄ-ի կողմից Հայկական հարցի հնարավոր լուծմանն առնչվող չարդարացված հույսերի կնիքը:

1962-ին սկսել եւ մինչեւ 1966-ը գործել է Հայաստանի երիտասարդների միությունը: Սա  չի եղել կառույց, որը կհայտարարեր Խորհրդային Միությունում պաշտոնական համարվող կոմունիստական գաղափարախոսության դեմ պայքարի իր պատրաստակամության մասին: Սա ավելի շատ, ժամանակի ոգուն համահունչ, ազգային-հայրենասիրական կազմակերպություն էր, որի անդամներն իրենց առջեւ դրել էին այդ շրջանում հայ ժողովրդին հուզող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք էին` Եղեռնի օրը նշելը, Եղեռնի զոհերի հուշարձան ունենալը, Հայաստանի կորցրած տարածքների՝ մասնավորապես Ղարաբաղի եւ Նախիջեւանի վերադարձը, հայոց լեզվի մաքրությունը եւ պահպանումը: Այս կազմակերպության անդամների, դրան հարող կամ չհարող միայնակ կամ այլ կառույցներում գործող մարդկանց գրանցած հաջողություն է պետք համարել 1965թ. հզոր ցույցը։

1965 թ. ապրիլի 24-ին Երեւանում տեղի է ունենում բազմահազարանոց ցույց, որը նոր ուժ ու թափ հաղորդեց հայաստանյան հետագա բոլոր զարգացումներին: Սկսեցին ձեւավորվել իրարից անկախ գործող նոր խմբակներ: Համատարած ոգեւորություն էր տիրում: Ահա այս ոգեւորության ֆոնին հայ այլախոհության շրջանում հասունանում են նոր մտայնություններ. եթե ԽՍՀՄ-ը հրաժարվում է լուծել Հայկական հարցը, ապա հայերը պետք է փորձեն այդ հարցը լուծել առանց ԽՍՀՄ-ի:  Ի հայտ են գալիս գործիչներ, որոնք սկսում են կասկածի տակ առնել խորհրդային կարեւորագույն դոգմաներից մեկը՝ լենինյան ազգային քաղաքականությունը: Այս դրսեւորումները, որ սկսել էին ձեւավորվել 1965-66 թթ. եւ արտահայտվում էին ոչ միայն այլախոհական շրջանակներում ընթացող բանավոր քննարկումներում ու զրույցներում, այլեւ դառնում էին գաղտնի տպագրված ու տարածվող բազմաքանակ թռուցիկների նյութ։

1966թ․ ասպարեզ է իջնում Ազգային միացյալ կուսակցությունը` անկախության պահանջով ու հակախորհրդային գաղափարներով: Եթե մինչ այդ ազգային-հայրենասիրական պայքար էր ընթանում, եւ խորհրդային իշխանությունը մասնակիցներին դիտարկում էր որպես ազգայնականների եւ նրանց գործունեության մեջ իր համար մեծ վտանգ չէր տեսնում, ապա այժմ արդեն ի հայտ են գալիս գաղափարական հակառակորդներ: Սա արդեն նոր երեւույթ էր, որը երկու տասնամյակ անց պետք է հանգեցներ Հայաստանի ապախորհրդայնացմանը եւ անկախացմանը։ 1966 թ. սկսած` Հայաստանը դարձավ ԽՍՀՄ միակ հանրապետությունը, որտեղ գործում էր կազմակերպված ընդդիմադիր կուսակցություն, որն իր պաշտոնաթերթի ու իր տարածած թռուցիկների միջոցով հայատարարում էր գործող ռեժիմի դեմ իր գաղափարական պայքարի մասին: ԱՄԿ անդամները շարունակաբար կալանավորվում ու երկարատեւ ազատազրկման էին դատապարտվում, բայց կուսակցությունը շարունակում էր գործել: Եվ գործեց մինչեւ 1987 թվականը, երբ արդեն ընդհատակյա պայքարի անհրաժեշտություն չկար: Ազգային միացյալ կուսակցությանը զուգահեռ գործում էին նաեւ այլ կազմակերպություններ, որոնց անդամները նույնպես դատապարտվել են՝ Հայ հայրենասերների միություն, Հայաստանի վերամիավորման միություն, Հանուն հայրենիքի խումբ։

1977թ․ ապրիլին Մոսկվայում հայտարարվեց Հայաստանի հելսինկյան խմբի ստեղծման մասին, որը նոր երեւույթ էր մեր իրականության մեջ։ ԽՍՀՄ-ում հելսինկյան խմբերի անդամների ճակատագրերը միանման էին․ բոլորն էլ դատապարտվեցին։ Հայաստանի հելսինկյան խմբի ղեկավար Էդուարդ Հարությունյանը՝ հիվանդ եւ հյուծված, առաջին դատապարտման պատժաչափն ավարտելուց եւ Երեւան վերադառնալուց անմիջապես հետո վերսկսում է խմբի ակտիվ գործունեությունը, դատապարտվում է երկրորդ անգամ եւ մահանում։ Ֆրանսիայի հասարակական գործիչները նրա գերեզմանին, որը գտնվում էր հայրենի Թալիշ գյուղում, տապանաքար տեղադրելու նպատակով հանգանակություն են կազմակերպում։ Տեղադրումից հետո չեկիստները գիշերը ջարդում են տապանաքարը։ Սա վառ օրինակ է, թե ինչքան էին ատում եւ միաժամանակ սարսափում խորհրդային իշխանություններն իրենց դեմ պայքարող այլախոհներից, անկախականներից ու իրավապաշտպաններից։

Վարդան Հարությունյանի այս ուսումնասիրությունը առաջին անգամ հրապարակվել է ՀԵՏՔ կայքում:

Աղբյուրը՝ ՀԵՏՔ