Լեռնահայաստանի գոյամարտը. Գարեգին Նժդեհի հոդվածը

6630

Գարեգին Նժդեհի այս հոդվածը լույս է տեսել ՀՅԴ Հայրենիք ամսագրում, 1923 թվականին, թիվ 11-ում, էջ 71-78։ Գարեգին Նժդեհը հոդվածի տակ ստորագրել է Նժդեհ ձևով։

————————————–

Թերեւս միայն ազգերի ֆիզիքական ինքնապաշտպանութեան բարդ գործը՝ կռիւն է, որի հետ չի կարելի փորձեր կատարել առանց փորձանքի ու արնոտ պատժի: Մեր ամէն մի սխալը կռուադաշտում թշնամին մեր արիւնով է սրբագրում: Կռուի՝ մարդկային այդ ամէնից պատասխանատու գործողութեան էութիւնը, իւրացւում է միայն պատերազմների պատմութեան եւ պատմական յուշերի բազմակողմանի ուսումնասիրութեամբ: Ահա՛ թէ ի՞նչ տեսակէտից այս կամ այն ժամանակաշրջանի անցքերի նկարագրութիւնները իրենց խոշոր արժէքն ունին գալոց սերունդների համար:

Ընդունելով, որ պատերազմը մի մշտակայ չարիք է, որ եղել է, կայ եւ պիտի մնայ, եւ որ գուցէ դարերն ու մարդկային բարոյական մշակոյթը կարողանան մեղմացնել նրա բնոյթը միայն, փոխել նրա ձեւերը, բայց վերացնէլ՝ երբե՛ք, կ’ուզէի, որ մեր ժողովուրդը եւս, որն արեւի տակ իր անկախ անկիւնն ունենալու ձգտումն ունի, պարտադրօրէն իւրացնի կռուի բարդ արուեստը, որ եղել է եւ կը մնայ մանաւանդ մեզ նման փոքր ազգերի ինքնապաշտպանութեան միակ միջոցը:

I

Բարոյական ազդակներ    

Յաղթանակը տարւում է դեռ կռիւը չսկսուած՝ նախ բարոյապէս, նախ հոգիների մէջ:

Կռիւը միջոց է միայն՝ շօշափելի արտայայտութիւն տալու մեր ներքին վստահութեան, մեր յաղթանակին:

Արժէքի գիտակցումը .- Պատերազմող մի ժողովուրդ, ամէն կռուող կողմ կամ բանակ այնքան է յամառ ու տոկուն, որքան խոր նա գիտակցում է արժէքն այն դատի, իրաւունքի, երկրամասի, յանուն որի մղւում է կռիւը:

Սիւնիքը գիտէր արժէքն իր երկրի, որպէս ծննդավայրի:

Սիւնիքը եւ ծննդավայր է ե՛ւ հայրենիք՝ ասացին նրան:

Սիւնիքը եւ միջոց է, ե՛ւ նպատակ կրկնեցին նրան:

Սիւնաց աշխարհը – դա ամբողջական հայրենիքիդ աշխարհագրական ողնաշարն է, առանց որին Հայաստանը գոյութիւն ունենալ չէ կարող:

Եւ նա, Սիւնիքի հայութիւնը՝ խորապէս գիտակցած անկշռելի արժէքն իր երկրի՝ իմ ղեկավարութեամբ վարեց իր անկախութեան անհաւասար գոյամարտը, պարտադրելով իր թշնամիներին՝ Հայաստանի անբաժան մասը կազմելու իր երկաթէ կամքը:

Հոգեբանական մթնոլորտ .- Կռուի նպատակը յաղթութիւն է: Յաղթում է թուապէս, զէնքերի արդիականութեամբ եւ բարոյապէս գերազանցող կողմը:

Առաջին երկու տեսակէտներից մեր եւ թշնամու միջեւ հաւասարակշռութիւն լինել չէր կարող:

Մնում էր միջոցներից ամենաէականն ու բախտորոշը՝ բարոյական գերադասութիւնը, որը հարամայօրէն պէտք էր ստեղծել, որպէսզի Սիւնիքը չվերածուէր «Դիակների կամուրջի» Արեւելքի եւ Արեւմուտքի թրքութեան միջեւ:

Ծանօթ սիւնեցու խորհրդապաշտ հոգուն՝ ես գիտէի, որ ձորերի մէջ, լեռների կատարներին, գրեթէ ամէն մի քայլափոխում, վեհօրէն ցցուած մեր լեռնաշխարհի հնամէնի կոթողները՝ վկայ մեր ցեղի անցեալ մեծութեան, դեռ չեն դադարել մեր ժողովրդի համար նուիրական լինելուց: Գիտէի , որ 18-րդ դարի մեր մեծ մեռելները դեռ շարունակում են ապրել Սիւնիքում: Գիտէի եւ այն, որ կռւում առաջին տեղը բռնուած է սիրտը, երկրորդ տեղը՝ ուղեղը, երրորդ տեղը՝ երկաթը, լաւ տեխնիկան: Լաւագոյնը եւ անհրաժեշտը սակայն եղել է, եւ կը մնայ ամէն կռուի մէջ անձնական խիզախութիւնը:

Ահա՝ թէ ինչո՞ւ ճիգ ու ջանք չխնայեցին ժողովրդի մէջ զարթնեցնելու եւ ջերմացնելու խիզախութեան եւ հայրենիքի պաշտամունքը:

Եւ ահա՛ թէ ի՞նչպէս մեր արիւնալի եւ երկարատեւ կռիւների ամբողջ ընթացքում մեզ համար բարոյական կորովի անսպառ աղբիւր դառան ե՛ւ հինաւուրց կոթողները, ե՛ւ փառահեղ անցեալը ե՛ւ մեծ մեռելները:

Պաշտամունք.-  Մեր՝ թշնամու համար անծանօթ, կռուի տարրերային ձեւերը հնարաւորութիւն էին տալիս յաճախ գրեթէ առանց զոհերի խորտակելու հակառակորդի կենդանի ուժերը:

Յաղթութիւններից յետոյ լեռներից դէպի ձորերն իջնող ժողովրդական վաշտերը իրենց հետ բերում էին, երբեմն, մի հատիկ սպանուած զինուորի դիակը, որի վրայ Սիւնիքը էլ չէր լալիս, որովհետեւ սկսել էր գիտակցել, որ իր հպարտ որդիները մեռնում են ապրեցնելու համար:

Մահկանացուներից շատ քիչերն են հողին յանձնւում սիւնեցի զինուորի պէս: Լեռների կատարներից դիպուածով գահավիժած անտաշ ժայռը, մեր դաշտերի փարթամ ծաղիկների հետ, գուրգուրանքով ծածկւում էր նոր հողաթումբը: Եւ հայրենի երկիրը յաղթական մահով արժէքաւորող նոր զոհը անցնում էր ապրելու Սիւնիքի գիտակցութեան եւ երգերի մէջ:

Այսպէս, ե՛ւ յաղթող, ե՛ւ յաղթական կռւում ընկած զինուոր,- մէկը հերոս, միւսը նահատակ,- դառնում էին ժողովրդի ջերմ պաշտամունքի առարկան, հազարների մէջ վառելով իրենց պէս ապրելու եւ մեռնելու սրբազան նախանձը:

Բարոյա-հայրենասիրութիւն.- Իմ զինուորը գիտէր իր երկրի պատմութիւնը: Նա գիտէր, որ Սիւնիքի վրայով քանիցս հեղեղի պէս Արեւելքի բարբարոս հորդաններ են եկել ու անցել, բայց միշտ էլ հայ ժողովուրդը մնացել է անսասան իր լեռների մէջ եւ իր լեռների պէս:

Նա գիտէր եւ այն, որ դարերի անվերջ կռիւներով ու զոհերով պահուած երկիրը թշնամու պղծանքին յանձնող սերունդը զրկւում է ապրելու իր բարոյական իրաւունքից:

Ահա՛ թէ ի՞նչու նա իր նախնիների պէս ջերմաջերմ սիրեց հայրենի հողը, յամառեց, յաղթեց եւ մնաց տէրն այն երկրի, որի լեռներին ու իր բազուկին ապաւինած՝ դարերով ապրել է մեր ժողովրդի մի խոշոր մասը:

Յաղթական արհամարանք.-  Հպարտ ու անմատչելի բարձրունքները, որոնց վրայ բուն են դրել մեր ազատապաշտ նախնիները, շատ անգամ են փրկել հայ ժողովուրդը Արեւելքի մեծ բռնակալներից, որոնց անունը ժամանակին աշխարհն է թնդացրել:

Այժմ այդ հզօր բարբարոսներից մնացել են մեղկ ու անմարտունակ, իրենց հարստութեան ու վայելքների համար միայն ապրող խաներն ու բեգերը՝ ողորմելի՜ մնացորդներ: Վերջին տարիների պատմութիւնը չի արձանագրել, չգիտէ մի դէպք, որ կռուի առաջին գծի վրայ սպանուած լինէր անուանի մի թաթար ղեկավար: Սրանք միշտ էլ «եա՛ բախտ» առաջ են քշել իրենց ստրուկ գիւղացիութիւնը եւ շատ քիչ ցաւել կռւում ընկածների համար:

Այդ գիտէր Սիւնեցին, գիտէր եւ այն, որ այդպէս, այս ձեւով,- վկա՛յ պատերազմների պատմութիւնը, ոչ ոք է յաղթում:

Յաղթական կամքը.-  Յաղթանակը տարւում է դեռ կռիւը չսկսուած՝ նախ բարոյապէս, նախ հոգիների մէջ: Կռիւը միջոց է միայն՝ շօշափելի արտայայտութիւն տալու մեր ներքին վստահութեան, մեր ներքին յաղթանակին:

Վճռիր յաղթել, թէ ինչպէ՞ս, թող բաղդիդ: Բոլոր յաղթողները, զօրավար թէ զինուոր, ճակատագրապաշտ են եղել: Յաղթում է կոյր, բայց հրաշագործ հաւատը: Պիտի յաղթել պիտի յաղթել գոյութեան իրաւունքը չկորցնելու համար:

Տեղի տալ նշանակում է եւ բարոյապէս ոչնչանալ: Ուրեմն, միշտ յառա՜ջ, վախկոտ փոգրոգութիւնը չի փրկի քեզ: Եւ ո՛չ մի քայլ յետ: Կամ յաղթութիւն, կամ յաղթական մահ!

Մահուան անգիտակցումն.-  Մահ չկա՛յ: Յաղթելով նրանք՝ մահն արհամարող խիզախները, պատերազմների քմահաճ Աստծոյ ցանկութեամբ կամ մնում են կենդանի կամ ընկնում քաջերի մահով- անմահանում: Մահ չկայ Փառքի դաշտում ընկած քաջի համար, որովհետեւ նրա սխրագործութիւնների արձագանգը յաւերժօրէն պիտի ապրի իր ժողովրդի սրտի եւ երգերի մէջ:

Մահ չկայ նրա համար, ով հեգնել գիտէ մահը, որովհետեւ սերունդները հպարտութեամբ պիտի վկայեն, թէ ո՞վ, ի՞նչպէս խիզախեց ու ընկաւ:

Մահ չկայ, մեռնում է փոքրհոգին, վախկոտը, մեռածն է մեռնում:

Մահն անգիտակցող խիզախների համար չկայ մահ! Քաջերի յարութիւնն է մահը:

Ղեկավարութիւն.-  Ղեկավարները կամ նշանակւում են կամ յայտարարւում: Մէկը կատարում է այն, ինչ հետեւող զօրքին թե ժողովրդին ներշնչում է անկարելին կարելի դարձնելու հզօր եւ հրաշագործ հաւատը:

Մէկն իրեն պատասխանատու է համարում միայն ձեւական օրէնքների եւ իշխանութեան առաջ: Միւսը՝ նաեւ իր խղճի եւ պատմութեան առաջ:

Առաջինը կարող է ճարպիկ ռազմավար լինել: Վերջինը՝ նաեւ ֆանատիկոս է, վտանգն անգիտակցող զինուոր, որ գիտէ վարակել անձնական օրինակներով և թեւաւորել հայրենասիրական վսեմ գաղափարներով ու պատկերներով եւ հերոսական խոյանքների մղել:

Սեղմ ասած՝ մէկը գործող է, միւսը՝ ստեղծագործող: Ղեկավարը – դա ինքը զօրքն է:

Գրեթէ միշտ լաւ է, մարտունակ է զօրքը, եթէ այդպէս է նրա ղեկավարը:

Յաղթական չէ այն զօրամասը, եթէ նրա ղեկավարը պատանու պէս ոգեւորուել եւ Բոնապարտի պէս ոգեւորել չգիտէ: Անպետք է այն զօրամասը, որի ղեկավարը հրամայել չգիտէ: Որքան զգալի է հրամանի մէջ երկաթն ու կրակը, այնքան սիրով ու հեշտութեամբ է զօրքը կատարում տրուած հրամանը:

Դաւիդբեգեան զինուորը .-  Սիւնիքի զինուած գիւղացիութիւնը շատ հեռու էր, արդիական իմաստով, կանոնաւոր զօրք լինելուց, սակայն գիտակցական կարգապահութիւնը աւելի քան օրինակելի էր նրա մէջ:

Զորաշարքում, ռազմափորձերի եւ կռուի ժամանակ միայն նկատելի էր մէկի ղեկաւար, միւսի զինուոր լինելը, երբ մէկը հրամայում է, իսկ միւսը հրամայւում, ենթարկւում: Խաղաղ պայմաններում նրանք, զինուոր եւ ղեկաւար, մնում էին որպէս զինակից ընկեր:

Ժողովրդի սէրը,- նրանց բարոյական միակ վարձատրութիւնն էր:

«Գնում ենք յաղթելու», հրաժեշտի ժամին ասում էին Դաւիդբեգեանները եւ հացի ու ռազմամթերքի անբաւարար պաշարով շարժւում դէպի թշնամին: Իր յարձակողական խոյանքների ժամանակ ասպէտ էր սիւնեցին, ինքնապաշտպանութեան դէպքում՝ անխնայ, բայց ոչ վայրագ:

Առաջինը յարձակաման, վերջինը նահանջի ժամանակ: Միշտ պատրաստ յարձակուելու, հարուածելու, նա մեռնել գիտէր այնպէս, որ հայրենի հողը չամաչի իր դիակը զրկելուց: Նրա նշանաբանն էր՝ յանուն հայրենիքի Դաւիդբեգաբար:

Ժողովրդական վաշտապետը.- Ամէն գիւղ Սիւնիքում իր վաշտն ունէր, ուրեմն եւ իր վաշտապետը: Դա մեր գիտցած կաստայական զինուորականը չէ, գլուխը լի զանազան մեռեալ կանոններով ու տեսութիւններով: Իր որոշ առաքինութիւններով ժողովրդի մէջ աչքի ընկած երիտասարդ է նա, կռիւներում անուն հանած արի զինուոր, հայրենի դար ու դաշտերին ծանոթ նախկին որսորդ կամ ժողովրդական անպէտք կանոնագրերի փոխարէն իր կրծքի տակ ազգասիրութեամբ եւ անձնուիրութեամբ զեղուն մի տաք, հարուստ, մի խիզախ սիրտ ունի:

Կռուի արուեստը նա իւրացրել է գրքերից դուրս՝ կռուադաշտերում: Կռիւը նրա համար ոչ տամայի խաղ է, ոչ էլ թուաբանական խնդիր, այլ բարոյական ուժերի մի կատաղի բախում, մի արնոտ դրամա, որի մէջ առաջին դերերը կատարում են բոցավառ զգացումը եւ յաղթական կամքը: Դրա համար էլ նա իր զինուորների մշակումը գերադասում է ձեռքերի, ոտքերի, անգամ բանականութեան մարզանքներից:

Միայն նա իրաւունք ունի դէպի վտանգ ու մահ առաջնորդել ուրիշներին, որը ինքը եւս չէ խուսափում մահից: Միայն ղեկաւար չէ նա, այլ եւ զինուոր, որին շատ անգամ կարելի է տեսնել կրակի գծից առաջ մի բուռ խիզախների հետ: Իր զինուորին սիրում է իր անձի պէս եւ ոճիր համարում կռուի արուեստը իր ժողովրդի կաշուի վրայ սովորիլը: Իր երկու զինուորին փրկելու համար՝ նա միշտ էլ պատրաստ է հեգնելու մահը, համոզուած, որ իր վիրաւորուելու կամ սպանուելու դէպքում երկուսից մէկը կանցնի իր տեղը: Կռիւը՝ յաղթութիւն, մահը յարութիւն է նրա համար:

Զօրաւոր խոսքը.-  Գուցէ եւ միակ տեղն է կռուադաշտը, ուր ամէն բանից աւելի եւ ամէն բանից սուր է զգացւում բարոյապէս ազդելու՝ մտքերի, սրտերի եւ կամքերի վրայ իշխելու կարիքը:

Կարողանալ բռնակալօրէն իշխել հոգիների վրայ- ահա՛ ղեկավարի ամենամեծ ու ամենանհրաժեշտ կարողութիւնը, առանց որի զօրանոցն ու մարզադաշտը զինուորներից յաղթանակներ ստեղծելու կարողութիւնից շատ են հեռու:

Այն, ինչ յաճախ դժուարանում է կատարել արդիական հեռաձիգ թնդանօթը, հեշտութեամբ կատարւում է ղեկավարի զօրաւոր խօսքը: Խօսքը՝ երբեմն հրամայող ու իշխող, երբեմն՝ կանչող ու մղող, խօսքը՝ միշտ պատկերաւոր ու սեղմ, սրտերին կրակ, բազուկներին թափ, կամքերին մղում տուող խօսքն է իշխելու եւ վարելու միակ միջոցը: Եւ որքան զօրաւոր, այնքան մեծ է նրա հմայնքը, այնքան ընդարձակ՝ տիրապետութիւնը:

Խօսքը – դա ինքը ղեկավարն է:

Յաղթելու համար քիչ է խելքը, տաղանդը, պէտք է եւ զօրաւոր խօսք:

Առանց զորաւոր խօսքի բութ են սրերը, թոյլ՝ բազուկները, անվճռական՝ կամքերը: Առանց զօրաւոր խօսքի չկայ իշխանութիւն հոգիների վրայ, իսկ առանց այդ իշխանութեան՝ չկայ յաղթութիւն:

II

Իմ գործադրած ռազմավարութիւնը

«Կարմիր բանակի դիմաց կանգնած են խորամանկ եւ յամառ թշնամի Նժդեհը, Դրօն եւ ուրիշ հին գայլերը, ոորնք լաւ գիտեն զինուորական արուեստը. Ուստի եւ պէտք է անոնց հակադրել հաստատուն կամք»: (Տես՝ «Կարմիր Առաջապահ», Թիւ 52. 1920թ. 30 հոկտեմբեր):

Կռուի բաղդը.- Կռուի բաղդը վճռում է թշնամի կողմերից մէկի բարոյական հաւասարակշռութեան խախտումը, որին անմիջապէս հետեւում է խուճապը, իսկ այդ վերջինին՝ նիւթական պարտութիւնը:

Անհաւասար կռիւն չէ որ կործանում է այս կամ այն բանակը, այլ խուճապը, որին մատնուած կողմը առնուազն եռապատկում է իր կորուստը, երբեմն էլ ՝ ոչնչաչնում գլխովին:

Սպանուածների, վիրաւորների, գերուածների, ինչպէս եւ պատերազմական աւարի քանակը եղել է եւ շարունակւում է մնալ պարտութեան երկրորդական ազդակը:

Էականը այն բարոյական ազդեցութիւնն է, որը ունենում է կռուող կողմերից մէկը միւսի վրայ:

«Գայլի գործելակերպը».- Հին, քարացած ռազմավարութեան սկզբունքները անտես առնելու ինձ ստիպում էին իմ ռազմական ուժերի քանակը, իմ տեխնիկական թուլութիւնը եւ Սիւնիքի տեղագրութիւնը:

Ես նիւթական հնարաւորութիւն չունէի եւ չպիտի ունենայի հաւասար ուժերով դիմադրելու թշնամուս: Վաշտը՝ լաւագոյն դէպքում մօտ 100 հրացանաձիգ, ահա՛ իմ մարտական ուժերի այն միաւորը, որը պիտի ճակատէր թշնամու գումարտակի, գնդի, երբեմն էլ աւելի մեծ զօրամասի դէմ:

Աւելի մեծ «առատաձեռնութիւն» ինձ թոյլ տալ չէի կարող:

Ահա՛ թէ ի՞նչու պիտի գործէինք՝ թշնամու որակմամբ՝ որպէս «հին գայլ», հրաժարուելով ռազմավարութեան հին, շաբլօն ու զանգուածային ձեւերից:

Սիւնիքի յաջողութիւնների մէջ խոշոր բաժին ունի իմ մշակած ու գործադրած «գայլի» ռազմավարութիւնը (բոլշեւիկներն այսպէս էին անուանում իմ գործադրած ռազմավարութիւնը): Անշուշտ, կռուի ձեւերը, ինչպէս եւ ռազմագիտական գերակշռութիւն ստեղծող բոլոր տարրերը – քանակ, տաքտիկական կրթութիւն, սպառազինութիւն,- անմիջականօրէն չեն վճռում կռուի բաղդը: Սակայն նրանք ստեղծում են այն բարոյական գերակշռութիւնը, որը եւ պայմանաւորւում է այս կամ այն կռուող կողմի նիւթական յաջողութիւնը:

Իմ ռազմավարութիւնը՝ բարոյական գերակշռութիւն ստեղծել եւ ապա հարուածել՝ ինձ հնարաւորութիւն էր տալիս.

Ա) Թշնամուն խուճապի մատնել եւ ապա ծեծել.

Բ) Թշնամու ուժերը ամբողջովին կամ մասամբ առնել տաքտիկական աքցանի մէջ եւ ապա ջարդել.

Գ) Յաճախ նրան շեղել իր գործողութեանց ուղղութիւնից եւ օգտուել նրա սխալներից.

Դ) Միշտ էլ հարկաւոր կէտերի վրայ լինել գործօն, ակտիւ.

Ե) Ուժեղ լինել հարկաւոր վայրկեանում.

Զ) Գամել թշնամուն իրեն համար տեղագրական անյաջող պայմանների մէջ եւ պարտադրել կռիւը.

Է) Խուսափել դիրքային ձգձգուող կռիւներից.

Ը) Ամենանուազագոյն չափերի հասցնել զոհերի թիւը եւ ռազմամթերքի ծախսը եւն…

Մեր ռազմավարական ժեստերին տարերայնութիւն էին հաղոդում ծանօթ բարոյական ազդակները, ահաբեկիչ բնոյթ՝ ուժանակը, որը գործածւում էր հետեւեալ ձեւերով.

Պայթուցիկ տակառներ .-Սիւնիքի տեղագրութիւնը՝ այդ երկրում շարժուողից անվերջ բարձրանալ ու իջնել, իջնել ու բարձրանալ է պահանջում: Եթէ թշնամուն չէր հաջողւում թնդանօթային կրակով մաքրել մեր ձեռքին գտնուող բարձրունքները, նա ստիպուած յաճախ թափւում էր ձորերը՝ առաջանալու նպատակով: Ահա՛ հէնց այդ ժամանակ մեր տակառաձիգների կողմից գործի էին դրւում դինամիտային տակառները՝ Սիւնիքի «տանկաներ»ը (Պատրաստւում էին երկաթեայ թիթեղից: Լիցը՝ պղնձաքար, երկաթի փշրանք և ուժանակ: Ծանրութիւնը 20-ից մինչեւ 100 կիլօգրամ: Պայթեցւում էին ձեռքով, ձեռքի դինամօմեքենայով եւ համազարկային կրակով):

Վերջինները հաւասարակշռութիւնը կորցրած ժայռերի պէս, լեռների կատարներից գահավիժօրէն գլորւում էին դէպի ձորերը, մի ահռելի դղրդիւնով պայթում ճանապարհին եւ քարերի ու երկաթի կտորների մի ամբողջ հեղեղ թափում առաջացող թշնամու գլխին:

Տակառների պայթիւններին հետեւում էր մեր վաշտերի «դինամիտային գրոհը»: Յանկարծակիի եկած թշնամին նման դէպքերում ստիպուած էր լինում ընտրել երկու միջոցներից մէկը՝ նահանջ մեծ կորուստով կամ գերութիւն:

«Գրոհող ժայռեր».- Թշնամու գործողութեանց ուղղութեան վրայ՝ ասել է՝ մեր եւ թշնամու միջեւ եղած տարածութեան վրայ գտնուող բարձրունքների կատարներին մի շարք ժայռերի տակ նախօրօք թաղւում էր որոշ քանակութեամբ ուժանակ: Թշնամին մեզ հետ բաղխման մէջ մտնելու համար անհրաժեշտօրէն պիտի գրաւէր «ականուած կէտերը», որոնք՝ նայած տեղագրական պայմաններին՝ լինում էին մէկ, երկու, երեք կամ աւելի: «Ականները» պայթեցւում էին այդ կէտերի վրայ նշանակուած դիտողների կողմից:

Այդ միջոցին դիմում էինք, երբ պէտք էր լինում դէռ կռիւը չսկսուած թշնամու շարքերում խուճապ առաջացնել: Պայթող ժայռերի ստեղծած «քարէ կարկուտը» փոշու եւ ծխի ամպերով լցնում էր ձորերը, անդամալուծելով թշնամու ուժերի առաջխաղացումը: Օգտւելով ստեղծուած հոգեբանական վիճակից, Սիւնիքի վաշտերը վճռում էին կռուի բաղդը:

«Արհեստական հրաբուխ».- Համոզուած, որ թշնամին Լեռնահայաստանի գաւառակներից մէկն ու մէկին տէր դառնալու համար նախ պիտի փորձէ գրաւել Ա կամ Բ բարձրունքի վրայ որոշ դասաւորութեամբ ու հեռաւորութեամբ ժայռերի տակ, մացառների մէջ թաղում էինք մի քանի երբեմն մինչեւ 10 մեծ պայթուցիկ տակառներ: Այս դէպքում պայթիւնը, մօտ 600 քայլ հեռաւորութեան վրայ մեր դարաններից, առաջ էր բերում ձեռքի թեթեւ դինամմօմեքենան, «ականների» եւ մեր դարանների միջեւ ձգուող բիկֆօրդէան թելի միջոցով:

Պայթող տակառները թշնամու ուժերի որոշ մասի հետ երկինք էին բարձրացնում քարերի, ջարդուած ծառերի ու հողի մի հսկայական քանակութիւն:

«Մուրճն ու ոստայնը».- Ռազմական ուժերիս մի չնչին մասը, որպէս նուրբ ոստայն տարածում էի մեր ռազմաճակատնէրի ոչ կարեւոր կէտերի վրայ, իսկ մեծ մասը պահում իմ ղեկաւարութեան տակ վճռական վայրկեանի համար, որպէս հարուածող բռունցք, որպէս կենդանի մուրճ:

Թշնամին սկսում է իր առաջխաղացումը: Իմ ուժերը շարունակում են որոշ ժամանակ մնալ կրաւորական վիճակի մէջ, մինչեւ որ թշնամին, առաջանալով, կը թուլանայ իր կարեւոր կէտերի վրայ եւ հնարաւորութիւն կը տայ ինձ՝ թեւային կամ թիկնային արագ շարժումով, իմ կենդանի մուրճը իջեցնել թշնամու հէնց նոյն կարեւոր կէտերի վրայ: Այս ձեւով յաճախ յաջողւում էր ինձ, ուր որ եւ երբ որ պէտք էր լինել ուժեղ:

«Ուժային հրավառութիւն».-  Իմ ուժերի քանակը, ինչպէս եւ իմ գործողութեանց ուղղութիւնը չմատնելու համար, վճռական գործողութիւնների էի անցնում ընդհանրապէս գիշերները:

Թշնամու ուշադրութիւնը մեր դիրքերին բեւեռած պահելու նպատակով մեր ռազմաճակատների զանազան կէտերի վրայ խարոյկների ձեւով վառում էինք, երբեմն, 100-ի չափ դինամիտային մոմեր եւ ապա, օգտուելով մթութիւնից, թեթեւ զօրախմբերով անցնում էինք թշնամու զօրաթեւերն ու թիկունքը եւ վտանգում նրա գոյութիւնը:

Այս ռազմադաւի դէպքում ճակատից մեզ սպասող թշնամին, յանկարծակիի եկած, կամ նահանջում էր կամ կռիւն ընդունում էր իրեն համար շատ ծանր պայմանների մէջ:

«Գայլերն յառա՜ջ».-  Թշնամուն՝ իր մեծաքանակ թնդանօթներից եւ գնդացիրներից օգտուելու հնարաւորութիւնից, ասել է՝ մեզ իրական կորուստներ պատճառելու հնարաւորութիւնից զրկելու համար՝ դիմում էինք հետեւեալ միջոցին:

Նրա թնդանօթների առաջին բոմբիւնին, ինչպէս եւ գնդացիրների «տա՛-տա՛-տա՛»ին հետեւում էր մեր գայլախմբերի պետերի հրամանը՝ «գայլերն առա՜ջ»: Եւ, համարձակ ու վտանգալի գործողութիւնների մէջ մարզուած ու մասնագիտացած մեր գայլ-զինուորները՝ ծանօթ երկրի տեղադրական ամենանուրբ մանրամասնութիւններին՝ նետւում էին առաջ: Եւ միշտ էլ, երբ մեր «գայլերը» երեւում էին հարկաւոր կէտերի վրայ, որտեղից կարելի է վտանգ սպառնալ, հակառակորդը ստիպուած կամ լռութեան էր մատնում իր թնդանօթներին ու գնդացիրները կամ յետ փախցնում:

Այս ձեւով անդամալուծւում էին թշնամու լաւագոյն զէնքերը:

«Որսորդներն յառա՜ջ».- Գործող զօրամսերն այնքան են ուժեղ, որքան զգալի է հրամանատարական կազմի ներկայութիւնը կռուի ժամանակ, ճակատներում:

Հակառակորդիս ուժերի անմիջական ղեկավարութիւնը թուլացնելու նպատակով, կռիւը բորբոքուելուն պէս, մեր անվրէպ խփող որսորդները, որոնց դրւում էր՝ որսալ միայն ղեկավարներին՝ խնդիրը, անցնում էին գործի:

«Զա՛րկ հրամանատարներին եւ փրկիր զինուորներին»: Մեր շարքերից լսուող նման բացականչութիւններն ունենում էին իրենց ազդեցութիւնը: Ղեկավար տարրի նման ահաբեկումով յաջողւում էր մեզ թշնամուն որոշ չափով զրկել իր զօրամասերի անմիջական ղեկավարութիւնից, ասել է՝ թուլացնել նրան:

«Փրկարար անկախութիւն».- Ռազմավարական նման տարերային ու ահաբեկիչ ձեւերից սարսափահար թշնամու անվճռականութիւնը երբեմն դառնում էր զաւեշտական:

Նրա սարսափահար երեւակայութիւնը Սիւնիքի ամէն մի բարձրունքը դարձել էր «արհեստական հրաբուխ», ամէն մի ձոր՝ անհատակ պարկ (այս անուններով կոչւում էին մեր ռազմադաւերն ու խաղերը), ամէն մի քարը՝ «գրոհող ժայռ»:

Մասնաւորապէս գիշերները, մառախուղի, ձիւնի եւ անձրեւների ժամանակ, երբ մեր գայլավաշտերը՝ ծանօթ երկրի տեղագրական պայմաններին՝ կրկնապատկում էին իրենց յանդգնութիւնն ու վճռականութիւնը, թշնամին դառնում էր կենդանի դիակ ընդունակ միայն ծեծուելու:

Քառասուն օր շարունակ նա երկու տասնեակ գնդացիրներով ռմբակոծեց Շիվանի ձորի մեր դիրքերը, առանց մի քայլ իսկ առաջանալու դէպի ձորը, որի մէջ ընկած է գիւղը:

Գերի ընկած կարմիր ղեկավարները չէին թագցնում, որ Լեռնահայաստանի գոյամարտի մասին տարածուած կարծիքներից շատ խորհրդային զօրամսէր ազդւում էին, բարոյալքւում դեռ ճանապարհին, դեռ կռուադաշտ չհասած:

«Դա պատերազմ չէ,- ասում էր մի նախկին ցարական գնդապէտ,- այլ մենք՝ ցերեկը, դուք՝ գիշերը անունով մի խաղ, որի գաղտնիքը մենք չգիտենք դեռ: Ի՞նչ կարելի է անել մի երկրում, ուր հակառակորդդ ցերեկն անտեսանելի է. ուր մի քայլ չէս կարող առաջանալ առանց սարսափի, թէ ահա՛ քթիդ տակ թէ գլխիդ վերեւ, կը պայթի ապստամբների պայթուցիկ տակառը, կամ թէ ահա՛ թիկունքիցդ կը լսուի ճերմակ գայլավաշտերի գոռոցը՝ յանձնուէցէ՛ք, դուք պաշարուած էք արդէն:

Այն, ինչ որ մեզ երբեմն մեծ դժուարութիւններով ու կորուստներով յաջողում է ձեռք բերել ցերեկը, կորցնում ենք գիշերը:

Իսկապէս, ի՞նչ կարելի էր անել մի ժողովրդի հետ, որն ազատ ու անկախ հայրենիք ունենալու անմեռ ու յաղթական ցանկութիւնն ունի: Եւ մի՞թէ ազատ ու անկախ ապրելու այն անդիմադրելի ցանկութեան ծնունդը չէին ծանօթ հոգեբանական եւ ռազմավարական ազդակները, որոնք հնարաւորութիւն ընձեռնեցին մեր լեռնաշխարհի հայութեան՝ աննախըթաց յաջողութեամբ ու պատուով վարելու իրեն վիճակուած վիթխարի գոյամարտը:

Այդ գոյամարտը տուաւ պատմական հետեւեալ փառաւոր փաստերը, որոնք մեր թշնամիների հիացմունքն իսկ կորզեցին.-

  • Լեռնահայաստանի երկամյա կռիւների ընթացքում, թշնամուն՝ Մուսավաթական Ադրբէյջանին թէ Խորհրդային Ռուսաստանին՝ չյաջողուեց զինու ոյժով տեր դառնալ մեր գիւղերից անգամ մէկին:
  • Թշնամին- թաթար, ռուս եւ թուրք, թուապէս եւ տեխնիկապէս աւելի քան հարիւր անգամ գերազանցելով Սիւնիքի ոյժերը, տւաւ մեզնից աւելի քան հարիւր անգամ զոհեր, մի քանի հազար գերիներ, պատերազմական մեծաքանակ աւար: Մենք ունեցանք սպանուած միայն եւ միայն 28 հոգի, եւ չտուինք ոչ մէկ գերի, ոչ մէկ աւար:
  • Զուրկ լինելով տեքնիկ միջոցներից, թշնամու դէմ կռուել ենք իրենից խլած ռազմամթերքով ու զէնքերով:
  • Իմ ժողովրդական զօրամասերը, մասնաւորապէս գոյամարտի նախաբոլշեւիկեան շրջանում, ապրել են թշնամուց ձեռք բերուած հացի եւ այլ կենսամթերքների պաշարով:
  • Շնորհիւ իմ վարած գոյամարտի Սիւնիքի հայութիւնը փրկուած է ոչ միայն վերահաս համիսլամական վտանգից, այլ եւ 1920թ-ին սպառնացող սովից:
  • 1920 թ. յուլիսին Սիւնիքում գործող բոլոր հակաբոլշեւիկեան կուսակցութիւնները, Ազգային Խորհուրդը, Հ. Հանրապետական կառավարութեան ներկայացուցչութիւնը եւ իր կանանաւոր զօրամասերը, ինչ-ինչ նկատումներով դիմադրութիւնը անհնարին համարելով, լքեցին այդ երկրամասը եւ քաշուեցին Արարատեան Հայաստան:
  • Չնայած նրան, որ 1920 թ. հոկտ. 10ի պայմանգրով Հ. Հ. Կառաւարութիւնը Զանգեզուրն   անորոշ ժամանակով զիջեց Խորհրդային իշխանութեան, մեծապէս վտանգելով իր այդ ապստամբ երկրամասի դրութիւնը, իմ ուժերը շարունակեցին պայքարը եւ ստեղծեցին ինքնավար Սիւնիքը:
  • Ինքնավար Սիւնիքը՝ քաղաքական որոշ նկատուներով տեղի չտուաւ նաեւ Արարատեան Հայաստանի առաջին անկում-խորհրդայնացումից յետոյ:
  • Իր անկախութեան կռիւը Սիւնիքը շարունակեց ամենադժնդակ քաղաքական մենակութեան մէջ, այն ժամանակ, երբ համայն Ռուսաստանը եւ ողջ Կովկասը լուռ կրում էին բոլշեւիկեան լուծը (Երբ վերջնական պարտութեան էին մատնուած Կորնիլովի, Իւդենիչի, Դենիկինի, Կոլչակի, Վրանգելի եւ այլոց սպիտակ բանակները):
  • Սիւնիքը եղաւ նաեւ հոգեբանակն հրահրիչը Երեւանի փետրուարեան պոռթկումի եւ, պաշտպան ու փրկութեան կամուրջ հանդիսանալով, Խորհրդային կացնից փրկեց հայ մտաւորականութիւնը, սպայութիւնը եւ խմբապետութիւնը:
  • Կտրուած աշխարհից, զուրկ հաղորդակցութեան ամենատարրական միջոցներից, զուրկ հացից ու ռազմամթերքից, որպէս մի բերդային շրջան՝ Սիւնիքը կռիւ մղեց շրջագծաձեւ ռազմաճակատների վրայ, առանց թիկունքի եւ դրսի օգնութեան յոյսերի,- այնպիսի դժնդակ վիճակի մէջ, երբ քաշուել էին պատասխանատու կառավարութիւններն ու կուսակցութիւնները եւ մնում էր ու յամառում իր լեռներին կառչած ժողովրդի հերոսական ոգին:
  • Սիւնիքը իր ցոյց տուած դիմադրական խոյանքներով ստիպեց անգամ իր թշնամիներին յարգանքով խօսել իր մասին եւ տեղի տուաւ առանց կռուի, իր կամքը Խորհրդային իշխանութեան պարտադրելուց, այն է՝ Հայաստանի անբաժան մասը ճանաչուելուց յետոյ:

Պատմական այս պերճախօս իրողութիւնները իրաւունք են տալիս ինձ՝ առանձին հպարտութեամբ ու քաղցրութեամբ Լեռնահայաստանն անուանելու «վիրաւոր, բայց անպարտելի զինուոր»:

Լուսանկարում՝ Բոլշևիկյան կարմիր բանակը Երևանի Աբովյան փողոցում. 1920թ. դեկտեմբերի 2-ին