Արցախում ապստամբություն և ջարդ 1920-ի մարտին. ինչպես է դա եղել

16383

1920թ․ մարտյան այս օրերը Արցախի ժողովրդի սև օրերից էին: Մի քանի վայրերում՝ Շուշիում, Ստեփանակերտում և Աղդամում, տեղի ունեցան հայկական ջարդեր:

Նախ տեսնենք, թե ինչ իրավիճակ էր տիրում Անդրկովկասում: Երեք հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը 1920-ի հունվարին Դաշնակիցների կողմից ճանաչվել էին դե ֆակտո անկախ: Հայաստանի և Ադրբեջանի միջև կային մի շարք վիճելի տարածքներ, առաջին հերթին՝ Արցախը:

1919թ. օգոստոսին Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարը համաձայնություն էր տվել Բաքվի հետ կնքել ժամանակավոր համաձայնագիր, ըստ որի՝ Ղարաբաղը մինչև Փարիզի խաղաղության վեհաժողովում իր կարգավիճակի վերջնական լուծումը համարվում էր Ադրբեջանի սահմաններում գտնվող տարածք:

Համագումարի օրերին սուր տարակարծություններ կային Արցախի քաղաքացիների և գյուղացիների միջև. վերջինները մեղադրում էին քաղաքացիներին, որ դավաճանել են` համաձայնելով համակերպվել Ադրբեջանի պայմաններին:

Համագումարի օրերին Բաքվում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ, շուշեցի Տիգրան Բեկզադյանն իր հայրենակիցներին ակնարկել էր, որ դրսից օգնություն ստանալու հնարավորություն չկա, և Ղարաբաղն ինքը պետք է պաշտպանի իրեն: Բացի այդ, անգլիացիների կողմից Ղարաբաղի գեներալ-նահանգապետ նշանակված Սուլթանովը վերջնագիր էր ներկայացրել՝ 48 ժամվա ընթացքում հպատակվել, հակառակ դեպքում սպառնում էր հայությանը հնազանդեցնել զենքով:

Ահա այս պայմաններում էր, որ Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարը իր 15 անդամներին լիազորեց համաձայնություն կնքել Սուլթանովի հետ: Մեկ շաբաթ անց Շուշիում տեղի ունեցավ հրապարակային արարողություն, որի ընթացքում Սուլթանովը, Վահան եպիսկոպոսը, հայ և մահմեդական այլ երևելիներ կարևորեցին ազգամիջյան եղբայրության անհրաժեշտությունը:

Արցախցիները, հատկապես գյուղացիությունը, չէին ուզում ենթարկվել: Ղարաբաղի հայության 8-րդ համագումարը 1920-ի փետրվարի վերջին -մարտի սկզբին ընդունեց բանաձև, որում ասվում էր, որ Ադրբեջանը պարբերաբար խախտել է ժամանակավոր համաձայնության ամենագլխավոր կետերը, կոտորել մի քանի հարյուր հայերի:

Հավատարիմ մնալով 7-րդ համագումարի ժամանակավոր համաձայնությանը՝ արցախահայությունը հայտարարեց, որ եթե կրկնվեն ջարդերն ու հարձակումները, Ղարաբաղի հայությունը իր կյանքի և պատվի պաշտպանության համար համապատասխան միջոցների կդիմի:

Այսպես, 1920թ. մարտին Շուշիում բռնկվում է ապստամբություն, որը փաստացի ղեկավարում էր Արսեն Միքայելյանը: Հայաստանի վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը գրում է, որ Հայաստանի կառավարությունը Ղարաբաղում զինված ապստամբության հավանություն չէր տալիս, սակայն դա կազմակերպեցին կառավարությունից դուրս գտնվող ուժերը:

«Իմ կառավարությունը, նախատեսելով, որ ժողովրդական զգացումները կարող են բռնկվել և չափազանց ծանր հետևանքներ առաջ բերել, Զանգեզուրի իշխանություններին ուղղված առանձին հեռագրով զգուշացրեց Ղարաբաղում ապստամբության վտանգից։ Հակառակ սրան՝ մարտի 22-ին՝ Բայրամի նախօրյակին, Շուշիի պարիսպների տակ բռնկվեց ապստամբությունը, որը շուտով տարածվեց Շուշիի փողոցները։ Երկուստեք եղան առաջին զոհերը։ Սկզբում հաջողությունները հայերի կողմն էին։ Հայերը դիմադրում էին Ասկերանում, բայց մնալով առանց փամփուշտի, ընկել էին անհավասար կռվում։ Ադրբեջանի զորքերը մտան Շուշի։ Քաղաքը կրակի զոհ գնաց և ահագին թվով ժողովուրդ ենթարկվեց կոտորածի»։

Սիմոն Վրացյանը գրում է. «Ապստամբությունը կազմակերպված էր անփորձ մարդկանց ձեռքով: Հետևանքները կարող էին լինել շատ ավելի աղետաբեր, եթե ապրիլին Ղարաբաղ չհասներ Դրոն իր էքսպեդիցիոն զորամասով: Ապրիլին նա զորահավաք հայտարարեց Վարանդայում և Դիզակում, ամրացրեց ճակատները և 45 օր մնաց Ղարաբաղում: Ապրիլի 22-ին Թաղավարդ գյուղում հրավիրվեց Ղարաբաղի 9-րդ համագումարը, որը 44 ձայնով մեկի դեմ մի անգամ էլ որոշեց մերժել Ադրբեջանի իշխանությունը և Ղարաբաղը համարեց Հայաստանի մաս»:

Դրոն Ղարաբաղում էր 1920-ի ապրիլի կեսերից: Ըստ Արսեն Միքայելյանի` Դրոյի մուտքը մեծ ոգևորություն էր առաջ բերել: Նա պետք է վերակազմեր և ուժեղացներ Ղարաբաղի դիմադրական ուժը, և Ղարաբաղը միացներ Հայաստանին: Դրոյի ժամանումից կարճ ժամանակ անց Ղարաբաղ է գալիս նաև Նժդեհը` Կապանի իր զորամասով, և տեղավորվում Դիզակի շրջանում:

Ապրիլի վերջերին, սակայն, Անդրկովկասում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը գլխիվայր շրջեց  իրերի վիճակը: Ապրիլի 28-ին Ադրբեջանում հաստատվում են խորհրդային կարգեր, Նարիման Նարիմանովը ստանձնում է Հեղկոմի ղեկավարի պաշտոնը: Ապրիլի 29-ին մուսավաթական Սուլթանովն իրեն հայտարարում է Ղարաբաղի Հեղկոմի նախագահ և տեղի հայ ղեկավարներին նամակով տեղեկացնում, թե Ղարաբաղը ևս խորհրդայնացվել է և Խորհրդային Ադրբեջանի մաս է կազմում:

Ադրբեջանի խորհրդայնացումից երկու օր անց` ապրիլի 30-ին, Բաքվից ստացվում է մեկ այլ վերջնագիր` ուղղված Հայաստանի կառավարությանը, որում պահանջվում էր «մաքրել զորքերից Ղարաբաղի և Զանգեզուրի տարածքը, դադարեցնել ազգամիջյան կոտորածը», հակառակ դեպքում «Ադրբեջանի հեղկոմն իրեն կհամարի պատերազմական դրության մեջ Հայաստանի հետ: Վերջնագրի պատասխանի համար տրվում է երեք օր ժամանակ»:

Մայիսի 1-ին ստացվում է նման մեկ այլ վերջնագիր Կովկասյան ռազմաճակատի ռազմահեղափոխական խորհրդի նախագահ Օրջոնիկիձեի և անդամներ Կիրովի, Մեխանոշինի և Լևանդովսկու ստորագրությամբ: Արտգործնախարար և ապա վարչապետ Համո Օհանջանյանը պատասխանում է, որ Ադրբեջանի տարածքի վրա հայկական զորքեր չեն եղել և չկան, հակառակը` «մուսավաթական կառավարության զորքերն ու բանդաները մինչև այժմ շարունակում են մնալ հայկական Ղարաբաղի շրջանում` կոտորելով հայ գյուղացիությանը և այրելով Շուշի քաղաքի հայկական մասն ու բազմաթիվ գյուղեր»:

1920թ. մայիսին Դրոյի հետ բանակցելու են գալիս անդրկովկասյան ճակատի ռուսական Կարմիր բանակի ընդհանուր հրամանատար Օրջոնիկիձեի ներկայացուցիչները: Մայիսի 19-ին Դրոն հեռագրում է Հայաստանի զինվորական նախարարություն. «Շուշիից եկան բոլշևիկների ներակայացուցիչները` Անդրկովկասյան ճակատի ռազմական խորհրդի լիազորներ Սահակ Տեր-Գաբրիելյանը, Կարդալովը և  Պերնանին, ինձ հետ խոսեցին Օրջոնոկիձեի անունից: Հայտնեցին, որ մտադիր են կարմիր-ռուս զորքեր մտցնել Ղարաբաղ: Մինչեւ Հակարի գետը Ղարաբաղը պետք է պատկանի Խորհրդային Ադրբեջանին»:

Մայիսի 24-ին Չանախչի (Ավետարանոց) գյուղում տեղի է ունենում Դրոյի, Նժդեհի, գնդապետ Դմիտրի Միրիմանյանի և Արսեն Միքայելյանի խորհրդակցությունը: Որոշվում է Ղարաբաղի իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին: Մայիսի վերջերին իշխանությունը հանձնվում է բժիշկ Սարգիս Համբարձումյանին, և հայկական զորամասը` Դրոյի առաջնորդությամբ, Քիրսի վրայով հունիսի առաջին օրերին անցնում է Խծաբերդ և ապա` Զանգեզուր:

Այսպիսով, ռուս բոլշևիկների անմիջական օգնությամբ և սպառնալիքի տակ Արցախը ևս խորհրդայնացվեց: Ռուսաստանը, սակայն, խորհրդայանացնելով Ղարաբաղը, դա չի միացրել Ադրբեջանին: Ապացույցը 1920թ. օգոստոսի 10-ին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված համաձայագիրն էր, որով Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում էին վիճելի տարածքներ:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում Շուշին 1920-ի մարտին՝ հայկական ջարդերից հետո

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ․ ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից