Վեհիբ փաշան պահանջում է դատարկել Կարսը, Արդահանը, Բաթումը. Տրապիզոն, 1918

2032

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը սկսում է ներկայացնել Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը («Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010), որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

Աստվածատուր Խաչատրյանի օրագրությունը ԱՆԻ կենտրոնը մեսրոպյանից վերածել է աբեղյանական ուղղագրության։ Այն ներկայացնում ենք մաս առ մաս։ Ներկայացվող մասերի խորագրերը ԱՆԻ կենտրոնն են։

———————————————————

Տրապիզոնի բանակցությունները

Կարախանի հեռագիրը տատանման մատնեց Սեյմի պատվիրակությանը: Արդյոք թուրքերը սրանից հետո պիտի ցանկանան հաշտության բանակցությունները շարունակել: Ուստի հեռագրում են դեռևս Տրապիզոնում մնացած բերդապահ ռուս զորավար [գենրալ-մայոր, 1916թ. Կովկասյան ռազմաճակատի ինժեներական ծառայության պետ, 1917-1918 թթ. Տրապիզոնի ամրացված շրջանի պետ Դմիտրի Պավլովիչ] Կոլոսովսկուն՝ տեղեկանալու թուրքական պատվիրակության մեկնման մասին:

Դրական պատասխան ստանալուց հետո մարտի 8-ին պատվիրակությունը Թիֆլիսից մեկնեց Բաթում: Մարտի 9-ին [հին տոմարով՝ փետրվարի 24-ին], աստղաշատ գիշերով, հասավ Տրապիզոն: (Дневник А. И. Хатисяна, Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 200, ցուցակ 1, գործ 8, թերթ 100-133, պատճեն, մեքենագիր: Խատիսյանի օրագրությունը հրատարակության է պատրաստվել 1919թ. բնագրից կատարած մեքենագրության հիման վրա):

Անդրկովկասյան պատվիրակությունը ուներ հետևյալ կազմը. պատվիրակության նախագահ Ակակի Չխենկելի, անդամներ՝ Սեյմի անդամներ՝ Հայդար բեկ Աբաշիձե, Մահմեդ Հասան Հաջինսկի, Իբրահիմ բեկ Հայդարով, Գեորգի Գվազավա, Հովհաննես (Ռուբեն) Քաջազնունի, Գեորգի Լասխիշվիլի, Միր-Յաղուբ Մեհտիև, Խալիլ բեկ Խասմամեդով, Ալեքսանդր Խատիսյան, Աքպեր աղա Շեյխ Ուլ-Իսմայիլով, թարգմանիչներ՝ Վ. Գամբաշիձե, Ռասուլ Զադե, պատվիրակության գործերի կառավարիչ՝ Միքայել (Միխայիլ, Միշա) Թումանով (Թումանյան), օգնականներ՝ Գեորգի Նանեյիշվիլի, Ռուսադան Միկելաձե, քարտուղարներ՝ Գրիգորի Վեշապելի, Ահմեդ բեկ Պեպինով, Սամսոն Պիրցխուլավա, Ռուբեն Տեր-Մինասյան, նախագահի ադյուտանտ՝ Ալեքսանդր Չխեիձե: Աստվածատուր Խաչատրյան, էջ 262:

Առաջին իսկ հանդիպումից պատվիրակությունը մեծ հուսախաբություն ունեցավ: Պատվիրակությունը իբրև բանակցությունների չեզոք վայր ընտրել էր Տրապիզոնը, այնինչ այժմ քաղաքին տիրում էին թուրքերը և համարում իրենցը: Պատվիրակության պատրանքը փարատելու համար ծովափին մեծ զորանցք էր կատարվում: Ցամաք իջնելու համար տեղի կուսակալը պահանջում է, որ պատվիրակությանը ընկերակցող մոտ հիսուն հոգանոց պահակազորը կամ ցամաք չիջնի կամ զինաթափ լինի, քանի որ «դուք մեր հյուրերն եք և մենք պետք է հոգ տանենք ձեր ապահովության մասին և պահակներ տրամադրենք»:

Թուրքական պատվիրակությունը դեռ չէր եկել ու հայտնի էլ չէր, թե երբ է գալու: Այս ամենից բացի մարտի 10-ին ստացվեց Վեհիբ փաշայի հեռագիրը, որով պահանջում էր կարճ ժամանակում դատարկել Կարսի, Արդահանի և Բաթումի շրջանները:

Այս պայմաններում պատվիրակությունը այժմ երկու խնդիր ուներ լուծելու:

Առաջին՝ Վեհիբ փաշայի պահանջից հետո թուրքերը արդյոք պիտի շարունակե՞ն բանակցել Կովկասյան պատվիրակության հետ:

Երկրորդ՝ եթե պիտի բանակցեն, ապա ե՞րբ պիտի գա թուրքական պատվիրակությունը:

Այս անորոշ կացության մեջ Կովկասյան պատվիրակությունը որոշում է կայացնում վերադառնալ Բաթում և այնտեղ սպասել, բայց վերջին րոպեին Տրապիզոնի կուսակալը տեղեկացնում է, որ Օսմանյան պատվիրակությունը արդեն դուրս է եկել Պոլսից և վաղը կհասնի Տրապիզոն:

Մարտի 12-ին օսմանյան պատվիրակությունը Ռաուֆ բեյի նախագահությամբ հասնում է Տրապիզոն:

Թուրքական պատվիրակությունն ուներ հետևյալ կազմը. նախագահ՝ Հուսեյն Ռաուֆ բեյ, կայսերական ծովային դեպարտամենտի շտաբի պետ, Մեհմեդ Նուսրեդին բեյ, արտգործնախարարության իրավաբանական վարչության կառավարիչ, գնդապետ Թեֆիկ Սալիմ բեյ, Օսմանյան բանակի Կովկասյան ռազմաճակատի գլխավոր բժիշկ, մայոր Խուզրոֆ բեյ, Օսմանյան բանակի Կովկասյան ռազմաճակատի օպերատիվ բաժնի պետ, պահեստի մայոր Յուսուֆ Ռիզա բեյ, առաջին քարտուղար՝ Իսմայիլ Համի բեյ, Կ. Պոլսի համալսարանի պրոֆեսոր, քարտուղար՝ Համիդ բեյ, առաջին կարգի կապիտան: Աստվածատուր Խաչատրյան, էջ 262-263:

Առաջին իսկ այցելությունները տալուց հետո պատվիրակության նախագահ Չխենկելին գրավոր հարցում է ուղղում Ռաուֆ բեյին, այն է՝ Վեհիբ փաշայի պահանջը՝ կարճ ժամանակում դատարկել Կարսի, Արդահանի և Բաթումի շրջանները, նշանակում է՞ արդյոք հաշտության բանակցությունների մերժում:

Ռաուֆ բեյը պատասխանում է, որ իրեն հայտնի չէ Վեհիբ փաշայի պահանջը, իսկ ինքը Բարձր Դռան կողմից հրահանգ ունի բանակցություն վարել Կովկասի հետ:

Կովկասյան պատվիրակությունը հետզհետե գիտակցում է, որ թուրքերը բնավ մտադրություն  չունեն իրենց հետ լրջորեն մշակելու հաշտության հիմունքներն ու պայմանները:

Ռաուֆ բեյը բացման ճառում ասում է, որ Օսմանյան կայսրության և Կովկասյան ժողովուրդների կապերը ոչ միայն պատմական են ու աշխարհագրական, այլ նաև՝ ցեղային:

Ռաուֆ բեյը կոպիտ կերպով վիրավորում էր Կովկասյան պատվիրակության երկու երրորդի՝ հայերի և վրացիների ազգային արժանապատվությունը:

Երբ Քաջազնունին Սեյմում զեկուցում էր տալիս Տրապիզոնի ժողովի մասին, ասում էր. «Ռաուֆ բեյը Կովկասյան պատվիրակությանը վերաբերում էր ոչ իբրև պետության ներկայացուցիչների, այլ իբրև թուրքերի գիրկը վերադարձող ժողովուրդների ներկայացուցիչների»:

Կովկասի կառավարությունը հեռագրում է Տրապիզոնում գտնվող պատվիրակությանը, որ թուրքական զորքերը մտել են Կովկասի սահմանները, նման պայմաններում հաշտության բանակցություններ չեն կարող լինել:

Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 72-74։ 

Photo- A scene from Trabzon (H. Hepworth, Through Armenia on horseback, London, 1898)