Դսեղ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

11186

Դսեղ գյուղը գտնվում է Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում, ծովի մակարդակից ունի 1250-1300 մետր բարձրություն:

Դսեղում է ծնվել Հովհաննես Թումանյանը: Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանը գտնվում է գյուղի կենտրոնում՝ միջնադարյան եկեղեցու հարևանությամբ:

Գյուղում և շրջակա տարածքում կան մի քանի եկեղեցիներ: Իր աշխարհագրական դիրքով, բնությամբ, պատմությամբ Հայաստանի գեղեցկագույն, հարուստ բնակավայրերից է:

Դսեղ գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 473 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 1095 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 1231 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1908 թվական – 1395 հոգի

1914 թվական – 2152 հոգի

1916 թվական – 2346 հոգի

1919 թվական – 2307 հոգի

1922 թվական – 2217 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 2520 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 2518-ը՝ հայ, 2-ը՝ ռուս

1931 թվական – 2887 հոգի, բոլորը՝ հայ

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

դսեղ1

Պատմությունը

Այսօրվա Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին:

Ալավերդու շրջանը, որ 1969-ից վերանվանվեց Թումանյանի շրջան, կազմավորվել է 1930թ. սեպտեմբերին: Խորհրդային Հայաստանի 37 վարչական շրջաններից էր, այժմ մաս է կազմում Լոռու մարզի: Շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր: Ուներ 3 քաղաքատիպ ավան, որոնք այսօր ունեն քաղաքի կարգավիճակ՝

Ախթալա,

Թումանյան,

Շամլուղ,

ինչպես նաև հետևյալ բնակավայրերը.

Աթան, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Այգեհատ (Դանուշավան), Արևածագ, Աքորի, Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոփ:

Տեքստը՝ Թաթուլ Հակոբյան

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի