Աղաբաբյան ընտանիքը՝ Հայաստանում աղջիկների և գյուղական ֆուտբոլի թիկունքին. Elevate Armenia, Elevate Global

2063

Շահեն և Ալին Աղաբաբյան ընտանիքը բնակվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկոյի շրջանի Լաֆայետ 25 հազարանոց քաղաքում: Նրանց հետ ծանոթացա փետրվարի 4-ի երեկոյան՝ Եդուրադ Մսրլեանի հիշատակին նվիրված ձեռնարկին: Հաջորդ՝ փետրվարի 5-ի առավոտյան, Թամար և Արմադ Գըլըճեանների հետ նախաճաշի հրավեր ստացա Աղաբաբյանների հյուրընկալ ընտանիքում:

Lafayette Social հանդեսը 2022 թվականի նոյեմբերի համարի շապիկին տեղադրել է Աղաբաբյանների ընտանիքի լուսանկարը և հարցազրույց վերցրել Ալին Աղաբաբյանի հետ: Վերջերս Աղաբաբյանները հիմնել են Elevate Armenia կայքը: Որոշ կրճատումներով ներկայացնում ենք հարցազրույցի հայերեն թարգմանությունը:

Lafayette Social – Ինչպե՞ս սկսեցիք Elevate Armenia-ն:

Ալին Աղաբաբյան – Մենք ճամփորդությունների սիրահար ընտանիք ենք: Ճամփորդելու սիրահարությունից բացի մենք պաշտում ենք ֆուտբոլը: Իմ ամուսնինը՝ Շահենը, ֆուտբոլ է խաղացել ամբողջ կյանքի ընթացքում: Մի քանի տարի առաջ նրա ֆուտբոլային կարիերան ավարտվեց վնասվածքով: Մեր որդին՝ Արենը, խաղացել է DFC-ում և Eclipse-ում: Մեր դուստրը՝ Դվինը, խաղում է Հայաստանի ազգային հավաքականում և Փյունիկ-ում: Մեր ընտանիքը սկսեց հետևել Դվինի խաղերին Հայաստանում: Մենք նկատեցինք, որ տղաների ֆուտբոլին մեծ ուշադրություն է դարձվում, մինչդեռ աղջիկների ֆուտբոլին՝ ոչ, հատկապես գյուղերում: Ահա այդ ժամանակ մենք որոշեցինք հիմնադրել Elevate Armenia կազմակերպությունը:

Lafayette Social – Ի՞նչ գործունեություն է ծավալում կազմակերպությունը:

Ալին Աղաբաբյան – Երբ դու ընդլայնում ես աղջիկների հնարավորությունը, դու փոխում ես գյուղը: Շահենը և ես Elevate Armenia-ն նախաձեռնեցինք ներշնչող մի կնոջ՝ Աննա Թադևոսյանի հետ համագործակցաբար: Փոքր գյուղերում շատ աղջիկներ հնարավորություն չեն ունենում կրթություն ստանալ միջնակարդ դպրոցից անդին: Շատերը վաղ են ամուսնանում, ունենում երեխաներ և այլևս շատ հնարավորություններ չեն ունենում: Մենք զգացինք, որ կարևոր է աղջիկներին ոգևորել և կրթել նրանց, որ նրանք գիտակցեն, որ ունեն ընտրության հնարավորություններ: Մեր առաքելությունը ներշնչել աղջիկներին և նրանց առաջ հնարավորությունների դուռ բացել: Երիտասարդ հայ կանանց և աղջիկների կյանքն ու ապագան կարող են փոխել գյուղը և փոխել հանրությունը: Մենք այդ փոփոխությունը տալիս ենք ֆուտբոլի ճանապարհով: Մենք ունենք ծրագիր, որը երիտասարդ կանանց և աղջիկների համար ստեղծում է խաղալու և սովորելու ապահով տարածք: Մենք նրանց անգլերեն ենք սովորեցնում Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետ մեր ունեցած կապերով: Շահենը և ես մեծացել ենք ՀՄԸՄ ընտանիքներում, մի կազմակերպություն, որի նշանաբանն է՝ «Բարձրացիր-բարձրացուր ուրիշներին քո հետ»: Ահա թե ինչ ենք ուզում մենք անել: Մեր ծրագիրը սկսեցինք Հայաստանում, քանի որ դա է մեր ազգային պատկանելիությունը և որտեղ մենք այցելում ենք այնքան հաճախ:

Lafayette Social – Դուք միայն Հայաստանի աղջիկներին ե՞ք պահում ուշադրության կենտրոնում:

Ալին Աղաբաբյան – Հաճելիորեն, մեր ծրագրերը այնքան դրական հուն են մտել, որ մենք որոշել ենք ընդլայնվել: Մենք գրանցել ենք Elevate Global-ը, այսպիսով՝ մենք աճում ենք: Երեխաները երեխաներ են ամենուր: Մեծ քաղաքներում ապրելը լայն հնարավորություններ է տալիս, բայց հեռավոր գյուղերում աղջիկները գյուղից դուրս չեն գալիս, անգամ չեն այցելում հարևան գյուղեր: Այդպես է աշխարհի շատ տեղերում:

Lafayette Social – Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:

Ալին Աղաբաբյան – Առաջիկա 12 ամիսների համար պետք է ասեմ, որ շատ ավելի աղջիկներ են ներգրավվելու անգլերեն դասընթացներում, ընդլայնվելու է նրանց մուտքը դեպի բարձր տեխնոլոգիաներ, որոնք այսօր հասանելի է Հայաստանում: Աղջիկները կարող են սովորել ռոբոտիկսի, գրաֆիկական դիզայն և նման ծրագրեր: Որոշ աղջիկներ ձգտում և հնարավորություն ունեն առաջ գնալու որպես պրոֆեսիոնալ ատլետներ: Այսպիսով, Elevate Armenia-ն նրանց համար ստեղծում է բոլոր հնարավորությունները: Եւ այս պահին, երբ մենք զրուցում ենք, աղջիկների ֆուտբոլի գյուղական 5 թիմեր խաղում են պրոֆեսիոնալ ֆուտբոլ Եվրոպայում:

Lafayette Social – Լաֆայետի հանրությունը օժանդակում է՞ ձեր ծրագերերին:

Ալին Աղաբաբյան – Մենք բախտավոր ենք ապրելու մի համայնքում, որտեղ ամեն մեկը մյուսի համար ինչ որ բան է անում: Դա է աշխարհը ավելի լավ տեղ դարձնելու ճանապարհը: Մի քանի անգամ դիմել ենք մեր համայնքին, արձագանքը եղել է սպասվածից ավելին: Մենք ունեցել ենք ֆինանսական նվիրատվություններ, որոնք կարևոր են մեր ծրագրերը կյանքի կոչելու և զարգացնելու ճանապարհին: Մենք շատ բախտավոր ենք: Մենք ապրում ենք հրաշալի համայնքում և հպարտ ենք ու երախտապարտ:

Թարգմանությունը անգլերենից՝ Թաթուլ Հակոբյան