Թուրքերը խախտում են Երզնկայի զինադադարը․ փետրվար, 1918

2224

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

———————————————————

1918թ․ հունվարի 22-ին Վեհիբ փաշան ընդարձակ գրությամբ դիմում է հրամանատար Օդիշելիձեին, թվելով իսլամների վրա այն բոլոր սպանություններն ու բռնությունները, որոնք իբր թե հայերը գործում են Երզնկայում և իր շրջանում։ Հակառակ Օդիշելիձեի հերքումին, թե հայերի գործած բռնությունների մասին իր ստացած բոլոր տեղեկությունները խիստ չափազանցված են և բնավ չեն համապատասխանում իրականությանը, Վեհիբ փաշան հեռագրում է, որ իր բանակը առաջ է շարժվում՝ օգնելու նահատակվող իսլամ բնակչությանը։

Զորավար Լեբեդինսկին, բողոքելով Վեհիբ փաշայի՝ զինադադարի պայմանագիրը խախտելու ապօրինության դեմ, մյուս կողմից զորավար Օդիշելիձեն հրամայում է գնդապետ Սամարցևին նահանջել, այրելով այն ամենը, ինչ որ հնարավոր չէ փոխադրել։

Փետրվարի 14-ին Թիֆլիսում ստացվում է գրություն Բրեստից, որ թուրքերը պատրաստ են ամեն կերպ օժանդակելու, որպեսզի ընդունվի Կովկասի անկախությունը Ռուսաստանից և առաջարկում էին պատվիրակներ ուղարկել՝ մասնակցելու հաշտության բանակցություններին։

Կոմիսարիատը, նույն օրն իսկ ժողով գումարելով, որոշում է հաշտության բանակցություն սկսել ոչ միայն Թուրքիայի հետ, այլ վերջինիս դաշնակից Գերմանիայի, Ավստրիայի և Բուլղարիայի հետ միաժամանակ։ Կոմիսարիատը Վեհիբ փաշային հեռագրում է, որ ցանկանում են հաշտության բանակցություն սկսել Թուրքիայի և իր դաշնակիցների հետ, ուստի խնդրում են պատվիրակներ նշանակել։

Սակայն Վեհիբի բանակը շարունակում է առաջխաղացումը դեպի Կարին, թուրք և քուրդ հրոսախմբերը արյուն և ավեր են սփռում։

Անդրկովկասյան Սեյմը վավերացնում է Կոմիսարիատի հանձնաժողովի՝ հաշտության գլխավոր սկզբունքները․

1․ Անդրկովկասյան Սեյմը ստեղծված ներկա պայմաններում իրավասու է համարում հաշտություն կնքել Թուրքիայի հետ։

2․ Անդրկովկասյան Սեյմը, խաղաղության բանակցությունների մեջ մտնելով, նպատակ ունի վերջնական խաղաղություն կնքել Թուրքիայի հետ։

3․ Խաղաղության դաշնագրի հիմքում պետք է լինի 1914 թվականի՝ պատերազմ հայտարարված պահի ռուս-թուրքական սահմանները։

4․ Պատվիրակությունը իրավասու է լինելու առաջ քաշել Արևելյան Անատոլիայի ինքնորոշումը, մասնավորապես՝ Թուրքահայաստանի ինքնավարությունը թուրքական պետության շրջանակում։

Փետրվարի 19-ին Սեյմի նախագահ Գեգեճկորին Վեհիբ փաշային հաղորդում է, որ իրենք արդեն պատրաստ են բանակցությունների մեջ մտնել Թուրքիայի հետ և խնդրում են նշանակել իրենց պատվիրակներին և որոշել բանակցությունների վայրը։

Փետրվարի 23-ին Վեհիբ փաշան պատասխանում է, որ իրենց պատվիրակները հաշտության հիմնական սկզբունքները մշակելուց հետո պետք է Պոլսից մեկնեն Թիֆլիս, որտեղ և պետք է գումարվի հաշտության ժողովը։

Սեյմի առաջարկով հաշտության բանակցությունների համար ընտրվում է Տրապիզոնը իբրև չեզոք տեղ և այդ մասին փետրվարի 25-ին հեռագրում են Վեհիբ փաշային։

Սեյմը հաշտության պատվիրակներին ընտրում է բացառապես իր անդամներից։ հայերից ընտրվեցին Ալեքսանդր Խատիսյանն ու Հովհաննես Քաջազնունին։

Երբ պատվիրակությունը արդեն պատրաստ էր մեկնել Տրապիզոն, մարտի 2-ին Թիֆլիսում ստացվում է Կարախանի հեռագիրը, ըստ որի Ռուսաստանը համաձայնվել է թուրքերին զիջել Արդահանի, Կարսի և Բաթումի շրջանները։

Բրեստի բանակցություններում Կարսի, Արդահանի և Բաթումի վերաբերյալ կետը Վեհիբին նոր փաստ էր տալիս՝ օրինականացնել իր ապօրինի առաջխաղացումը։ Մարտի 10-ին Վեհիբը Կոմիսարիատին հեռագրում է՝ պահանջելով կարճ ժամանակահատվածում դատարկել նշված երեք քաղաքները։ Ապա մեկ այլ հեռագրով Վեհիբը տեղեկացնում է դեպի Կարին իր առաջխաղացման մասին։

Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 69-71։