Քանի դեռ Հայաստանին սպառնում է նոր պատերազմ, որոշել էի Հայաստանից դուրս չգալ: Իմ լավ բարեկամ Եդուարդ Մսրլեանի մահը Սան Ֆրանցիսկոյում 2022թ դեկտեմբերի վերջերին և Հայաստան-Ադրբեջան սահմանում համեմատաբար կայուն վիճակը փոխեցին որոշումս: Հունվարի 3-ին գնեցի օդանավի տոմսը և «Կատարի ավիաուղիներով» փետրվարի 1-ին Երևան-Դոհա-Լոս Անջելես ճանապարհով սկսեցի իմ հերթական ճամփորդությունը Մ. Նահանգներում:
Ամեն ճամփորդություն ինձ ծանոթացնում է նոր մարդկանց, նոր կազմակերպությունների, նոր վայրերի ու քաղաքների հետ: Այս անգամ սկսեցինք Կալիֆոռնիայի Օրինջ քաունթիի Լագունա Հիլզ քաղաքից:
Լուսինե և Մինաս Խոդաղուլյանների հյուրընկալ հարկի տակ
«Կատարի ավիաուղիներով» Երևանից Լոս Անջելես հասնելու համար պահանջվում է գրեթե մեկ օր՝ երեք ժամ թռիչք Երևանից Դոհա, ևս երեք ժամ սպասում Կատարի «Համադ» օդանավակայանում, ապա 15-ժամյա թռիչք դեպի Լոս Անջելես:
Մինաս Խոդաղուլյանը դիմավորելու էր եկել Լոս Անջելեսի Թոմ Բրեդլիի անվան օդանավականում: Մինասի և տիկնոջ՝ Լուսինեի հետ, ծանոթացել էի իմ ամերիկյան նախկին այցելություններից մեկի ընթացքում: Ինչպես նրանց, այնպես էլ բազմաթիվ այլ ընկերների հետ ինձ ծանոթացրել է Արսեն Խառատյանը:
Օդանավակայանից մինչև Լագուա Հիլզ ճանապարհը մոտ մեկ ժամ է: Լագունա Հիլզը Լոս Անջելեսից դեպի Մեքսիկայի սահմանին գտնվող Սան Դիեգո քաղաքի մոտավորապես մեջտեղում է: Օրինջ քաունթիում առաջին անգամ էի: Այս շրջանը փոքր ինչ բլրաշատ է ու շատ ավելի գեղեցիկ, քան Լոս Անջելեսի շրջակայքը:
Օդանավում արդեն փորձել էի այնպես քնել, որ հնարավորին շուտ հաղթահարեմ jet lag-ը: Մինասը ինձ թողեց հյուրանոցում, որտեղ մի քանի ժամյա հանգստից հետո պետք է խոսեի Լագունա Հիլզի շրջանի հայերի համար: Նույն օրը՝ փետրվարի 1-ի երեկոյան, Խոդաղուլյանների հյուրընկալ հարկի տակ տեղի ունեցավ մեր առաջին զրույց-քննարկումը:
Այս անգամ իմ դասախոսությունների թեման վերնագրել էի «Հայաստան/Արցախ. ինչ է սպասվում և ինչ անել» խորագրով:
Հաջորդ օրը՝ փետրվարի 2-ի առավոտյան 8-ին, Մինասը ինձ վերցրեց հյուրանոցից, և մենք մոտ երկու ժամ քայլեցինք Լագունա Բիչի խաղաղօվկիանոսյան ծովափին, խոսեցինք հայկական աշխարհի խնդիրներից, նախաճաշեցինք ամերիկյան մի ճաշարանում և ուղևորվեցինք Պանորամա սիթի, որտեղից քրոջս որդու՝ Արտյոմ Խաչիկյանի մեքենայով, պետք է ուղևորվեի դեպի Սան Ֆրանցիսկո:
Լոս Անջելեսից՝ Սան ֆրանցիսկո
Միացյալ Նահանգներում ավտոմեքենայով շատ եմ ճամփորդել իմ ընկերներից Արսեն Խառատյանի և Դելավեր նահանգում բնակվող բժիշկ Սևակ Քեշիշյանի հետ՝ Վաշինգտոնից Լոս Անջելես, Մայամիից Կոննեկտիկուտ, Կալիֆոռնիայից Լուիզիզնա և Հյուսիային Կառոլինա: Հազարավոր մղոններ եմ կտրել այս հրաշալի երկրի տափաստաններով ու հովիտներով, լեռնային ճանապարհներով ու անվերջանալի կամուրջներով, ծովափի երկայնքով ձգվող նեղ և նահանգները միմյանց կապող լայն մայրուղիներով:
Այս անգամ և առաջին անգամ միայնակ էի ճամփորդում: Սան Ֆրանցիսկո մեկնելու համար ընտրեցի ծովափնյա ճանապարհը՝ 101-ը, իսկ վերադարձի համար՝ միջնահանգային ավտոմայրուղի (freeway) 5-ը:
Ամերիկան տարածությունների և ազատությունների, հետևաբար նաև՝ անվերջանալի երազանքների ու հնարավորությունների երկիր է, որտեղ ամեն մարդ ինքն է ընտրում տարածությունների ու ազատությունների ի՛ր հասանելի չափը, անսահման երազանքների ու հնարավորությունների ի՛ր սահմանները: Սանտա Բարբարան անցնելուց հետո քունը սկսեց կռվել մարմինս դեմ: Եվս մի քանի տասնյակ մղոն և որոշեցի կանգառ տալ մի հանգստի գոտիում (rest area): Արդեն մթնել էր, մեքենայի մեջ հաճելի տաք էր, դրսում՝ օվկիանոսին մոտ՝ հաճելի, թեթև սառը քամի…
Երբ բացեցի աչքերս, արդեն գիշերվա 3-ն էր: Թեև ավտոմեքենան քնելու հարմար տեղը չէ, բայց լավ էի քնել և շատ առույգ էի: Թեթև անձրև էր մաղում, ճանապարհին քիչ մեքենաներ կային, ինչն անսովոր բան է Ամերիկայում: Մինչև Սան Ֆրանցիսկո 4 ժամվա ճանապարհ էր մնացել:
Կարմիր վարդեր՝ Եդուարդ Մսրլեանի գերեզմանին
Ամերիկա իմ այցելությունների ընթացքում հազվադեպ եմ գիշերում հյուրանոցներում: Հավանաբար չկա մի քաղաք, որտեղ ես կամ ամերիկյան ճամփորդությունների իմ անբաժան ընկեր Արսեն Խառատյանը չունենանք հարազատ, բարեկամ, ընկեր: Մենք սիրով ենք հյուրընկալվում այդ ընտանիքներում, երեկոյան կրակի, սուրճի, թեյի կամ ընթրիքի շուրջ զրուցում, նորություններ փոխանցում, լցվում տեղական նորություններով, խոսում մեր երկրի ցավերից ու հաջողություններից: Այս ամենը փորձում ենք փոխադարձել, երբ մեզ հյուրընկալողները գալիս են Հայաստան: Մեր հնարավորությունների չափով փորձում ենք օգտակար լինել: Բայց սա չէ կարևորը, այլ այն, որ մենք ընկերանում ենք: Ամերիկայում հավանաբար չկա մի նահանգ կամ հայաշատ քաղաք, որտեղ մեզ սպասող չլինի, մեր առաջ բաց դուռ չլինի:
Թամար և Արմանդ Գըլըճեանների հետ նախապես ծանոթ չէի: Երբ Թամարը ֆեյսբուքից տեղեկացել էր, որ այցելելու եմ Սան Ֆրանցիսկո, կապվել էր ինձ հետ և առաջարկել իր օգնությունը: Մեզ միավորում էր Եդուարդ Մսրլեանի հետ բարեկամությունը: Թամարը Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի եռանդուն և նվիրված անդամներից է, նա էր կազմակերպել իմ երկու հանդիպումները տեղի հայ համայնքի հետ:
Երբ առավոտյան հասա Սան Ֆրանցիսկո և բացեցի հեռախոսը, տեսա Թամարի ուղերձը՝ նա անհագնստացել էր, որ երեկոյան չէի հասել հյուրանոց: Թեև Սան Ֆրանցիսկոյում ունեմ շատ ընկերներ և առաջարկ էի ստացել գիշերներն անցկացնել նրանց ընտանիքներում, Գըլըճեանները նպատակահարամար էին համարել իմ կեցությունը օդանավակայանի մոտ գտնվող մի հյուրանոցում: Հյուրանոցի հանգիստը, հատկապես երկար ճամփորդությունից հետո, իրավ շատ հանգստացնող է:
Ամբողջ օրը հանգիստ առա հյուրանոցում, ապա երեկոյան կողմ՝ Թամարի ուղեկցությամբ այցելեցի քաղաքային գերեզմանատուն և կարմիր վարդեր խոնարհեցի Եդուարդ Մսրլեանի և նրա մոր շիրիմին: Ծաղիկներ խոնարհեցի նաև Եդուրադի ընկերներից Սեյրան Մարգարյանի և հունվարի 27-ին Երևանում կայացած հուշ-երեկոյի մասնակցիների անունից, ինչպես իրենք էին կամեցել:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:
Սան Ֆրանցիսկո՝ Մսրլեանների ընտանիքում
Փետրվարի 3-ի երեկոյան Սան Ֆրանցիսկոյում՝ նախաձեռնությամբ Մսրլեան ընտանիքի ու բարեկամների և կազմակերպությամբ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի, տեղի ունեցավ հիշատակի երեկո՝ նվիրված ազգային գործիչ, գործարար և բարերար Եդուարդ Մսրլեանի հիշատակին:
Երեկոն անց կացվեց Եդուարդ Մսրլեանի ավագ որդու՝ Միհրան Մսրլեանի հյուրընկալ հարկի տակ: Ավելի վաղ Եդուարդ Մսրլեանի հիշատակի միջոցառում տեղի էր ունեցել Երևանում՝ հունվարի 27-ին՝ կազմակերպությամբ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի և ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբի: Հանգուցյալ Մսրլեանը տարիներ շարունակ անշահախնդիր կերպով օժանդակել է երկու կազմակերպություններին: Բացի այդ, նա եղել է ԱՆԻ հիմնադրամի Պատվո խորհրդի, արդեն ցկյանս անդամ:
Սան Ֆրանցիսկոյի ձեռնարկի երկրորդ հատվածում, որը վարեց Թամար Գըլըճեանը, Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի մասին ունեցա ելույթ, ապա տեղի ունեցավ հարց-պատասխան և հյուրասիրություն:
Հիշատակի երեկոյի մասնակիցներին՝ Սան Ֆրանցիսկոյի համայնքի շուրջ չորս տասնյակ երևելի անդամներ, ներկայացրեցի ՀՀ հիմնադիր վարչապետ Հովհաննես Քաջազնունու ԵՐԿԵՐ-ի նոր, երկրորդ վերահրատարակված հատորը՝ նվիրված Եդուարդ Մսրլեանի հիշատակին:
Սան Ֆրանցիսկոն և Սիլիկոնյան հովտի շրջանը Կալիֆոռնիայի հայաշատ մասերից է: Հայերի թիվը նշվում է 35 հազարի սահմաններում: Գործում են մի քանի հայկական եկեղեցիներ, այդ թվում՝ բողոքական, կա հայկական դպրոց, ներկայություն ունեն ավանդական կուսակցությունները և համահայկական մյուս կառույցները:
Շահէ Շխրտմեանի հետ և հանդիպում Օքլենդի հայկական եկեղեցում
Շահե Շխրտմեանի հետ ծանոթացել եմ Երևանում և բարեկամացել: Շահեն Հայաստանի անկախության առաջին տարիներին ուսանել է Երևանում, արդեն երկար ժամանակ բնակվում և աշխատում է Սան-Ֆրանցիսկոյում, այսօր՝ Apple ընկերությունում:
Փետրվարի 4-ի առավոտյան Շահեն ինձ մեքենայով վերցրեց հյուրանոցից, միասին նախաճաշեցինք, ապա ման եկանք քաղաքում, անցանք նշանավոր կամուրջը և ոլորապտույտ փողոցը: 2016 թվականից ի վեր չորրորդ անգամ էի այցելում այս քաղաք և ամեն անգամ մտքիս մեջ «Միմինո» ֆիլմի հատվածն է՝ Մհեր Մկրտչյանի և Վախթանգ Կիկաբիձեի երկխոսությունը բեռնատարի մեջ.
– Валико Джан, у нас в Дилижане в кухне открываешь простой кран, вода течет второе место занимает в мире!
– А первое в Ереване, да?
– Нет, в Сан-Франциско!
Շահեի հետ այցելեցի նրա տուն, ծանոթացա տիկնոջ և դուստրերի հետ, թեյեցինք, զրուցեցինք տարբեր թեմաների, նաև՝ ֆուտբոլի շուրջ: Շահեն անգլիական ֆուտբոլի՝ «Լիվերպուլի» սիրահար է: Ապա եղանք քաղաքի գողտրիկ սրճարաններից մեկում, իսկ երեկոյան Օքլենդի հայկական եկեղեցում տեղի ունեցավ իմ դասախոսությունը: Հավաքվածների մեծ մասը ներկայացնում էր հին գաղութը, այդ պատճառով՝ ստիպված եղա խոսել ու հարցերին պատասխանել անգլերենով:
Աղաբաբեանների ֆուտբոլային ընտանիքում
Փետրվարի 5-ի առավոտյան պայմանավորվածություն ունեինք նախաճաշել Օքլենդում բնակվող Աղաբաբեանների ընտանիքում: Պարզվեց, որ տեր և տիկին Շահեն և Ալին Աղաբաբեանները ֆուտբոլի նվիրյալներ են, նրանց դուստրը՝ Դվինը, խաղացել է Հայաստանի աղջիկների հավաքականում:
Նախաճաշի սեղանի շուրջ հիմնականում խոսում էինք հայկական ֆուտբոլից: Աղաբաբեանները օգնում են Հայաստանում աղջիկների ֆուտբոլի զարգացմանը, հիմնադրել են Elevate Armenia նախաձեռնությունը: Շահենի հետ պայմանավորվեցինք հանդիպել և ավելի երկար զրուցել առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ հաջորդ անգամ այցելեմ Սան Ֆրանցիսկո:
Ջերմ հանդիպում էր: Հրաժեշտ տվեցի Աղաբաբեաններին ու Գըլըճեաններին և մեքենայով շարժվեցի դեպի Լոս Անջելես, այս անգամ՝ միջնահանգային 5 մայրուղով: Այստեղ, ճանապարհի երկայնքով բնակավայրերը քիչ են, փոխարենը պտղատու ծառերի անվերջանալի այգիներ են:
Երեկոյան հասա Լոս Անջելես: Իմ հաջորդ և վերջին զրույց-քննարկումը նախատեսված էր Լա Կանյադայում՝ փետրվարի 8-ի երեկոյան: Փետրվարի 6-ը և 7-ը նվիրեցի առանձին հանդիպումների մարդկանց հետ, ովքեր չէին կարողացել ներկա լինել իմ ելույթներին, բայց ցանկություն ունեին սուրճի և թեյի շուրջ զրուցել: Ինձ համար շատ հաճելի էր շփվել իմ լավ բարեկամներից Նժդեհ Բաղրամյանի ու Ներսես Թումանյանի և ընտանիքների հետ, որի հնարավորությունը ստեղծվեց նաև այս այցի ընթացքում:
Մինաս Թորոսյանի հյուրընկալ հարկի տակ
Փետրվարի 8-ի երեկոյան Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաունթիի Լա Կանյադա քաղաքի հայության հետ էր իմ հանդիպում քննարկումը: Լա Կանյադան փոքր քաղաք է շուրջ 25 հազար բնակչությամբ՝ Գլենդեյլի և Փասադինայի հարևանությամբ:
Ձեռնարկը տեղի ունեցավ Մինաս Թորոսյանի հյուընկալ հարկի տակ: Ներկաների մեծամասնությունը, այդ թվում Մինասն ու կազմակերպիչ, հայտնի բժիշկ Խուդամ Ռոստոմյանը, իրանահայեր էին:
Շատ անկեղծ և խորքային քննարկում էր՝ զերծ կեղծ հայրենասիրական և զգացմունքային տրամադրություններից: Զրույցը, հարց-պատասխանն ու քննարկումը տևեց երեք ժամից ավելի, որի ավարտին տեղի ունեցավ հյուրասիրություն և գրքերի ստորագրություն:
Փետրվարի 9-ը այցելությանս վերջին օրն էր: Թեև նախատեսել էի մեկնել նաև Արևելյան ափ, սակայն որոշեցի այն թողնել իմ հաջորդ այցին՝ մարտին: «Կատարի ավիաուղիներով»՝ Լոս Անջելես- Դոհա-Երևան ուղիով, փետրվարի 12-ին հասա տուն:
Թաթուլ Հակոբյան
Երևան-Դոհա-Լոս Անջելես-Լագունա Հիլզ-Սան Ֆրանցիսկո-Օքլենդ-Լոս Անջելես-Դոհա-Երևան