Սովը Արտաշատի և Հրազդանի շրջաններում. 1922-ի փետրվար

2196

Օգնեցէք Ձեզ հաց տւողներին, նրանք դիակներ են ուտում

Սովը Ղամարլուի [այսօր՝ Արտաշատ] շրջանում օր օրի վրա սաստկանում է, գիւղերից անցնելիս կտեսնէք միայն ուռած դէմքեր, ընկճւած ու կմախք դարձած մարմիններ:

Գիւղեր կան, որտեղ օրական 3-10-ը մարդ է մեռնում սովից: Թոփրախկալա [այսօր՝ Հնաբերդ] գիւղում 50 մարդ սովից հիւանդ պառկած են տներում: Քիչ  չէ նաև այդ գիւղում մեռնողների թիւը, որը օր օրի վրա աւելանում է:

Չիկդամլու [այսօր՝ Ազատավան] գիւղում, որտեղ ռուս զինւորները հիւանդ ձի են թողել խորհրդի նախագահի մօտ, սովեալները ամեն օր նախագահից պահանջում են, որ ձին տան իրենց ուտելու: Մի խօսքով սովը այդ շրջանում իր գագաթնակէտին է հասել բառիս բուն նշանակութեամբ:

Ոչ պակաս սով է տիրում նաև Հրազդանի շրջանում: Շրջանի գործկոմի նախագահը 2 ձի է տալիս մի գիւղի պահելու, ձիերը ջրելու ժամանակ ճանապարհին սովածները յարձակւում են ձիերի վրա, պատառ-պատառ անելով բաժանում են իրար մէջ: Նոյն գիւղում կարմիր բջիջ երիտասարդական միութեան շուրջ 6-7 հոգուց բաղկացած … երբ շրջանային կոմիտէի քարտուղարը գնում է գիւղ նոյն բջիջում ժողով անելու, նրան պատասխանում են, որ այս քանի օրը բոլորն էլ սովից մեռան:

Սովեալները իրենց ունեցած իրերը արդէն ծախում են: Հանգամանքից օգտւելով առևտրականները հացի գինը օր օրի աւելացնում են:

Գիւղերում սկսւել է հիւանդութիւններ տարածւել. դրութիւնը վատ է և սոսկալի: Այդ վայրերից հեռու գտնւողները թող գթան, մարդկային բարոյական պարտականութիւն զգան իրէնց մէջ և օգնեն մեռնող գիւղացիներին, որոնք միշտ հաց են տւել ու կտան նրանց:

Հ. Մկրտչյան

Խորհրդային Հայաստան, թիւ 40, շաբաթ, 18 փետրւարի, 1922թ.

Դիտել նաև՝