Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավել վիրավորների պատճառ է դարձել: Սարգսյանը, ինչպես հաղորդում է Բաղրամյան 26-ը, խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, խորին ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
Ուշագրավ է, որ այս տարվա մարտի 13-ին Անկարայում արձանագրված ահաբեկչության առիթով Հայաստանի նախագահը իր թուրք գործընկերոջը ցավակցական գիր չհղեց: Այդ ահաբեչկությանը զոհ էր գնացել ավելի քան երեք տասնյակ մարդ, ևս ավելի քան 100-ը՝ վիրավորվել:
Թե ինչ չափանիշներով է առաջնորդվում Սարգսյանը Էրդողանին ցավակցական գիր հղելու-չհղելու հարցում, միանշանակ չէ, սակայն դա հավանաբար պայմանավորված է նաև ռուս-թուրքական հարաբերությունների որակով:
Նախորդ երկու խոշոր ահաբեկչությունների առիթով Սարգսյանը ցավակցություն էր հայտնել Էրդողանին:
2015-ի հուլիսին Շանլըուրֆա նահանգի Սուրուչ ավանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ Սարգսյանը Էրդողանին ուղարկած ցավակցական հեռագրում գրել էր. «Ձերդ Գերազանցություն. ցավով տեղեկացա հուլիսի 20-ին Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած և մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձած պայթյունի մասին: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով: Ընդունեք, խնդրեմ, ցավակցություններս տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
Ապա 2015-ի հոկտեմբերին Անկարայի ահաբեկչության առիթով էր Սարգսյանը հեռագիր հղել Էրդողանին՝ խստորեն դատապարտելով ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. «Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունը տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
Ի միջի այլոց, հիշեցնենք, որ այս երկու ահաբեկչություններն էլ տեղի էին ունեցել նախքան 2015-ի նոյեմբերի 24-ը, երբ Քեսաբի երկնքում՝ Սիրիա-Թուրքիա սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերը խոցեցին Սիրիայում ռուսական ավիախմբի կազմի մեջ մտնող Սու-24 ռմբակոծիչը, որի հետևանքով Մոսկվա-Անկարա հարաբերությունները խիստ լարվեցին և շարունակում են մնալ լարված:
Պետք է ուշադրություն դարձնել այն իրողության վրա, որ այս վերջին՝ հունիսի 28-ին Ստամբուլում իրականացված ահաբեկչությունից մեկ օր առաջ Ռուսաստան-Թուրքա հարաբերություններում նկատվել էր դրական միտում. Էրդողանը ներողություն էր խնդրել իր ռուս գործընկերոջից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման և օդաչուի զոհվելու առիթով:
Ավելնորդ չէ հիշել, որ չորս տարի շարունակ` 2010-ին, 2011-ին, 2012-ին և 2013-ին, Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ էր հղում իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին և շնորհավորում Թուրքիայի Հանրապետության հիմնադրության օրը` հոկտեմբերի 29-ը, երբեմն օգտագործելով ճոխ բառապաշար: Այսպես 2010-ին նա գրել էր. «Ձերդ Գերազանցություն, իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Թուրքիայի Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության օրվա առթիվ: Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ հարևան Թուրքիային` առաջընթաց: Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:
Փոխադարձաբար, Գյուլն էլ շնորհավորում էր Հայաստանի Անկախության օրը՝ Սեպտեմբերի 21-ը՝ հեռագիր հղելով Սարգսյանին: Ընդ որում, միմյանց ազգային տոները շնորհավորելը նախաձեռնել էր Գյուլը՝ առաջինը 2010-ին շնորհավորելով Սարգսյանին:
Երբ 2014-ին Էրդողանը դարձավ նախագահ, Հայաստանի և Թուրքիայի առաջնորդները դադարեցրին միմյանց ազգային տոները շնորհավորելու ձևավորվող ավանդույթը: Ընդ որում, առաջին դադարեցնողը եղավ Էրդողանը, քանի որ նա 2014-ի ամռանը նախագահ էր և հնարավորություն ուներ Սեպտեմբերի 21-ին շնորհավորական գիր հղել Սարգսյանին:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հայ-թուրքական “ֆուտբոլային դիվանագիտության” տապալումից հետո Երևան-Անկարա հարաբերությունները սահմանափակվում են Սերժ Սարգսյանի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղվող ցավակցական գրերով:
Ժամանակին՝ 2008-2010 թթ., Հայաստանի արտաքին քաղաքականությունը հորջորջվում էր “նախաձեռնողական” բառով՝ առաջին հերթին նկատի ունենալով հայ-թուրքական հարաբերություններում ակնկալվող բեկումն ու բարելավումը: Երբ Սարգսյանը և իր թուրք գործընկերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մղեցին խորը փակուղի, մոռացվեց նաև “նախաձեռնողական” բառը:
Թաթուլ Հակոբյան
29 հունիս, 2016թ