Քարինտակ. 1992-ի հունվարի 26-ը

5383

Քարինտակում, պատերազմի ավարտից տարիներ անց էլ, գրեթե յուրաքանչյուր պատմություն սկսվում և ավարտվում է պատերազմով: Սերյոժա Աղաբյանը կանգնել է հուշատախտակների մոտ և բացատրում է. ՙԱհա այս մեկն իմ 18-ամյա որդին է: Արթուրը սպանվեց Մարտակերտում: Ահա այս մեկը եղբորս տղան է` Գառնիկը: Սպանվել է 20 տարեկանում: Էն երկուսն էլ հորեղբորս տղաներն են, տեսնո՞ւմ ես, մեկը կնոջ հետ է: Նրանք էլ են սպանվել՚:

Ազգությամբ ռուս Տատյանա Առուշանյանը պատերազմում կորցրել է ամուսնուն և տղային, Սեդա Մարգարյանը և Արուսյակ Աղաբյանը` իրենց երկու որդիներին, Սեդա Առաքելյանը` որդուն և 14-ամյա աղջկան՝ Նարինեին, Սիրան Հովհաննիսյանը` երկու որդիներին ու երկու թոռներին: Նրա երրորդ որդին` Գրիշա Հովհաննիսյանը, Քարինտակի գյուղապետն է:  ՙՔարինտակն այս պատերազմում 33 զոհ է տվել: Իմ երկու եղբայրները նույնպես սպանվել են: 1991թ. դեկտեմբերի 28-ին գիշերով թաղեցինք Ալյոշային, որովհետև ցերեկը հնարավոր չէր գյուղում քայլել, անընդհատ կրակում էին Շուշիից: Մյուս եղբայրս` Միշան, սպանվեց մեկ ամիս անց` հունվարի 26-ին՚, – հիշում է նա:

Ադրբեջանցիները Քարինտակն անվանում էին Դաշալթը, հետագայում` ՙԳանլը դարա՚, թարգմանաբար` արյան կիրճ: Մոտ 700 բնակիչ ունեցող գյուղը գրավելու երեք փորձ է եղել: 1992թ. հունվարի 26-ին վերջին փորձի ընթացքում, ադրբեջանական ջոկատները ջախջախվեցին Քարինտակի մոտ` Շուշիի ձորում: Արկադի Տեր-Թադևոսյանը, ով 1991թ. հուլիսից ԼՂ-ում էր, գրում է. ՙԳրոհին անմիջականորեն մասնակցում էին հակառակորդի 180 զինվորներ: Գործողությունը ղեկավարում էր Շուշի ժամանած Ադրբեջանի պաշտպանության նախարար Թաջեդդին Մեհտիևը, որի հետ միասին սովորել էինք Բաքվի ռազմական ուսումնարանում: Հակառակորդը ջախջախվեց` մարտի դաշտում ողնելով 92 սպանված՚:

Այս պարտությունից հետո Մեհտիևը ստիպված էր լքել ոչ միայն Շուշին, որը մինչև1992թ. մայիսի 8-ը ադրբեջանական զինուժի կարևորագույն խարիսխն էր ԼՂ-ում, այլ նաև նախարարի պաշտոնը:

ՙԵրկու կանոնավոր գումարտակի դեմ մենք ունեցել ենք 40 ավտոմատ, մի քանի տասնյակ որսորդական և ինքնաշեն հրացաններ: Կռիվը տեւեց կես օրից ավելի: Հունվարի 26-ի մարտում Քարինտակը տվեց 22 զոհ, որից 12-ը` տեղացիներ, մյուս 10-ը` հարևան ն գյուղերից: Քանի որ Շուշիից ադրբեջանցիներն անընդհատ գնդակոծում էին գյուղը, հնարավոր չեղավ քարինտակցի զոհվածներին թաղել գյուղում: Նրանց թաղեցինք Ստեփանակերտում, իսկ 1993թ. բոլոր 12 դիակները վերաթաղեցինք Քարինտակում՚,- պատմում է գյուղի պաշտպանության օրերին վիրավորված Հովհաննիսյանը:

Ադրբեջանցի մի քանի տասնյակ մայրերի համար հունվարի 26-ը տխուր օր է. ամեն տարի այդ օրը նրանք հավաքվում և սգում են իրենց որդիների մահը: Նրանց մի մասը առաջին անգամ էին ԼՂ-ում: Քարինտակցի Զոյա Ծատրյանի 25-ամյա որդին` Գառնիկը, սպանվել է մարտերից տուն դառնալու ճանապարհին: Տիկին Զոյան ցավում է նաև տասնյակ ադրբեջանցի երիտասարդների համար, որոնց ուղարկել էին Քարինտակը գրավելու, սակայն սպանվել էին գյուղում և մոտակա դաշտում: ՙՋահել տղաներ էին՚,- արտասվում է նա:

Ղարաբաղյան պատերազմը դեռ առջեւում էր: Խորհրդային Միության փլուզման արդյունքում անկախություն ստացած Հայաստանը, Ադրբեջանը ու մինչևօրս չճանաչված Լեռնային Ղարաբաղն ընտրեցին պատերազմի ճանապարհը, որովհետեւ, նրանք համոզված էին, թե այլ ճանապարհ չկա:

Միգուցե` չկար:

Հավանաբար` չկար:

Կողմերից յուրաքանչյուրն ի’ր արդարությունն էր փնտրում և պատրաստ էր դրա դիմաց վճարել հազարավոր սպանվածներով, տասնյակ հազարավոր վիրավորներով և հարյուր հազարավոր փախստականներով, տեղահանվածներով:

Հայերն ու ադրբեջանցիները վեճերը զենքով կարգավորելու պատմական փորձ ունեին: Քսաներորդ դարասկզբին` 1905-1906թթ., հետագայում` 1918-1920թթ. տեղի էին ունեցել հայ-թաթարական բախումներ և կոտորածներ: Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը նկարագրում է այդ կոտորածներից մեկը. ՙԱնգլիական ներկայացուցչության և ազրբեջանյան հրամանատարության աչքի առաջ, թուրք և քուրդ զինված խուժանը կոտորեց Շուշիից երկու վերստ հեռու գտնվող Ղայբալիքենդ հայկական մեծ գյուղը: Անլուր բռնություններ գործվեցին անպաշտպան կանանց ու երեխաների վրա: Մի քանի հարյուր մարդ սպանվեց, գյուղն ավարի տրվեց ու քարուքանդ եղավ: Մոտակա Կրկժան գյուղի հայ բնակիչները, սպիտակ դրոշ բարձրացնելով, ուղեւորվեցին Խանքենդ դիվիզիայի պետի մոտ` պաշտպանություն խնդրելու նպատակով: Խանքենդից ուղարկվեց մի զորամաս սպայի գլխավորությամբ, որն առաջարկեց հայ գյուղացիներին իրենց գույքը հանձնել ի պահ հարևան թուրքերին եւ տեղափոխվել Խանքենդ: Այսպես էլ արվեց, բայց Կրկժանն այնուամենայնիվ ավերվեց ու թալանվեց՚:

Վրացյանի հիշատակած դեպքերից տասնամյակներ անց` 1992թ. հունվարի 19-20-ը, ղարաբաղյան ուժերը վերագրավում են Կրկժանը, որն արդեն ադրբեջանաբնակ էր: Սակայն Ստեփանակերտում վիճակը շարունակում էր մնալ ծանր: Քաղաքը ոչ միայն զրկված էր Հայաստանի հետ ցամաքային կապից, այլև չորս կողմից շրջափակված ադրբեջանկան բնակավայրերով: Գերագույն խորհրդի շենք էր տեղափոխվել ծննդատունը, իսկ զինվորական հոսպիտալը` կառավարության շենք:

Զորի Բալայանը նկարագրում է. ՙ1991թ. դեկտեմբերից Ստեփանակերտը ևս մտավ նկուղներ: 1992թ. հունվարի տասներեքից  ՙԳրադի՚ առաջին կրակահերթով սկսեցին Շահումյանի, իսկ հունվարի տասից` Ստեփանակերտի ոչնչացումը: Ղարաբաղ ալյուր ու վառելիք բերող ուղղաթիռներն ամեն թռիչքից հետո դուրս էին բերում կանանց, ծերունիների, երեխաների, հիվանդների: Ստեփանակերտում անհնար էր հանդիպել պարապ-սարապ շրջողների: Քաղաքն ապրում էր նկուղներում, ծննդաբերում էր նկուղներում, մեռնում էր նկուղներում, վիրավորներին մահից փրկում էին նկուղներում՚:

Օղակված ԼՂ-ն մի կողմից դիմագրավում էր հակառակորդի հարձակումներին, մյուս կողմից` վերահաս սովին ու անորոշությանը: Միակ միջոցը, որով կապ էր ապահովվում Ստեփանակերտի հետ, օդային ճանապարհն էր: Այն օրերին Արցախում շատ բան էր պակասում, նաև` ներքին համերաշխություն: Սրա հետ մեկտեղ` սկսվել էր իշխանության պայքար անողոք ու արյունոտ պատերազմի մեջ ներքաշված մի երկրում, որի 100 հազարանոց խիզախ բնակիչները դիմադրում էին ու մերժում ծնկի գալ յոթը միլիոնանոց Ադրբեջանի առաջ:

Լրագրող Գեղամ Բաղդասարյանը 1992-1993թթ. եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի լրատվական ծառայության ղեկավարը: Գերագույն խորհրդի նախագահը և չճանաչված երկրի ղեկավարը դաշնակցական Արթուր Մկրտչյանն էր: ՙՆա պաշտոնավարեց շատ ծանր ժամանակներում: Միայն պատերազմը չէ, որ նկատի ունեմ, այլև ներքին պառակտումը, գումարած դրան` Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը: Այն ժամանակ Հայաստանի ղեկավարությունը չընդունեց նրան և  համագործակցում էր ոչ թե օրինական, ընտրված իշխանությունների հետ, այլ հենվում էր այլ փաստական ուժերի վրա` դրանք վերաճեցնելով օրինական իշխանության հակակշռի: Պատերազմող Արցախի վրա ներազդելու լծակներ շատ կային, բայց ամենառեալն ու մաշկիդ վրա զգացնել տվողը… բենզինն էր: Հայաստանից առաքվող բենզինն ընտրված իշխանությունը չէր, որ ստանում էր, այլ Հայաստանի բարձրագույն ղեկավարության մտերիմները՚,- հիշում է Բաղդասարյանը:

Լեռնային Ղարաբաղի այդ օրերի վարչապետ Օլեգ Եսայանը պատմում է. ՙՇատ դժվար պայմաններում ընտրվեց Գերագույն խորհրդի և կառավարության ղեկավարությունը: Կար լուրջ պայքար ՀՅԴ-ի եւ ՀՀՇ-ի միջև Հայաստանում: ՀՀՇ-ն` որպես կազմակերպություն, ԼՂ-ում չի եղել, իհարկե շատերն ընդունել են Տեր-Պետրոսյանի իշխանությունը: Հայաստանում կատարվող ցանկացած երեւույթ ուղղակի կամ միջնորդավորված իր ազդեցությունն էր թողնում ԼՂ-ում: Արթուր Մկրտչյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ: Իմ վարչապետ ընտրվելը պայմանավորված էր փոխզիջումով: Վարչապետ պետք է դառնար նա, ով շատ թե քիչ փորձ ուներ: Ես մարզխորհրդի նախագահի առաջին տեղակալն էի և ղեկավարում էի տնտեսական հատվածը: Սուբյեկտիվ առումով` իմ դեպքում ՀՅԴ-ն ընդգծված դեմ չէր, մյուս թեւը կողմ էր՚:

ՙՄյուս թեւ՚-ը Երևանից աջակցություն եւ… բենզին ստացողներն էին: Տեր-Պետրոսյանը Արցախում  գործող իր համախոհների խմբին` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Մուրադ Պետրոսյան, այլք, որպես կազմակերպական ընդհանրություն այսպես էր բնութագրում` ՙՀայոց համազգային շարժման տեղական ցանց՚:

1991թ. դեկտեմբերի 28-ին ԼՂ-ում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, մեծամասնական ընտրակարգով ձևավորվել էր 75 հոգանոց Գերագույն խորհուրդ: Ադրբեջանցիները, ինչպես և դեկտեմբերի 10-ի հանրաքվեի դեպքում, չմասնակցեցին այդ ընտրություններին: Ի տարբերություն Հայաստանի, որտեղ մեկուկես տարի առաջ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ էր տարել ՀՀՇ-ն, իսկ 1991-ի հոկտեմբերին նախագահական պայքարում հաղթել Տեր-Պետրոսյանը, Ղարաբաղում ուժերի հարաբերակցությունն այլ էր. ընտրություններում հաղթել էր ՀՅԴ-ն:

Նախկին դաշնակցական Մանվել Սարգսյանը կուսակցության հաղթանակն այսպես է բացատրում.  ՙԿազմկոմիտեի ժամանակ Շարժման ակտիվիստները միացան Դաշնակցությանը: Ես եւ Արկադի Կարապետյանն ենք եղել առաջին դաշնակցականներից Ղարաբաղում, ներգրավել Էմիլ Աբրահամյանին, մյուսներին: Շարժման տղաները` մոտ 120 մարդ, դարձան դաշնակցական, այսինքն` դաշնակցությունն իր մեջ ներգրավեց Շարժման ակտիվիստներին: 1991թ. վերջին այդ կոմիտեն եկավ իշխանության ԼՂ-ում, որը կազմակերպում էր զինված դիմադրությունը՚:

1991թ. հուլիսին Վազգեն Սարգսյանը, ով Հայաստանի խորհրդարանում ղեկավարում էր պաշտպանության հարցերով հանձնաժողովը, Արցախ է գործուղում Արկադի Տեր-Թադևոսյանին: Խորհրդային բանակի սպան հրահանգ էր ստացել ենթարկվել նորաստեղծ Պաշտպանության կոմիտեի ղեկավար Սերժ Սարգսյանին: Տեր-Թադևոսյանի առջեւ երկու հիմնական խնդիր էր դրվել. առաջին` ստանձնել բոլոր այն կամավորական ջոկատների հրամանատարությունը, որոնք աջակցություն էին ստանում ՀՀՇ-ի և Արցախի Պաշտպանության կոմիտեի կողմից, երկրորդ` փորձել ընդհանուր հրամանատարության ներքո միավորել տարբեր քաղաքական կուսակցությունների և  կազմակերպությունների կողմից ձևավորված` Արցախում գործող ինքնապաշտպանական ջոկատները, և համակարգել նրանց ռազմական գործողությունները:

ՙ91-ի ամռանը Արցախում դեռևս չկար միասնական հրամանատարությամբ պաշտպանական համակարգ, ինչն ավելի շատ քաղաքական, քան կազմակերպչական խնդիրների հետեւանք էր: Առաջատար քաղաքական ուժը Դաշնակցությունն էր, որը ՀՀՇ-ի և Արցախում վերջինիս կողմնակիցների հետ կոշտ պայքարի մեջ էր: Երկու մրցակից քաղաքական ուժերի կողմից վերահսկվող ջոկատները Հայաստանից զենք ու զինամթերք էին ստանում տարբեր խողովակներով, միմյանց չէին վստահում և մարտական գործողությունները չէին համակարգում՚,- գրում է Տեր-Թադեւոսյանը:

ԼՂ տարածքում 91-ի ամռանը գործող կամավորական ջոկատների 80 տոկոսը, ըստ Տեր-Թադևոսյանի, համալրված էր տեղացիներով, և միայն 20 տոկոսն էր եկել Հայաստանից: ՀՅԴ-ի վերահսկողության տակ գտնվող ջոկատները կազմում էին մեծամասնություն, նրանք զենքն ու զինամթերքն ստանում էին կուսակցական խողովակներով: Դաշնակցական ջոկատների շարքում ամենախոշորն ու լավ կազմակերպվածը Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ջոկատն էր: Կային նաև այլ կազմակերպությունների աջակցությունը ստացող ջոկատներ: Նրանց մեջ, Տեր-Թադևոսյանի խոսքերով, մարտունակությամբ աչքի էր ընկնում Լեոնիդ Ազգալդյանի ՙՀայոց ազատագրական բանակը՚: Տարբեր քաղաքական ուժերի վերահսկողության տակ գործող ջոկատների միջև մերձեցում սկսվեց աշնանը:

ՙԱշոտ Ղուլյանը, Վլադիմիր Բալայանը նկատեցին Արկադիին, որն աշխատում էր Մարտակերտում, նրան տեղափոխեցին Հադրութ, որտեղ նա կազմակերպեց Տող գյուղի գրավումը 1991թ. հոկտեմբերի 30-31-ին: Դրանից հետո Տեր-Թադևոսյանի հետ դաշնակցականներն սկսեցին ավելի սերտ աշխատել: Այդ ժամանակ Տեր-Պետրոսյանն առաջին անգամ լուրջ ընդունեց, թե ինչ է կատարվում ԼՂ-ում, եւ առաջին լուրջ օգնությունը ցույց տվեց՚,- ասում է Մանվել Սարգսյանը:

Ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար, դաշնակցական Արկադի Կարապետյանը իր տեղը զիջում է Տեր-Թադևոսյանին: Տողից բացի, որն ուներ մոտավորապես հավասար քանակությամբ հայ եւ ադրբեջանցի բնակչություն, 91-ի հոկտեմբեր-դեկտեմբերին մարտեր էին ընթանում ԼՂ այլ բնակավայրերում: Նոյեմբերի առաջին կեսին ղարաբաղյան ուժերը հակառակորդի կրակակետերը ճնշում են Հադրութի և Մարտունու հատվածներում, ապա հետ վերցնում մայիսին ՙՕղակ՚ գործողության հետեւանով գրավված Հադրութի հայկական գյուղերը:

Դեկտեմբերի կեսերին ինքնապաշտպանական ուժերը Վլադիմիր Բալայանի և Աշոտ Ղուլյանի հրամանատարությամբ գրավում են կրակակետի վերածված, Ստեփանակերտը շրջապատող ադրբեջանական բնակավայրերից Ջամիլլուն: Դեկտեմբերի 23-ին Ժիրայր Սեֆիլյանի և Վլադիմիր Բալայանի, ինչպես նաև շրջակա գյուղերի ինքնապաշտպանական ջոկատներն ավելի քան վեց ժամ տեւած մարտում գրավում են Ասկերանի ադրբեջանական մեկ այլ` Լեսնոյ գյուղը, ոչնչացնում հակառակորդի կրակակետերը: Ադրբեջանական ուժերը լուրջ կորուստներն են կրում` տալով տասնյակ սպանվածներ:

Թաթուլ Հակոբյան

Հատված «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» հատորից (չորրորդ հրատարակություն, 2020թ)

Կանաչ ու սև փաստավավերագրական իրապատումը լրացրեց և հարստացրեց արցախյան գոյամարտի պատմության գանձարանը: Հեղինակին հաջողվել է հակամարտության հենքին ուրվագծել պատերազմի բերած արհավիրքների, զինված առճակատման հանգուցալուծման ուղու որոնումների, դրա հետ կապված միջազգային ջանքերի, մարդկանց հույսերի ու հուսախաբությունների ողջ համայնապատկերը: Հեղինակին հաջողվել է արդար և անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է ենթարկվել: Գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաև հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ և նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, և հենց այդ պատճառով գրքին կարելի է տալ ևս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն անցել է սրտի միջով:

Փափուկ կազմ, 520 էջ,
լեզուն՝ արևելահայերեն,
երրորդ հրատարակություն,
2011, Երևան, Անտարես,
ISBN 978-9939-51-146-7,