Հայերի ջարդեր և կոտորած, խաբված ու ստրկացված Հայաստան. Ստալինի հոդվածը՝ 31 դեկտեմբեր, 1917

6651

Ծանոթագրություն ԱՆԻ-ի. վերնագրի թվականը հին տոմարով է, նոր տոմարով պետք է լինի՝ 13 հունվար, 1918

«ԹուրքաՀայաստանի» մասին

Այսպես կոչված «ԹուրքաՀայաստանը» միակ երկիրն է, կարծեմ, որ Ռուսաստանը գրավել է «պատերազմի իրավունքով»: Այդ այն «դրախտային անկյունն է», որը երկար տարիներ Արևմուտքի ագահ դիվանագիտական իղձերի և Արևելքի արյունոտ վարչական մարզանքների առարկա է ծառայել (և շարունակում է ծառայել): Հայերի ջարդեր և կոտորած, մի կողմից, բոլոր երկրների դիվանագետների փարիցեսիական «պաշտպանություն», որպես նոր կոտորածի քողարկում, մյուս կողմից, իսկ դրա հետևանքով արյունաշաղախ, խաբված ու ստրկացված Հայաստան,- ո՞ւմ ծանոթ չեն «քաղաքակիրթ» տերությունների դիվանագիտական «հերոսությունների» այդ «սովորական» պատկերները:

Հայաստանի զավակները, իրենց հայրենիքի հերոս պաշտպանները, բայց բնավ ոչ-հեռատես քաղաքագետները, որոնք շատ անգամ են խաբվել իմպերիալիստական դիվանագիտության գիշատիչների կողմից,- չեն կարող այժմ չտեսնել, որ դիվանագիտական կոմբինացիաների հին ուղին Հայաստանի ազատագրության ուղին չէ: Պարզ է դառնում, որ ճնշված ժողովուրդների ազատագրության ուղին անցնում է Ռուսաստանում հոկտեմբեերին սկսված բանվորական հեղափոխության միջով:

Այժմ պարզ է ամենքի համար, որ Ռուսաստանի ժողովուրդների բախտը, իսկ առանձնապես հայ ժողովրդի բախտը, սերտորեն կապված է Հոկտեմբերյան հեղափոխության բախտի հետ: Հոկտեմբերյան հեղափոխությունը խորտակեց ազգային ճնշման շղթաները: Նա պատռեց ցարական գաղտնի պայմանագրերը, որոնք կաշկանդել էին ժողովուրդների ձեռքն ու ոտքը: Նա, և միայն նա, կկարողանա մինչև վերջը հասցնել Ռուսաստանի ժողովուրդների ազատագրության գործը:

Այդ նկատառումներից ելնելով՝ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց հատուկ դեկրետ հրատարակել «Թուրքահայաստանի» ազատ ինքնորոշման մասին: Այդ առանձնապես անհրաժեշտ է այժմ, երբ գերմանա-թուրքական իշխանությունները, հավատարիմ իրենց իմպերիալիստական բնությանը, չեն թաքցնում օկուպացված մարզերը բռնությամբ իրենց իշխանության տակ պահելու իրենց ցանկությունը: Թող իմանան Ռուսաստանի ժողովուրդները, որ ռուսական հեղափոխությանը և նրա կառավարությանը խորթ են զավթումների ձգտումները: Թող ամենքն իմանան, որ ազգային ճնշման իմպերիալիստական քաղաքականությանը Ժողովրդական կոմիսարների սովետը հակադրում է ճնշված ժողովուրդների լիակատար ազատագրության քաղաքականությունը:

Ժողկոմ՝ Ի. Ստալին

«Պրավդա», թիվ 227, 31 դեկտեմբերի, 1917թ, Ի. Ստալին, «Երկեր», հատոր 4, Հայպետհրատ, Երևան, 1948, էջ 30-31:

Լուսանկարում՝ Ստալինը 1935 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունում է հայ պատվիրակներին՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 15-ամյակի առիթով