Հովհաննես Քաջազնունու նամակը Երևանից Թիֆլիսում գտնվող կնոջը՝ Սաթենիկին. 1919թ հունվար

4491

Սիրելիս, անձնապես և նյութապես ես ոչինչ զրկանք չեմ կրում, ունեմ բնակարան, սնունդ, շոր, ծխախոտ, նույնիսկ շաքար: Շատ հաճախ (համարյա ամեն օր) ճաշի նստելիս ձեզ եմ հիշում: Գիտեմ, թե ինչ նեղության մեջ պիտի լինեք դուք, գիտեմ, որ ամեն մի պատառ հացը, ամեն մի կտոր միսը, ամեն մի կտոր փայտը հաշվով և խնայողաբար եք գործածում: Գիտեմ, որ սենյակներդ ցուրտ է, սնունդներդ պակաս, շորերդ պակաս ու գիտեմ, թե անձնապես դու որքան հոգնած պիտի լինես շուկա գնալուց, խոհանոցում աշխատելուց, լվացք անելուց: Ես ստանում եմ 1300 ռ. ռոճիկ և 500 ռ. «ներկայացուցչության» համար: Այդ «ներկայացուցչությունը» գլխավորապես ստորագրություններ հօգուտ որբերին ու որբանոցներին, գաղթականներին, զինվորներին, հաշմանդամներին և այլն, և այլն: Հավանական է, որ հունվարից սկսած բոլոր պետական ծառայողների ռոճիկը ավելացվի 30 տոկոսով: Եթե այդ օրենքը ընդունվի խորհրդի կողմից, ես կստանամ 1733 ռ… Հիշում եմ Հրաչյային, Արամին, ապա հիշում եմ ,- ո՛չ չեմ հիշում, այլ աչքերիս առաջը տեսնում եմ այն ժողովուրդը, այն հարյուր հազարավոր մարդիկ, որոնց կառավարելը ինձ է վիճակված- հիշում եմ, մտածում և խելագարվում եմ ցավից ու կսկիծից:

Չգիտեմ, արդյոք երբևիցե, որևէ ժողովուրդ եղե՞լ է այն օրհասական, այն անելանելի կացության մեջ, որ ապրում է այսօր հայ ժողովուրդը, տեղեկություն չունեմ, թե ի՞նչ դրության մեջ են մեր փախստականները Հյուսիսային Կովկասում, Վրաստանում, Ազրբեյջանում, բայց մեր հանրապետության սահմաններում ժողովուրդը հասել է ծայր աստիճան թշվառության, ժողովուրդը հոգեվարքի մեջ է, հաց չունենք ուտելու, անոթի ենք, տուն չունենք ապրելու, մեր գյուղերը քանդված ու ավերված են, այս ձմեռ ժամանակ մնացել ենք բացօթյա փլատակների և քարերի տակ, շոր չունենք հագնելու, մերկ ենք, սառում ենք ցնցոտիների մեջ, ուժասպառ ենք, հիվանդ, մահամերձ հիվանդ, բծավոր տիֆը այնպիսի ծավալ է ստացել, որ ստատիստիկան չի հիշում անցյալներում: Երևան քաղաքում, որ ունի 60-65 հազար ազգաբնակչություն, այսօր ավելի քան 2000 հիվանդ կա, 30 մարդուց մեկը պառկած է հիվանդ բծավոր տիֆով: Բժիշկներ չունենք, ֆելդշերներ չունենք, եղածների կեսը հիվանդ պառկած է կամ մեռած, հիվանդանոցներ չունենք, դեզինֆեկցիայի միջոցներ չունենք, վառելիք չունենք, որ բաղնիքիները տաքացնենք, մարդկանց լողացնենք, ոջիլներից ազատենք, սապոն չունենք, որ լվացք անենք (ֆունտը 15-20 ռուբլի է), փող չունենք, մեր փողերը վրացիք ձերբակալել են Թիֆլիսում, հաղորդակցության միջոցներ չունենք, երկաթուղային գիծը ավերված է, չունենք նյութ և միջոցներ, որ վերականգնենք, չունենք շոգեկառքեր և վագոններ, եղածները քայքայված են, և չենք կարող նորոգել, որովհետև արհեստանոցներ չունենք, չկա նավթ, որ տաքացնենք շոգեկառքերը, ֆուրգոններ և սայլեր չենք կարող բանեցնել, որովհետև ձիերը սատկում են անոթությունից, իսկ եզները մորթում են ուտելու համար…

Այդ է մեր կացությունը: Միայն հայի անսահման տոկունությունն է, որ կարող է դեռևս դիմանալ: Մեր զորքերը, որ Լոռիում այդպես քշեցին վրացիներին, մերկ են և քաղցած: Պետական որբանոցներում տասը հազարից ավելի որբ ունենք, որոնց կիսաքաղց գոյությունը պահպանելու համար օրական 100 ռուբլի է պահանջվում, մոտ 300 հազար տնավեր գաղթականություն ունենք, որոնք մեռնում են մեր աչքի առաջ և որոնց ոչ մի օգնություն չենք կարող անել: Պետական մեխանիզմը չենք կարող կարգի բերել, որովհետև միջոց չունենք վարձատրելու: Ընդհանուր թշվառության վրա ավելանում է նաև կաշառակերություն, գողություն, թալան, ավազակություն, շանտաժ, որոնց դեմ հնար չունենք կռվելու:

Հետո –  արտաքին բարդությունները. Վրաստանը իր անվերջ լրբություններով մեզ ստիպեց պատերազմի դիմել, մի բան, որից ամեն կերպ աշխատում էինք մենք խույս տալ: Այժմ բարդություններ կարող են ծագել թուրքերի հետ Ղազախում, Շարուրում, Նախիջևանում: Մի կողմից, մենք չենք կարող ամեն տեղ զիջել, ամենքի առաջ խոնարհվել, համբերել ու ետ նահանջել, որովհետև դրանով մեծապես վտանգում ենք մեր պետության ապագան, մեր քաղաքական դրությունը, մեր ինքնուրույնությունը, մեր ազատությունը – այն ամենը, որի համար այդքան ահռելի զոհեր ենք տվել, այդքան գերմարդկային ճիգեր ենք թափել, դարերով ու սերունդներով, մյուս կողմից ուժասպառ ենք այն աստիճան, որ ի վիճակի չենք շարունակել կռիվը, դիմադրել, դիմանալ, նոր զոհաբերություններ անել, իսկ արտաքին օգնությունը (Ամերիկայի կամ Անգլիայի կողմից), որի վրա դրել ենք մեր ամբողջ հույսը, դանդաղում է, չի արտահայտում իրեն շոշափելի ձևով:

Այդ է մեր դրության տրագեդիան: Կառավարությունը լարում է բոլոր ուժերը մի ելք գտնելու, բայց անզոր է: Անզոր է և արտաքին պայմանների շնորհիվ, և ներքին գիտության, փորձառության և տաղանդների պակասության պատճառով: Պետական մարդիկ չունենք, սկսած ինձանից, որ պետության գլուխն եմ կանգնած: Մինչև հիմա չենք կարողացել կազմակերպել կենտրոնական վարչությունը՝ մինիստրությունները և մինիստրների խորհուրդը: Իմ նախկին կաբինետը, որ կազմված էր դաշնակցականներից (Արամ, Կարճիկյան) և չեզոքներից (գեն. Հախվերդյան, Պետրոսյան), չդիմացավ, որովհետև մեծամասնություն չուներ իր ետևը խորհրդի (պառլամենտի) մեջ: Ստիպված եղա նոր կաբինետ կազմել հայ ժողովրդական կուսակցության մասնակցությամբ: Սրանով մի մեքենայական մեծամասնություն ստեղծվեց խորհրդի մեջ (24 ձայն 43-ից), բայց ներքուստ անհամաձայնությունը, անվստահությունը, անտագոնիզմը, նունիսկ փոխադարձ ատելությունը չվերացվեց:

Որքա՜ն աշխատանք, որքա՜ն լարված ուշադրություն, որքա՜ն կոմպրոմիսներ պահանջվում է ինձանից, որպեսզի կարողանամ գոնե միաժամանակ, գոնե արտաքուստ պահել համաձայնությունը: Ամեն օր սպասում եմ կատաստրոֆայի, ամեն օր կարող է պայթել թե՛ պառլամենտը, թե՛ կառավարությունը, և այն ժամանակ ամեն բան տակնուվրա կլինի, կսկսվի մի անարխիա, որ վերջնականապես կխորտակի մեր մանուկ պետությունը:

Մեր կառավարության կազմի միջից կորցրինք ամենաուժեղ անդամը՝ Խաչիկ Կարճիկյանին, որը գուցե միակ պետական մարդն էր մեր մեջ: Նրանից հետո դաշնակցականներից մնում է միայն Արամը, Ալեքսանդր Խատիսյանը և Սիրական Տիգրանյանը: Արամը ուժեղ, եռանդուն, գործունյա, մասսաների մեջ ազդեցիկ մարդ է: Բայց նրան պակասում է պետական ըմբռնողություն, լայն հայացք, օրինականության զգացմունք, հետո նրան չեն կարող տանել բոլոր կուսակցությունները, բացի Դաշնակցությունից, նույնիսկ Դաշնակցության մի խոշոր թև բացասաբար է վերաբերվում, սա շատ է դժվարացնում թե՛ իր դրությունը, թե՛ կառավարության դրությունը, բայց ուրիշ մարդ չկա, որ կարողանար փոխարինել նրան: Ալեքսանդր Խատիսյանը անսպառ եռանդի և աշխատելու տարօրինակ ընդունակության տեր մարդ է, կարող է օրեկան 18 ժամ աշխատել առանց հոգնելու, ունի ձեռներեցություն (ինիցիատիվա), պինդ ջղեր, շուտ ըմբռնում է հարցերը, վարչական մեծ փորձառություն ունի, կարողանում է հարմարվել և գտնել միջին գիծը… իմ այսօրվա կաբինետի մեջ ամենից գնահատելի անդամը նա է, դժբախտաբար բարոյական հեղինակություն չունի, չի ներշնչում հավատ և վստահություն դեպի իր անձնավորությունը, և սա շատ է խանգարում գործունեությանը: Չորրորդ դաշնակցականը իմ կաբինետի մեջ Սիրական Տիգրանյանն է (արտաքին գործերի մինիստր, նախկին անդամ Ռուսական Պետական դումայի և փոխնախագահ Անդրկովկասյան Սեյմի), բավականին պատրաստված, դատելու ընդունակ, բայց միաժամանակ աբստրակտ, անպտուղ և ապիկար մտքի տեր մարդ է, լավ դիրեկտոր կանցելյարի կլիներ, և ոչ արտաքին գործերի վարիչ, բայց նրանից լավը չկա:

Հայ ժողովրդական կուսակցությանը պատկանող մինիստրներից ամենից գնահատելին Արտաշես Էնֆիաճյանն է (ծխախոտի գործարանատերը), անկեղծ ու շիտակ մարդ է, խելքը գլխին, գործը հասկացող (ֆինանսների մինիստր է), բարեխղճորեն աշխատում է, բայց քաղաքական կյանքի մեջ նոր մարդ է. դժվար է կողմնորոշվում: Դրան հակառակ. Սամսոն Հարությունյանը (արդարադատության մինիստր), երկար տարիների ընթացքում եղել է հասարակական կյանքի մեջ, փորձառություն և եռանդ ունի, բայց աղքատ է թե՛ մտքով և թե՛ հոգով, մանր մարդ է, որ հաջողությամբ կարող է վարել մանր գործեր, բայց պետական մասշտաբը վեր է իր ընդունակություններից: Ի լրումն ամենայնի, խորամանկ է և ինտրիգան: Լևոն Ղուլյանը (պարենավորման մինիստր) գործնականապես խելացի, շատ ճարպիկ և ընդունակ մարդ է, բայց անվստահելի, իրեն թունդ հայ է ձևացնում, բայց իրոք մի Աստված ունի միայն՝ իր սեփական շահը: Չորրորդը՝ Գևորգ Մելիք-Ղարագյոզյանը (լուսավորության մինիստրը)՝ մեծամիտ, ինքնահավան, բայց ներքուստ դատարկ ու սնանկ մարդ է: Ունենք նաև պետական կոնտրոլյոր՝ Մինաս Բերբերյանը՝ բավականին խելացի և հասկացող մարդ է, հասարակական ջիղ ունի, ունի և փորձառություն, բայց… բանկիր է՝ այդ տիպին հատուկ գծերով:

Ահա մեր մինսիտրները: Դրանց վրա ավելացրու ինձ, որ ամենևին չեմ համապատասխանում իմ բարձր և պատասխանատու կոչմանը: Ո՛չ իմ գիտությունով և պատրաստությունով, ո՛չ իմ խելքով և ընդունակություններով, ո՛չ եռանդով և կամքի ուժով չեմ կարող վարել կառավարական ղեկը, այն էլ այսպիսի դժոխային պայմանների մեջ: Այդ ես շատ լավ գիտեի հենց սկզբից, բայց ես չէի կարող մերժել ինձ առաջարկած պաշտոնը, որովհետև տեսնում էի, որ ուրիշ ելք չկա: Այդ անելանելի դրությունը շարունակվում է մինչև այսօր: Մարդ չկա, որ ինձ փոխարինի, ահա իրողությունը: Որքան էլ թույլ, հոգնած ու անընդունակ եմ ես, այնուամենայնիվ, այսօր ես միակ մարդն եմ, որ կարող է կազմի և պահպանի մի կառավարություն: Եթե չլինեմ, ամեն բան կքանդվի, եթե այդ վախը չունենայի, ոչ մի րոպե չէի մնա տեղս: Հասկանո՞ւմ ես արդյոք, որ քաշելով ինձ վրա դրած անասելի ծանր լուծը, ես ամենամեծ անձնազոհությունն եմ անում: Պարտականության զգացմունքը և մեծ սերը դեպի վերածնվող հայրենիքը և հայ ժողովուրդը, ահա թե ինչն է պահում ինձ իմ տեղը: Որքա՜ն երջանիկ կլինեմ այն օրը, երբ հանգիստ խղճով կարողանամ քաշվել մի անկյուն, նվիրվել իմ համեստ գործին և իբրև շարքային, իբրև մեկը հազարներից, իմ փոքրիկ գործը կատարեմ նույն հայրենիքի համար:

Լինում են ժամեր, երբ հուսահատությունը կլանում է ինձ ամբողջովին: Լինում են ժամեր, երբ ուզում եմ բղավել՝ այլևս չեմ կարող… բայց իսկույն սթափվում եմ: Տե՛ս մեր այսօրվա կացությունը հենց մինիստրական կազմի մեջ: Լ. Ղուլյանը 5 շաբաթ առաջ գնաց Թիֆլիս կառավարական գործերով, որ մի քանի օր պիտի տևեր միայն, բայց մինչև այսօր չի վերադարձել, մնում է արգելված Թիֆլիսում: Ներքի գործերի մինիստր Արամը երկու շաբաթ է, որ պառկած է հիվանդ բծավոր տիֆով, շատ ծանր հիվանդ է, վաղը սպասվում է կրիզիսը, եթե դիմանա էլ կրիզիսին, մի ամիս անընդունակ կլինի աշխատանքի: Արտաքին գործերի մինիստր Ս. Տիգրանյանը բացակա է, գնացել է Կարս գործերով: Պետական կոնտրոլյոր Մ. Բերբերյանը մերձիմահ հիվանդ է բծավոր տիֆով: Մարդիկ չկան, բացակայում են, հիվանդ են: Իսկ գործերը օր-օրի վրա ավելանում ու բարդանում են և ամենից ծանրը այս րոպեիս այն է, որ դրամ չունենք, պետական սնդուկը դատարկ է… մեր փողերը մնացել են Թիֆլիս, վրացիների ձեռքում, իսկ որբերին պետք է պահել, քաղցածներին պետք է հաց բաժանել, հիվանդներին պետք է բժշկել, ծառայողներին պետք է ռոճիկ տալ, պետք է, բայց որտե՞ղից տանք…

Որ մտածում եմ, գլուխս պտույտ է գալիս: Գիտե՞ս ինչից է, որ կարողանում եմ այսքան երկար նամակ գրել: Երրորդ օրն է, որ իմ ընկերները արգելում են ինձ գործ անել, պահանջում են, որ հանգստանամ, և ահա 3 օր տանը նստած… հանգստանում եմ: Բոլորովին ուժասպառ եմ եղել: Այս վերջին 6 ամսվա շարունակ լարված դրությունը, ծանր հոգսերը, անվերջ մտածմունքները ինձ հալից գցել են: Մի քանի օր է, որ գլուխս սկսել է սաստիկ ցավել, մի բան, որ ինձ համար միանգամայն անծանոթ էր: Չեմ կարող ուշադրություն կենտրոնացնել մի բանի վրա, չեմ կարող արդյունավետ կերպով մտածել, լսել, հասկանալ, կարգադրել… բժիշկները անվանում են սուր գերհոգնածություն և պահանջում են, որ հանգստանամ: Բայց ինչպե՞ս, ահա 3 օր է, որ նստած եմ տանը, բայց ոչ մի թեթևությունչեմ զգում: Գլուխս շարունակում է ճաքել ցավից: Գործ չեմ անում, ճի՛շտ է, բայց ինչպե՞ս հանեմ մտքիցս մտածմունքները, ինչպե՞ս ազատվեմ այն մտքից, որ պատասխանատու եմ ամբողջ ժողովրդի առաջ, թե իմ սխալ քայլից կարող եմ վտանգել այս ժողովրդի ներկան և ապագան: Ես իրավունք չունեմ տկար և հիվանդ լինելու, ես իրավունք չունեմ հանգստանալու, ես պետք է դիմանամ – ահա թե ինչ եմ ասում ինձ ամեն օր, ամեն ժամ, պետք է դիմանամ, ինչպես դիմանում է այս մեռնող ժողովուրդը:

Մի մեծ լույս, հավատ կա հոգուս խորքում մեխված, որ արշալույսը մոտ է: Պետք է միայնդիմանալ, պետք է հավաքել ուժերի ամբողջ մնացորդը, պետք է վերջին ճիգը անել և ոտքերի վրա կանգնած մնալ: Ասում եմ. այսքան զոհ տվել ենք արդեն, այսքան արյուն և արցունք թափել, այսքան տներ ավիրել, այսքան վառ օջախներ հանգցրել. պետք է, որ այս բոլորը գտնի իր վարձատրությունը: Ոչ մեզ համար, այլ մեր որդկերանց համար, թեկուզ էլի 10 հազար մարդ կոտորվի, ես էլ նրանց հետ, բայց գոնե նրանք, որոնք ողջ կմնան, մի օր տեսնեն, ազատ շունչ քաշեն, մարդավայել կյանքով ապրեն: Եվ այդ կլինի, այդ մոտ է լինելու:

Ծայրահեղ թշվառությունը այն աստիճան է խեղել մեզ, որ անընդունակ ենք դառել գնահատելու արդեն կատարված իրողությունը և հավանական հեռանկարները: Հինգ տարի առաջ Հայաստանը լոկ աշխարհագրական տերմին էր, իսկ իբրև քաղաքական միավոր՝ հեռավոր երազ էր, որի մասին ամենահանդուգն մտքերն անգամ չէին համարձակվում բարձր խոսել: Այսօր Հայաստանի Հանրապետությունը փաստ է արդեն: Թող որ այդ հանրապետությունը փոքր ու աղքատ լինի, թող ժողովուրդը ենթարկված լինի սովի ու համաճարակի, դա անցողակի բան է: Փաստը արդեն կատարվել է, և չկա աշխարհիս երեսին այն ուժը, որ կարողանա բնաջինջ անել պատմության էջերից կատարված փաստը: 500 տարի ստրուկ լինելուց հետո, մի ժողովուրդ վերածնվում է ազատ և ինքնուրույն կյանքի համար:

Եթե ես նայում եմ մեր խղճուկ խորհրդին (պառլամենտին), կառավարությանը, մեր պաշտոնյաներին, մեր վարչական կազմին, ուզում եմ բոռալ հուսահատությունից: Բայց հետո մտածում եմ՝ չէ՞ որ սա այնուամենայնիվ ազատ Հայաստանի պառլամենտն է, չէ՞ որ սա Հայկական կառավարությունն է… երբ տեսնում եմ մեր զորքերը, որ անցնում են փողոցներովիրենց ցնցոտիների մեջ, ասում եմ՝ չէ՞ որ սա հայկական զորք է: Մեծ սիմվոլը արդեն իրականացել է, դարավոր անեծքը վերացել, մնացածը կգա իր կարգին: Երկու-երեք ամիս առաջ հաղթանակող Տաճկաստանը չոքել էր մեր կրծքին ու խեղդում էր: Մեր երկրի մեծ մասը տաճիկի ոտի տակն էր: Ամբողջ Ախալքալակը, Ալեքսանդրապոլի, Էջմիածնի ու Երևանի գավառների մի մասը, ամբողջ Սուրմալուն, Ղարսը, Կաղզվանը, Կողբը թուրքական էին: Թուրքը նստած էր Լոռի, Ջալալօղլի և Ղարաքիլիսա, ծածանվում էր տաճկական նզովյալ դրոշակը: Երևանից 6-7 վերստ հեռավորության վրա կանգնած էր տաճկական բանակը իր թնդանոթներով: Ո՞ւր է այժմ տաճիկը: Չքացավ, ինչպես չքանում է ջուրը անապատի ավազների մեջ: Արագությամբ եկան ու հեղեղեցին մեր երկիրը, այսօր ավելի մեծ արագությամբ քաշվում են իրենց բնական սահմանները: Ալեքսանդրապոլը, Էջմիածինը, Երևանը, Դարալագյազը, Սուրմալուն արդեն ամբողջովին մերն են, վաղվանից կսկսենք մտնել Ղարսի շրջանը, երկու շաբաթից հետո արդեն Ղարսում նստած կլինենք, կանցնի դարձյալ երկու շաբաթ և մենք կլինենք արդեն Սարիղամիշում և Ղարաուրգանում… երա՞զ է սա:

Մեծ պետությունները ճանաչել են մեզ իբրև պատերազմող կողմ  և տեղ են տվել մեր պատվիրակներին համաշխարհային կոնգրեսի մեջ: Մեծ տերությունները պաշտոնական հարաբերությունների մեջ են մեզ հետ, մեզ մոտ ներկայացուցիչներ են ուղարկում, մեզ թղթեր են գրում  ուղղված «Հայաստանի Հանրապետության կառավարությանը, մինիստր-նախագահին, արտաքին գործերի մինիստրին»… երա՞զ է սա, եթե երազ է, ուրեմն թող մեռնենք այս երազի մեջ, առանց արթնանալու:

Նամակս ընդհատում եմ, որովհետև մի անգլիական սպա ուղևորվում է այսօր Թիֆլիս և հնարավորություն կա ուղարկել նրա հետ: Արտ. Էնֆիաճյանը նույն մարդու հետ գնում է Թիֆլիս, որ իր գործարանից քեզ հասցնեն 1500 ռուբլի. եթե ստացար այդ փողը, տեղեկացրու ինձ: Եթե Արամի մասին որևէ նոր տեղեկություն ունես, գրի՛ր: Գրի՛ր նույնպես, թե վրաց կառավարության կողմից որևէ նեղություն չի՞ տրվում քեզ: Գուցե խուզարկե՞լ են կամ մի նման բան:

Բարևներս և համբույրներս բոլորիդ, քո Օհաննես:

1919թ., հունվար

Այս նամակը հրապարակվել է «Ազգայնական միտք-8. Նշխարներ – Գարեգին Նժդեհ, Հովհաննես Քաջազնունի» գրքույկում, որը տպագրվել է 2002թ Երևանում, էջ 36-42: