Եդուարդ Մսրլեանը ապրում էր Սան Ֆրանցիսկոյում, բայց սիրտն ու հոգին այստեղ էր՝ Մայր Հայրենիքում. In Memoriam

8321

Այսօր, 2022-ի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան, սրտի ցավ ապրեցի՝ մահացել է ԵԴՈՒԱՐԴ ՄՍՐԼԵԱՆը:

Մեր տարիքների տարբերությունը՝ ես՝ 53, նա՝ 84, չէր խանգարում լավ ընկերություն ու բարեկամություն անել:

Տարիներ առաջ նա օգնեց, որպեսզի չփակվի Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը: Մեր անխախտ բարեկամությունը սկսվեց հենց այդ ժամանակ, երբ իմ ընկերներից Արմեն Պետրոսյանը ծանոթացրեց մեզ: Ասաց, որ ԱՆԻ-ին չի փակվելու:

Մսրլեանը տարիներ շարունակ մասնակցեց ԱՆԻ կենտրոնի և ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբի աշխատանքներին, նրա նվիրատվություններով տպագրվեցին մի քանի արժեքավոր հատորներ: Այսուհետ, ԱՆԻ կենտրոնի հրատարակվելիք գրքերը կնվիրվեն նրա հիշատակին:

Եդուարդ Մսրլեանին և տիկնոջը՝ տիկին Վերժինին, ավելի շատ հիշում եմ մեր համատեղ ճամփորդություններով՝ Վրաստան, Ջավախք, Արևմտյան Հայաստան, Անի, Արցախ, Շուշի, Հայաստանի բազմաթիվ վայրեր: Մենք երեքով անգամ մեր գյուղ ենք գնացել և հաց, պանիր, լոլիկ կերել մեր այգում: Տարիներ առաջ նրանք կազմակերպեցին իմ հանդիպումը Սան Ֆրանցիսկոյում՝ տեղի հայկական եկեղեցում: Եդուարդը քայլելով ինձ տարավ այն տունը, որտեղ Վիլյամ Սարոյանն էր ապրել:

Այսօր, այս պահին, վաղ առավոտյան, իմ հիշողության մեջ մեկ-մեկ պատկերվում են մեր հանդիպումները, մեր ճամփորդությունները, մեր զրույցները սիրելի Հայաստանի և Արցախի ապագայի մասին:

Մինչև այս աղետալի պատերազմը, պատերազմի օրերին և հետո Եդուարդը անդադար զանգում էր: Նա ապրում էր Սան Ֆրանցիսկոյում, բայց սիրտն ու հոգին այստեղ էր՝ Մայր Հայրենիքում:

Հանգիր խաղաղությամբ, սիրելի Եդուարդ:

Մյուս ամիս, երբ գամ Ամերիկա, ծաղիկներ եմ բերելու թարմ շիրիմիդ:

Մոմ եմ վառելու հայկական եկեղեցիներում և հիշելու եմ զինաթափող ժպիտդ:

Քո ընկեր՝ Թաթուլ Հակոբյան

29 դեկտեմբեր, 2022թ